Ապրիլի 23-ը իմունականխարգելման միջազգային օրն է: Այսօր այս թեմայով «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ զրուցեց ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Մասնագետի պնդմամբ` մեր երկրում այս պահին իմունային հիվանդությունների հետ կապված լուրջ խնդիրներ չկան:
Գայանե Սահակյանը խոսեց առանձին հիվանդությունների մասին` հատկապես դիֆտերիայի, կարմրուկի, կարմրախտի, հիպոտիտ Բ-ի: Մասնագետի պնդմամբ հատկապես պատվաստումներկի շնորհիվ շուրջ տասը տարի է հնարավոր է դարձել դիֆտերիայից անբողջական խուսափումը, թեկուզ այս հիվանդության տարածման վտանգը կա մշտապես:
«1, 2, 6 տարեկան երեխաները պետք է պարտադիր ստանան դիֆտերիայի և փայտացման դեմ պատվաստում», – ասաց մասնագետը և հավելեց. «Այս տարիքային խմբերում մեծ մասնակցություն ունենք: Երեխաների 95 տոկոսը ստանում են իրենց պատվաստումները: Մնացած 5 տոկոսի մեջ մտնում են թե երկրից բացակայողները, թե բժշկական հակացուցումները»:
Խոսելով կարմրուկ, կարմրախտ շփումային մեծ տարածում ունեցող հիվանդությունների մասին` Գայանե Սահակյանը հիշեց 2006-ի աղմկահարույց զանգվածային պատվաստումները: «Լրատվամիջոցները այդ ժամանակ բողոքեցին: Բայց պետք է ասեմ, որ դա արդարացված որոշում էր, քանի որ հիվանդությունների վերջին մեծ բռնկումը 2004-ին էր եղել: Հաջորդ բռնկումը սպասվում էր 2010-2012-ին: Այդ կանխատեսումն էր պատճառը, որ զանգվածային պատվաստումներ կատարվեցին 2006-ին: Սրա շնորհիվ է, որ համաճարակային վիճակը այսօր լարված չէ: Մեր հարևան Թուրքիայում և Վրաստանում համաճարակային իրավիճակ է: Այնտեղ արդեն մահացության դեպքեր կան, իսկ մեզ հաձողվում է խուսափել դրանից»,-նշեց մասնագետը:
Պատվաստումները տնտեսապես ևս նախընտրելի են, քան հիվադությունների բուժումը: Պատվաստումների շնորհիվ է նաև, որ Հիպոտիտ Բ-ի դեպք վերջին 6 տարում առհասարակ չի գրանցվել և, առհասարակ, վերջին տարիներին իմունային հիվանդությունները 100 անգամով նվազել են:
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսումնասիրությունը․ «Հանքարդյունաբերությունը Հայաստանում հանգեցնում է աղքատության և եկամտի անհավասար բաշխման»
Երևան – Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Հակոբյան բնապահպանական կենտրոնը ՀԱՀ-ի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի հետ համատեղ իրականացրել է ուսումնասիրություն, համաձայն որի 2004-2010 թվականներին հանքարդյունաբերությունը Հայաստանում նպաստել է տնտեսական աճին՝ միաժամանակ հանգեցնելով եկամուտների անհավասար բաշխման և աղքատության:
Հանքում աշխատողներն աշխատում են թունավոր, ծանր մետաղների հետ` առանց ձեռքերն ու շնչուղիները պաշտպանող ձեռնոցների և դիմակների: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան, Քաջարան: Լուսանկարը ` Նազիկ Արմենակյանի
Ուսումնասիրության http://newsroom.aua.am/files/2013/04/mining_grigoryan.pdf գլխավոր հետազոտող և հեղինակ, դոկտոր Ալեքսանդր Գրիգորյանը դիտարկել է տարածաշրջանային տվյալները և իր զեկույցում նշել, որ հանքարդյունաբերությունն ունի որոշակի դրական ազդեցություն տնտեսության աճի վրա:
«Սա համահունչ է հանքարդյունաբերության կողմնակիցների կողմից հաճախ հնչեցվող այն պնդմանը, որ հանքարդյունաբերությունն անհրաժեշտ է Հայաստանի տնտեսության աճի համար»,- ասաց ՀԱՀ-ի տնտեսագիտության դոցենտ Գրիգորյանը:
Ա․ Գրիգորյանի վերլուծությունները, մյուս կողմից, նաև ցույց են տալիս, որ «․․․հանքարդյունաբերության արդյունքում սովորաբար մեծանում է եկամուտների անհավասար բաշխումը և խորանում է աղքատությունը մասնավորապես Հայաստանի այն մարզերում, որտեղ առկա է հանքարդյունաբերական ոլորտը»։
Սա հակասում է հանքարդյունաբերության կողմնակիցների այն պնդմանը, թե այս ոլորտը ստեղծում է նոր աշխատատեղեր, ինչը մարզերում և առհասարակ երկրում ապահովում է միջինից մինչև երկարաժամկետ զարգացումներ։
Այս հակադրվող իրողությունները կարելի է բացատրել Հայաստանի տնտեսությունում գերիշխող մի շարք գործոններով:
«Հանքարդյունաբերությունը, որպես Հայաստանի տնտեսության ճյուղ, տարիներ շարունակ ընդլայնվել է, սակայն տնտեսական ճգնաժամի ու համաշխարհային մետաղների գների բարձրացմանը զուգընթաց այն ավելի նշանակալի դեր է խաղացել ՀՆԱ-ի աճի մեջ»,- բացատրեց նա՝ նշելով, որ այս միտումը կշարունակվի, եթե տնտեսության մեկ այլ ոլորտ չսկսի թափ հավաքել:
Հանքարդյունաբերական ոլորտի մեկ այլ ազդեցությունն աղքատության աճն է, և սրանց փոխկապակցվածությունը, Գրիգորյանի կարծիքով, ավելի խորը ուսումնասիրության կարիք ունի:
Հանքարդյունաբերության ունեցած ազդեցության այլ հետազոտություններ՝ կատարված ՀԱՀ-ի հանրային առողջապահության դպրոցի և Հակոբյան կենտրոնի կողմից, ցույց են տալիս հետևյալը․ որոշ բնակիչներ պնդում են, որ շատ սեփականատերեր ստիպված են շատ ցածր գներով վաճառել իրենց սեփականությունը: Ըստ Գրիգորյանի՝ այսպիսի դեպքերում, եթե դրանք իրոք տեղի են ունեցել, հանքարդյունաբերողները զրկում են գյուղացիներին այն կապիտալից, որը խիստ անհրաժեշտ է հարստություն ստեղծելու համար։
Ավելին, հանքարդյունաբերության կամ հանքային վերամշակման ոլորտում աշխատող մարդկանց չի տրամադրվում առողջական ապահովագրություն՝ մի փաստ, որը կարող է ընտանիքների ուսերին դնել առողջական լրացուցիչ ծախսեր և/կամ նվազեցնել նրանց աշխատանքային արդյունավետությունը:
Մոլիբդեն վերամշակող հանքում աշխատողի ձեռքերը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան, Քաջարան: Լուսանկարը ` Անահիտ Հայրապետյանի: Նույն աշխատակիցն առանց պաշտպանիչ ձեռնոցների փոխում է իր երեխայի տակդիրը թունավոր ու ծանր մետաղների հետ ժամեր շարունակ աշխատելուց հետո: Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի
Քաղաքականության դերը
«Եթե մենք ուզում ենք հանքարդյունաբերությունը դարձնել Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտ, ապա մենք պետք է նաև զարգացնենք ճիշտ սոցիալ-տնտեսական քաղաքականություն, որի դեպքում թե՛ անմիջական համայնքները, թե՛ամբողջ երկիրը կշահեն առավելագույնս»,- ասաց ՀԱՀ Հակոբյան կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը:
Երիտասարդ տղամարդը հիվանդանոցում` իր կնոջ հետ միասին: Նա ստամոքսի խոց ունի և համոզված է, որ այն առաջացել է հանքում աշխատելու արդյունքում: Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի
Հանքարդյունաբերությունն ու արդյունահանող արդյունաբերությունները որոշ երկրներում նշանակալից դեր են խաղացել՝ ապահովելով երկարաժամկետ աճ, մասնավորապես՝ Նորվեգիայում, Ավստրալիայում և Բոտսվանայում։ «Այս երկրները հաջողությամբ օգտագործել են հանքարդյունաբերությունը և բարձրացրել իրենց բնակչության ճնշող մեծամասնության կենսամակարդակը, քանի որ նրանք մշակել և ներդրել են լավ հանրային քաղաքականություն»,- շեշտեց Ամիրխանյանը, ով անցած նոյեմբեր ամսին այս թեմայով միջազգային գիտաժողով էր կազմակերպել:
Առանց հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող համապատասխան քաղաքականության ու զսպող լծակների Հայաստանը կշարունակի քայլել հանքարդյունաբերական մի ճանապարհով, որը հարստացնում է մի քանի հոգու, իսկ ներկա ու ապագա սերունդների մեծամասնությանը զրկում է իրենց ժառանգությունից օգտվելու հնարավորությունից։
Համաձայն Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալների՝ 2011-ին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում աշխատել է 15.500 մարդ, ինչը կազմել է երկրի ընդհանուր զբաղվածության մոտ 1%-ը, իսկ ՀՆԱ-ի աճին նպաստել է մոտ 3%-ով:
ՀԱՀ-ը կազմակերպում է մեկ այլ միջազգային գիտաժողով «Բնապահպանական և մասնագիտական առողջության հիմնախնդիրները» թեմայով: Գիտաժողովին, որ նախատեսված է անցկացնել ապրիլի 22-23-ը, կմասնակցեն առաջատար մասնագետներ, որոնք Երևան են ժամանել աշխարհի տարբեր ծայրերից՝ ուսումնասիրելու հանքարդյունաբերության և շինարարության ազդեցությունն անցումային տնտեսությունների վրա, ինչպիսին ունենք Հայաստանում: Նրանց ներկայացրած հետազոտությունները լուծումներ կառաջարկեն աշխատակիցների, համայնքների բնակչության և երեխաների մոտ աշխատանքի ու շրջակա միջավայրի ազդեցությամբ ի հայտ եկած առողջական խնդիրներին և կօգնեն այս հիմնախնդիրները լուծելուն ուղղված հանրային քաղաքականություն մշակել:
Կովը ջուր է խմում Արծվանիկի պոչամբարից, որը պատկանում է Քաջարանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանին: Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի
ՀԱՀ-ի Հակոբյան բնապահպանական կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետազոտական կենտրոնը:
ՀԱՀ-ն և Հակոբյան բնապահպանական կենտրոնը նպաստում է բնական միջավայրի պաշտպանությանն ու վերականգմանը՝ հետազոտության, կրթության ու համայնքային իրազեկման միջոցով: ՀԱՀ/ՀԲԿ հիմնական ոլորտները ներառում են՝ բնական ռեսուրսների կայուն կառավարում, կենսաբազմազանություն ու պահպանություն, կառուցապատված միջավայրի կանաչապատում, մաքուր էներգետիկա և էներգախնայողություն, ինչպես նաև տեղեկատական տեխնոլոգիաներ և շրջակա միջավայր:
ՀԱՀ-ի Բիզնեսի և Տնտեսագիտության քոլեջը տարածաշրջանի առաջատար բիզնես դպրոցն է, որը նպաստում է ձեռնարկատիրական, նորարարական և բարոյական առաջնորդության ձևավորմանն ու զարգացմանը: Վերջին 20 տարում այն սպասարկել է հայ և արտասահմանցի ուսանողների, կորպորացիաների և համայնքների:
Լուսանկարները վերցված են «Հետազոտական ֆոտոլրագրություն՝ հանուն մարդու իրավունքների և մաքուր միջավայրի» նախագծից և իրականացվել են Բաց հասարակության հիմնադրամներ ծրագրի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ: Ծրագիրն իրականացվել է «Սոցիոսկոպ» ՀԿ-ի կողմից:
Հոդվածի աղբյուրը անգլերեն լեզվով՝ http://www.armenianweekly.com/2013/04/16/aua-study-mining-in-armenia-creates-poverty-income-inequality/
Թարգմանեցին՝ Լիլիթ Ստեփանյանը և Աննա Աղլամազյանը
Համահայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ)
Բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել
Ապրիլի 22-ին, ժամը 17.07-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Վանաձոր – Երևան ավտոճանապարհի 85-րդ կմ-ում «Մերձ Տրանս» ՓԲԸ-ին պատկանող «Վոլվո» մակնիշի 454ՍՕ12 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ Հովհաննես Մկրտչյան, ծնվ.1963 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից, շրջվել, և բռնկվել է հրդեհ:
Տեղի ուժերով Հ.Մկրտչյանը դուրս է բերվել բեռնատարի խցիկից և հոսպիտալացվել Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.39-ին, մարվել` 18.11-ին: Այրվել են 2 անվադող, վառելիքի բակը, մասնակի` բեռնախցիկը և վարորդի խցիկը:
Lufthansa-ի գործադուլի պատճառով տուժել է 150 հազար ուղևոր
Lufthansa ավիաընկերության աշխատակիցների գործադուլը հարկադրել է 150 ուղևորների փոխել իրենց պլանները:
Բողոքի նախազգուշական 24-ժամյա ակցիան ԳԴՀ-ի խոշորագույն ավիափոխադրողին տասնյակ միլիոնների վնաս է պատճառել: Ընկերության ներկայացուցիչ Մարտին Ռիկեի խոսքով, 150 հազար ուղևորներից միայն 100 հազարին է հաջողվել ժամանակին տեղեկացնել չվերթի հետաձգման մասին, ինչի շնորհիվ ԳԴՀ-ի օդանավակայաններում հանգիստ իրավիճակ է:
Ընկերությունն իր հաճախորդներին ստեղծված իրավիճակի պատճառով ընտրության մի քանի տարբերակ է առաջարկել.նրանք կարող են անվճար հաջորդ օրն ամրագրել տոմսերը կամ էլ գումարը հետ ստանալ:
Lufthansa-ն ապրիլի 22-ին հետաձգել էր բոլոր թռիչքները: Սպասարկման ոլորտի աշխատակիցների Verdi արհմիությունը ընկերությունից պահանջում է վերանայել պայմանագրերի տարիֆներն ու ավելացնել աշխատավարձերը:
Ընկերությունը համաձայնել է աշխատակիցների որոշ խմբերի աշխատավարձերի աստիճանաբար ավելացում 29 ամսվա ընթացքում, 3%-ով: Սակայն զբաղվածության ապահովման երկարաժամկետ երաշխիքների տրամադրումից հրաժարվել է:
Բացի այդ, ավիաընկերությունը մտադիր է արհմիության դեմ հայց ներկայացնել դատարան, քանի որ կարծում է, որ բողոքի ակցիան դուրս է նախազգուշական գործադուլի շրջանակներից:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խնդրում են վերացնել կուսակրոնությունը
Նախկին եպիսկոպոսի կինը` 87-ամյա Կլելիա Լուրոն մտադիր է Հռոմի պապին խնդրել վերացնելու հոգևորականության կուսակրոնությունը:
Կինն անձամբ ծանոթ է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ ու ենթադրում է, որ կարող է վերջինս հավանության արժանացնել այդ գաղափարը, քանի որ “նման փոփոխությունները կլուծեն հոգևորականների պակասը և կոգեշնչեն շատ կաթոլիկների”:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ավելի վաղ հայտարարել էր, որ կուսակրոնությունն անհրաժետ է, սակայն չի բացառել ապագայում հնարավոր փոփոխությունները:
Նիդեռլանդների թագավորը գահ կբարձրանա ռեփի ոճով օրհներգի ներքո
Նիդեռլանդների նոր թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի գահ բարձրանալու օրը կկատարվի մի օրհներգ, որը մինչ այդ խիստ քննադատական արձագանքներ էր ստացել: Որոշումը հանդիսությունների կազմակերպման ազգային կոմիտեինն է:
Անցած ուրբաթ, ապրիլի 19-ին Ջոն Զուբանկի ստեղծագործությունը ներկայացվել էր հանրության ուշադրությանը և մեկ-երկու օրում 40 հազար բացասական արձագանք ստացել: Երաժշտական առումով, ժողովրդին դուր չէր եկել ռեփի ոճով կրկներգը: Այն համարվեց հասարակ ու հավակնոտ:
Չնայած դրան, Հանդիսությունների կազմակերպման ազգային կոմիտեն որոշեց, որ ամեն դեպքում ապրիլի 30-ին երեկոյան, տոնական համերգի ժամանակ կկատարվի հենց այդ տարբերակը: Կոմիտեի անդամ, հայտնի թատերական իմպրեսարիո Յոոփ վան Էնդեն հայտարարել է.”Հարցումը ցույց տվեց, որ մարդկանց 40%-ին այն դուր չի եկել, սակայն 60 %-ն այն հավանել է”: Նրա խոսքով, կոմպոզիցիան երաժշտական չարտերում առաջին հորիզոնականներում է, իսկ դպրոցներում արդեն ուսուցանվում է:
2013-ի հունվարի 6-ին Նիդեռլանդների Բեատրիքս թագուհին դիմեց ազգին հեռուստաուղերձով.նա հրաժարվեց գահից հանուն ավագ որդու: Հրաժարման ակտի ստորագրումից հետո, թագուհի Բեատրիքսը կկրի “ Ձերդ թագավորական գերազանցություն Նիդեռլանդների արքայադուստր Բեատրիքս, Օրանսկ-Նասսաուի արքայադուստր” տիտղոսը: Հրաժարման ակտի ստորագրումն ու Վիլլեմ Ալեքսանդրի գահակալության հանդիսությունը կկատարվի նույն օրը, 2013-ի ապրիլի 30-ին:
Մեր լեզուն մեզ միավորելու և դարձնելու է մեկ միասնական բռունցք. Տիգրան Սարգսյանի խոսքը՝ «Հայերենն իմ սրտում է» համահայկական համաժողովին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի բացմանը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից:
ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք համահայկական բոլոր միջոցառումները և դա է պատճառը, որ հինգ տարի առաջ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ առաջին անգամ ձևավորվեց սփյուռքի նախարարություն, որի նպատակն է համախմբել ողջ հայությանը, աշխարհով մեկ սփռված հայերին: Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր շաբաթ մահանում է մեկ կենդանի լեզու, այսինքն՝ այդ լեզվի կրողները, այդ տեսակը վերանում է երկրագնդի վրայից: 21-րդ դարում էապես ուժգնանում է մրցակցությունը, այդ թվում ազգերի միջև և հասկանալի է, որ ինքնության պահպանության առանցքը, կարևորագույն երաշխիքը մայրենի լեզուն է: Մեր լեզուն է, որ մեզ միավորելու է և դարձնելու մեկ միասնական բռունցք, որը և հնարավորություն է տալու լուծել բազմաթիվ մարտահրավերներ, որոնցով լի է ժամանակակից աշխարհը»:
Վարչապետի խոսքով՝ ժամանակակից աշխարհը թևակոխել է մի փուլ, որին բնորոշ են արագ փոփոխությունները և մեր երիտասարդները պետք է ունակ լինեն չկորցնել մեր ինքնությունը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ինքնության պահպանման շարժիչ ուժը մեր պետությունն է և այդ տեսակետից, վերջին 20 տարիների ընթացքում մեզ հաջողվել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ, մարտահրավերներ, վտանգներ, որով լի է և աշխարհը, և տարածաշրջանը:«Մենք մեր պետության ներսում ձևավորում ենք այնպիսի հիմքեր, որոնք երաշխավորելու են հայ երիտասարդի ձգտումը՝ պահպանել իր ազգի արժեքները և ապահովել նրա հարատևությունը: Այդ տեսակետից, այսօր գոյատևման կարևոր պայքար է մղվում Լեռնային Ղարաբաղում: Արցախի խնդիրը մեր ազգի ապագայի խնդիրն է: Արցախի խնդրի ընկալումը երիտասարդության կողմից բնորոշում է այն, թե ինչպիսի ապագա ենք մենք ունենալու, քանի որ մենք համախմբված, միասնական ձևով միայն կարող ենք հասնել Արցախի խնդրի արդարացի լուծման»,- ընգծել է գործադիրի ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ տարածաշրջանում ունենալով հզոր բանակ՝ առաջին անգամ մեր ժողովուրդը հնարավորություն ունի երաշխավորել մեր ազգի անվտանգությունն իր սեփական ռազմական ուժերով, ինչն էլ մեր անվտանգության ապահովման ամենահուսալի երաշխիքն է:
«Ժամանակակից աշխարհը գիտելիքի աշխարհ է և այստեղ է, որ հայ ժողովուրդն ունի հարաբերական առավելություն: Եկել է ժամանակը, որ մեր երիտասարդներն ամբողջ աշխարհին ցույց տան, որ ազգերի մրցակցության մեջ մենք կանք և լինելու ենք, և այդ բնագավառում մենք ունենք տաղանդաշատ երիտասարդներ: 21–րդ դարում մրցակցությունը տեղափոխվել է ինտելեկտուալ, գիտելիքի դաշտ և դա նշանակում է, որ պետության թիվ մեկ խնդիրն այնպիսի կրթական համակարգի ձևավորումն է, որը ձեզ հնարավորություն է տալու ստանալ ժամանակակից, մրցունակ գիտելիք»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը կարևորել է ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ստեղծված «Լույս» հիմնադրամի աշխատանքները, որը ֆինանսավորում է աշխարհի լավագույն 10 բուհեր ընդունվող յուրաքանչյուր հայի ուսումը:
Տիգրան Սարգսյանը սփյուռքահայ երիտասարդներին հիշեցրել է, որ մեր ուժը մեր միասնության մեջ է և համոզմունք հայտնել, որ նրանք խորացնելով մայրենի լեզվի իմացությունը՝ կկարողանան այս կարևոր գաղափարը հաղորդել ապագա սերունդներին:
Ապրիլի 22-24-ն անցկացվող համահայկական այս համաժողովին մասնակցում են 500 երիտասարդներ աշխարհի 30 երկրներից: Քննարկումների միջոցով կբարձրաձայնվեն համազգային կարևորության խնդիրներ և կառաջադրվեն նոր լուծումներ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման, լեզվի և մշակույթի, հայապահպանության ուղղությամբ:
ՊԵԿ-ի նախագահի գործունեության վերաբերյալ վարույթ է հարուցվել
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ապրիլի 10-ի որոշմամբ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա, հարուցվել է վարույթ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով:
Միաժամանակ, նույն որոշմամբ հանձնաժողովն առաջարկել է Գագիկ Խաչատրյանին քննարկվող հարցի վերաբերյալ10-օրյա ժամկետում ներկայացնել իր առարկությունները և բացատրությունները: Այս մասին տեղեկացնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը:
«Հարկ է հիշեցնել, որ 2012 թ. դեկտեմբերի 17-ին ԹԻՀԿ-ը, հիմք ընդունելով «Հայկական ժամանակ» օրաթերթի 2012 թ. հոկտեմբերի 18-ի համարում (#180/3104/) հրապարակված «Մենքումերոնքով աշխատում են» և «Պայքարի իրական մարտիկը» հոդվածները, դիմում է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացվող կամ «վերահսկվող» ձեռնարկատիրական գործունեությանը:
Ըստ թերթի հրապարակման՝ Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլ ամսին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր: Բացի այդ, ըստ թերթի վերոնշված հրապարակումների` պետական եկամուտների կոմիտեի նախագահի անվան հետ են կապվում նաև այլ ընկերություններ, ինչպես օրինակ, «Ապեյրոն» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում և արտադրություն), «Գալաքսի» սուպերմարկետը, «Մեգա մոթորս» ՍՊԸ-ն («Միցուբիշիի» ներկայացուցիչը ՀՀ-ում), «Սանտա ֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, «Չիմեգ» ՍՊԸ-ն, «Յուքոմ» ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), «Ամասիայի» կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը և այլն»:
ԹԻՀԿ-ը, դիմելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, խնդրել էր իր լիազորությունների շրջանակում ստուգել հրապարակումներում նշված փաստերի իսկությունը, պարզել՝ առկա է արդյո՞ք շահերի բախման իրավիճակ կամ նման ռիսկ պաշտոնավարման և միաժամանակ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, ներդրումները կառավարելիս չեն օգտագործվել արդյո՞ք պաշտոնական դիրքը և լիազորությունները»,-մասնավորապես ասված է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Տասնյակ աֆղան դպրոցական աղջիկներ տեղափոխվել են հիվանդանոց՝ Թալիբանների կողմից կազմակերպված մասսայական թունավորումից հետո
Աֆղանստանի պետական պաշտոնյաների տվյալներով՝ երեկ 74 դպրոցական աղջիկներ են տեղափոխվել հիվանդանոց նրանց դպրոցի վրա ենթադրաբար թունավորման հարձակումից հետո:
Թախար նահանգի դպրոցներից մեկում աղջիկները վատ էին զգացել ինչ-որ գազի հոտից:
Երեխաների մեծ մասը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:
Առողջապահության նախարարությունը հետաքննություն է անցկացնում դեպքի կապակցությամբ և տուժածներից արյունը է վերցվել քննության ենթարկելու համար:
Ըստ Թախար նահանգի նահանգապետի ներկայացուցչի՝ հարձակումը նպատակ է ունեցել աղջիկներին խանգարել դպրոց գնալ, ավելացնելով, որ այս մասսայական թունավորման մեջ մեղավոր են կառավարության թշնամիները:
Աֆղանստանում դպրոցական աղջիկների թունավորման այլ դեպքեր ևս եղել, որոնք կազմակերպվել էին ծայրահեղ պահպանողականների կողմից, որոնք դեմ են կանանց կրթություն ստանալուն:
Երեխաներին տեղափոխել էին նահանգային հիվանդանոց, որտեղ նրանց մի մասը բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել, իսկ մյուս մասը ծայրահեղ ծանր վիճակում մնացել էր հիվանդանոցում:
Ոչ մեկ իր վրա չի վերցրել թունավորման պատասխանատվությունը:
Թախարը ռազմական և հանացավոր գործողությունների կենտրոն է դարձել 2009թ-ից ի վեր, երբ այդտեղ ակտիվացել են Թալիբան և Ուզբեկստանի իսլամական շարժումները:
Թալիբանը արգելել էր կանանց և աղջիկներին կրթություն ստանալ, մինչև նրանց 2001թ-ին դուրս հանեցին և կանայք վերադարձան դպրոցներ հատկապես մայրաքաղաք Քաբուլում:
Աֆղան կանայք իրենց հիմնարար կրթության, քվեարկելու և աշխատելու իրավունքները հետ ստացան 2001թ-ին:
Սակայն մտավախություն կա, որ այս ձեռքբերումները կարող են վերացվել, քանի որ արևմտյան ուժերը պատրաստվում են դուրս գալ երկրից, իսկ Աֆղանստանի կառավարությունը ցանկանում է խաղաղ բանակցություններ սկսել թալիբանների հետ:
Անհաջող սկիզբ
Լևոն Արոնյանն անհաջող սկսեց Փարիզում մեկնարկած շախմատի աշխարհի չորրորդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը:
Հայ գրոսմայստերը, հանդես գալով սև խաղաքարերով, պարտվեց չինացի Դին Լիժենին: Մրցակիցները կատարեցին 46 քայլ:
Ահա թե ինչպիսի ելքեր ունեցան մյուս մրցամարտերը. Վաշիե-Լագրավ – Ֆրեսինե` 05:05, Անանդ – Ադամս` 0:1 Կրամնիկ – Վիտյուգով` 1:0 Սվիդլեր – Գելֆանդ` 0,5:0,5:
Հայրը ձեռնամարտի է բռնվել ալիգատորի հետ՝ իր տղային կենդանու բերանից ազատելու համար
Ֆլորիդացի հայրը ձեռնամարտի է բռնվել երկու մետրանոց ալիգատորի հետ իր տղայի կյանքը փրկելու համար:
Ջոզեֆ Ուելչը իր 6-մայա որդի Ջոեի հետ զբոսանքի էր գնացել Բոյնտոն Բիչի կենդանի բնության արգելանոց, երբ տղան ընկել է ջուրը՝ ուղիղ նրան սպասող ալիգատորի բերանը:
Ջոզեֆը Local 10-ին հայտնել է, որ երբ տեսել է, թե ինչպես է ալիգատորը բռնել տղայի աջ թևը, ինքը միանգամից ցատկել է ջուրը տղային փրկելու համար:
Ալիգատորը ևս ժամանակ չէր կորցնում՝ Ջոեին նշում է, որ իր ընկնելուց հետո կենդանին մի վայրկայն անգամ չի կորցրել՝ արագ մոտեցել է իրեն և բռնել իր թևը:
Ջեզեֆը մտավախություն ուներ, որ, պայքարելով տղային դուրս հանել ալիգատորի բերանից, կարող է այդ կերպ պոկել երեխայի թևը և նա սկսել է ալիգատորի գլխին որքան հնարավոր է ուժեղ հարվածել:
Բարեբախտաբար, մի անհայտ բարի մարդ միացել է Ջոզեֆին և ոտքով հարվածել ալիգատոր ստամոքսին:
Ջոեին թեթև վնասվածքներ է ստացել, իսկ ալիգատորին հետագայում գտել և սպանել են ագրեսիվ վարքի համար:
Ալիգատորները հարձակվելիս անողոք են լինում:
Անցած ամռանը 17-ամյա Քալեբ Լանգդեյլի թևը պոկել էր ալիգատորը: Նա հայտնում է, որ ինքը այդ պահին հասկացել է՝ կա´մ կորցնում է թևը, կա´մ մահանում է:
Արտոնագրեր` ոչ բոլոր ակումբներին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) նիստի ընթացքում քննության են դրվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար» և «Էրեբունի-Դիլիջան» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին ՈւԵՖԱ-ի արտոնագրերի համար: Այդ արտոնագրերն իրավունք են տալիս մասնակցել 2013-2014թթ. ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:
Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի ՈւԵՖԱ-ի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու 8 ակումբներից 6-ին: «Ուլիս» և «Արարատ» ֆուտբոլային ակումբների դիմումները մերժվեցին, քանի որ դրանք դիմել էին ՈւԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար, բայց հետագայում մինչեւ սահմանված վերջնաժամկետը ընդհանրապես չէին ներկայացրել ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգով (2012թ. խմբագրություն) պահանջվող ֆինանսական չափանիշին վերաբերող փաստաթղթային փաթեթները:
Հազարավոր մարդիկ դուրս են եկել Փարիզի փողոցներ բողոքելու այս շաբաթ օրինականացվող նույնասեռականների ամուսնությունների դեմ,լուսանկարներ
Նույնասեռականների ամուսնության օրինականացմանն ընդդիմացող հազարավոր մարդիկ երեկ Փարիզում երթ էին կազմակերպել՝ բողոքելով վաղը երկրում օրինականացվող օրինագծի դեմ:
Ավելի քան 50,000 մարդիկ իրենց ընտանիքների և երեխաների հետ մասնակցում էին երթին ՝ թափահարելով կապույտ և վարդագույն դրոշակներ, որոնց վրա գրված էր «Բոլորը ծնվում են մայրիկից և հայրիկից»:
Չնայած երթը միանգամայն խաղաղ բնույթ էր կրում, սակայն մասնակիցները գտնվում էին ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Երեկվա երթը համպատրաստից էր կազմակերպվել, քանի որ կառավարությունը մեծ ցույցերից խուսափելու համար արագացրել էր օրինագծի ընդունման ընթացքը, որը պետք է վավերացվեր հաջորդ շաբաթ:
Երթի կազմակերպիչներից մեկը հայտնում է, որ իրենք նոյեմբերին զգուշացրել են նախագահին, որ կանեն ամեն բան օրինագծի ընդունմանը խոչընդոտելու համար, սակայն, եթե այն ընդունվի իրենք կաշխատեն, որ այն չեղյալ համարվի:
Բազմաթիվ հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ ֆրանսիացիների մեծ մասը կողմ է, որ նույնասեռականների ամուսնությունը օրինականացվի, սակայն նրանցից շատ քչերն են համաձայն, որ նրանք երեխա որդեգրելու թույլտվություն ունենան:
Բարձրաստիճան հոգևորականները նույնպես դատապարտել էին նույնասեռականների ամուսնությունների օրինականացումը և սպասվում էր, որ կմիանան երեկվա ցույցին:
Այս շարժման ծայրահեղական թևը հանրային կերպով հետապնդումեր էր կառավարության անդամներին և հոմոֆոբիկ հարձակումներ իրականացնում երկրի ամբողջ տարածքով:
Հունվարին շուրջ 350,000 ցուցարարներ որպես բողոքի նշան հավաքվել էին Էյֆելյան աշտարակի տակ և տրորել գազոնները:
Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոն, որը այն քիչ ֆրանսիացի պետական պաշտոնյաներից է, ով չի թաքցնում իր նույնասեռական լինելը, երեկ ևս երթ էր կազմակերպել այդ օրենքի ընդունման օգտին և նշել է, որ չափազանց ուշ է որևէ բան անել օրենքի ըդնունմանը խանգարելու համար:
Օլանդը, որը Ֆրանսիայի նախագահների շարքում ամենացածր հեղինակությունն ունի, քանի որ նրա ղեկավարման ընթացքում գործազրկությունը հասել է 10 տոկոսի, հույս ունի որոշակի փառք ձեռք բերել նման ռեֆորմ իրականացնելով:
test shedulde
test shedulde
Ադրբեջանում զինվորը սպանել է ավագ լեյտենանտին
Ադրբեջանում Հանրապետական զինվորական դատախազությունը տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում սպանություն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զորամասերից մեկում այսօր Ռաֆայել Շահվերդիևը իրեն ամրակցված զենքից կրակել է դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Էլշան Մամեդովի վրա: Վերջինս տեղում մահացել է:
Հարուցվել է քրեական գործ, սկսվել է ինտենսիվ հետաքննություն:
Հոսանքահարված Գագիկ Շամշյանի լուսանկարները
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Արզումանյանին Հայաuտանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:
Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով Հայաuտանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը:
***
Արման Արմենի Սաղաթելյան
/Կենսագրական համառոտ տվյալներ/
Ծնվել է 1975թ. օգոստոսի 26-ին:
1992թ. ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը:
1992-1997թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում:
1997թ. ընդունվել է ԳԱԱ ասպիրանտուրայի ցերեկային բաժին, որն ավարտել է 2000 թվականին:
1997-1999թթ. ժամկետային զինծառայություն է անցել ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունում:
2000-2010թթ. աշխատել է ՀՀ ՊՆ համակարգում՝ որպես քարոզչության և հասարակայնության հետ կապերի քաղաքացիական մասնագետ, ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար:
2003-2004թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ որպես հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, այնուհետ՝ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար:
2001 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: 2011 թվականից ԵՊԼՀ «Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի» (ամբիոնի) ղեկավարն է:
2011-2013 թթ. «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրենն է:
Քաղաքական գիտությունների թեկնածու է (Պետությունների տեղեկատվական հակամարտության արդի համակարգերը. միջազգային փորձ և տարածաշրջանային ասպեկտներ): Մեկ տասնյակից ավել գիտական հոդվածների և ուսումնական ծրագրերի հեղինակ:
Պարգևատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Տեխասի գործարանում կատարված պայթյունի հետևանքով 70 մարդ է զոհվել,լուսանկարներ,տեսանյութ,լրացված
Տեխասում պարարտանյութեր արտադրող գործարանում տեղի ունեցած պայթյունից 70 մարդ է զոհվել,առնվազն 200 մարդ` տուժել: Ինչպես նշել են ԱԻ կենտրոնից, 40 մարդ գտնվում է ծանր վիճակում, յոթ հրշեջ անհետ կորած են: Անկախն դեպքի մանրամասները ավելի վաղ տեղեկացրել էր:
Տեխասի գործարանում կատարված պայթյունի հետևանքով 70 մարդ է զոհվել
Տեխասում պարարտանյութեր արտադրող գործարանում տեղի ունեցած պայթյունից 70 մարդ է զոհվել,առնվազն 100 մարդ` տուժել: Ինչպես նշել են ԱԻ կենտրոնից, 40 մարդ գտնվում է ծանր վիճակում:
Պայթյունի պատճառը ներկա դրությամբ դեռևս պարզ չէ: ԶԼՄ-ների տվյալներով, պայթյունի վայրում հրդեհով են բռնկվել մի քանի շենքեր, որոնցում հնարավոր է մարդիկ լինեն:
Դեպքը կատարվել է Ուեսթ քաղաքում, տեղական ժամանակով 19:50-ին:Քաղաքի բնակչությունը 2700 մարդ է:
Տեղաբնակ մի կին KWTX-TV հեռուստաալիքին պատմել է, որ գործարանից 20 կմ հեռավորությունից լսել է մի քանի պայթյուն.”Տպավորությունն այնպիսին էր, ասես մոտակայքում 3 ռումբ պայթեց”:
Տեխասի նահանգապետ Ռիկ Պերրին իր հայտարարության մեջ ասել է,”Մենք հետևում ենք իրավիճակին ու տեղեկություններ հավաքում: Գործի ենք դրել բոլոր ռեսուրսները: Մենք աղոթում ենք Ուեսթի բնակիչների համար”:
Էքստրեմալը սուլոցով թռել է “Բետմանի ճեղքով”, տեսանյութ
Էքստրեմալ Ալեքսանդր Պոլին, որը հայտնի է մոլորակի տարբեր անկյուններում իր անհավանական թռիչքներով, կատարել է իր հերթական անհավանական հնարքը: Նա լեռների նեղ ճեղքով թռել է ժամում 250 կմ.ժամ արագությամբ:
Սուր զգացողությունների սիրահարը ուղղաթիռից թռել է, որը կախվել էր Իսպանիայի հյուսիսում Մոնսերատի վրա: Պոլին հագել էր թևերով համազգեստ, որը թռչնի թևերի տպավորություն էր թողնում: Նրա օգնությամբ ղեկավարվող թռիչքները դարձել են էքստրեմալ սպորտի տարատեսակներից:
Ալեքսանդրին հաջողվել է անհնարինը կատարել, հատկապես. թռիչքի հետագիծը հաշվել այնպես,որպեսզի թռչի նեղ ճեղքով, որը տեղի բնակիչները անվանում են “Բետմանի Անձավ”: Տեսանյութը գրավիչ հնարքով արագ տարածվել է համացանցում:
Պոլին հույս է հայտնել, որ իր նվաճումները կոգևորի ուրիշների նմանատիպ արարքները: Նկարահանող խումբը հայտարարել է, որ այժմ մարդիկ կարող են թռչել ոչ միայն լեռների միջով, այլև նրանց արանքով:


