Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով օրեր առաջ կալանավորված Վալերի Հովհաննիսյանի փասատաբան Լևոն Բաղդասարյանը չի մինչ օրս չի կարողանում հանդիպել իր պաշտպանյալին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Այս մասին փաստաբանը հայտնեց «Փաստինֆո»-ի հետ զրույցում` հավելելով, որ այդ իսկ պատճառով տեղեկություն չունի, թե ինչ առողջական վիճակում է իր պաշտպանյալը:
«Այսօր երեքշաբթի է, անցել է 5 օր, բայց դեռ լիազոր մարմնի` քննիչի կողմից չկա համապատասխան գրություն, որպեսզի ես` որպես պաշտպան, կարողանամ մուտք գործել փակ տարածք` իմ պաշտպանյալի հետ հանդիպելու»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, Վալերի Հովհաննիսյանը Վերնիսաժի մոտ ` ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` Գոռ Առաքելյանի վարած ավտոմեքենայի ճանապարհը փակողներից և վիճաբանության մասնակիցներից մեկն է եղել, ով կրակոցների արդյունքում ծանր վնասվածքներ էր ստացել և դեպքից հետ 2 անգամ վիրահատվել: Նա, ի դեպ, մինչև հուլիսի 4-ը` մինչև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կալանավորման որոշումը կայացնելը, շարունակում էր բուժում ստանալ հիվանդանոցում:
Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ իրենք բողոքարկելու են կալանավորման որոշումը, բայց դրա համար, նրա խոսքով ինքը նախ պետք է հանդիպի իր պաշտպանյալին և նրա հետ որոշ հարցեր քննարկի: Նա նաև հիշեցրեց, որ կալանքի որոշումը կայացվել է «անմարդկային, ստորացուցիչ» պայմաններում, քանի որ իր պաշտպանյալին դատարան են տեղափոխել պատգարակի վրա, շատ վատ վիճակում, բարձր ճնշմամբ, վիրահատությունից հետո աղիքը կողքից կախված, և այս պայմաններում դատը տևել է 4 ժամ:
Ի դեպ, Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ լուր ունեն դեպքի վայրից անհետացած BMW մակնիշի ավտոմեքենայի մասին: Մեր զրուցակիցը նշեց, որ այդ հարցով ևս որևէ առաջընթաց քրեական գործում չկա:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալի վրա կրակել են հենց այդ մեքենայի մեջ գտնվելու պահին, երբ նա փորձել է մեքենան դուրս բերել ճանապարհից: Իսկ երկրորդ հրազենային վնասվածքը ստացել է արդեն մեքենայից դուրս փախչելու ընթացքում: Այդ մեքենայով են հետագայում նաև հիվանդանոց տեղափոխել դեպքի ժամանակ վիրավորված Ներսես Մելքոնյանին, իսկ հիվանդանոցի բակից արդեն ավտոմեքենան անհետացել է և մինչ օրս չի գտնվել:
«Փաստինֆո»
Tags: դատապարտյալների հիվանդանոց, Վերնիսաժի գործով դատավարություն