Նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը

 Նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը

Հուլիսի 8-ին՝ Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը, Նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրես քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետայի, տեղական ինքնակառավարման մարմինների և արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը: Հիմնարկեքի հուշատախտակի օրհնությունից հետո Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետան և ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը բացել են այն: Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի կապակցությամբ Նախագահն արարողության մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով:

 

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը

 

Սիրելի՛ հայրենակիցներ,
Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի հարգելի՛ նախագահ,
Սրբազան Հայրե՛ր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր առանձնակի պատիվ է ինձ համար գտնվել այստեղ՝ Բուենոս Այրեսի սրտում, և ձեզ հետ միասին առաջին աղյուսը դնել Հայոց Ցեղասպանությանը թանգարանի հիմքում:

Այս թանգարանը ստեղծվում է՝ լրացնելու Հայոց Ցեղասպանությանը նվիրված այն բազմաթիվ հուշակոթողների շարքը, որ սփռված են արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ՝ որպես խոսուն վկա, որ որքան ժամանակ էլ անցնի, մենք հիշելու ենք ու պահանջելու: Մարդկային հիշողությունը պատմության յուրահատուկ մաղն է, որն առանձնահատուկ երախտագիտությամբ պահում է այն անուններն ու տեղանունները, որոնք մշտապես արդարության սերմեր են ցանում՝ առաջ մղելով համամարդկային ամենավեհ արժեքները։

Այդ լուսավոր տեղանուններից մեկն էլ, իհարկե, Արգենտինան է, որն օգնության հասնելով մեր ժողովրդին արհավիրքի ամենածանր պահին, փրկեց ոչ միայն հարյուր հազարավոր հայերի, այլև վերականգնեց մեր ժողովրդի սասանված հավատն առ այն, որ մարդը ստեղծված է Աստծո նմանությամբ, որ մարդու մեջ չի կարող մեռնել մարդը և կենդանի մնալ ցեղասպան բարբարոսը։

Հարգելի գործընկերնե՛ր,

Հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Սակայն բոլորին է հայտնի՝ մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չունեն: Մեծ Եղեռնի հարյուրամյակն ավարտի սահմանագիծ չէ, այլ յուրատեսակ հանգրվան: Հարյուրամյակով մենք ամփոփելու ենք պատմական մի փուլ և ազդարարելու հանուն արդարության վերականգման պայքարի մի նոր փուլ, որը համալրվելու է ժխտողականության քաղաքականությանը դիմակայելու նոր գործիքներով, որտեղ մենք լինելու ենք ավելի հզոր, հզոր միջազգային հանրության հետ միասին, քանզի միասնության մեջ է ուժի գաղտնիքը և արդարության հաղթանակը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայ-արգենտինական բարեկամության դարավոր պատմությունը ամբարում է էջեր, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել մեր երկկողմ համագործակցությունը: Եվ այս օրը, անշուշտ, ոսկե տառերով է գրվելու ոչ միայն հայ-արգենտինական պատմության մատյանում, այլև իր անջնջելի հետքն է թողնելու մարդկության դեմ երբևէ գործված ամենածանր ոճրի՝ ցեղասպանության դատապարտման և կանխարգելման գործում:

 

***

(Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության 2014թ. մայիսի 6-ի որոշմամբ՝ մայրաքաղաքի Պալերմո թաղամասում անվճար տարածք է հատկացվել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար: Հունիսի 10-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ և Հայ կենտրոնի ու Արգենտինայի Հայոց թեմի հովանու ներքո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման նպատակով Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների կողմից արգենտինահայ համայնքին անվճար հատկացված հողատարածքի՝ իրավական փաստաթղթերը փոխանցելու պաշտոնական արարողությունը): 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ

սերժ սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ վրացի և խորհրդային անվանի քաղաքական ու պետական գործիչ Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ:

«Էդուարդ Շևարդնաձեն իրավամբ նշանակալի դերակատարում է ունեցել ոչ միայն անկախ Վրաստանի կայացման և ամրապնդման գործում, այլ նաև նոր աշխարհակարգի ձևավորման գործում: Մեծ է նաև նրա ներդրումը հայ-վրացական բազմաբնույթ հարաբերությունների ամրապնդման գործում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին, ինչպես նաև սփոփանքի ու զորակցության խոսքեր հանգուցյալ Էդուարդ Շևարդնաձեի հարազատներին ու մտերիմներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Տղամարդու ոտքից 110 կգ կշռով ուռուցք են հեռացրել

Beijing, China1Բժիշկները տղամարդու ոտքից հեռացրել են 110 կգ կշռով աշխարհի ամենամեծ ուռուցքը:

Չինացի 37-ամյա Յան Ջիանբիի գոտկատեղին ի ծնե նշան է եղել, որը ինը տարեկան հասակում սկսել է աճել:

12 տարեկան հասակում ուռուցքը բռունցքի չափ է դարձել, և նա վիրահատությամբ հեռացրել է այն:

Վիրահատությունից հետո ուռուցքը կրկին աճել է, և Պեկինի հիվանդանոցում վերջին հետազոտության ժամանակ պարզվել է, որ այն 110 կգ է դարձել:

Գլխավոր վիրաբույժի տեղեկություններով՝ Յանը գենետիկ խանգարում ունի, որը ազդում է բջիջների նորմալ աճի վրա: Յանը նշել է, որ նախկինում հսկայական ուռուցքի պատճառով ինքն ամբողջ օրը ստիպված է եղել պառկել կամ նստել անկողնում:

Նրան հիվանդանոցում երկու անկողին են հատկացրել ուռուցքը տեղավորելու համար:

Ուռուցքի հեռացման վիրահատությունը տևել է 16 ժամ, որին մասնակցել է ինը բժիշկ: Վիրահատության ընթացքում հիվանդը 5,000 մլ արյուն է ստացել, որը ավելին է, քան չափահաս մարդու ամբողջ մարմնում պարունակվող արյունը:

Այժմ նա ապաքինվում է և հիվանդանոցից դուրս կգա այս ամսվա վերջին:

 

Անկախ 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Շիրակի մարզի կարկտահարված դաշտեր

 կարկտահարված դաշտերՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր  կրկին աշխատանքային այցով մեկնել  էր  Շիրակի մարզ` ծանոթանալու երեկ  երեկոյան  տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին:   Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախարարը եղել է Հովտաշեն,Գեղանիստ,Մեղրաշեն,Վարդաքար,Նոր կյանք, Փանիկ , Բասեն և Ջրառատ համայնքների հացահատիկի և կարտոֆիլի դաշտերում, տեղում ծանոթացել  վնասի իրական չափերին:

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այցելել է Շիրակի մարզի կարկտահարված դաշտերԱյցելած բոլոր տնտեսություններում պատկերը գրեթե նույնն էր՝ հիմնականում  և մեծապես  վնասվել են հացահատիկի դաշտերը:Կարտոֆիլի ցանքերը վնասվել են մասնակիորեն:

Նախարարը տուժած բոլոր տնտեսություններում  մանրամասնորեն  զրուցել է գյուղացիների հետ, նշել, որ  կարկուտի պատճառած վնասներն արագ հաշվարկելու և այն  ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելու համար ստեղծվել են երեք մարզային հանձնաժողովներ, որոնց կազմում գյուղացիների պահանջով ընդգրկվել են նաև տուժած համայնքների ներկայացուցիչները: Միաժամանակ  հանձնարարվել է մարզպետարանին կարճ ժամկետում  հաշվարկել և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել աշնանացան ցորենի սերմացուի ողջ պահանջարկը, պետական աջակցության ծրագրերի շրջանակներում այն լիովին բավարարելու համար: Սպասվող աջակցությունն  ըստ նախարարի լինելու է անհատական և ըստ կրած վնասի իրական չափերի:

Գյուղացիների կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու համար, նախարարը խոստացել էդրանք  ներկայացնել հանրապետության վարչապետին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

ԼՂ հակամարտությունում ստատուս քվոն վտանգավոր է դառնում. Ուորլիք

ջեյմս ուորլիքԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը “Թվիթերի” իր էջում գրել է, որ Ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:

“Այսօր մեկնում եմ Վաշինգտոնից, որպեսզի հանդիպեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը քննարկելու համար: Ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում ,” – գրել է Ուորլիքը:

Անկախ

«Ferrero» ընկերությունը գնել է պնդուկ արտադրող թուրքական ընկերության բաժնետոմսերի 70 տոկոսը

ferreroՊնդուկի արտահանմամբ զբաղվող առաջատար թուրքական «Oltan Gıda» ընկերությունն իր բաժնետոմսերի 70 տոկոսը վաճառել է շոկոլադի արտադրության իտալական «Ferrero» ընկերությանը: Թուրքական կողմը չի հայտնել ակցիաների արժեքի մասին:

2012-1013 թվականներին «Oltan Gıda» ընկերությունը 68 տոննա պնդուկ է արտադրել, որից ստացված շահույթը կազմել է 500 մլն դոլար: Այս տարվա սկզբին ընկերությունն իր տեսականին ընդլայնելու նպատակով արդիականացրել է Մանիսա քաղաքում տեղակայված արտադրական հարթակը` դրա համար ծախսելով մոտ 100 մլն լիրա:

«Ferrero»-ն շոկոլադ արտադրող աշխարհի ամենահայտնի ընկերություններից է, որը ներկայացնում է հայտնի «Nutella» և «Kinder Chocolate» ապրանքատեսակները: «Ferrero»-ն թուրքական պնդուկի հիմնական գնորդներից է: Թուրքիային բաժին է ընկնում աշխարհի պնդուկի արտադրության 75 տոկոսը:
Անկախ

 

Երևանի «Բանանցը» երկու խաղի արդյունքով ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի որակավորման առաջին փուլում զիջեց սիրողական թիմի

չլ9257Երևանի «Բանանցը» դուրս մնաց պայքարից ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի որակավորման առաջին փուլում: Թույլ թիմի` «Սանտա Կոլոմա» սիրողական ակումբի հետ մրցամարտի երկու 2 խաղի արդյունքում գրանցվեց 3:3 հաշիվը, բայց Անդորրայի չեմպիոնը հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի խաղադաշտում խփած 2 գոլերի շնորհիվ:

Հայաստանի չեմպիոնը մրցակցի հարկի տակ պարտվել էր 0:1 հաշվով, իսկ Երևանում կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով:

 

Տեխնիկական արդյունքներ

Չեմպիոնների լիգա

որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

 

«Բանանց» (Հայաստան) – «Սանտա Կոլոմա» (Անդորրա)՝ 3:2 (առաջին խաղ՝ 0:1)

Ռումյան Հովսեփյան, 29, 56, (11 մ), Գարեգին Մաշումյան, 47 – Իլդեֆոնս Լիմա, 20, Էլոյ Կասալս, 90+5

Հայաստանի չեմպիոնը հանդես եկավ հետևյալ կազմով.

«Բանանց». Արթուր Թորոյան, Մաքսիմ Ուսանով (Գևորգ Կարապետյան, 25 Սեմյոն Մուրադյան, 90+1), Արտաշես Առաքելյան, Ֆոֆանա Սեկու, Գագիկ Դաղբաշյան, Ռումյան Հովսեփյան, Արամ Լոռեցյան, Վալտեր Պողոսյան, Վահագն Այվազյան (Գարեգին Մաշումյան, 46), Արեգ Ազատյան, Գեւորգ Նռանյան:

Հեռացում՝ Գևորգ Նռանյան, 68 («Բանանց»)

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝
Հուլիսի 8-ին շրջանների զգալի մասում, 9-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 10-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում՝
Հուլիսի 8-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: 9-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում բացվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանը

Մայրաքաղաքում բացվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանըԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Հայ քաղաքական գործչի հուշարձանը տեղադրվել է Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի նորակառույց հանգստի գոտում, որը կրում է ազգային հերոսի անունը: Քանդակագործ Հայկ Թոքմաջյանի կողմից իրականացված հուշարձանի բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Մովսես Գորգիսյանի այրուն՝ Ռուզաննա Գորգիսյանին: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Մովսես Գորգիսյանի ընտանիքի անդամները, զինակից ընկերներն ու երևանցիներ: Հուշարձանի տեղադրման հարցում ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ՀՀ ազգային հերոսի ընտանիքի անդամները նկատել են, որ հանգստի գոտին իսկապես սիրված վայր է դարձել տարածքի բնակիչների համար և կարևոր է, որ Մովսես Գորգիսյանի հիշատակը հավերժացնող այս կոթողը տեղադրվեց հենց այդ միջավայրում: Հարկ է նշել, որ Չարբախ թաղամասի այս հանգստի գոտին բարեկարգվել է Երևանի քաղաքապետարանի բակերի համալիր բարեկարգման 2013թ. ծրագրի շրջանակում:  Շուրջ 6000 քմ տարածք զբաղեցնող հատվածում ընդամենը մի քանի ամսում կառուցվեց նոր պուրակ՝ ապահովված լիարժեք հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Օգտվելով առիթից՝ բակի բնակիչները մեկ անգամ ևս շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ կատարած մեծ աշխատանքի ու մայրաքաղաքի ծայրամասերին ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Խոշոր զորավարժություններ` Ադրբեջանի մերձճակատային շրջանում

Խոշոր զորավարժություններ` Ադրբեջանի մերձճակատային շրջանումԱդրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ու զորամիավորումները հուլիսի 7-ից մերձճակատային շրջանում լայնածավալ զորավարժություններ են անցկացնում` որպես շարունակություն հունիսի վերջին Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ իրականացված օպերատիվ- մարտավարական զորավարժությունների:

Խոշոր զորավարժություններ` Ադրբեջանի մերձճակատային շրջանումԻնչպես հաղորդում է “Հագին” կայքը` հղում կատարելով պաշտպանության նախարարությանը, զորավարժությունների նոր փուլում իրականացվում է զորամիավորումների ռազմական պատրաստականության ստուգում:

Զորավարժությունները ընթանում են Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ: Ներառված են անձնական կազմի մինչև 10 հազար մարդ, 80 տանկ, մինչև 300 զրահապատ մարտական տանկեր, ավելի քան 100 հրետանային համակարգեր, 20 մարտական ինքնաթիռներ, մինչև 20 մարտական և ռազմական-տրանսպորտային ուղղաթիռներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսում հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ

 7193

Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ի երեկոյան հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպա¬նության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ակտիվ հասարակական և բարեգործական գործունեության համար Արգենտինայի հայ համայնքի մի շարք գործիչներ և արգենտինացի բարեկամներ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել են ՀՀ մեդալներով: Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է ՀՀ պետական պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և մաղթել հաջողություններ:

Արգենտինահայ համայնքի անդամները Նախագահ Սերժ Սարգսյանի Արգենտինա այցի կապակցությամբ հանդես են եկել համայնքի կողմից պատրաստված մշակութային մեծ ծրագրով:

Նախագահը շնորհակալություն է հայտնել համայնքին և նշելով, որ հուլիսի 8-ին Բուենոս Այրեսում հիշարժան իրադարձություն է լինելու` հիմնադրվելու է Հայոց ցեղասպանության թանգարանը, Արգենտինայի հայ համայնքին է նվիրել ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի` ցեղասպանության թեմայով նկարած գրաֆիկական աշխատանքներից մեկը, որն անվանի նկարիչը որոշ ժամանակ առաջ փոխանցել է ՀՀ Նախագահին: Սերժ Սարգսյանը նկարը սիրով հանձնել է արգենտինահայ համայնքին՝ որպես Բուենոս Այրեսում բացվելիք Հայոց ցեղասպանության թանգարանի առաջին ցուցանմուշ:

Համայնքը Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է պետական իշխանության նախագահական գավազան: Այն Նախագահին հանձնել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:
***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
Սիրելի՛ հայրենակիցներ,

Անչափ ուրախ եմ Արգենտինայում գտնվելու և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Եվ, իհարկե, կրկնակի ուրախ եմ, որ աշխարհագրորեն Հայաստանից հեռու այս երկրում այսքան հայաշունչ մթնոլորտ է տիրում:

Հայ համայնքների հետ հանդիպումները օտարերկրյա պետություններ իմ այցելությունների ընթացքում բարի ավանդույթ և օրակարգի կարևոր բաղկացուցիչ են դարձել: Մեր այս հանդիպումը նաև լավ առիթ է վերարժևորելու հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների անցյալն ու ներկան, խորհրելու, թե ինչպես կարելի է այդ համագործակցությանը նոր խթան հաղորդել:

Հայ-արգենտինյան հարաբերությունները պատմության բոլոր ժամանակահատվածներում եղել են ջերմ ու բարեկամական: Դրանում, անշուշտ, անգնահատելի է արգենտինահայերի ավանդը: Տասնամյակներ շարունակ ապրելով և արարելով Արգենտինայում՝ դուք դարձել եք այս գեղեցիկ երկրի հասարակության անբաժանելի մասնիկը՝ ձեր արժեքավոր ներդրումը բերելով Արգենտինայի զարգացման գործում: Միայն հպարտանալ կարելի է նրանով, որ այսօր արգենտինահայերն աչքի են ընկնում իրենց կազմակերպվածությամբ և հասարակության մեջ լայն ճանաչումով:

Թեև աշխարհագրորեն մեզնից հեռու եք, հայրենիքում մենք մշտապես զգացել ենք ձեր ներկայությունը. ինչպես երկրաշարժի, այնպես էլ պատերազմի դժվարին տարիներին դուք զորավիգ եք եղել մեզ, օժանդակել Հայաստանի զարգացմանը: Շեշտեմ սակայն, որ դուք սատարել եք հայրենիքին առաջին հերթին ձեր հայ լինելով՝ գիտելիքով և գաղափարներով բնական կամուրջ կառուցելով ձեզ հարազատ երկու երկրների միջև:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատմության անիվը շարունակում է պտտվել և, բարեբախտաբար, ի նպաստ մեզ: Սակայն դա լոկ բարեբախտություն չէ: Հայոց պետականության վերականգնմամբ հայ ժողովուրդը գտավ իր հենման կետը, որպեսզի ինքնուրույն մասնակից լինի այդ անիվը առաջ մղելու գործին:

Մենք՝ հայերս, այլևս այդ անիվի ընթացքի լոկ ականատեսը չենք, այլ այն առաջ մղող դերակատարներից մեկը: Ինչ հաջողություն էլ որ ունեցել ենք՝ առաջին հերթին հնարավոր է եղել մեր հավաքական ջանքերի և վճռականության շնորհիվ: Որտեղ էլ թերացել ենք՝ թերացել ենք առաջին հերթին հենց մենք:

Պետականության խորհուրդը սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, պատմական պատասխանատվությունը վստահորեն ստանձնելու՝ հայ ժողովրդի անկոտրում կամքն է: Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի քաղաքական հասունության ամենակարևոր քննությունն է: Մենք չենք սպասում որևէ մեկի բարեհաճությանը, բայց միաժամանակ պատրաստ ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ լինել իրավահավասար, վստահելի, փոխշահավետ համագործակցություն հետապնդող գործընկեր:

Փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հայ-արգենտինյան պատմական հարաբերությունները նոր բնույթ ստացան Հայաստանի անկախության վերականգնումից հետո: Զարգացավ մեր քաղաքական երկխոսությունը՝ նշանավորվելով ամենաբարձր մակարդակի փոխայցելություններով: Ընդլայնվեց մեր համագործակցության օրակարգը, ձևավորվեց արդյունավետ փոխգործակցություն միջազգային հարթակներում: Իմ պաշտոնական այցը Արգենտինա ևս վկայում է այս հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու փոխադարձ ցանկության մասին:

Երբ 1998 թվականին Արգենտինայի նախագահ Կառլոս Մենեմը այցելեց Հայաստան, իր ելույթում հատուկ խոսեց Արգենտինայի կյանքում հայ համայնքի հատուկ դերակատարության մասին, որն ուրախալի և հայի տեսակով հպարտանալու անմոռանալի պահ էր:

Հայ-արգենտինյան բարեկամությունը հարատև է, քանի որ հիմնված է Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների դավանած միևնույն արժեքների վրա: Ասածիս վկայությունը Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որը 2006 թվականին ստացավ օրենքի ուժ:

Այս հարցում, իհարկե, չափազանց մեծ է ձեր ավանդը: Ձեր ջանքերի շնորհիվ Արգենտինայում այսօր ստեղծվում է Հայոց ցեղասպանության թանգարան: Ուզում եմ բոլորիս շնորհավորել, եթե այսպես ասել, այս լավ առիթի համար և, իհարկե, շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր որևէ ջանք են ներդրել այս կարևոր գործն իրականություն դարձնելու համար:

Սիրելի՛ բարեկամներ,

Հաջորդ տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ապրիլի 24-ը, անշուշտ, խորհրդանշական օր է. բոլորիս էլ պարզ է, որ ցեղասպանությունը չի սկսվել և չի ավարտվել մեկ օրում: Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտել կատարվածը:

Սակայն վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան առերեսվելու է սեփական պատմությանը: Դրանով իսկ Թուրքիայի ղեկավարները կազատեն իրենց ժողովրդին այն ծանր բեռից, որ ստիպված կրում են արդեն մեկ հարյուրամյակ: Կարծում եմ՝ դրան մեծապես նպաստելու է հենց Թուրքիայում նոր թափ առնող հասարակական գիտակցությունը՝ ի դեմս երիտասարդ և ուսյալ սերնդի, որն այսօր արդեն ներողությունը գերադասում է ամոթալի ուրացումից:

Այո, հազարավոր թուրքեր մերժում են ուրացման պաշտոնական քաղաքականությունը և իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին: Այդ զարգացումներն ակնհայտ են, և դրանք ստիպում են Թուրքիայի իշխանություններին որոշակի քայլեր ձեռնարկել:

Թուրքիայի ղեկավարությունն այժմ անգամ խոսում է հայերի և թուրքերի շրջանում «արդար հիշողություն» ստեղծելու անհրաժեշտության մասին: Սակայն իր հաջորդ քայլով իսկ փորձում է ականապատել արդարությունը՝ հավասարության նշան դնելով մեկուկես միլիոն քաղաքացիական անմեղ զոհերի, որոնք հիմնականում ծերեր, կանայք ու երեխաներ էին, և Օսմանյան կայսրության հանցագործ ղեկավարների արկածախնդրության պատճառով Առաջին աշխարհամարտում զոհված թուրք զինվորների միջև:

Դա «արդար» հիշողություն չէ: Նման «արդարություն» մենք ընդունել չենք կարող: Իրականում դա Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության նորացված, ավելի կատարելագործված ու վերափաթեթավորված տարբերակն է:

Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Սակայն մեր նախնիների հիշատակը պետք է հարգենք ոչ միայն մեր պայքարն իր նպատակին հասցնելով, այլև մեր Հայրենիքը զորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդն ու հնարավորություններն ի փառս Հայրենիքի օգտագործելով:

Պետք է յուրաքանչյուրս հպարտ լինի, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին մենք կանգնած ենք ուղղված մեջքով, բաց ճակատով և անկախ հայկական զույգ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությամբ: Անգամ մեզ պարտադրված դժվարին շրջափակման և «ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» իրավիճակի պայմաններում Հայոց հայրենիքը շարունակում է զարգանալ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, այսօր սիրիահայությունը շարունակում է դժվարին իրադրության մեջ մնալ: Այսօր դա մեր ամենամեծ մտահոգությունն է: Մենք անում ենք հնարավորը և շարունակելու ենք մեր աշխատանքը` նրանց համար արժանապատիվ կեցություն ապահովելու համար:

Վստահ եմ, որ աշխարհագրական հեռավորությունը ձեզ համար խոչընդոտ չէ, և սիրիահայ մեր քույրերի ու եղբայրների տառապանքը արձագանք է գտնում ձեր սրտերում: Որևէ կասկած չունեմ, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Արգենտինայում յուրաքանչյուր հայի սիրտ ցավում է ամեն մի հայի թափած արցունքի ու տառապանքի համար:

Սիրիայի այս ճգնաժամը ևս մեկ անգամ ապացուցեց այն, ինչ մենք բոլորս գիտենք. Հայաստանն ու Սփյուռքը ուժեղ են միասնաբար: Մենք Հայաստանում ավելի զորեղ ենք զգում՝ ունենալով Սփյուռքի զորակցությունը: Վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք զգում Հայաստանի ներկայությունը, ձեր ազատ ու անկախ Հայաստանի գոյությունը: Ուստի և հորդորում եմ ձեզ առավել ակտիվ ներգրավվել համազգային խնդիրների լուծման գործում: Մենք նախանձախնդիր ենք Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում:

Մեր խնդիրն է, որ երիտասարդները հայ մնան և հայերեն խոսեն: Ուրախ եմ, որ Հարավային Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցելու 2010-2012 թվականների ծրագիրը որոշակի աշխուժություն մտցրեց համայնքում և խթանեց փոխադարձ այցելությունները: Նման ծրագրերը ոգևորում են երիտասարդությանը և նրանց՝ հայրենիքի հետ կապելու հնարավորություն են ստեղծում: Մենք շարունակելու ենք զարկ տալ հայրենաճանաչության ծրագրերին, որոնք անջնջելի հետք են թողնում երիտասարդների սրտերում:

Հայրենիք-Սփյուռք գործակցությունը մեր կարևորագույն ռազմավարական ուղղություններից է: Այսօր մեր պետությունը սփյուռքահային գործընկերություն է առաջարկում, պատրաստ է հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ստեղծում է կառուցակարգեր, որպեսզի սփյուռքահայերը Հայրենիքում կարողանան շահութաբեր գործունեություն ծավալել: Մեր խնդիրն է անցնել բարեգործությունից դեպի փոխշահավետ գործընկերություն:

Ասել եմ և այսօր դարձյալ կրկնում եմ` եկե՛ք հայրենիք, ներդրումնե՛ր կատարեք: Շահույթ ստանալով` միաժամանակ կառուցե՛ք մեր բոլորի երազանքների երկիրը: Աշխատատեղ ստեղծելով` օգնե՛ք կանխել բոլորիս այդքան մտահոգող արտագաղթը: Հնուց եկած խոսք է՝ «Ծառն արմատով է ծառ, տունը հիմքով է տուն»: Հայն իր հողի վրա է ուժեղ ու երջանիկ, երկիրն իր զավակներով է զորավոր ու անպարտելի:

Այս համատեքստում ցանկանում եմ առանձնահատուկ արժևորել մեծանուն գործարար և բարերար Էդուարդո Էռնեկյանի դերակատարությունը Հայաստանի առաջընթացի գործում: Ծնված լինելով հեռավոր Արգենտինայում՝ նա օժտված է իսկական հայի ոգով: Իր աշխատասիրությամբ և նվիրումով հասնելով մեծ նվաճումների՝ նա միջազգային ճանաչում է բերել ոչ միայն իրեն, այլև հայ ժողովրդին: Այս գործարարի և բարերարի կերպարը ոգեշնչող պետք է լինի աշխարհասփյուռ մեր հայրենակիցների և հատկապես երիտասարդների համար:

Սիրելի՛ բարեկամներ,

Ի՞նչն է մեզ՝ հայերիս, կապում իրար ծովերից ու օվկիանոսներից այն կողմ: Անշուշտ Հայաստանը: Մեզ կապում են պատմությունը, մեր ընդհանուր պատմական հայրենիքը և մեր կորուստները: Բայց ամենից շատ մեզ կապում է ոչ թե այն, ինչ կորցրել ենք, այլ այն, ինչը չենք կորցրել՝ գտել ենք: Այսինքն՝ այսօրվա Հայաստանը: Ուրեմն, եկեք հարյուրապատիկ ավելի մեծ սիրով, խնամքով ու գուրգուրանքով վերաբերվենք Հայաստան հայրենիքին, որը կարողացել ենք փրկել մեծագույն զոհողությունների գնով: Եկե՛ք Հայաստան՝ վերատիրանալու նրան, քանի որ այն նաև ձերն է և ձեր զավակներինը: Մեզ կապում են նաև ապագա բոլոր հաղթանակներն ու այն ամենը, ինչին հասնելու ենք ապագայում: Եկե՛ք միասին օր առաջ կերտենք այդ ապագան:

Այս անկայուն ու անապահով աշխարհում կա՞ ավելի ապահով տեղ հայկականությունը վերալիցքավորելու համար: Ես խիստ կասկածում եմ: Եվ ես ասում եմ բոլոր սփյուռքահայերին. եկե՛ք Հայաստան կամ ամուր թելերով կապվեք Հայաստանին, եթե ուզում եք քաղաքականապես հայ մնալ կամ հայ լինել: Արդյո՞ք աշխարհի երեսին կա մի վայր, որտեղ հայոց լեզուն չի նահանջում: Այո՛, կա՛. և դա Հայաստանն է: Ներկա Հայաստանն է հայոց լեզվի անմահության ավազանը: Ուրեմն, եկե՛ք Հայաստան կամ ավելի հաճա՛խ եկեք Հայաստան վերամկրտվելու և ձեր զավակներին վերամկրտելու այդ ավազանում:

Հայաստանի մասին դրսում հազար ու մի պատմություն են պատմում. մի մասը՝ ճիշտ, մի մասը՝ չափազանցված, մի մասը՝ լավ, մի մասը՝ վատ: Բայց ավելի լավ է մարդ մեկ անգամ տեսնի, քան հարյուր անգամ լսի: Ձևավորե՛ք ձեր սեփական տպավորությունը և սեփական պատկերացումը իրական և ոչ առասպելական հայրենիքի մասին: Համոզվա՛ծ եղեք, որ իրական Հայաստանը՝ Արցախով հանդերձ, ավելի գեղեցիկ ու հարազատ է, քան կարելի է երևակայել:

Եթե չեք կարող ապրել Հայաստանում, ապա կարող եք ապրել Հայաստանով: Ապրել նրա հաջողություններով, հպարտանալ ձեռքբերումներով, կիսել նրա ցավերն ու բեռը: Մի սփյուռքահայ բարեկամի մտահոգել էր Երևանում լսած մի արտահայտություն. «Հայաստանակենտրոն քաղաքականություն»: Դրանում նա տեսնում էր սփյուռքի կառույցների թերագնահատման և անտեսման վտանգ:

Համոզված եղեք, որ «Հայաստանակենտրոն քաղաքականություն» ամենևին էլ չի նշանակում սփյուռքի կառույցների թերագնահատում, անտեսում կամ ենթակայություն: Դա բացառված է: «Հայաստանակենտրոն քաղաքականություն» նշանակում է պետական քաղաքականություն: Հայկական պետության վարած ներքին և արտաքին քաղաքականություն, որտեղ սփյուռքի կառույցները՝ սկաուտներից մինչև քաղաքական կուսակցություններ և հոգևոր կենտրոններ ունեն իրենց անգնահատելի և անփոխարինելի դերը:

Մեր գլխավոր նպատակակետը, մեր ողջ գործունեության թիրախի կենտրոնը հայրենիքն է՝ իրական Հայաստանը: Ես եկել եմ ձեզ ասելու, որ դուք մասն եք այդ իրական ու կայացած Հայաստանի Հանրապետության:

Բոլորիս հայրենիք Հայաստանը նաև դուք եք, սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արգենտինահայեր:

Եզրակացությունը մեկն է. մեր ազգային ինքնության պահպանման և զարգացման առհավատչյան Հայաստանն է:

Լինել Արգենտինայի քաղաքացի, իհարկե, բարձր պատիվ է, լինել հայ՝ երջանկություն է: Ձեզ է վիճակվել այդ երկուսը միահյուսելու բարեբախտությունը:

Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության և, անշուշտ, ջերմ ընդունելության համար:

Փաստաբանը չի կարողանում հանդիպել Վերնիսաժի գործով կալանավորված իր պաշտպանյալի հետ

08.07.14.1Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով օրեր առաջ կալանավորված Վալերի Հովհաննիսյանի փասատաբան Լևոն Բաղդասարյանը չի մինչ օրս չի կարողանում հանդիպել իր պաշտպանյալին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Այս մասին փաստաբանը հայտնեց «Փաստինֆո»-ի հետ զրույցում` հավելելով, որ այդ իսկ պատճառով տեղեկություն չունի, թե ինչ առողջական վիճակում է իր պաշտպանյալը:

«Այսօր երեքշաբթի է, անցել  է 5 օր, բայց դեռ լիազոր մարմնի` քննիչի կողմից չկա համապատասխան գրություն, որպեսզի ես` որպես պաշտպան, կարողանամ մուտք գործել փակ տարածք` իմ պաշտպանյալի հետ հանդիպելու»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք,  Վալերի Հովհաննիսյանը Վերնիսաժի մոտ ` ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` Գոռ Առաքելյանի վարած ավտոմեքենայի ճանապարհը փակողներից և վիճաբանության մասնակիցներից մեկն է եղել, ով կրակոցների արդյունքում ծանր վնասվածքներ էր ստացել և դեպքից հետ 2 անգամ վիրահատվել: Նա, ի դեպ, մինչև հուլիսի 4-ը` մինչև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կալանավորման որոշումը կայացնելը, շարունակում էր բուժում ստանալ հիվանդանոցում:

Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ իրենք բողոքարկելու են կալանավորման որոշումը, բայց դրա համար, նրա խոսքով ինքը նախ պետք է հանդիպի իր պաշտպանյալին և նրա հետ որոշ հարցեր քննարկի: Նա նաև հիշեցրեց, որ կալանքի որոշումը կայացվել է «անմարդկային, ստորացուցիչ» պայմաններում, քանի որ իր պաշտպանյալին դատարան են տեղափոխել պատգարակի վրա, շատ վատ վիճակում, բարձր ճնշմամբ, վիրահատությունից հետո աղիքը կողքից կախված, և այս պայմաններում դատը տևել է 4 ժամ:

Ի դեպ, Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ լուր ունեն դեպքի վայրից անհետացած BMW մակնիշի ավտոմեքենայի մասին: Մեր զրուցակիցը նշեց, որ այդ հարցով ևս որևէ առաջընթաց քրեական գործում չկա:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալի վրա կրակել են հենց այդ մեքենայի մեջ գտնվելու պահին, երբ նա փորձել է մեքենան դուրս բերել ճանապարհից: Իսկ երկրորդ հրազենային վնասվածքը ստացել է արդեն մեքենայից դուրս փախչելու ընթացքում: Այդ մեքենայով են հետագայում նաև հիվանդանոց տեղափոխել դեպքի ժամանակ վիրավորված Ներսես Մելքոնյանին, իսկ հիվանդանոցի բակից արդեն ավտոմեքենան անհետացել է և մինչ օրս չի գտնվել:

«Փաստինֆո»

Անկախ

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

2Մամուլի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ևս երկու բլոգերների դատապարտման կապակությամբ: Նրա խոսքով՝ Ադրբեջանում արագորեն աճում է ձրբակալված ակտիվիստների թիվը, տեղեկացնում է “Կոնտակտ” լրատվական կյանք:

“Մամուլի և խոսքի ազատության ճնշումը Ադրբեջանի կողմից ստանձնած պարտականությունների կոպիտ խախտում է”,- հայտարարել է Միյատովիչը:

Իր ելույթում Միյատովիչը հիշեցրել է, որ բլոգեր Աբդուլա Աբուլովը մայիսի 27-ին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, իսկ Օմար Մամեդովը հունիսի 4-ին՝ 5 տարվա ազատազրկման: Նրանք երկուսն էլ մեղադրվում են թմրանյութերի հանցագործության համար:

“Բոլոր ժամանակներում մեդիայի և խոսքի ազատությունները պետք է ապահովված լինեն: Ես կրկին կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ճնշում գործադրել մեդիայի ներկայացուցիչների նկատմամբ”,-հայտարարել է Միյատովիչը:

 

Անկախ

Հաբիբոլահ Սայարին. «Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են դիմակայելու ցանկացած ոտնձգության»

naval forcesԻրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբոլահ Սայարին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են դիմակայելու ցանկացած ոտնձգության:

«Իրանի ռազմածովային ուժերին հաջողվել է անվտանգություն հաստատել Կարմիր ծովում, Ադենի ծոցում, Բաբ էլ-Մանդեբում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում»,- նշել է Հաբիբոլահ Սայարին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Իրանն ու «Վեցնյակը» կարծես թե չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ

Iran-nuclear-talksԻրանն ու «Վեցնյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) չեն կարողացել միասնական կարծիքի գալ Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջը ընթացող բանակցություններում:

Գլխավոր խոչընդոտն իրանական միջուկային օբյեկտներում ուրանի հարստացման խնդրին է: Համապարփակ համաձայնագրի նախագծում դեռ բացակայում են կարևոր դրույթները:

Պաշտոնական Թեհրանը բազմիցս հայատարարել է, որ զիջումների չի անի արևմտյան երկրներին` կապված խաղաղ ատոմից օգտվելու իր իրավունքի հետ: Վիեննայում Իրան-«Վեցնյակ» բանակցությունների հերթական և վճռորոշ փուլը մեկնարկել է նախորդ շաբաթ: Կողմերը, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրին պետք է հասնեն մինչև հուլիսի 20-ը:

Ուշագրավ է, որ հունիսի 20-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Իրանի և «Վեցնյակի» միջև անցկացված հնգօրյա բանակցություններն ավարտվել են առանց լուրջ արդյունքի:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը

Անկախ

Մաքսային միությանը անդամակցելու դեպքում միգրացիոն խնդիրները չեն լուծվի. Ռուբեն Եգանյան

Ռուբեն Եգանյան«Միգրացիայի խնդիրը լուծված չէ, և դրա արմատական լուծման համար ես տեսանելի ապագայում ոչինչ չեմ նկատում: Հայաստանի համար առանձին մոտեցումների հավանականությունը ես լուրջ չեմ համարում, քանի որ սա միայն Հայաստանի խնդիրը չէ. օրենքը գործում է նաև այլ երկրների համար», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Ըստ նրա` ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը փորձում է օգնել մարդկանց, որոնց համար Ռուսաստանի մուտքը արգելափակվել է այդ երկրում ուժի մեջ մտած նոր օրենքի պատճառով: Հատկանշական է, որ այդ խնդիրների առջև են կանգնել նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր նախկինում երբեք Ռուսաստանում չեն եղել:

«Այնուհանդերձ ազգային միգրացիոն ծառայությունը փորձում է նեցուկ կանգնել այն մարդկանց, ովքեր իրենց դիմել են»,-նշեց ժողովրդագիրը, հավելելով, որ արդեն 50-60 մարդու գործ ընթացքի մեջ է, և փորձ է արվում խնդիրը լուծել Ռուսաստանի միգրացիոն ծառայության հետ:

Անդրադառնալով այն հարցին թե խնդիրը չի լուծվի արդյոք Մաքսային միությանն անդամակցելու դեպքում, Ռուբեն Եգանյանը պատասխանեց, թե «դա ուրիշ օպերայից» է, և ոչ ոք անգամ չգիտի, թե այդ Միությունը երբ կկայանա:

Ժողովրդագիրը գտնում է, որ անգամ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում մեր միգրացիոն խնդիրները չեն լուծվի: «Ըստ ՌԴ օրենքի` այս մարդիկ անօրինական միգրանտներ են,  եթե մտնենք Մաքսային միություն, դա նշանակո՞ւմ է, որ իրենք օրենքը չեն խախտել: Չեմ կարծում, որ հենց անդամ դարձավ, այս օրենքը չեղյալ կհայտարարվի»:

 

Անկախ

Իրանն ու Պարսից ծոցի արաբական երկրները կքննարկեն Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները

Իրանն ու Պարսից ծոցի արաբական երկրները կքննարկեն Իրաքում տեղի ունեցող իրադարձություններըԻրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հոսեին Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այց է կատարել Քուվեյթ, որից հետո կուղևորվի Օման և ԱՄԷ:

Իրանը, Քուվեյթը, Օմանն ու ԱՄԷ-ը կքննարկեն Իրաքում կատարվող իրադարձությունները: բանն այն է, որ  այնտեղ ահաբեկչական գործողություններն աստիճանաբար աճում են:

Հոսեին Աբդոլլահիանը գործընկեների հետ կքննարկի Իրաքում, ինչպես նաև Սիրիայում  տիրող վիճակը, ստեղծված ճգնաժամային վիճակից դուրս գալու քայլերը:

Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը վերջերս այցելել էր Ռուսաստան և ռուս գործընկերների հետ քննարկել Իրաքում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:

Ուշագրավ է, որ Իրանը պատկանում է այն սակավաթիվ երկրների շարքին, որոնք ջանում են պահպանել տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին բազմիցս է նշել, որ Իրանը տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում կարևոր դեր ունի:

Հասան Ռոհանին  բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ «Իրանն ամրապնդել է իր դերն ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան ուղղությամբ: Մասնավորապես, Իրաքում իրանական ազդեցությունն ակնհայտ է: Իրանի ազդեցությունը մեծ է նաև Լիբանանում և Սիրիայում»:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել էին Իրաքի Նայնավա նահանգը, Մոսուլ քաղաքը և առևանգել Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակցիներին: Բացի այդ, Սիրիայում ու Իրաքում իրենց վերահսկած տարածքներում հայտարարել էին «Իսլամական խալիֆաթի» ստեղծման մասին:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Հետաքրքիր փաստեր հղիության մասին

ol3001404733332Կոլումբիական համալսարանի գիտնականները հայտարարել են, թե սթրեսից արդյունավետ ազատումը խիստ կարևոր է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց` բնական եղանակով հղիանալու համար, քանի որ, ինչպես պարզվում է, սթրեսը, օրինակ` մտերիմ մարդու կորուստը, կամ աշխատանք չունենալը բացասական ազդեցություն է ունենում տղամարդու սերմնահեղուկի որակի վրա:

Բացի այդ, գիտնականները վստահեցնում են, որ պրոլակտին հորմոնի առատությամբ պայմանավորված, տղամարդկանց մոտ երեխայի ծննդին սպասելու շրջանում այնպիսի ախտանշաններ են ի հայտ գալիս, ինչպիսիք հղի կնոջ մոտ են.ախորժակի կորուստ, սրտխառնուք ու գլխապտույտ: Նույն հորմոնով պայմանավորված, երեխային կրծքով կերակրելու փուլում շատ հազվադեպ, սակայն տղամարդկանց մոտ նույնպես կարող են կաթնարտադրության հետքեր լինել:

Ամերիկացի մասնագետների վերջին ուսումնասիրությունների համաձայն, երեխան, մոր արգանդում ոչ միայն նրա տրամադրությունը կարող է զգալ, այլև նրա օգտագործած մթերքի համը: isra.com

Անկախ

Ինչու՞ մենք պետք է փրկենք Բիբինի հիմնարկը. Կարեն Թումանյան

Կարեն Թումանյան«Մեր երկրում ամենաթողությունը և անկառավարելիությունը հասել են իրենց գագաթնակետին: Վիճակն այնքան լուրջ է, որ շարժումները միայն կարող են հասնել հաջողության», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդվզում» շարժման ղեկավար, հրապարակախոս Կարեն Թումանյանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վերջին տարիներին ակտիվացել են  քաղաքացիական շարժումները: «Ամեն ինչ կարելի է ասել սկսվեց «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայից, և դա կարծես թե հաղթանակ տարավ քաղաքապետարանի կայացրած հակաժողովրդական որոշման նկատմամբ», – ասաց հրապարակախոսը:

Թումանյանը նաև իր գոհունակությունը արտահայտեց «Դեմ եմ» շարժման գործողություններից. այն անգամ կարողացավ խնդիրը հասցնել Սահմանադրական դատարան, ինչը մի կողմից հաջողություն է, սակայն կառավարությունը, ըստ Թումանյանի, ավելի խորամանկ գտնվեց.

«Եկավ մի պահ, որ ասում ենք` կուտակային լիներ, երևի ավելի լավ լիներ, հիմա գրեթե ամբողջ հանրությունն է ընդգրկված այստեղ», – ասաց նա ` նշելով, որ շարժումներից ամեն մեկը պայքարում էր միայն կոնկրետ խնդրի դեմ և այդտեղից է, որ առաջացել է նոր շարժում ստեղծելու գաղափարը. «Մենք հասկացանք` պետք է ստեղծել մի շարժում, որը կարձագանքի նման հակասահմանադրական որոշումներին, մենք պետք է զսպաշապիկ հասցնենք ռոբերտնազարյանական և նմանատիպ դուքյաններին», – հայտարարեց Կարեն Թումանյանը:

Նորաստեղծ շարժման ղեկավարը անդրադարձավ էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին` ընդգծելով, որ իրենց նպատակներից մեկն է թույլ չտալ նոր թանկացումներ: Նար խոսքով` ՀԾԿՀ-ի հայտարարությունները, որոնք միտված են հիմնավորելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, անհիմն են.  «Ի՞նչ է նշանակում` մասնավոր հիմնարկը ճեղքվածք ունի, և այն պետք է փակենք մենք, ինչու՞ պիտի նրա վատ կառավարման համար մենք տուժենք: Մենք, աշխատելով հանդերձ, աղքատ ենք, անձամբ ես երկու տեղ եմ աշխատում և հազիվ ծայրը ծայրին եմ հասցնում: Ինչու՞ մենք պետք է փրկենք Բիբինի հիմնարկը.  նա մեզ համար ո՞վ է», – ասաց նա:

Ըստ նրա` սպասելիքները նոր կառավարությունից սին էին, քանի որ այն  ոչ մի գնահատական չտվեց նախկինին: «Այս կառավարությունը նախորդից ոչ մի բանով չի տարբերվում: Ես հակված չեմ այն մտքին, որ պետք է հարյուր օր հետո գնահատական տալ, ի սկզբանե, ամեն ինչ պարզ էր: Հին կառավարության անդամների 90 տոկոսը մնաց: Ի՞նչ տարբերություն. Գագիկ Բեգլարյանը փոխվե՞ց, սոցապնախարարը փոխվե՞ց. ոնց որ աշխատել էին, այդպես էլ շարունակելու են»,- ասաց նա:

 

Անկախ