Ծաղկաձորում անցկացվեց «Ավելի շատ կամավորներ» միջազգային երիտասարդական դասընթացը

6Ապրիլի 19-ից 27-ը Համագործակցության և զարգացման ակադեմիա ՀԿ-ի կողմից Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի հետ համագործակցությամբ Ծաղկաձորում անցկացվեց  միջազգային երիտասարդական դասընթաց՝  «Ավելի շատ կամավորներ» խորագրով:

Միջազգային դասընթացին մասնակցում էր 24 մասնակից՝ ԵՄ և հարևան երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Ուկրաինա, Ռումինիա և Պորտուգալիա:

«Ավելի շատ կամավորներ» դասընթացը (անգլերեն «MORE» բառը «Կամավորներին հասնելու և հզորացնելու հնարավորությունների բազմապատկում» արտահայտության հապավումն է) նպատակ ունի հասնելու և հզորացնելու այն կազմակերպություններին, որոնք աշխատում են երիտասարդների հետ՝ բարելավելու կամավորության որակը՝ կամավորների անձնական և մասնագիտական զարգացումը ավելի բարձր աստիճանի հասցնելով:

7-օրյա դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին ուսումնասիրելու երիտասարդների համար կամավորության հնարավորությունների զարգացման և տարածման առանցքային սկզբունքները, համալրման և ընտրության լավագույն փորձը և մի շարք արդյունավետ և օգտակար մեթոդներ՝ երիտասարդներին աջակցելու և ճիշտ ղեկավարելու համար:
Ծրագրի ընթացքում լայնորեն կիրառվել են ոչ ֆորմալ կրթության տարատեսակ գործիքներ, ինչպես օրինակ՝ սեմինարներ, բանավեճեր, վարժություններ, հետադարձ կապի և գնահատման հանդիպումներ, մշակութային երեկոներ և այլն: Ծրագրային օրերի ընթացքում «Դեպի Հայք» հիմնադրամից, Հայկական կամավորական կորպուսից, Հայաստանյան երիտասարդական բանկից և ԱՄՆ Կամավորական կորպուսից հրավիրված կամավորները իրենց փորփով կիսվեցին մասնակիցների հետ՝ ներկայացնելով նաև իրենց առօրյան, մնալու բարդություններն ու այլ մարտահրավերներ, ինչպես նաև կամավորության օգտավետությունն ու արժեքը:

Մասնակիցներն իրենք էլ ներդրում ունեցան կրթական գործընթացին՝ ներկայացնելով իրավիճակը իրենց հասարակություններում, կիսվելով նաև իրենց ներկայացրած կազմակերպությունների լավագույն փորձով:

Դասընթացի ընթացքում մասնակիցները այցելեցին «Սևանի երիտասարդական կազմակերպություն» ՀԿ, ինչպես նաև հնարավորություն ունեցան այցելել Երևան՝ բացահայտելու հյուրընկալող երկրի՝ Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունն ու ազգային առանձնահատկությունները:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի ֆինանսավորմամբ, «Զարգացման և համագործակցության ակադեմիա» հասարակական կազմակերպության հյուրընկալմամբ և «Դիլիջանի երիտասարտության համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

«Զարգացման և համագործակցության ակադեմիա» ՀԿ

Սպասվում են կարճատեև տեղումներ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնեցին, որ Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 30-ին, մայիսի 1-4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-1-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

 Երևանում` 
Ապրիլի 30-ին, մայիսի 1-4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն:

Երևան քաղաքի ապրիլի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.00C (2008թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -8.00C (2003թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 9.90C

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարԱպրիլի 28-ին, ժամը 15.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա և պատճառել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 28-ին, ժամը 23.15-ին, Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Տուառեգ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 28-ին, ժամը 23.30-ին, «ՎԱԶ-21115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով վարորդի ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 28-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Նաիրա Վ.-ն և հայտնել, որ վնասվածքներն ստացել է Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 28-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ապարանի Բաղրամյան փողոցի թիվ 56 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «Սուբառու» մակնիշի ավտոմեքենաներ:
Նույն օրը, ժամը 21.55-ին, «ձախ թիկնային շրջանի քերծված վերք, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել «Սուբառու»-ի 27-ամյա ուղևորը:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 28-ին, ժամը 08.45-ին, 27-ամյա մի երիտասարդ ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է տվել, որ Աղայան փողոցի թիվ 95/10 հասցեի մոտ իր մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խմբին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ նույն օրը, ժամը 08.45-ին, իր վարած «Նիսան Էքստրայլ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Մեդալներ՝ պարարվեստի գործիչներին

Մեդալներ՝ պարարվեստի գործիչներին   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պարի միջազգային օրվա կապակցությամբ հյուրընկալել է Հայաստանի մշակույթի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած պարարվեստի գործիչների։

Քաղաքապետը շնորհավորել է հյուրերին մասնագիտական օրվա առթիվ և մաղթել ստեղծագործական հաջողություններ՝ ի նպաստ հայկական արվեստի զարգացման։

Պարարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով է պարգևատրել ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանին։

«Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալով են պարգևատրվել Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկական ժողովրդական պարերի բաժնի դասատու, պարուսույց Սրբուհի Բաբայանը, «Բարեկամություն» պարային համույթի մենակատար, պարուսույց Հրաչ Բադալյանը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենակատար Զավեն Հարությունյանը։

Պարգևատրվածները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին բարձր գնահատանքի, ինչպես նաև իրենց ոլորտին ուղղված ուշադրության համար:

 

 Անկախ

ՃՏՊ Արցախի պողոտայում

փրկարարԱպրիլի 29-ին, ժամը 06.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում` Տուն Դեպո առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ՎԱԶ 21010 մակնիշի 35 VO 783 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1990 թ. ծնված Ս. Ն.-ն, ուղևորներ` 1988 թ. ծնված Ա. Ս.-ն և 1989 թ. ծնված Լ. Հ.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

Դեպքի վայրում տուժածներին օգնություն է ցուցաբերել ՀՆՓԱԻԿ ջրասուզական ջոկատի հրամանատարը:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 28-ից 29-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը, գողության 13 դեպքից` 7-ը, խարդախության 4 և յուրացման 6 դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

ՎԵՆԴԵՏԱ. պատվերով սպանությունը բացահայտվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս տարվա հունվարի 29-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Նոր Խարբերդում, Երևան-Արտաշատ խճուղուն կից «Լիլի» հարսանյաց հանդիսությունների սրահում, երեք կրակոցով սպանվել էր սրահի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանը: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: Այսօր արդեն գործը փոխանցվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչություն:
2008 թվականի սպանության և դրա բացահայտման պատմությունը տեղ է գտել մեր այն ժամանակվա թողարկման մեջ: Հիշեցնենք դեպքը:
Դեպքից վեց տարի է անցել, բայց ժամանակը չէր բուժում վերքերը: Վրեժ Հովհաննիսյանի ազգականներն այս ամբողջ ընթացում չէին էլ թաքցրել վրեժ լուծելու իրենց մտադրությունը: Քննությանը հայտնի է, մասնավորապես, որ ասվել էր այսպիսի խոսք. «Նրանք մեր լավին են տարել, մենք էլ նրանց լավին ենք տանելու»: Նկատի էին ունեցել հենց Գրիգոր Խաչատրյանին, որը ոչ միայն հեղինակություն ու հարգանք էր վայելում Այնթապում, այլև պարբերաբար օգնություն էր ցույց տվել «Արչո» մականվամբ Վրեժ Հովհաննիսյանի սպանության համար դատապարտված Կարապետ Խաչատրյանին ու նրա ընտանիքին:
Այս ընթացքում, սակայն, ձեռք բերվեցին նոր տվյալներ, ի հայտ եկան նոր կասկածյալներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնվեցին Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի բնակիչ, 1970 թվականին ծնված, նախկինում երկու անգամ դատապարտված Հարություն Ասատրյանը և Էջմիածնի բնակիչ, 1983 թվականին ծնված Արթուր Հակոբյանը: Միջոցառումներով պարզվեց, որ Գրիգոր Խաչատրյանի սպանության օրը, հունվարի 29-ին, Հարությունը Բագրատաշենի անցակետով հատել էր Հայաստանի սահմանը ժամը 20.59-ին: Արթուր Հակոբյանը նույն տեղով սահմանը հատել էր փետրվարի 1-ին, ժամը 19.59-ին: Հանրապետությունից հեռանալու հանգամանքն ավելի խորացրեց կասկածները: Պարզվեց նաև, որ սպանությանը նախորդող օրերին Արթուր Հակոբյանը հանդիպել է «Արչոյի» եղբայր Կամո Հովհաննիսյանին:
Արթուր Հակոբյանն ու Հարություն Ասատրյանը որոշ ժամանակ անց վերադառնում են Հայաստան ու նույն պահից ընկնում ոստիկանների օպերատիվ հսկողության տակ: Իսկ հանգուցալուծումը սկսվում է ապրիլի 25-ին:
Արթուր Հակոբյանը «Արչոյի» եղբայր Կամոյին հանդիպելիս նրանից ստացել էր ատրճանակ, նաև համապատասխան վճար` սպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար: Հետո Հարություն Ասատրյանը, Արթուր Հակոբյանն ու Հայկ Ասատրյանը, վերջինիս անձնական օգտագործման «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով մի քանի օր շարունակ դարանակալում են նախ Խաչատրյանի տան, ապա նաև հանդիսությունների սրահի մոտ` ճշտում են Խաչատրյանի տեղաշարժը և ծրագրում անելիքը:
Քննչական փորձարարության ընթացքում Արթուր Հակոբյանն ու Հարություն Ասատրյանը մանրամասն ներկայացրին հունվարի 29-ին կատարվածը: Նույն մեքենայով գալիս են Այնթապ: Հայկ Ասատրյանը մեքենան կայանում է հարսանյաց սրահից քիչ հեռու և մնում մեքենայում: Հարություն Ասատրյանն ու Արթուր Հակոբյանը մոտենում են սրահին, դարանակալում ու սպասում՛: Համոզվելով, որ Գրիգոր Խաչատրյանը մնացել է մենակ, մտնում են նրա աշխատասենյակ, որտեղ էլ Հարություն Ասատրյանը, իր մոտ եղած ատրճանակով, կրակոցներ է արձակում Խաչատրյանի ուղղությամբ, ինչից հետո դիմում են փախուստի:
Նաև ձեռնարկվում են միջոցներ վենդետայի հետագա դրսևորումները կանխելու ուղղությամբ:

Վերին կարմիրաղբյուր գյուղում նշել են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը

10299107_734136236608968_8719681304002660716_nՏավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը առանձնակի են նշել: Օրացույցում սև շրջանակով օրը խորհրդանշական դասի է հրավիրել գյուղի դպրոցականներին:ՙՙԱռաջին ժամը հայրենասիրական դաս էր, 15-ամյա Արտյոմ Վանեսյանը հնչեցրել է Դլե յամանը` շվիով: Եռագույն համազգեստով աշակերտները ներկայացրել են եռաձայն պատարագը՚՚,-Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է դպրոցի ուսմասվար Ռիտա Օհանյանը: Դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Սամվել Եսայանը պատրաստել է Ծիծեռնակաբերդի  մանրակերտը: Մեծ եղեռնի տարելիցի միջոցառումը նշանավորվել է նաև մրցույթ-վիկտորինայով: Դպրոցի երեք` 9, 10,11-րդ դասարանների մրցել են` պատասխանելով 1915 թվականի դեպքերին, պատմությանը վերաբերող 21 հարցերի: Վիկտորինան զուգակցվել է գեղարվեստական սցենարներով: Թիմերից մեկը կրել է Նեմեսիս, մեկը` Ասալա, մյուսը` Արատտա-Արմենիա անվանումները: Վճռորոշ հարցերը եղել են Վանի, Զեյթունի ինքնապաշտպանության, Խրիմյան Հայրիկի գործունեությանը վերաբերյալ: Մեծ եղեռնին նվիրված վիկտորինայում հաղթել է 11-րդ դասարանը: Մրցույթում պատմությունից ունեցած իր գիտելքիներով փայլել է 9-րդ դասարանցի Յուրա Չոբանյանը, ով որոշել է ապագայում իրավաբան դառնալ: ՙՙԼավագույն թիմ՚՚ անվանակարգում հաղթել է Ասալա թիմը`11-րդ դասարանը` հավաքելով առավելագույն միավորները: Դպրոցի ուսումնական ղեկավարի խոսքով` միջոցառումը ոչ միայն ունեցավ խորհրդանշական, այլև ճանաչողական նշանակությունը: Շատ բան սովորեցին նաև ուսուցիչները: Օրինակ` երեխաները պեղել, գտել էին, որ Քեսաբ` հունարենից թարգմանած նշանակում է գեղեցիկ տուն:

 

Անկախ

Հանրապետության Նախագահը Ավշարում զրուցել է ցրտահարությունից տուժած գյուղացիների հետ

6255Ավշարցիները ոգևորված են Նախագահ ի անակնկալ այցից և ուրախ են, որ պետությունը իրենց միայնակ չի թողնում բնության արհավիրքի հետևանքները հաղթահարելու գործում:  Այսօր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան այցելելու ճանապարհին Նախագահ Սերժ Սարգսյանը մարզի Ավշար համայնքում հանդիպել է համայնքի այն գյուղացիական տնտեսությունների սեփականատերերի հետ, ում այգեգործական տարածքներն այս տարվա մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ուժեղ ցրտահարությունից տուժել են:

Մարտյան ցրտահարությունն ու անսպասելի ձյունը Արարատի մարզի Ավշար գյուղում ոչնչացրել է բերքի առյուծի բաժինը: Գյուղացիներին չի փրկել անգամ այգիների ծխահարումն ու, նրանց հավաստմամբ, մեկ տարվա աշխատանքը հավասարվել է զրոյի: Գյուղում մշակվում են 130 հեկտար ծիրանի եւ 5 հեկտար խաղողի այգիներ: «Ծիրանի այգիները վնասվել են 100 տոկոսով, խաղողինը` 80»: Տվյալներն Ավշարի գյուղապետ Սուրեն Գրիգորյանինն են: Նրա խոսքով, գյուղացիների հետ միասին ձեռնարկել են բոլոր նախապատրաստական անհրաժեշտ միջոցառումները այգիները փրկելու համար, «բայց 8 աստիճան ցրտի պայմաններում հնարավոր չէր ծաղկած ծառերը փրկել»:

«Գյուղացին էլի չի հուսահատվում, ծառերն են ջրում, պարարտանյութ են տալիս, որպեսզի ծառերը գոնե հաջորդ տարի կարողանան բերք տալ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է Գրիգորյանը` հավելելով, որ ցրտահարության վնասն աննախադեպ էր, քանի որ գյուղում բոլորն են զբաղվում հողագործությամբ:

Ավշարցի Նորիկ Հովսեփյանն էլ այս տարվա բերքից սպասելիք չունի: Յոթ հազար հեկտար խաղողի այգու 70 տոկոսը վնասված է: «Իմ հողը շատ լավն է, խաղողն էլ` բարձր որակի, բայց ցուրտը եկավ-տարավ ամեն ինչ: Չկարողացանք փրկել»,- ասում է նա: «Բնության դեմ ո՞նց պայքարես»,- շարունակում է Գագիկ է Ղահրամանյանն ու նշում, որ նախորդ տարի 20 տոննա ծիրան է մթերել, հիմա ծառերին 10 հատիկ ծիրան էլ չի լինի: Գագիկը հավաստիացնում է, որ ցրտահարությունը թակել է բոլորի դուռն ու գյուղացիների 90 տոկոսը վնաս է կրել: Վնասին գումարվել է նաեւ բանկից վերցրած պարտքերի տոկոսները մարելու պարտավորությունն, ու գյուղացու վիճակը դարձել է անմխիթարական:

«Գրեթե բոլոր գյուղացիները բանկերում վարկեր ունեն` 1 միլիոնից մինչեւ 7-8 միլիոն դրամ: Հույս ունեինք, որ այս տարվա բերքով կկարողանանք փակել վարկերը, սակայն այս անգամ էլ բնությունը չար կատակ խաղաց»,- ասում է Գագիկ Ղահրամանյանը:

Արարատի մարզ աշխատանքային այցելության ժամանակ գյուղացիներին է հանդիպել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը դաշտում զրուցել է գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները: «Մեր խնդրանքն է, որ վարկերի մարումը մեկ տարով հետաձգեն կամ սառեցնեն, որ կարողանանք վնասը փոխհատուցել ու հավելյալ պարտքեր չվերցնենք»,- Նախագահի հետ հանդիպումն է ներկայացնում ավշարցի Նարեկ Սարգսյանը` հավելելով, որ Նախագահը խոստացել է օժանդակել եւ գյուղացուն մենակ չթողել:

«Շատ կարեւոր է, որ էս նեղ պահին պետությունն օգնության ձեռք է մեկնում: Մենք հասկանում ենք, որ բնության դեմ անհնար է պայքարել, հասկանում ենք, որ երկրի բյուջեն էլ մեծ չէ բոլոր խնդիրները լուծելու համար, սակայն, շատ կարեւոր է, որ գյուղացին ու նրա խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են»,- շեշտում է Գագիկ Ղահրամանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը զրուցել է գյուղացիների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել կառավարության կողմից իր հանձնարարությամբ այդ տնտեսություններին հատկացվող պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքին, տեղում գյուղացիներից լսել նրանց առաջնահերթ խնդիրները, տեղեկացրել հասցված վնասները մեղմելու ուղղությամբ պետության կողմից նրանց համար նախատեսված աջակցության ծրագրերի մասին և որոշակի հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Անկախ

Գողություն Սոթքի ոսկու հանքից

Ոսկու հանքանյութԱպրիլի 28-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին է ահազանգել Սոթքի ոսկու հանքի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը և հայտնել, որ հանքի վարչական տարածքում երեք անծանոթ քաղաքացիներ կան:
Մեկնած օպերատիվ խումբը հանքի վարչական տարածքում հայտնաբերել է 1972 թ. ծնված Վախթանգ Լ.-ին, 1964 թ. ծնված Արմեն Ղ.-ին և 1975 թ. ծնված Գառնիկ Մ.-ին:
Արմեն Ղ.-ի և Գառնիկ Մ.-ի մոտից հայտնաբերվել են համապատասխանաբար 15 կգ և 14 կգ հանքաքարերով լի մեկական ուսապարկեր, որոնք գողացել են նշված հանքի տարածքից:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Քաղաքապետարանը պատասխանում է մարդու իրավունքների պաշտպանին

երևանի քաղաքապետարանՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ խնդրի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանին Երևանի քաղաքապետարանի կողմից սպառիչ պարզաբանում է տրամադրվել դեռ 28.03.2014թ.-ին:  Պարզաբան մեջ հստակորեն նշվել է, որ վերը նշված հարցի, ինչպես նաև նմանատիպ մյուս հարցերի կարգավորումը պետք է դիտարկել բացառապես իրավական հարթությունում, մասնավորապես մայարաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացող բակային տարածքների բարեկարգման լայնամաշտաբ ծրագրերի և դրանցից բխող իրավական ակտերի համատեքստում:

Բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքերը պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով, Երևանի քաղաքապետարանը որդեգրել է քաղաքականություն՝ բակային  տարածքներն ազատել ինքնակամ կառուցված և ժամանակավոր շինություններից՝ այդ հարցում ակնկալելով նաև բնակչության օժանդակությունը։

Պետք է նշել, որ ցավոք մայրաքաղաքի դեռևս ոչ բոլոր բակային տարածքներում են հստակեցված գոտեվորման սխեմաները: 2009թ. Երևանի կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել բնակավայրերի ծրագրային փաստաթղթերը համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին։ Մասնավորապես՝ ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինները,  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կազմում և հաստատում են համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, քաղաքաշինական գոտիավորման նախագիծն ու հողերի օգտագործման սխեման։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համաձայն՝ Երևան քաղաքի ավագանին է որոշում ընդունում Երևան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված՝ Երևան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նաև նախագծային առաջադրանքների վերաբերյալ։

ՀՀ հողային օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ քաղաքաշինական նպատականերով համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերը օգտագործվում են գլխավոր հատակագծերով, քաղաքաշինական գոտիավորման նախագծերով, հողերի օգտագործման սխեմաներով սահմանված նպատակներով և փուլերով։ Բնակավայերի ծրագրային փաստաթղթերի, այդ թվում՝ գոտիավորման նախագծերի մանրամասն հատակագծման  և կառուցապատման սխեմաների բացակայության դեպքում կառուցապատումը կամ ինքնակամ կառույցի օրինականցումը քաղաքաշինական նորմերի լուրջ խախտում է, որի  կարգավորումը հետագայում գործնականորեն անհնարին կլինի, քանի որ այն  բացասական ազդեցություն կունենա Երևան քաղաքի կայուն զարգացման վրա։

Արաբկիր վարչական շրջանում քաղաքացիների կողմից շենքերի բակային տարածքներում Երևան համայնքի  սեփականություն հանդիսացող հողամասերում առանց իրավահաստատող փաստաթղթերի ժամանակին ավտոտնակներ են կառուցվել, որոնք ՀՀ քաղաքացիական օրենսգրի 188-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանում են ինքնակամ կառույցներ: Դրանց նկատմամբ օրենքի ուժով ճանաչվում է Երևան համայնքի սեփականության իրավունքը։

Ինքնակամ կառույցների օրինականցման կարգը հաստատված է ՀՀ կառավարության 18.05.2006թ. հ. 912-Ն որոշմամբ, որի 33-րդ կետի համաձայն հայանքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականցնելու կամ քանդելու մասին։ Նշված կարգի 2-րդ կետի համապատասխան ինքնակամ կառույցը ենթակա չէ օրինականցման, եթե այն    խախտում է այլ անձնաց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կամ  հակասում է քաղաքաշինական նորմերին։

 Անկախ

Կարգապահական տույժեր դպրոցների տնօրեններին

դպրոցԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ 28.04.2014 թ. հ. 113-Ա և հ. 114-Ա կարգադրություններով մայրաքաղաքի Ստ. Շահումյանի հ. 1 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանին և Ա. Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոցի տնօրեն Մարիամ Սարգսյանին աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար հայտարարվել է նկատողություն։

Անկախ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարներԱպրիլի 27-ին, ժամը 14.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Միցուբիշի Աերթրեք» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթապ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 27-ին, ժամը 17.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 54/6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 27-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 27-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Արագած-Ծաղկալանջ ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես Բենց ML 320» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 27-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասսատ» և «Միցուբիշի Մոնտեռո» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Ֆոլքսվագեն Պասսատ»-ը բախվել է Տիգրան Մեծի պողոտայում կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի Մոնտեռո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Ստեփանավան ճանապարհի 122-րդ կմ-ին «ՈւԱԶ Հանտեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել գետը, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 27-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 40-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառերին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններու, Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ին «Նիսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 26-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրիի Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի մոտ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 26-ին, ժամը 15.30-ին, Մեղրի-Ալվանք ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՅՈւՄԶ-6» մակնիշի էքսկավատորի:
«Օպել»-ի ուղևորուհին աջ քունքային շրջանում կտրած պատռած վերքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 26-ին, ժամը 13.50-ին, Բերդ-Տավուշ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Գուցե նույն ինքը՝ Մհեր Սեդրակյա՞նն է թիվ 70 դպրոցի տնօրենի հովանավորը

Անահիտ ԲախշյանԱյսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի թիվ 70 դպրոցի տնօրենի՝ աշխատանքից ազատվելու մասին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Մարգարյան,

Ապրիլի 22-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևանի թ.70 հիմնական դպրոցի տնօրեն Հեղինե Շափաղաթյանը, ով 2011թ. նոյեմբերին որպես տնօրեն աշխատանքային պայմանագիր է կնքել Ձեզ հետ ու անցած 2,5 տարիների ընթացքում հասցրել է թ.70 ՊՈԱԿ-ի կնիքով իրականացնել տարբեր անօրինական ֆինանսական գործարքներ, որոնք հակացուցված են ուսումնական հաստատության տնօրենի համար:

Տնօրենի անօրինական գործողությունները ոչ միայն չեն բացահայտվել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության և ֆինանսական վարչությունների կողմից, այլև ԶԼՄ-ների հրապարակումներից, դատարանի վճռից և իմ կողմից հանցագործության մասին հաղորդումից հետո, երբ մինչև վերջ բացահայտվեց արկածախնդիր, կրթօջախի տնօրենին հակացուցված կերպարը, նրան առնվազն աշխատանքից ազատելու փոխարեն տվեցին սուս-փուս դիմում գրելու ու գնալու հնարավորություն:

Չեմ կարող զուգահեռ չանցկացնել Երևանի թ.17 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու և այս տնօրենին իր դիմումի համաձայն ազատելու դեպքերի միջև: Առաջինի դեպքում տնօրենը, ըստ Ձեր հայտարարության, հարվածել էր մի աշակերտի, որն, իհարկե, երբեք խրախուսելի չէ,  պարզվեց՝ Մհեր Սեդրակյանի հովանավորյալն էր, երկրորդն էլ ոտնձգություններ է կատարել պետական բյուջեի նկատմամբ, սակայն Ձեր կողմից թույլ տրվեց իր դիմումի համաձայն ազատվել, որովհետև, թույլ տվեք եզրակացնել, որ այս դեպքում էլ տնօրենն էր հովանավորված նույն Մհեր Սեդրակյանի կամ չգիտեմ ում կողմից:

Հասարակությունն այս ամենը տեսնում և հասկանում է, ինչպես նաև  պահանջում է, որ բոլոր պետական պաշտոնյաները  օրենքին և օրինականությանը հետևելու օրինակ  ծառայեն, իսկ այս դեպքը ճիշտ հակառակի մասին է վկայում:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Սևանի վտանգը չի գիտակցվում. Կարինե Դանիելյան

բնապահպաններ“Այս տարի սակավաջուր տարի է, Արարատյան դաշտավայրի ոռոգման հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, իսկ ջրի պահանջարկը մեծ է”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց “Սևան-Հրազդան ջրառ” ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը: Նա նշեց, որ սակավաջրության պատճառներից կարող են լինել ձկնաբուծարանները, տեղումների քանակը և այլ գործոններ:

Իսկ “Հանուն կայուն մարդկային զարգացման” ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ, իսկապես, Արարատյան դաշտի հետ կապված խնդիր կա. այն կանգնել է անապատացման վտանգի առջև, սակայն խնդրի լուծման այլ տարբերակներ է պետք մտածել, քանի որ միջազգային փորձագետները փաստում են, որ լճի մակարդակի բարձրացման արդյունքում  են միայն բարելավվում Սևանի բոլոր ցուցանիշները` քիմիական, կենսաբանական, սանիտարական: Նա նշեց, որ մասնագետները վկայում են, որ Սևանի ինքնամաքրման ներուժը շատ բարձր է և մակարդակի բարձրացումը կանգնեցնել նշանակում է մեծ հարված հասնել Սևանին, ուստի, անընդունելի է Սևանա լճից 5 տարի ժամկետով մինչև 240 մլն խմ ջրառի թույլտվությունը:  “Մեզ հատկապես լճի մակարդակի բացասական բալանսի հնարավորությունն է հետաքրքրում”,-նշեց Կարինե Դանիելյանը:

Կարինե Դանիելյանը նաև նշեց, որ Սևանի մասին օրենքը, իհարկե, նախատեսում է ռիսկային տարում սահմանված չափից ավելի ջուր վերցնել, սակայն ինչո՞ւ 5 տարով: “Կառավարությունն ու Ազգային ժողովը չեն փախչի: Այսօր վստահություն չկա, որ հինգ տարի շարունակ մեզ այդքան ջուր է հարկավոր”-նշեց Կարինե Դանիելյանը: Նաև հավելեց, որ 2007-2013թթ. Արարատյան դաշտում արտեզյան ավազանից թույլատրելի քանակից 2 անգամ ավել ջուր է վերցվել, և  իշխանությունն  այսօր այդ սխալը փորձում է լուծել մեկ այլ սխալով, և Սևանի իրական վտանգը պարզապես չի գիտակցվում:

Իսկ “Սևան-Հրազդան ջրառ” ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը 5 տարի ժամանակահատվածը բացատրեց նրանով, որ այս ժամանակահատվածում աշխատանքներ են տարվելու ` կառուցվելու են ջրամբարներ, Եղվարդի  ջրամբարն է վերականգնվելու, նաև կառուցվելու է Վեդու ջրամբարը և այլն:

Հիշեցնենք, որ կառավարությունը Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 5 տարվա ընթացքում Uևանի ջրի բացթողնման տարեկան չափաքանակ է սահմանվելու 240 մլն խմ՝ ներկայիս 170 մլն-ի փոխարեն:

 

Հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալությունՈստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` ապրիլի 24-ին, ժամը 18.10-ին, Շիրակի մարզի Մայիսյան գյուղից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Կարեն Կ.-ն, որը ապրիլի 17-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:

Այս տարվա 3 ամիսներին քաղաքացիները 442 միավոր հրազեն են հանձնել ոստիկանությանը

զենք-զինամթերք2014 թ. 3 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել, հայտնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 442 միավոր հրազեն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 211 միավորով : Միաժամանակ առգրավվել, հայտնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 13 միավոր միավոր օդամղիչ ու գազային հրազեն:
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված 442 միավոր հրազենից 27-ը` առգրավվել է, 41-ը՝ հայտնաբերվել, իսկ 374-ը` հանձնվել կամավոր:
Նշված 442 միավոր հրազենից 24-ը եղել է ատրճանակ, 50-ը` ինքնաշեն ատրճանակ , 19-ը` ինքնաշեն կրակող սարք, 22-ը` ինքնաձիգ, 4-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 310-ը` գործարանային եւ ինքնաշեն տարբեր տեսակի հրացաններ, 11-ը` գործարանային եւ ինքնաշեն տարբեր տեսակի նռնականետ, 2-ը` գնդացիր:
Միաժամանակ հայտնաբերվել կամ առգրավվել է տարբեր տրամաչափի փամփուշտ 35843, 16.0 մետր դետոնացիոն քուղ, 82 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 164 նռնակ, 11 միավոր ինքնաշեն նռնակ, նռնակի 250 պայթուցիչ, 47 հատ պայթուցիկ սարք, 6.8 կգ պայթուցիկ նյութ, 22 հատ ական եւ արկ, 68 հատ ճայթիչ եւ այլն:
Հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է 31 միավոր հրազեն:
Համաձայն ՀՀ ոստիկանության 2014 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի 2.1.1 կետի պահանջների` ապրիլի 3-ից մայիսի 3-ը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության տարածքային մարմինների ուժերով Հայաստանի Հանրապետության տարածքում անց է կացվելու օպերատիվ-կանխարգելիչ «Զինանոց-2014» միջոցառման 1-ին փուլը:

10 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 45 վարորդ փաստաթղթեր չի ներկայացրել

երթևեկությունԱպրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 56 տրանսպորտային միջոց. 10 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 4 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 45 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում:

Մայրաքաղաքը կկահավորվի նոր նստարաններով ու աղբամաններով

003Հաստատված հայեցակարգի համաձայն մայրաքաղաքում շարունակվում են Երևանի արտաքին տեսքի բարեկարգմանն ու ձևավորմանն ուղղված աշխատանքները:  2014թ-ի ծրագրով այս տարի ևս բոլոր վարչական շրջանները կկահավորվեն հարմարավետ նստարաններով ու աղբամաններով: Մայրաքաղաքի արտաքին կահավորման բաղկացուցիչը դարձած նորաոճ նստարանները կտեղադրվեն  այգիներում, պուրակներում ու հանգստի այլ գոտիներում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2012 թվականից սկիզբ առած այս գործընթացը մեծ սիրով ընդունվեց ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի կողմից: Հարկ է նշել, որ 2012 և 2013 թվականների ընթացքում մայրաքաղաքը կահավորվել է նմանատիպ շուրջ 1200 նստարաններով ու ավելի քան 850 աղբամաններով: Մինչ ընթացիկ տարվա վերոնշյալ ծրագրի մեկնարկը այս օրերին թարմացվում են նախորդ տարիներին մայրաքաղաքում տեղադրված նստարանները: Համաձայն պայմանագրային պարտավորության, նստարաններն արտադրող ընկերությունն իր հաշվին, լաքապատման և ներկման միջոցով, վերականգնում է նստարանների արտաքին մաշված շերտերն ու կողային հատվածները: Ընկերության կողմից համանման աշխատանքներ են տարվում նաև նորաոճ աղբամանների թարմացման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

«ՀԿԵ» ՓԲԸ մեկնաբանությունները Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատողների ապրիլի 25-ին կազմակերպված ակցիայի վերաբերյալ

գործադուլ 3Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատողների կողմից 25.04.2014 թ. երկաթուղու աշխատանքի մասնակի խափանման հետ կապված «Հարավկովկասյան երկաթոիղի» ՓԲԸ-ն նպատակահարմար է գտնում որոշ պարզաբանումներ ներկայացնել հանրությանը:

Այս չթույլատված ակցիայի շրջանակներում աշխատողների նախաձեռնող խումբը պահանջել է աշխատավարձերի բարձրացում: Նրանք պնդում են, որ փետրվար-մարտ ամիսներին նրանց աշխատավարձը կրճատվել է, ինչպես նաև պահանջում են աշխատանքային պայմանների բարելավվմանը:

Առաջին հերթին հարկ ենք համարում նշել, որ 2014 թվականի մարտին Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարների աշխատավարձերի աճը փետրվարի նկատմամբ կազմել է 51%: Այսպիսով, մեքենավարի աշխատավարձը կազմեց 280 000 դրամ, ինչն իր հերթին 18%-ով գերազանցում է 2013 թվականի մարտի ցուցանիշը:

Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում ընդգծել, որ 2014 թվականի առաջին եռամսյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ գրանցվել է աշխատանքի ծավալների անկում 11,5%-ով, ինչը պայմանավորված է բեռնափոխադրումների ծավալների կրճատմամբ: Դա իր հերթին բերեց նման իրավիճակին, երբ Գյումրու երկաթուղային հանգույցի 10 լոկոմոտիվային բրիգադները պահանջված չեն՝ համապատասխան աշխատանքի բացակայության պայմաններում:

Չնայած նման հանգամանքներին՝ Հարավկովկասյան երկաթուղին՝ լինելով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն, չի դիմում աշխատողների կրճատման քայլերին, ընտրելով անձնակազմի պահպանման ուղին, և սպասելով ամառային սեզոնին նկատվող փոխադրումների աճին:

Հաշվի առնելով, որ 2013 թվականի և 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նկատվում է բեռնափոխադրումների հետ կապված աշխատանքի ծավալների կրճատում, Ընկերությունը որոշում է ընդունել կրճատել  պարգևավճարները՝ աշխատողների թվի կրճատումից խուսափելու նպատալով: Օրինակ, ՀԿԵ-ի կենտրոնական վարչության անձնակազմին պարգևատումներ չեն վճարվում 2014 թվականի սկզբից:

Իսկ Գյումրու երկաթուղայի հանգույցում մարտ ամսվա արդյունքներով վճարված պարգևները կազմել են՝

  • 0%՝ լոկոմոտիվային, վագոնավերանորոգման դեպոյի, ուղեմասի, գծային-կայարանային միավորման ղեկավարների, մասնագետների ու աշխատողների համար,
  • 10%՝ լոկոմոտիվների ընթացիկ նորոգման ու տեխսպասարկման հետ կապված անձնակազմի համար,
  • 12,5%՝ լոկոմոտիվների տեխսպասարկման կետում, օժանդակ տնտեսությունում, լոկոմոտիվային դեպոյի շահագործման, պահեստավորման արտադրամասում աշխատող անձնակազմի համար,
  • 7,5%՝ վագոնավերանորոգման դեպոյի վագոնահավաք, անիվային, օժանդակ կետերի, անիվների վերանորոգման, ավտոմատ միացման արտադրամասերի աշխատողների համար:

Աշխատանքի պայմանների բարելավվման վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ 2013 թվականին ավարտված վերանորոգումից հետո Գյումրու լոկոմոտիվային դեպոն ժամանակակից մեքենաշինական համալիր է հանդիսանում: Շահագործման արտադրամասում ձևավորված են տեխկիկական ուսուցման սենյակներ, որոնք համալրված են անհրաժեշտ դասագրքերով և սարքավորումներով: Այսպիսով, լոկոմոտիվային բրիգադները հնարավորություն ունեն բարձրացնել մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները:

Լիովին արդիականացված է բուժզննման կետը, ստեղծված են պայմաններ լոկոմոտիվային բրիգադների յուրաքանչյուր անդամի բժշկական սպասարկման  համար:

Կոչ ենք անում Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատողներին տարաբնույթ խնդիրներ ունենալու պարագայում սեփական կարծիքը ղեկավարությանը ներկայացնելու համար դիմել ավելի զուսպ և երկաթուղայիններին ավելի արժանի մեթոդներին: Միայն նման ճանապարհով մենք կարող ենք համատեղ միջոցներով հաղթահարել բոլոր դժվարությունները, որոնք ժամանակավոր բնույթ են կրում: