Նախագահը ձմեռային զորակոչ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ստորագրել2ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2013 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` որոշում եմ.

1. 2013 թվականի դեկտեմբեր – 2014 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր ժամկետային և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Ուշադրություն. առողջության համար վտանգավոր 2 դեղամիջոցների շրջանառությունը արգելվել է Հայաստանում

վնասակար դեղՀիմք ընդունելով միջազգային մասնագիտական աղբյուրներից (Եվրոպայի դեղգործակալություն և ԱՄՆ Դեղերի և սննդի վարչություն) ստացված գրությունները, ինչպես նաև ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի արձանագրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացությունը և այն, որ կետոկոնազոլ պարունակող ներքին ընդունման դեղաձևերի օգուտ/ռիսկ հարաբերակցությունը` լյարդաթունայնության դեպքերի հաճախացման և վտանգավորության աճի պատճառով գնահատվում է բացասական` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 2867-Ա հրամանով վնասակար դեղ2անվավեր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության  «Ակրիխին Ֆարմասյութիկալս Քո.» ընկերության արտադրության «Միկոզորալ դեղահատեր 200մգ  N30», Հնդկաստանի «Նաբրոս Ֆարմա ՊՎՏ., ՍՊ» ընկերության արտադրության «Անտիգրիբոկ Նիզոմաքս դեղահատեր 200մգ N10», Հայաստանի Հանրապետության «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվության ընկերության «Կետոկոնազոլ դեղահատեր 200մգ (10)», Իտալիայի «Յանսեն-Սիլագ Ս.Պ.Ա., Ջոնսոն և Ջոնսոն ՍՊԸ, Ռուսաստան-ի համար» ընկերության արտադրության «Նիզորալ դեղահատեր 200մգ N10 և N30» դեղերի գրանցումը:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ նախարարի հանձնարարությամբ նշված դեղերի շրջանառությունը  դադարեցվել է Հայաստանի Հանրապետությունում և սկսվել է հետհավաքման գործընթացը:

Խոշոր հրդեհ Երևանի Գոգոլի փողոցում

Խոշոր հրդեհ Երևանի Գոգոլի փողոցումՆոյեմբերի 3-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գոգոլի փողոցի թիվ 69ա տան տանիքում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.24-ին, մարվել` 11.57-ին:

Այրվել է Մ. Օ.-ին պատկանող թիվ 69ա տան տանիքն (100 քմ) ու գույքն ամբողջությամբ, ինչպեն նաև Հ. Ն.-ին պատկանող թիվ 69 տան տանիքը մասնակի (5 քմ):

Ալլահշյուքուր Փաշազադեն հանդիպել է հայ ռազմագերուն

Ալլահշյուքուր ՓաշազադենԿովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն նոյեմբերի 1-ին հանդիպել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, շեյխուլիսլամը հանդիպել է հայ ռազմագերու հետ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով։ Նրա պահման պայմանների մասին պատմելով՝ Փաշազադեին հայտնել են, որ նրան “չեն նեղացնում, հոգ են տանում նրա մասին”։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի գիշեր 8-ի լույս ղարաբաղա-ադրբեջանական սահմանում չկողմնորոշվելու հետևանքով հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը հայտնվել էր ադրբեջանական տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցներին` վերջինս ցանկություն էր հայտնել` երրորդ երկիր մեկնելու:

ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել են ՀՀ տնտեսության զարգացման միտումները

ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստՎարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի հաստատումից հետո Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ընթացիկ տարվա տնտեսական իրավիճակի հիմնական ցուցանիշները: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ հանքահումքային արդյունաբերությունում, ինչպես նաև վերամշակող արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում արձանագրվել են աճի բարձր տեմպեր պետության աջակցությամբ ու մասնավոր ներդրումներով տարբեր ծրագրերի իրականացման շնորհիվ: «Ուրախալի է, որ բարձրացել է վերամշակող արդյունաբերության որակը, և ավելացել է արտահանման ծավալը: Դա վկայում է այն մասին, որ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում մշակված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը դրական արդյունքներ է տալիս», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Խոսելով 2013 թ. տնտեսական ակտիվության ավելի ցածր ցուցանիշների պատճառների մասին՝ վարչապետը նշել է. «Այս պահի դրությամբ տնտեսական աճի հիմնական խոչընդոտը շինարարության ոլորտն է: 2013 թ. առաջին ութ ամսվա վիճակագրական տվյալներով՝ ոլորտում ունենք 8.5 տոկոս անկում, իսկ շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմում է 12 տոկոս: 2014 թ. շինարարության ոլորտը լինելու է մեր առաջնային թիրախը, և մենք մշակում ենք ծրագրեր, որպեսզի էապես խթանենք ոլորտը: Խոսքը, մասնավորապես, հիփոթեքային վարկով բնակարանների ձեռքբերման և էկոնոմ դասի բնակարանաշինության ծրագրերի մասին է»:
2014 թ. տնտեսական աճի խթանման և բիզնես միջավայրի բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից նախատեսված միջոցառումների շարքում վարչապետ Սարգսյանը կարևորել է ավիացիայի ոլորտի ազատականացման քաղաքականության որդեգրումը, վենչուրային հիմնադրամի ստեղծումը, արտահանման ապահովագրական ընկերության, արդյունաբերական հիմնադրամի և «ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատանքները: Վարչապետը նշել է, որ Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2014 ամենամյա վարկանիշում Հայաստանը երեք կետով առաջ է անցել՝ զբաղեցնելով 37–րդ տեղը, և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումները շարունակական են լինելու։ Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է աղքատության հաղթահարման ուղղությամբ պետության որդեգրած սոցիալական նոր քաղաքականությանը, կենսաթոշակային բարեփոխումներին, մանրամասներ ներկայացրել դրանց վերաբերյալ:
Նիստի օրակարգի շրջանակում խորհուրդը քննարկել և հաստատել է նախորդ նիստի արձանագրությունը, ՀԱՄՀ 2014 թ. տարեկան ծրագիրը և բյուջեն, անդրադարձել միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՄՀ համագործակցությանը և ապագա ծրագրերին:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Տրանսպորտի և կապի նախարարությունում

 Սերժ Սարգսյան, Տրանսպորտի և կապի նախարարությունՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ` նրանց կողմից իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, զարգացման հեռանկարների շուրջ: Այնուհետև Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ, որի ընթացքում նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է Տրանսպորտի և կապի նախարարության 2012թ. և 2013թ. անցած ինն ամիսն ընկած ժամանակահատվածում գործունեության արդյունքները: Նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը ներկայացրել է նույն ժամանակահատվածում երկաթուղու գործունեությունը, նախարարի տեղակալներ Արտաշես Ավետիսյանն ու Անդրանիկ Ալեքսանյանը ներկայացրել են համապատասխանաբար ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում նախարարության կողմից իրականացված աշխատանքներն ու կապի և հեռահաղորդակցության ոլորտում վերոնշյալ ժամանակահատվածում կատարված աշխատանքների համառոտ բնութագիրը, իսկ նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը զեկուցել է աշխատակազմի կողմից իրականացված աշխատանքների հիմնական ցուցանիշները։ Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի խնդիրներն ու զարգացումները 2012թ. և 2013թ. անցած ինն ամսվա դրությամբ: Այն զեկուցել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:

Զեկուցված թեմաների վերաբերյալ Նախագահը հարցեր է ուղղել պատասխանատուներին և բարձրացված խնդիրների վերաբերյալ մի շարք հանձնարարականներ տվել: Խոսելով ճանապարհաշինության և այլ ծրագրերի համար հատկացված միջոցների մասին՝ Նախագահն ընդգծել է դրանց օգտագործման և իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Ճանապարհների պահպանումը, օրինակ, Նախագահի խոսքով, չպետք է ենթադրի միայն դրանք ձյունից մաքրելը: Այդ ուղղությամբ ճիշտ աշխատանք իրականացնելու պարագայում, Սերժ Սարգսյանի համոզմամբ, ճանապարհները կարելի է դարձնել շատ ավելի երկարակյաց:

Խորհրդակցության ավարտին Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ նախարարություններ իր այցերը նպատակ են հետապնդում անմիջականորեն տեղում ծանոթանալու խնդիրներին, պատասխանատուների հետ դրանք քննարկելուց հետո՝ լուծումներ տալու, որոնք պետական կառավարման այդ մարմիններին կօգնեն իրենց աշխատանքների կազմակերպման, ծրագրերի իրականացման գործում բարձրացնել արդյունավետությունը: Հանրապետության Նախագահն արդյունավետ աշխատելու կարևոր նախապայման է համարել հատկապես մարդկային ռեսուրսի՝ կադրերի ընտրությունն ու նրանց հետ իրականացվող աշխատանքը: «Եթե մենք չկարողացանք ունակ երիտասարդ կադրեր ներգրավել մեր աշխատանքում, ոչինչ չի ստացվելու: Մենք պետք է ամեն օր դրանով զբաղվենք: Յուրաքանչյուր ղեկավարի պարտականությունն է զբաղվել խնդիրներ լուծող, այդ խնդիրներից չվախեցող, ցանկացած մարտահրավերի դիմակայելու պատրաստ, գիշեր-ցերեկը հաշվի չառնող մարդկանց աշխատանքում ներգրավելու գործով: Եվ այդ մարդկանց նկատմամբ մենք պետք է լինենք շատ ուշադիր: Միայն սոցիալական խնդիրներ լուծելով, այսինքն` աշխատավարձ բարձրացնելով, խրախուսելով, մենք չենք կարողանալու նրանց պահել: Մարդիկ հավելյալ ուշադրության կարիք ունեն, սրտացավ խոսքի, իրենց աշխատանքը գնահատելու կարիք ունեն: Եվ մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործել ավագ սերնդի փորձը՝ այն համադրելով երիտասարդների եռանդի հետ»,-ընդգծել է Նախագահը:

Տրանսպորտի և կապի նախարարությունում ղեկավար անձնակազմի հետ հանդիպումը Սերժ Սարգսյանն ավարտել է նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրման արարողությամբ. երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Վանյա Աթյանին, տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Այվազյանին, փոստի վարչության պետի տեղակալ Ծովինար Գալստյանին, «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Վերդյանին Նախագահը պարգևատրել է շնորհակալագրերով:

 

Հալաբյան փողոցում 7 մեքենաներ են բախվել, ՃՏՊ-ի մասնակիցներից 4-ը երթուղային միկրոավտոբուսներ են

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Նոյեմբերի 1-ին, ժամը 11.13-ին  ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Դեռևս չբցահայտված հանգամանքներում բախվել են «Վենտո» մակնիշի 34 VU 795, թիվ 5 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 4311 Տ, թիվ 27 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0851Տ , թիվ 37 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2838Տ, «Մերսեդես» մակնիշի, թիվ 52Ա երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2236Տ և «ԳԱԶել» մակնիշի 34 TN 174 պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով Գ. Հ., Ա. Թ., Ա. Պ. տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ամուսինները բեզոարյան այծի ապօրինի որս են կատարել,հարուցվել է քրեական գործ

092838064112Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում 08.09.2013թ. տեղադրված «Օտարերկրացիները Հայաստանում  որսի են գնացել և կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն են սպանել» վերտառությամբ տեսագրության կապակցությամբ նույն օրը ոստիկանության  Եղեգնաձորի  բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնք 2013 թ. սեպտեմբերի 24-ին ենթակայության կարգով ուղարկվել են  ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժին:
Նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ 2009 թ. դեկտեմբերի  9-18-ն ընկած ժամանակահատվածում, ստույգ չպարզված օրը, Վայոց ձորի մարզի «Եղեգիսի կիրճ» կոչվող տարածքում ապօրինի ձեռք բերած հրազենով   կազմակերպվել է կենդանու ամբողջովին արգելված որս` բեզոարյան այծի ապօրինի որս, որը կատարվել է ՀՀ ժամանած ԱՄՆ քաղաքացիներ, ամուսիններ Բ. Կ.-ի և Շ. Բ.-ի կողմից:
Փաստի առթիվ 2013 թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական  բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 38-294 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Վարչապետը շնորհավորել է հայ ոսկերիչներին մասնագիտական տոնի առթիվ

Տիգրան Սարգսյան, Ոսկերչի ազգային օրՎարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ընդունել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Ոսկերչի ազգային օրվա շրջանակում անցկացվող «Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Ոսկերչի ազգային օրվա կապակցությամբ: ՀՀ կառավարությունը, գնահատելով ոսկերիչների դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև հաշվի առնելով հայ ոսկերիչների խնդրանք-դիմումը, հոկտեմբերի վերջին կիրակի օրը սահմանել է որպես հայ ոսկերչի մասնագիտական տոն: Դրանով իսկ ՀՀ կառավարությունը շեշտում է, թե որքան կարևոր է մեզ համար այս ոլորտը, որը համարում ենք տնտեսության զարգացման առաջնահերթություններից մեկը: Ցանկանում եմ շնորհավորել այս հիասքանչ միջոցառման բոլոր մասնակիցներին, ցանկանալ հաջող և բեղմնավոր աշխատանք:
Հայ ոսկերիչներն ունեն դարերից եկող գեղեցիկ ավանդույթներ, և դա մեր ազգային հարաբերական առավելությունն է, որը պարտավոր ենք օգտագործել: Մենք ունենք տաղանդավոր ոսկերիչներ, աշխարհահռչակ գործարարներ, ինչը վկայում է այն մասին, որ այս բնագավառում տաղանդաշատ հայ ժողովուրդը կարող է մրցակցել և հասնել լուրջ հաջողությունների: ՀՀ կառավարությունը Հայ ոսկերիչների համաշխարհային միության հետ ստորագրել է պայմանագիր, որով մենք հիմք ենք դրել պետություն – մասնավոր համագործակցության համար և ստանձնել փոխադարձ պարտավորություններ: ՀՀ կառավարությունն ստանձնել է ոսկերչությունը որպես գերակա ուղղություն դիտարկելու և ոլորտի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու պարտավորություն: Այդ առումով ազատ տնտեսական գոտու ստեղծումը լուրջ խթան կհանդիսանա մեր երկրում ոսկերչության զարգացման համար:
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ հավաստիացնել, որ ի դեմս ՀՀ կառավարության դուք ունեք հուսալի գործընկեր: Պատրաստ ենք համատեղ ջանքերով ոլորտը բարձրացնել այնպիսի մակարդակի, որ հայ ժողովուրդը շարունակի հպարտանալ այն հաջողություններով, որ ունեցել ենք և պետք է ունենանք»:

10804_am_6Այնուհետև վարչապետ Սարգսյանը զրուցել է տարբեր երկրներից ժամանած հայ ոսկերիչների հետ, նրանց հետ մտքեր փոխանակել ոլորտում իրականացվող ծրագրերի, զարգացման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ:
«Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսն անցկացվել է հոկտեմբերի 28-ին՝ Ոսկերչի ազգային օրվան հաջորդող օրը: Ամենամյա այս ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության հանրահայտ ընկերություններ, ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ Հայաստանից և ավելի քան երկու տասնյակ երկրներից։

Հայոց բանակի զինվորի մեկ օրը. լուսանկարներ, տեսանյութեր

Picture 132Օրերս «Զորակն» գիտակրթական հիմնադրամը և ՀՀ ՊՆ-ն լրագրողների այց էին կազմակերպել դեպի հյուսիսարևելյան ուղղության զորամասերից մեկը: «Անկախ»-ը ներկայացնում է զինվորների առօրյան լուսանկարներով: Կից դիտեք նաև զինծառայողների երաժշտական կատարումների տեսանյութերը:

Լուսանկարները և տեսանյութերը` Հայկուհի Բարսեղյանի



Արթուր Աբրահանը հաղթեց Ջիովանի Դե Կարոլիսին

աա արթուր աբրահամ31457Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի մարզապալատում կայացած մրցամարտում գերմիջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի նախկին չեմպիոն Արթուր վստահորեն հաղթեց իտալացի 29-ամյա մարզիկ Ջիովանի Դե Կարոլիսին:

Մեր հայրենակիցը, որը ներկայումս  մարզվում և մրցելույթներ է ունենում Գերմանիայում, ակնհայտ առավելություն ուներ: Ի վերջո, 12 ռաունդանոց մրցամարտն նա իր օգտին գրանցեց  միավորների առավելությամբ` 120:108. 119:109, 119:109 հաշիվներով:

 

Ընտրություններ Վրաստանում.Սահակաշվիլին նորից քաղաքական աղմուկի կենտրոնում

սահակաշվիլիՀոկտեմբերի 27 -ին Վրաստանում նախագահական ընտրություններ են: Միխայիլ Սահակաշվիլին չի մասնակցում այդ ընտրություններին, բայց հայտնվել է քաղաքական աղմուկի կենտրոնում, հաղորդում է  “Россия 24”հեռուստաալիքը:

Հայտնի է դարձել նախորդ տարբեր մակարդակի ընտրություններում նախապատրաստված զանգվածային կեղծիքները: Ձերբակալվել է այդ ամենի մեջ կասկածվող Վրաստանի ՆԳՆ  նախկին պաշտոնյա Թեյմուրազ Պատարիձեն:  2008-2012թթ. նա արտադրել է կեղծ անձնագրեր “ընտրական կարուսելների” համար ի օգուտ “Միասնական ազգային շարժման” և նրա թեկնածուների: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հազարավոր անձնական քարտեր և դրանք պատրաստելու սարքեր:

Հարգանքի տուրք`Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

002Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հոկտեմբերի 23-ից 27-ը պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության անդամները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու  Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը ջրել է նաև 2007 թվականին Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում իր կողմից Ծիծեռնակաբերդի բարձունքում տնկված եղևնին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Արտգործնախարարն ընդունել է Մարսելի քաղաքապետին Հոկտեմբերի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենին

596. Minister Nalbandian received the Mayor of Marseille 26.10.2013Հոկտեմբերի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենին՝ առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլումի, փոխքաղաքապետ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Դոմինիկ Վլաստոյի, փոխքաղաքապետեր Մարի-Լուիզ Լոտայի և Դիդիե Պարաքյանի, Մարսելի 13­-14 շրջանների թաղապետ Կարո Հովսեփյանի, քաղաքապետարանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ։

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի նկատմամբ, որը պայմանավորված է երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական ամուր կապերով և այսօր գոյություն ունեցող սերտ միջպետական համագործակցությամբ:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց հայ-ֆրանսիական բազմաբովանդակ համագործակցության զարգացումը` մասնավորապես ընդգծելով քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, ապակենտրոնացված փոխգործակցության ոլորտներում նշանակալի ձեռքբերումները:

Կողմերն անդրադարձան տաս օր առաջ Վալանսում կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի արդյունքներին` նշելով, որ նման միջոցառումների պարբերականությունը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին:

Զրուցակիցները կարևորեցին նաև միջպետական հարաբերությունների զարգացման գործում ֆրանսահայ համայնքի կարևոր ներդրումը: Այս կապակցությամբ Ժան-Կլոդ Գոդենը ընդգծեց ֆրանսահայերի դերը Ֆրանսիայի և Մարսելի զարգացման գործում:

Էդվարդ Նալբանդյանն ու Ժան-Կլոդ Գոդենը, գոհունակություն հայտնելով Երևանի և Մարսելի միջև ակտիվ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծեցին, որ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը մեծապես նպաստում է ամենատարբեր բնագավառներում փոխգործակցության ընդլայնմանը և կապերի խորացմանը:

Նախագահն ընդունել է Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը

4427_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության անդամներին և երկկողմ կապերի շարունակական զարգացման ու ամրապնդման գործում կարևորել տարբեր մակարդակի փոխայցելությունները: Այդ համատեքստում զրուցակիցները երկուստեք ջերմությամբ են հիշել 2011թ. Նախագահ ՍերԺ Սարգսյանի Մարսել կատարած այցը և գոհունակությամբ փաստել, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը, որը հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամական սերտ կապերի վրա, շարունակաբար զարգանում է գրեթե բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային:

Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր վերապահելով ապակենտրոնացված համագործակցությանը` Հանրապետության Նախագահն ընդգծել է վերջին տարիներին այդ ուղղությամբ իրականացվող արդյունավետ աշխատանքը և վստահություն հայտնել, որ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման համար: Նախագահի խոսքով, Հայաստանի և Ֆրանսիայի շրջանային ու քաղաքային իշխանությունների միջև ակտիվ երկխոսության և փոխայցերի շնորհիվ կյանքի են կոչվում բազմաթիվ համատեղ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Մարսելի սենատոր-քաղաքապետը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է այցի օրերին Երևանում ունեցած իր հանդիպումների արդյունքները այդ թվում`  մի շարք ոլորտներում ստորագրված համաձայնագրերը, որոնք, նրա խոսքով, կնպաստեն այդ ոլորտներում համագործակցության հետագա խորացմանը:

Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ իր ղեկավարած պատվիրակության կազմում ընդգրկված են նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչը վստահաբար կնպաստի հայ-ֆրանսիական գործարար նոր կապերի հաստատմանն ու Հայաստանում ֆրանսիական ներդրումների խրախուսմանը:

Հանդիպմանը Ժան-Կլոդ Գոդենը ողջունել է նաև Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հիմնումը:

 

Տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստ

004 (1)Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի նիստը: Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը, նախքան նիստի  աշխատանքներն սկսելը, տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմը համալրվել է ևս մեկ անդամով, ով սահմանված ժամկետում դիմել էր հանձնաժողովի կազմում ընդգրկվելու խնդրանքով:  Հանձնաժողովի 37 անդամից նիստին մասնակցել է 25-ը:

Վահե Նիկոյանը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել  հանձնաժողովի անդրանիկ նիստում հաստատված Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի չափորոշիչների հիման վրա ձևավորված ծախսերի հաշվարկը մեկ միկրոավտոբուսի և մեկ ավտոբուսի համար՝ մեկ ամսվա կտրվածքով: Հաշվարկը մանրամասնորեն ներկայացվել է ըստ առանձին բաղադրիչների՝ միաժամանակ մատնանշելով հաշվարկների համար հիմք  հանդիսացած ինչպես օրենդրական և իրավական հիմնավորումը, այնպես էլ ոլորտում առկա հաշվարկային մեխանիզմներն ու մեթոդները: Հաշվարկը ներառել է վառելիքային, շարժիչի յուղի և քսանյութերի, տեխնիկական սպասարկման և նորոգման, անվադողերի և մարտկոցի փոխարինման,   ինչպես նաև ամորտիզացիոն ծախսերի բաղադրիչները: Հաշվարկում ներառվել են նաև ինչպես վերադիր, այնպես էլ վարորդների աշխատավարձի գծով ծախսերի  ու հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների ծախսերի բաղադրիչները: Ներկայացված հաշվարկի յուրաքանչյուր բաղադրիչի վերաբերյալ արտահայտվելու, կարծիքներ հայտնելու և առաջարկներ անելու հնարավորություն է ընձեռնվել հանձնաժողովի բոլոր անդամներին, որոնցից ելույթ ունեցողները, սակայն, քննարկվող հարցերի վերաբերյալ կոնկրետ հիմնավորված և փաստարկված առաջարկ չեն ներկայացրել: Այդուհանդերձ, որոշվել է հանձնաժողովի անդամ Բաբկեն Պիպոյանի կողմից վառելիքի բաղադրիչի մասով արված առաջարկի վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել և ստացված արդյունքի համեմատությունից հետո միայն վերջնական եզրահանգման գալ:

Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ հաստատել են ներկայացված բաղադրիչների հիման վրա ձևավորված Երևան քաղաքում միկրոավտոբուսով և ավտոբուսով ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկը, որը,  ինչպես հանձնաժողովի նախագահն է նշել, կարող է նաև որոշակի փոփոխությունների ենթարկվել :

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տարոն Մարգարյանն ու Ժան-Կլոդ Գոդենը Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող ծառեր են տնկել մայրաքաղաքի թիվ 52 դպրոցի բակում

011Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան – Կլոդ Գոդենը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, այցելել է Երևանի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ եվրոպական GOSPEL ծրագրով կառուցվել է երեք մարզադաշտերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ։ Դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող առաջին ծրագիրն է։ Համաձայն նախագծի, մարզադաշտերից մեկը նախատեսված է նաև սահմանափակ կարողություններով անձանց համար։

Ողջունելով ներկաներին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ երկու գործընկեր քաղաքների, ինչպես նաև Եվրամիության համագործակցության շնորհիվ մայրաքաղաքում այս ծրագիրն իրականացվեց հաջողությամբ. «Հուլիս ամսին բացվեց բազմաֆունկցիոնալ այս գեղեցիկ մարզադաշտը, որը սիրվեց թե դպրոցի աշակերտների, և թե շրջակայքի  բնակիչների  կողմից։ Ուզում եմ հատուկ ընդգծել այն փաստը, որ մարզադաշտը հարմարեցված է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար։ Ներկայումս, Երևանի քաղաքապետարանը իր քաղաքաշինական ծրագրերում փորձում  է  հետամուտ  լինել այս խնդրին՝ հաշմանդամների կարիքներին առավելագույնս անդրադառնալու նպատակով։ Հուսով  եմ,  որ  հետագայում  ևս մենք հնարավորություն կունենանք իրականացնելու նմանատիպ բազմաթիվ այլ ծրագրեր՝ ի շահ մեր քաղաքների բնակչության»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։

Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան – Կլոդ Գոդենն էլ, իր հերթին գոհունակություն հայտնելով ծրագրի արդյունքից, մեկ անգամ ևս ընդգծել է, որ սա երկու քաղաքների միջև առկա ջերմ և բարեկամական հարաբերությունների ևս մեկ խոսուն ապացույց է. «Հարգելի պարոն քաղաքապետ, այս վերջին 48 ժամերը, որ մենք անց ենք կացնում միասին, պետք է խոստովանեմ, որ թե ես, և թե մեր պատվիրակության անդամներն ուղղակի զգացված ենք այն ջերմ և բարեկամական վերաբերմունքից, որ ցուցաբերվում է Ձեր կողմից: Տեսնելով դպրոցականների ու հարակից շենքի բնակիչների ոգևորությունը` ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել հենց Ձեզ, որ մեր կողքին եք ու անձամբ աջակցել եք այս ծրագրի իրականացման հարցում: Բացի այդ, շնորհակալ եմ նաև երկու քաղաքների միջև առկա արդյունավետ համագործակցության համար, քանի որ նաև Ձեր ջանքերի շնորհիվ ենք երկուստեք հաջողություններ գրանցում»,- շեշտել է Ժան – Կլոդ Գոդենը:

Այնուհետ Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ Մարսելի քաղաքապետը ծանոթացել է նաև մարզահրապարակի պայմաններին ու ցուցադրական ելույթներին, որոնց մասնակցում էին նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիները:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենն, ի նշան երկու քաղաքների բարեկամության, խորհրդանշական ծառեր են տնկել դպրոցի  բակում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Ադրբեջանում ավտովթարի հետևանքով զինվոր է տուժել

2 (9)Հոկտեմբերի 25-ի գիշերը Ադրբեջանի Գուբայի շրջանի Վլադիմիրովկա գյուղով անցնող ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, որի հետևանքով զինծառայող է վիրավորվել:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Վեստի” կայքի շրջանային թղթակիցը, մեքենայի վարորդը` Գուբայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ծառայող զինվորը, տեղափոխվել է շրջանային հիվանդանոց և վիրահատվել:

Ըստ կայքի`տուժածի վիճակը կրիտիկական է: Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն:

 

Հրդեհի առաջացման պատճառը պարզվել է

հրդեհՀոկտեմբերի 20-ին, ժամը 22.48-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում խոտի դեզ է այրվում:
Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է 360 հակ, իսկ պատճառված վնասի չափը կազմում է 360.000 դրամ:
Հրդեհը մարվել է ժամը 23.00-ին, 2 մարտական հաշվարկի ուժերով:
Հոկտեմբերի 25-ին Լոռու մարզի Հրդեհային տեսչությունից ստացվել է փորձագետի գրությունն այն մասին, որ հրդեհը առաջացել է խոտի դեզի սեփականատիրոջ կողմից ծխախոտի մնացորդը նետելու հետևանքով:

 

Գունավոր մետաղներ գողացողը կալանավորվել է

picture(25)Օգոստոսի 13-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աղավնաձոր և Ռինդ գյուղերում տեղակայված «ԱրմենՏել» ՓԲԸ հեռախոսակայանների տարածքից գունավոր մետաղներ են գողացել:
Հոկտեմբերի 25-ին Վայոց Ձորի մարզի դատախազությունից գրություն է ստացվել, որ գողությունը կատարել է 1984 թ. ծնված Արման Մ.-ն:
Գողություն կատարողը կալանավորված է:
Կատարվում է քննություն: