Սևանի վտանգը չի գիտակցվում. Կարինե Դանիելյան

բնապահպաններ“Այս տարի սակավաջուր տարի է, Արարատյան դաշտավայրի ոռոգման հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, իսկ ջրի պահանջարկը մեծ է”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց “Սևան-Հրազդան ջրառ” ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը: Նա նշեց, որ սակավաջրության պատճառներից կարող են լինել ձկնաբուծարանները, տեղումների քանակը և այլ գործոններ:

Իսկ “Հանուն կայուն մարդկային զարգացման” ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ, իսկապես, Արարատյան դաշտի հետ կապված խնդիր կա. այն կանգնել է անապատացման վտանգի առջև, սակայն խնդրի լուծման այլ տարբերակներ է պետք մտածել, քանի որ միջազգային փորձագետները փաստում են, որ լճի մակարդակի բարձրացման արդյունքում  են միայն բարելավվում Սևանի բոլոր ցուցանիշները` քիմիական, կենսաբանական, սանիտարական: Նա նշեց, որ մասնագետները վկայում են, որ Սևանի ինքնամաքրման ներուժը շատ բարձր է և մակարդակի բարձրացումը կանգնեցնել նշանակում է մեծ հարված հասնել Սևանին, ուստի, անընդունելի է Սևանա լճից 5 տարի ժամկետով մինչև 240 մլն խմ ջրառի թույլտվությունը:  “Մեզ հատկապես լճի մակարդակի բացասական բալանսի հնարավորությունն է հետաքրքրում”,-նշեց Կարինե Դանիելյանը:

Կարինե Դանիելյանը նաև նշեց, որ Սևանի մասին օրենքը, իհարկե, նախատեսում է ռիսկային տարում սահմանված չափից ավելի ջուր վերցնել, սակայն ինչո՞ւ 5 տարով: “Կառավարությունն ու Ազգային ժողովը չեն փախչի: Այսօր վստահություն չկա, որ հինգ տարի շարունակ մեզ այդքան ջուր է հարկավոր”-նշեց Կարինե Դանիելյանը: Նաև հավելեց, որ 2007-2013թթ. Արարատյան դաշտում արտեզյան ավազանից թույլատրելի քանակից 2 անգամ ավել ջուր է վերցվել, և  իշխանությունն  այսօր այդ սխալը փորձում է լուծել մեկ այլ սխալով, և Սևանի իրական վտանգը պարզապես չի գիտակցվում:

Իսկ “Սևան-Հրազդան ջրառ” ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը 5 տարի ժամանակահատվածը բացատրեց նրանով, որ այս ժամանակահատվածում աշխատանքներ են տարվելու ` կառուցվելու են ջրամբարներ, Եղվարդի  ջրամբարն է վերականգնվելու, նաև կառուցվելու է Վեդու ջրամբարը և այլն:

Հիշեցնենք, որ կառավարությունը Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 5 տարվա ընթացքում Uևանի ջրի բացթողնման տարեկան չափաքանակ է սահմանվելու 240 մլն խմ՝ ներկայիս 170 մլն-ի փոխարեն:

 

Tags: ,