Երթուղային ավտոբուսում Հակոբը բջջային հեռախոս է գողացել

գողությունՆոյեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 42/7 շենքի մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Հակոբ Հ.-ին, որը խոստովանել է, որ նոյեմբերի 26-ին, ժամը 13.00-ին,  Խանջյան փողոցում` թիվ 17 երթուղային ավտոբուսի սրահում, անծանոթ կնոջ պայուսակից գողացել է բջջային հեռախոս:
Հակոբ Հ.-ն ներկայացրել է գողոնը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը պատկանում է 1978 թ. ծնված Արմինե Ղ.-ին:
Կատարվում է հետաքննություն:

Ծեծկռտուք Երևանի բուսաբանական այգու հարակից կամրջի վրա

ծեծկռտուքՆոյեմբերի 27-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի բուսաբանական այգու հարակից կամրջի վրայից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Անդրանիկ Ք.-ին, 1984 թ. ծնված Բագրատ Կ.-ին, 1969 թ. ծնված Գագիկ Գ.-ին և 1985 թ. ծնված Մինաս Հ.-ին:  Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ին նշված կամրջի վրա  Անդրանիկ Ք.-ն և Բագրատ Կ.-ն վիճաբանել են Գագիկ Գ.-ի և Մինաս Հ.-ի հետ, որի ընթացքում Բագրատ Կ.-ն բռունցքով մեկ անգամ հարվածել է Գագիկ Գ.-ի դեմքին, որից հետո` Մինաս Հ.-ի աչքին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Քիչ առաջ ավտոպատահար է տեղի ունեցել Մյասնիկյանի պողոտայում, կան վիրավորներ

ավտոպատահարՆոյեմբերի 28-ին, ժամը 14.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան փողոցի «Բելաջո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ-24» մակնիշի 25 ՍԼ 943 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը, ինչից վարորդ Վ. Հ.-ն (ծնվ. 1959թ), ուղևորներ Է. Թ.-ն (ծնվ. 1959թ.) և Խ. Հ.-ն (ծնվ. 1998թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից, որոնց շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

 

Պատահարներ Արտաշատ-Երևան, Երևան-Երասխ և Եղեգնուտ-Արևիկ ավտոճանապարհներին,տասը վիրավոր

ԱվտովթարՆոյեմբերի 27-ին, ժամը 04.50-ին, Արտաշատ-Երևան ճանապարհին` Մխչյան գյուղի հատվածում, «ԳԱԶ 2410»  մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել Կորսա»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 79-րդ կմ-ին  «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*** 
Նոյեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան Եղեգնուտ-Արևիկ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Մահվան ելքով վրաերթ Գորիս քաղաքում

ՎրաերթՆոյեմբերի 27-ին, ժամը 15.45-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքի Սյունիքի և Գուսան Աշոտի փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և աջակողմյան մայթում վրաերթի ենթարկել 1990 թ. ծնված Նարեկ Տատինցյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող և խոշոր չափերի յուրացում կատարած կինը ձերբակալվել է

ձերբակալությունՆոյեմբերի 25-ին, ժամը 23.00-ին,  ոստիկանության Կենտրոնականի բաժնում   մի ընկերության տնօրենից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի սկզբին Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն ուղևորվելու 18 տոմս ձեռք բերելու համար, Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 7 հասցեում ավիատոմսերի վաճառքով զբաղվող Վիկտորյա Մ.-ին փոխանցել է մոտ 12.000.000 դրամ, սակայն վերջինս տոմսեր վաճառող ընկերությանը վճարել է 3.200.000 դրամը, իսկ մնացած գումարը` յուրացրել:
Փաստի առթիվ  26.11.2013 թ. Կենտրոնականի քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Վիկտորյա Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

՚՚՚”Հրաշք զգացողություն է”. Նազիկ Ավդալյան

նազիկԵրեկ լույս  աշխարհ է եկել ծանրամարտի աշխարհի չեմպիոն, գյումրեցի ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի եւ ծանրորդ Էրիկ Կարապետյանի առաջնեկը,archive2.ankakh.com-ը ավելի վաղ տեղեկացրել է այդ մասին: Այժմ նոր մանրամասներ ենք հաղորդում այդ ուրախալի իրադարձույունից: Փոքրիկը ծնվել է 4 կգ քաշով եւ 53 սմ հասակով: Ի պատիվ պապիկի՝ նորածինը անվանակոչվել է Վաչե: archive2.ankakh.com-ի հետ զրույցում նորաթուխ մայրիկը, որ դեռ հիվանդանոցում է, նշեց՝ ծննդաբերությունն անցել է նորմալ, ամեն ինչ հիասքանչ է, իսկ մայրական զգացողությունների մասին ասում է. ՚Հրաշք զգացողություն է, բառերով նկարագրել չի լինում: Ցանկանում եմ, որ բոլոր կանայք, ովքեր չեն զգացել՝ զգան, ովքեր էլ զգացել են՝ հասկանում են ինձ: Հրաշալի զգացողություն է՚:
Նազիկը փոխանցեց, որ դեռ երկու օր էլ կմնա հիվանդանոցում:
Մենք էլ առողջություն ու երջանկություն ենք ցանկանում փոքրին Վաչեին եւ նրա ընտանիքին:

Գիտնականը Հրանտ Բագրատյանին մեղադրում է իր ծրագիրը «գողանալու» մեջ

Հրանտ ԲագրատյանՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ բողոքարկելով հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ իր դեմ ներկայացված հայցի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը:  Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 4-ին, հաղորդում է Փաստինֆոն:    Հայցվոր, գիտնական  Մանյա (Մանե) Հակոբյանը  1990-ականներից 2011 թվականների ընթացքում  ստեղծել է մտավոր գործունեության արժեք՝   «ՀՀ գիտության և կրթության ոլորտների համակարգային վերափոխման և կայուն զարգացման ծրագիր»  ստեղծագործությունը: Հեղինակը որոշել է այն առաջարկել Հայաստանի քաղաքական ուժերին: Ծրագիրը ներկայացվել է  նաև Հայ ազգային կոնգրեսին, սակայն զգալով, որ իր ծրագիրը յուրացվում է` Մանյա Հակոբյանը ձեռնարկել է իր իրավունքները պաշտպանելուն ուղղված քայլեր: Սակայն դրանք չեն ունեցել անհրաժեշտ արդյունքները: Մանյա Հակոբյանը 30.04.2010 թվականին գրանցել է իր ստեղծագործությունը   «Հայհեղինակ»  հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ-ում, ինչի համար ստացել է նաև հավաստագիր:    Պատասխանողներ Հրանտ Բագրատյանը և Հարություն Կարապետյանը, ըստ հայցվորի,  յուրացրել են իր  ծրագրի գիտության բաժինը՝ անբարեխիղճ արտատպել են ծրագիրը, իրական հեղինակին չեն հիշատակել, ստեղծագործությունը ներկայացրել են իրենց անվան ներքո, հրապարակել են զանգվածայնորեն, գործել են առանց հեղինակի թույլտվության և նրան վարձատրելու:    Պատասխանողների կողմից 2011 թվականի օգոստոսի 7-ին Facebook սոցիալական ցանցի «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջում, որը հանրամատչելի էջ է և ընթերցվում է առնվազն 4.400 քաղաքացու կողմից, վերջիններս հրապարակել են «Նախագիծ ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագիր»  վերտառությամբ գրագողություն` Մանյա Հակոբյանի աղավաղած ծրագիրը` «հեղինակներ` Հրանտ Բագրատյան և Հարություն Կարապետյան»  ստորագրությամբ ծրագրի ներքևում: Պատասխանողների ծրագրի տեքստը, ըստ հայցվորի,  համարյա ամբողջությամբ կրկնում է իր  ծրագրի տեքստը: Կան որոշ  «փոփոխություններ», «ավելացումներ», կամ ուղղակիորեն նախադասությունները փոխված են տեղերով:   Պատասխանող Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը հայցի դեմ առարկել է, հակընդդեմ հայց ներկայացրել: Ըստ դրա` Հայ Ազգային Կոնգրեսը  2010 թվականի փետրվար ամսին հրապարակային քննարկման է ներկայացրել սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ»  ծրագիրը, որի հիմնական նպատակն է Հայաստանում ստեղծված տնտեսական համակարգի արմատական վերափոխումը և ժողովրդի գործուն մասնակցությամբ կայուն զարգացման տնտեսության ստեղծումը: Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման առաջարկվող ծրագիրը ներկայացվել է քննարկման` Հայ Ազգային Կոնգրեսի Քաղաքական խորհրդի որոշմամբ: Ծրագիրը պատրաստել է Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովը` Հրանտ Բագրատյանի գիտական ղեկավարությամբ: Նրա մեջ ներառվել են Կոնգրեսի անդամ կուսակցությունների առաջարկները և դիտողությունները: Այդ փաստաթուղթը եղել է ընդամենը ծրագրի մի մասը, որում ներկայացվել են սոցիալ-տնտեսական և կառուցվածքային քաղաքականության ընդհանուր մոտեցումները: Ծրագրի 81-84 կետերում ներկայացվել են Կոնգրեսի մոտեցումները կրթության և գիտության ոլորտներում:    «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեղադրված «ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագրի» նախագիծը  բխել է Հայ Ազգային Կոնգրեսի կողմից հանրային քննարկման ներկայացված վերը նշված սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման   «100 քայլ»  ծրագրից: Ընդ որում, հայցվորն ընդամենը թարգմանել է Ծրագիրը: Մանյա Հակոբյանի ծրագրի տեքստը գրեթե ամբողջությամբ կրկնում է Հրանտ Բագրատյանի Ծրագրի տեքստը: Առկա են որոշ փոփոխություններ, ավելացումներ կամ նախադասություններն են փոխվել տեղերով: Ընդ որում, գրագողությունը կատարելիս Մանյա Հակոբյանը գրեթե նույնությամբ պահպանել է Հրանտ Բագրատյանի մտքի հերթականությունը, տրամաբանական կառուցվածքն ու գաղափարական միասնությունը:    Վահե Հովսեփյանը հիշեցրել  է, որ  Հրանտ Բագրատյանը ականավոր պետական և քաղաքական գործիչ է, տնտեսագիտության դոկտոր, 1995 թվականին Ամերիկայի կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա,  իսկ  1998 թվականին ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական ինստիտուտի կողմից ՝ հազարամյակի մարդ: 16 գրքի և 60 գիտական հոդվածների հեղինակ է, նրա գրքերը լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն և ուկրաիներեն լեզուներով, համարվում է մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադիրը:   Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր  Ս.Հովսեփյանի,  սեպտեմբերի 2-ի վճռով   հաստատված է  համարել, որ հայցվոր Մանյա Հակոբյանի կողմից է ստեղծվել  «ՀՀ գիտության ոլորտի համակարգային վերափոխման և կայուն զարգացման ծրագիր»  ստեղծագործությունը: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Վայք-Զառիթափ ավտոճանապարհին ավտոմեքենա է ընկել ձորը

ԱվտովթարՆոյեմբերի 26-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի կամուրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «ՎԱԶ-2199» մակնիշի 17 OS 107 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվել հարակից ձորակը. առանց հրդեհի բռնկման:
Դեպքի վայրում տուժածեր չեն հայտնաբերվել:

Մահացածի դեմքը տեսա, այլանդակված չէր. հաստատ մեր շենքից չէր. մանրամասներ Շենգավիթում տեղի ունեցած դեպքից,տեսանյութ

շենգավիթԵրեւանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոց 20/1 շենքից ընկած տղամարդն այդ շենքի բնակիչ չի եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են  շենքի բնակիչները:

«85 թվից էստեղ եմ ապրում, ոնց էլ չլինի, էս տերիտորիայի մարդկանց ճանաչում եմ, բայց էս ցած նետված մարդուն առաջին անգամ էի տեսնում, հաստատ մեր կողմերից չի»,- ասաց տարեց բնակիչներից մեկը:

Ականատեսների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 27-ի առավոտյան, ժամը 07:00-08:00-ի սահմաններում: Տղամարդը գլխի վրա ընկել է հենց մուտքի առջեւ: «Երեխաս առավոտյան 7-ին գնացել ա գործի, չի տեսել, իսկ ես 8-ին 10 պակաս դուրս եկա, տեսա մեր շենքի մուտքի առաջ ընկած էր: Դեմքը տեսա, այլանդակված չէր: Հաստատ մեր շենքից չէր»,- պատմեց հարեւաններից մյուսը:

Շտապօգնության աշխատակիցները քիչ առաջ տարել են տղամարդու դին, իսկ ոստիկանության աշխատակիցները շարունակում են ուսումնասիրել տարածքը, հարցաքննել են երկու շենքերի բոլոր բնակիչներին. «Բոլորի տներով հերթով մտել, հարցաքննել են, սակայն ոչ մեկն էլ չի ասել, թե ում հյուրն է եղել: Երեւի վախենում են»:

Դեպքի վայրում աշխատող ոստիկանները հրաժարվեցին որեւէ տեղեկություն հաղորդել:

Այս պահին մուտքի առջեւ թափված արյունը դեռ չի մաքրվել, իսկ տղամարդու ուղեղը հենց աստիճանների վրա է. բնակիչներն ահաբեկված անցնում են այդ տարածքով:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Վարորդը դանակահարել է թիվ «4» երթուղային տաքսու երթակարգավորիչին

դանակահարություն«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սաֆարյանը խոստովանել է, որ ինքն է դանակով հարվածել թիվ «4» երթուղային տաքսու երթակարգավորիչ Վասիլյանին։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով` Սաֆարյանը ձերբակալվել է։    Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին։ 2013թ. նոյեմբերի 21-ին` ժամը 21:15-ին, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել  առ այն, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վնասվածք, ձախակողմյան հեմոթորաքս, ձախ թոքի վնասումով իրենց մոտ է տեղափոխվել Հայկ  Վասիլյանը: Դեպքի առթիվ Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ  հոդվածի  հատկանիշներով՝  դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:              Նոյեմբերի 22-ին` ժամը 19:10 վերոհիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է  Մայիս  Սաֆարյանը: Նոյեմբերի  25-ին նրան  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով,  խափանման միջոց  ընտրվել կալանավորումը:        «Փաստինֆո»-ի տեղեկություններով` առաջադրված մեղադրանքում Սաֆարյանն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: Ըստ դրանց` նոյեմբերի 21-ին` ժամը 14:30-ի սահմաններում, իր կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Աթենքի 6/4 հասցեում գտնվող տնտեսական խանութի դիմաց կայանելու պատճառով վիճաբանություն է սկսվել իր և թիվ «4» երթուղային տաքսու երթակարգավորիչ Հայկ Վասիլյանի միջև, որը վերածվել է քաշքշուկի, ու այդ  ընթացքում ինքն իր բաճկոնի գրպանում եղած ծալովի դանակով հարվածել է Հայկ Վասիլյանի կրծքավանդակի ձախ կեսին:  Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Բեզոարյան այծ որսալու փաստով հարուցվել է քրեական գործ

բեզոարյան այծՆոյեմբերի 21-ին, ժամը 17.30-ի սահմաներում, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցները ապօրինի որսորդության դեմ իրականացրած ստուգայց-շրջագայության ընթացքում Արենի գյուղից Խաչիկ գյուղ տանող ճանապարհի 3-րդ կմ-ից աջ 500 մ հեռավորությամբ գտնվող «Կապի գլուխ» կոչվող հանդամասում հայտնաբերել են ապօրինի որսացած բեզոարյան այծ` հրազենային վնասվածքով: Որսի մոտ ոչ ոք չի եղել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 21-ին, ժամը 15.30-ի սահմաններում, 1964 թ. ծնված Սիրեկան Բ.-ն, 1946 թ. ծնված Վահան Ս.-ն, 1976 թ. ծնված Վասիլ Ա.-ն, 1964 թ. ծնված Արայիկ Մ.-ն, 1948 թ. ծնված Վաչագան Ղ.-ն  քարակաքավի որս կատարելու և այնտեղ հաց ուտելու նպատակով գնացել են Արենի և Խաչիկ գյուղերի միջև գտնվող հանդամասեր, որտեղ Վաչագան Ղ.-ն իրեն պատկանող «ՍԿՍ» տիպի, 7.62 մմ տրամաչափի, ակոսափող որսորդական հրացանով ապօրինի որսացել է նշված բեզոարյան այծը:
Նոյեմբերի 26-ին ոստիկանության Վայոց ձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանությունը պարզաբանում է Յուրի Վարդանյանի որդու մոտ ապօրինի թմրամիջոց հայտնաբերելու փաստը

ոստիկանությունԶանգվածային լրատվության միջոցներից մեկը, հղում անելով «իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրներին»՝ ստահոդ «նորություններ» է հրապարակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու մոտ ապօրինի թմրամիջոց հայտնաբերելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ՝ այդպիսով անգիտորեն կամ միտումնավոր թյուրիմացության մեջ գցելով ընթերցողին:
Լրագրողներին ու նրանց գործատուներին բազմիցս հորդորել ենք՝ եթե ձեր խնդիրն իսկապես բարեխիղճ լրատվություն ապահովելն է, ձեռնպահ մնացեք կասկածելի կամ հորինված «աղբյուրներից» և դիմեք իրական ու պատասխանատու մարմիններին, տվյալ դեպքում՝ ոստիկանությանը: Հակառակ դեպքում՝ խաբում եք հասարակությանը՝ ինքներդ էլ հայտնվելով ծիծաղելի վիճակի մեջ:
Իրականում՝ 2012 թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 15-ի սահմաններում, Դավիթ Վարդանյանը Երևան-Մեղրի ավտոմայրուղուց բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 99 գրամ հաշիշանման նյութ, բացի այդ, ևս 7 գրամ նմանատիպ նյութ հայտնաբերվել է նրա օրգանիզմից՝ բժշկական միջամտության արդյունքում:
2012 թ. հոկտեմբերի 12-ին և 13-ին կատարված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված նյութերը հաշիշ տեսակի թմրամիջոց են:
«Իրավագիտակ» լրագրողների համար հատուկ ասենք, որ «ծանր ու թեթև թմրամիջոցներ» իրավական գոյություն չունի, գործում է թմրամիջոցների դասակարգում՝ ըստ չափի, տեսակի և ծագման, իսկ 106 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ:
Ինչ վերաբերում է Դավիթ Վարդանյանի ցուցմունքներին, ապա նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել իր գործածման համար:
Դավիթ Վարդանյանը կալանավորված է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է;
Կրկին կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին՝ օգտագործել միայն օբյեկտիվ ու ճշտված տեղեկություններ և ապատեղեկատվությունից զերծ մնալու համար ազնվորեն համագործակցել իրազեկ մարմինների հետ:

Բաց նամակ “ԴԵ ՖԱԿՏՈ” ամսագրի խմբագիր Մենուա Հարությունյանին

Մենուա ՀարությունյանՎահե ՍԱՐԳՍՅԱՆՀարգելի Մենուա, նախկինում, երբ Դուք “Արմնյուզ” հեռուստատեսությունում հարցազրույցի էիք կանչում այս կամ այն գործչին, անպայման վերջում հարց էիք տալիս նրան՝ այն մասին, թե որտե՞ղ է վերջինս պատրաստվում հանգստանալ առաջիկայում, և, եթե պատասխանը լինում էր ոչ թե Թուրքիայում, այլ՝ որևիցե այլ տեղ, Դուք գոհունակությամբ դառնում էիք դեպի հեռուստադիտողն ու հիշեցնում մոտավորապես հետևյալը. “Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ Թուրքիայի ափերում թողնված մեր գումարի չափով յուրաքանչյուր տարի այդ երկիրը զինում է Ադրբեջանի բանակը: Հետևաբար՝ Թուրքիայում հանգստանալով, մենք անուղղակիորեն զինում ենք ադրբեջանական բանակը, որի զենքն ուղղված է մեր սահմանը պաշտպանող հայ զինվորի դեմ”: Ավելացնեմ նաև, որ օրերս ձեռքս ընկավ Ձեր  կողմից հրատարակվող “ԴԵ ՖԱԿՏՈ” ամսագրի 2013 թ. 05 և 07 համարները, որոնց նախավերջին 2 մեծադիր էջերը ամենայն ճոխությամբ  պատկերում են Անթալիա քաղաքի լողափերը, իսկ վերևում հրապուրիչ առաջարկի տողերն են՝ “Հանգստացեք Անթալիայում”:

Հարգելի Մենուա, Թուրքիա՞ն այլևս չի զինում Ադրբեջանի բանակը կամ չի սատարում այդ երկրին՝ բոլոր իմաստներով, թե՞ ադրբեջանական բանակի զինվորի զենքն այլևս ուղղված չէ հայ զինվորի դեմ, թե՞…

Հարգելի Մենուա, ներկայացրեք, խնդրեմ, թե ինչը կամ ով է փոփոխության ենթարկվել այս ընթացքում: Սպասում եմ Ձեր պարզաբանմանը:

 

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

 

Վահանին չորս տարի որոնում էին Բուլղարիայի իրավապահները

ձերբակալելՆոյեմբերի 26-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վահան Մ.-ին, որը 2009 թ. հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր Բուլղարիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 194 և 195 հոդվածների մեղադրանքով:

 

Երկու վրաերթ մայրաքաղաքում`երեք վիրավոր

ՎրաերթՆոյեմբերի 26-ին, ժամը 20.00-ին, «Բիուայդի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի  Եր. Քոչարի փողոցի թիվ 23/7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 10.35-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայի թիվ 11 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 16 և 15-ամյա 2 աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: