Author Archives: Վարդուհի Իշխանյան
Համատարած որակյալ կրթությունը պետական անվտանգության երաշխիքներից է
Որևէ մեկը չի կարող վիճարկել այն փաստը, որ երկրիս անվտանգությունն ուղիղ
համեմատականորեն կախված է կրթության այն որակից ու մակարդակից, որն
հավասարապես իրականացվում է պետության ամբողջ տարածքում:
ԿԳ նախարարության Հանրակրթության վարչության պետը 2 օր առաջ հայտարարեց, որ. «Կոնկրետ խնդիրներ չկան, շատ կարևոր հարցեր լուծված են սեպտեմբերի մեկի համար, դրանք երեխաներին դասագրքերով ապահովելն է, հնարավորինս բարեկարգ շենքերում նրանց ընդունումն է, չնայած դեռ ունենք դպրոցներ, որոնք պետք է կարգավորվեն, բոլոր դեպքերում դպրոցների համար լուծված է ջեռուցման հարցը»:
Հատուկ տիկին Հովհաննիսյանի համար, եթե մտահոգ է, կարող եմ տրամադրել
հանրապետությունում ջեռուցման խնդիր, անբարեկարգ և շատ հին գույք ունեցող
դպրոցների ցանկը: Հանրապետության գործող նախագահը վերջերս իրենց բազեականների հետ հանդիպման ժամանակ հատուկ ընդգծեց մեր աշակերտների միջազգային
օլիմպիադաներում ունեցած թվային հաջողությունները՝ դրանք համեմատելով հարևանների ձեռքբերումների հետ, որն իհարկե ի օգուտ Հայաստանի է:
Միջազգային օլինպիադաներում մեդալներ շահած աշակերտները հանրապետության 3-4 դպրոցների ներկայացուցիչներ են:
Պատկերացնու՞մ եք այս թիվը որքան ավելի մեծ կլիներ, եթե բոլոր դպրոցները լինեին բարեկարգ, նրանց մեծ մասն ապահովվեին որակյալ տնօրեններով ու ուսուցիչներով, գույքը լիներ համապատասխան, մեծամասնությունն ունենային կահավորված լաբորատորիաներ:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով կրթության նպատակներից է հայրենասեր
քաղաքացի դաստիարակելը:
Հայրենասիրական դաստիարակության օրինակ պետք է առաջինը տա իշխանությունը, որը պետության ողջ տարածքում գտնվող բոլոր դպրոցների կարիքների նկատմամբ լինի հոգատար, իսկ սահմանամերձ գյուղերի նկատմամբ հայրենասեր կառավարությունը պետք է դրսևորեր արտոնյալ վերաբերմունք: Այս գյուղերի դպրոցներում առնվազն պետք է կրկնապատկել աշակերտ թվով ֆինանսավորման չափը, որպեսզի այնտեղ ուսուցիչն ավելին ստանա և մնա՛ գյուղում, այս գյուղերում դպրոցների շենքերն առանց բացառության պետք է լինեն բարեկարգ, ջեռուցվող, գույքը թարմ, հագեցած լաբորատորիաներով ու կայացած ուսուցիչներով, որպեսզի երեխաները ուզենան մնալ իրե՛նց գյուղի դպրոցում:
Սա կլինի հայրենասիրական օրինակելի վերաբերմունք կառավարության կողմից, որի արդյունքում իսկապես կունենանք համատարած հայրենասեր քաղաքացիներ: Իսկ սահմանամերձ գյուղերի դպրոցներում իրականությունը շատ հեռու է նկարագրածից, հետևաբար վտանգված է պետության անվտանգությունը:
Հարգանքներով՝
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու կրթության
հանձնաժողովի անդամ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հյուսիսային պողոտա
Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հյուսիսային պողոտա:
Վարչական շրջանի ղեկավարի և շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է շինհրապարակում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ պողոտայի 12200քմ ընդհանուր մակերեսով տարածքում ընթացող նորոգման աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կնորացվեն պողոտայի 8600 քմ գրանիտե կենտրոնական և 3600 քմ բազալտե եզրային մակերեսները։ Ժամանակակից լուծումներով կթարմացվի և կնորացվի նաև արտաքին լուսավորության համակարգը։ Պողոտայի երկու ծայրերում կգործեն զույգ շարժասանդուղքներ՝ 0.00 նիշից մինչև -1.0 նիշը։ Բացի այդ, նորոգման աշխատանքների ավարտին նախկինում տեղադրված 60 քմ ընդհանուր մակերեսով 60 ծառամանների փոխարեն պողոտայում կտեղադրվի 270 քմ ընդհանուր մակերեսով 67 ծառաման։ Քաղաքապետը տեղում պատասխանատուներին հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել կանաչ տարածքների ձևավորմանը՝ այն Երևանի արտաքին տեսքին համահունչ դարձնելու նկատառումով: Հարկ է նկատել, որ այս ծրագրի իրականացումը ևս կդառնա քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության հերթական հաջողված օրինակներից մեկը. «Հյուսիսային պողոտան, որպես ընդհանուր օգտագործման տարածք, իրոք Երևանի կարևոր հանգույցներից մեկն է ու, հատկապես հաշվի առնելով, որ, որպես հետիոտնային տարածք, մշտապես մարդաշատ է, իրոք անհրաժեշտություն կար, որ պողոտայի հատկապես սալահատակը հիմնանորոգվի, բացի այդ նաև որոշակի նոր լուծումներով այն դարձվի առավել արդյունավետ հանգստի գոտի: Եվ ներկայումս այստեղ ընթացող աշխատանքները հենց այդ նպատակով են ու, օգտվելով առիթից, պետք է շնորհակալություն հայտնեմ «Տաշիր գրուպ» ընկերությանը՝ ի դեմս ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի, որ ստանձնեց այդ աշխատանքների իրականացումը: Սա Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ևս մեկ հրաշալի օրինակ է: Այս աշխատանքների իրականացման համար ընկերությունը շուրջ 6 մլն դոլարի ներդրում է կատարել և, ըստ էության, սա նվեր է Երևան քաղաքին: Ու որ կարևոր է՝ փոխարինվող սալիկները բարձրորակ են և, մասնագետների հավաստմամբ, դրանք մի քանի տասնամյակ կծառայեն իրենց նպատակին: Ամենակարևորը նաև այն է, որ պողոտայում կավելանա կանաչ զանգվածը, ինչպես նաև նստարանների քանակն ու պողոտայի արտաքին լուսավորությունը, որն, ի դեպ, լինելու է ժամանակակից լուծումներով: Մի խոսքով, աշխատանքների ավարտից հետո մենք կունենանք իսկապես ներկայանալի ու առավել արդյունավետ տնօրինվող տարածք, որը, համոզված եմ, կարժանանա բոլորի բարձր գնահատականին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը ծանոթացել է նաև Երևան քաղաքի Գլխավոր հատակագծով նախատեսված Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ շուրջ 90մ երկարությամբ և 12մ երթևեկելի մասի լայնությամբ ճանապարհահատվածը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնի այդ հատվածի երթևեկելի և հետիոտն շարժման լարվածությունը։ Զեկուցվել է նաև, որ ծրագրի շրջանակում երթևեկելի մասի երկու կողմերով նախատեսվում են 4.5մ լայնությամբ մայթեր։ Փողոցի երկարությամբ էլ կտնկվեն ծառեր։ Հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին` Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ և գործն ավարտել նախատեսված ժամկետներում:
«Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» լուսանկարների ցուցահանդեսը Ռիմինիում
Օգոստոսի 24-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում` Ժողովուրդների բարեկամության ամենամյա փառատոնի շրջանակներում, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և նրա հովանու ներքո կազմակերպվեց «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Այն նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արևելքի` հազարամյակների արմատներ ունեցող քրիստոնյա համայնքների վիճակի վրա, որոնց գոյությունը վտանգի տակ է, ինչպես նաև` տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա:
Ցուցահանդեսում ընդգրկված են Միջին Արևելքի ինը երկրներում արված լուսանկարներ, առանձին բաժին է կազմում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը փաստող վավերագրական ֆիլմը:
Առաջին իսկ օրվանից ցուցահանդեսն առաջացրել է հասարակության տարբեր շերտերի մեծ հետաքրքրությունը. բացման օրը ներկա են եղել Սուրբ Աթոռի բարձրաստիճան պաշտոնյաներ, Վատիկանում հավատարմագրված դիվանագետներ` գրացվելով ութ հազար այցելու:
«Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» ցուցահանդեսը Ռիմինիում այցելուների համար բաց է մինչև ս.թ. օգոստոսի 30-ը, որից հետո այն կշրջի այլ քաղաքներում ևս, այդ թվում` Հռոմում: Հռոմում ցուցահանդեսի բացումը նախատեսված է ս.թ. սեպտեմբերի 18-ին:
Օգոստոսի 26-ին Սուրբ Աթոռի Տնտեսական հարցերով քարտուղարության պրեֆեկտ կարդինալ Ջորջ Պելլը` Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ուղեկցությամբ, այցելել է ցուցահանդես:
Արտգործնախարարն ընդունեց Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը
Օգոստոսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի անդամներ Բրեթ Բաթին, Լեոն Բենուային և Ռաս Հայբերթին, որոնց ուղեկցում էր «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆին։

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց կանադացի խորհրդարանականների ներդրումը` հայ-կանադական բարեկամական հարաբերությունների զարգացման, միջպետական համագործակցության խորացման գործում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պատվիրակության անդամները վստահեցրին, որ շարունակելու են գործունեությունը` ուղղված Հայաստանի և Կանադայի միջև համագործակցության առավել սերտացմանը։
Հանդիպմանը քննարկվեցին հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, մտքեր փոխանակվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ։
Նախարար Նալբանդյանը հյուրերի խնդրանքով ներկայացրեց տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը:
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Էբերհեռին
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Էբերհեռին:
Նախարար Արամայիս Գրիգորյանը ողջունել է հյուրին և կարևորելով ՀՀ բնապահպանության նախարարության և GIZ-ի համագործակցությունը՝ կապված կենսաբազմազանության կայուն կառավարման հետ, առաջիկա առավել ակտիվ և արդյունավետ համագործակցության հույս է հայտնել:
Թոմաս Էբերհեռն, իր հերթին կարևորելով ակտիվ համագործակցությունը, ներկայացրել է 2009-ից Հայաստանում գործող <<Կենսաբազմազանության կայուն կառավարումը Հարավային Կովկասում>> ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված և առաջիկայում իրականացվելիք գործողությունների ընթացքը, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության հետ նախատեսվող հետագա համագործակցության հնարավորությունները՝ կապված անտառային և արոտավայրերի կառավարման ոլորտում հեռահար զոնդավորման, ԱՏՀ-ի /GIS/, անտառակառավարման տեղեկատվական համակարգի և այլ նորարարական մեթոդների կիրառման հետ:
Նախարար Արամայիս Գրիգորյանը, գնահատելով GIS համակարգի ներդրումը անտառային և արոտավայրերի կառավարման ոլորտում, ընդգծել է նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում այդ համակարգի ներդրման, տվյալների հիմնարար բազա ունենալու կարևորությունը և հույս է հայտնել, որ համագործակցության շրջանակներում կողմերին կհաջողվի բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպություն
Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպություն: Հարկ է նկատել, որ մայրաքաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ծրագրերից շատերն իրականացվում են շահառու տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Կազմակերպության շենքի տարածքով շրջելիս «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանը քաղաքապետին է ներկայացրել քաղաքապետարանի աջակցությամբ շենքի առաջին մասնաշենքը երկրորդին կապող 3 մետր լայնությամբ և շուրջ 185 երկարությամբ ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքը՝ հատկանշելով ծրագրի առաջնահերթությունն ու կարևորությունը: Վերջինս նկատել է, որ վերջին տարիներին քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության արդյունքում էապես մեծացել է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ուշադրությունը, նաև նշել, որ քաղաքային իշխանության կողմից ոլորտում կատարվող բարեփոխումները, մասնավորապես թեքահարթակների կառուցման լայնածավալ աշխատանքներն իսկապես տեսանելի են ու նպաստում են հասարակական կյանքում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց լիարժեք ինտեգրմանը:
Կարևորելով Երևանը բոլոր երևանցիների համար առավել հարմարավետ դարձնելու առաջնահերթությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը մշտապես պատրաստ է իրագործելու բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված կլինեն մայրաքաղաքը նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել մատչելի դարձնելուն:
«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ Երևանը պետք է հարմարավետ լինի բոլորի, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների համար: Եվ այս համատեքստում, անշուշտ, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը մայրաքաղաքում թեքահարթակների խիստ սակավությունն էր, եթե իհարկե չասենք բացակայությունը, որի մասին բազմիցս են բարձրաձայնել մեր համաքաղաքացիները: Եվ իրոք, եթե հաշվի առնենք, որ խորհրդային տարիներին այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չէր արվել, իսկ արդեն անկախության ժամանակահատվածում էլ ինչ էլ որ արվել էր, եղել էր ուղղակի խնդրի մասնակի լուծում, այս հարցն իսկապես օրակարգային էր ու հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ դեռ անցյալ տարի մենք համայնքային բյուջեից 20 մլն դրամ հատկացրեցինք՝ մայրաքաղաքում թեքահարթակների կառուցման նպատակով: Ի դեպ, Երևանի պատմության մեջ առաջին անգամն էր, որ այդ նպատակի համար բյուջեից առանձին տողով գումար էր հատկացվում, ինչն, անշուշտ, ողջունվեց հատկապես շահագրգիռ հասարակական կազմակերպությունների կողմից: Եվ համոզված եմ, որ նաև դա խթան հանդիսացավ, որ հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններն արդեն որպես վստահելի գործընկերոջ վերաբերվեին Երևանի քաղաքապետարանին ու, ըստ այդմ, նաև ակտիվորեն համագործակցեին մեզ հետ: Այդ նպատակով ստեղծեցինք նաև հաշմանդամներիհիմնահարցերովզբաղվողքաղաքայինհանձնաժողով, որում ընդգրկված են շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քաղաքապետարանի համապատասխան օղակների ղեկավարները: Այս հանձնաժողովն իր հերթին նպաստեց, որ հաշմանդամներին ուղղված քաղաքային ծրագրերը լինեն առավել նպատակային և արդյունավետ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նշենք, որ այս տարի թեքահարթակների կառուցման նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 40 միլիոն դրամ: Նախապես հաստատվել են առաջնային շուրջ 200 հասցեներ, որտեղ անհրաժեշտ է կառուցել թեքահարթակներ: Ընդ որում, այդ հասցեները ներառում են ոչ միայն Կենտրոն, այլ նաև Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջանները: Շուրջ 100 թեքահարթակ արդեն իսկ կառուցված է: Ի դեպ, թեքահարթակների կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը շահառու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների հսկողության ներքո է: Նրանք պարբերաբար շրջում, հետևում և, ըստ էության, գնահատում են կատարված աշխատանքի որակը:
«Մենք այս տարի նաև գույքագրել էինք նախկինում կառուցված հանրային նշանակության այն օբյեկտները, որոնց հարակից տարածքներում հնարավորություն կա թեքահարթակ կառուցելու և, ըստ այդմ, մասնավոր հատվածի հետ համագործակցության շրջանակում ավելի քան 500 թեքահարթակներ էլ պետք է կառուցվեն այդ օբյեկտների դիմաց: Նշեմ, որ դրանցից շուրջ 220-ն արդեն կառուցված է: Բացի այդ, քաղաքաշինական նոր նախագծերի թույլտվությունների տրամադրման համար թեքահարթակների կառուցումը ամրագրվել է որպես պարտադիր պայման: Վստահ եմ, որ այս ուղղությամբ տարվող մեր նպատակային աշխատանքների արդյունքում մի քանի տարի անց Երևանն իսկապես լիովին հարմարավետ կդառնա հաշմանդամ մեր բոլոր համաքաղաքացիների համար»,- պատասխանելով լրագրողների հարցերին՝ ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև«Երևանյան ամառ 2014» եռամսյա ծրագրի շրջանակում հաշմանդամ երեխաների համար երկրորդ տարին անընդմեջ կազմակերպված ճամբարի աշխատանքներին: Օգոստոսի 25-ից 28-ն անցկացվող ծրագրին այս տարի մասնակցում են հաշմանդամություն ունեցող 50 երեխաներ և երիտասարդներ՝ ծնողների հետ։ Ճամբարի շրջանակում երեխաներն անվճար այցելել են նաև մանկական երկաթուղի, կենդանաբանական այգի և այլ վայրեր:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով, որ ծրագիրը լինելու է շարունակական, առաջարկել է հաջորդ տարի կրկնապատկել մասնակիցների թիվն ու ճամբարին ներգրավել 100 երեխայի:
Օգտվելով առիթից՝ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին նաև «Երևան-Մարսել» համագործակցության շրջանակում Մարսելի քաղաքապետարանի կողմից Երևանին փոխանցված հաշմանդամների համար նախատեսված 180 անվասայլակները «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միությանը տրամադրելու համար, որոնք պարզեցված կարգով տրամադրել են երևանաբնակ, ինչպես նաև մարզերում բնակվող կարիք ունեցողներին։
Հակոբ Աբրահամյանը նշել է, որ նախապես իրականացված հաշվառման արդյունքներով շուրջ 2000 անվասայլակի անհրաժեշտություն կա: Այս համատեքստում քաղաքապետն ընդգծել է, որ քաղաքապետարանը շարունակաբար ընդլայնում է միջազգային համագործակցության ուղղությունները, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել համատեղ նոր ծրագրեր:
«Քաղաքապետի հետ մեր հանդիպման առաջին իսկ օրից ծավալվեց արդյունավետ համագործակցություն: Լսելով հասարակական կազմակերպությունների առաջարկները՝ դրանք իրագործելու նպատակով ձևավորվեց համապատասխան հանձանաժողով, և արդեն այսօր, ներառվելով քաղաքային տարբեր ծրագրերում, շատ խնդիրներ լուծում են ստանում: Վստահ եմ, որ շատ շուտով Երևանը կդառնա տարածաշրջանի ամենամատչելի և հարմարավետ քաղաքը»,-նշել է Հակոբ Աբրահամյանը:
Հակոբ Աբրահամյանը քաղաքապետարանի կողմից կյանքի կոչվող ծրագրերի շարքում առանձնացրել է նաև Երևանի քաղաքապետի առաջարկությամբ հունիսի 24-ին Երևանի ավագանու կողմից հաշմանդամություն ունեցող անձանց ավտոկայանատեղի համար վճարվող տեղական տուրքից ազատման մասին որոշումը, որն արդեն իսկ շահառուների շրջանում դրական լայն արձագանք է գտել։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը շարունակելու է աջակցել սոցիալական կարևոր նշանակություն ունեցող նմանատիպ ծրագրերի իրականացմանը:
Քաղաքապետը հանդիպել է նաև ծնողների հետ, զրուցել և լսել նրանց մտահոգող հարցերն ու առաջարկները: Մասնավորապես հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին հարցին ի պատասխան քաղաքապետը տեղեկացրել է, որ այս տարի թվով 10 ավտոբուս կկահավորվի և կհարմարեցվի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց:
Ծնողներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին մշտական ուշադրության և վերաբերմունքի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերի համար և նշել, որ Երևանն օրեցօր իսկապես առավել հարմարավետ է դառնում:
Քննարկվել է ՀՀ 2014-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակում Երևանում այսօր հանդիպել են ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քննարկել ՀՀ 2014-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարար իտեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումն ու ներկայացրել Հակակոռոպցիոն նոր ռազմավարության նախագծի սկզբունքները:
Նրա խոսքով՝ նոր ռազմավարության հիմքում դրվելու է փոփոխության տեսությունը: «Վերջին 15 տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի բավականին մեծածավալ ծրագրեր են իրականացվել և շոշափելի արդյունքներ են գրանցվել, այդուհանդերձ, նոր ռազմավարությունը փորձելու է փոփոխել և՛հասարակության, և՛պետական մարմինների վերաբերմունքը կոռուպցիոն երևույթների նկատմամբ: Պետական մարմնի յուրաքանչյուր պաշտոնյա և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա ու գիտակցի կոռուպցիայի վտանգավորության աստիճանը՝պետության և տնտեսության կայացման գործում»,- ասել է նախարարի տեղակալը:
Հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական մոտեցումներն ու սկբունքներն են՝քաղաքական կամք, հանրային շահի առաջնայնություն, բարեխղճություն, թափանցիկություն, իրավունքի գերակայություն, պատասխանատվություն, կոռուպցիոն ռիսկերի գնահատում և կառավարում:
Սուրեն Քրմոյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը հաճախ դիտարկվում է որպես պետության պարտականություն, պետության գործառույթ: «Քաղաքական այդ կամքի հիմքում պետք է լինի նաև հասարակության պահանջն ու նրանց կողմից ընտրված մարմիններին ուղղված կոչերն ու առաջարկները: Եթե հասարակությունը հանդուրժողականություն դրսևորի կոռուպցիոն երևույթների նկատմամբ, ապա այդ պայքարում մենք արդյունքի չենք հասնի»,-նշել է արդարադատության նախարարի տեղակալը:
Բացի այն, որ պետական մարմինները պետք է պատասխանատու լինեն իրենց գործողությունների ու իրականացրած ծրագրերի համար, նրանք նաև պետք է կարողանան գնահատել իրենց կառույցներում առկա կոռուպցիոն ռիսկերը:
«Ռազմավարական այս փաստաթուղթը ներկայում մշակվում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների աջակցությամբ»,- հայտնեց նախարարի տեղակալը: Նա կոչ է արել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին լինել ավելի ակտիվ, համագործակցել պետական մարմինների հետ, հանրային նշանակություն ունեցող նախագծերի վերաբերյալ սահմանված ժամկետներում ներկայացնել կարծիքներ ու առաջարկներ, քանի որ հասարակական կազմակերպությունների և, ընդհանրապես, ՀՀ քաղաքացիների ակտիվ մասնակցությունն այս գործընթացին ու նրանց վստահությունը՝ իրականացվող հակակոռուպցիոն գործընթացների նկատմամբ, հաջողության հասնելու անհրաժեշտ պայման է:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում:
ՀՀ ԱՆ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Չինաստանում ջրածնի պերօքսիդ պարունակող 30,000 տոննա հավի տոտիկներ են առգրավել
Չինաստանի իշխանությունները առգրավել են ջրածնի պերօքսիդ պարունակող 30,000 տոննա հավի տոտիկներ:
Օգտագործման համար ոչ պիտանի ապրանքներ արտադրելու մեղադրանքով երեսունութ մարդ է ձերբակալվել, իսկ 11 այլ կասկածյալներ ազատության մեջ են:
Ջրածնի պերօքսիդը, որը օգտագործելու դեպքում փսխում և ստամոքսի հետ կապված այլ խնդիրներ է առաջացնում, օգտագործվել է հավի տոտիկներին ավելի սպիտակ և մաքուր տեսք հաղորդելու համար:
Փչացած ապրանքը առաջինը հայտնաբերվել է արևելյան Չինաստանի Չժեցզյան նահանգում: Հետագա հետախուզության արդյունքում պարզվել է, որ ջրածնի պերօքսիդը օգտագործվում է նաև Ցզյանսու, Անհոյ, Հենան և Գուանդուն նահանգների ինը այլ գործարաններում:
Չինաստանում հավի տոտիկները լայնորեն օգտագործվում են: Այնուամենայնիվ սա այս մթերքի հետ կապված միակ սկանդալը չէ:
2013թ-ի հուլիսին ոստիկանությունը 46 տարվա հնության 20 տոննա սառեցված հավի տոտիկներ էր առգրավել:
Ադրբեջանն ու Ռումինիան կքննարկեն ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները
Բուխարեստում կքննարկվեն Ադրբեջանի և Ռումինիայի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները:
Բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 27-28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զագիր Հասանովի՝ Ռումինիա կատարած այցի շրջանակներում: Այցը կկայանա Ռումինիայի պաշտպանության նախարար Միրչի Դուշայի հրավերով: Նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է “Թրենդ” գործակալությունը:
Հաղորդագրությունում նշված է, որ կողմերը կքննարկեն նաև համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ադրբեջանցի գործարարին պատկանող հյուրանոցը՝ աշխարհի ամենաթանկ հյուրանոցների տասնյակում
“Bankdirect.pro” պորտալը ընտրել է աշխարհում ամենաթանկ հյուրանոցները: Ինչպես հաղորդում է “Վեստի.ազ”-ը, լավագույն տասնյակի մեջ ներառվել է նաև Mardan Palace հյուրանոցը (Թուրքիա), որը պատկանում է հայտնի ադրբեջանցի գործարար Թելման Իսմաիլովին:
Խոսելով հյուրանոցի մասին՝ պորտալը նշել է, որ Անթալիայում կառուցված, Թելման Իսմաիլովին պատկանող Mardan Palace հյուրանոցը համարվում է ամենաթանկ հյուրանոցը Եվրոպայում և Միջերկրական ծովի երկրներում:
“Հյուրանոցի կառուցումը արժեցել է 1.5 մլրդ դոլար: Հյուրանոցի մասնավոր լողափ Եգիպտոսից ներկրվել է 9 հազար տոննա ավազ, իսկ շենքը զարդարված է 10 հազար մ² ոսկով, 500 հազար բյուրեղյա զարդերով և 23 հազար մ² իտալական մարմարով: Բացի կենդանաբանական այգուց և երգող շատրվաններից հյուրանոցի տարածքում տեղակայված է նաև Միջերկրականի երկրներում ամենամեծ լողավազանը, որի ներսում կա 2400 ձկնատեսակով ակվարիում”,- նշված է պորտալում:
Ադրբեջանցուն պատկանող հյուրանոցը լավագույն տասնյակում զբաղեցնում է 8-րդ տեղը:
Անվտանգ երթևեկության միամսյակի մասին
Ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրասատական աշխատանքների հետ կապված Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ գույքագրվել են ուսումնական բոլոր հաստատությունների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, բուհերի հարակից տարածքներն ու 239 հատվածներում արդեն իսկ համապատասխան գծանշումներ են կատարվել: Դպրոցների և մանկապարտեզների բուժկետերն էլ ապահովվել են առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով:
Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերի բաշխման գործընթացը:
Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 1-ից 30-ը կհայտարարվի անվտանգ երթևեկության միամսյակ և կրթօջախների հարակից տարածքներում ճանապարհային ոստիկանության հետ ուժեղացված հսկողություն կսահմանվի:
Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի գերծանրաբեռնված աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղևորափոխադրում իրականացնելու ուղղությամբ:
Ավարտական փուլում են գրադարանների, երաժշտական ու արվեստի դպրոցների, ինչպես նաև մանկապարտեզների հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները: Զեկուցվել է, որ կրթամշակութային 57 հաստատությունների մեծ մասում աշխատանքներն արդեն ավարտվել են: Քաղաքապետը հանձնարարել է մինչ ավարտական ակտերի ստորագրումը մեկ անգամ ևս մանրակրկիտ ուսումնասիրել կատարված աշխատանքի որակը:
Թեքահարթակների կառուցման ծրագրի վերաբերյալ
Հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի ապահովման նպատակով համայնքային բյուջեի միջոցներով թեքահարթակներ կառուցելու աշխատանքների մասով զեկուցվել է, որ ծրագրով նախատեսված շուրջ 200 թեքահարթակներից արդեն իսկ կառուցվել և շահառուների օգտագործմանն է հանձնվել 100 թեքահարթակ: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Բացի այդ, նախկինում կառուցված օբյեկտների 215 մուտքեր սեփականատերերի կողմից հարմարեցվել են հաշմանդամների համար և ապահովվել թեքահարթակներով:
Զեկուցվել է նաև, որ փողոցների հիմնանորոգման շրջանակում ևս կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվում են թեքահարթակների կառուցման աշխատանքներ:
Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել նաև փողոցների հիմնանորոգման շրջանակում կառուցվող թեքահարթակներն ու շահառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ գնահատել դրանց համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին:
Երևանի քաղաքապետարանի թեժ գծերի աշխատանքի վերաբերյալ
Նախորդ երկու շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանում և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 828 հեռախոսազանգ, որից 679-ին տրվել է համապատասխան լուծում կամ սպառիչ պատասխան: Մնացյալ 149 հեռախոսազանգերով գրանցված խնդիրները, ելնելով լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտությունից, լուծման ընթացքի մեջ են: Քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտները համակարգող պատասխանատուներին և ստորաբաժանումներին տվել է համապատասխան հանձնարարականներ` առկա հարցերն ուսումնասիրելու և հնարավորին կարճ ժամկետում լուծումներ գտնելու նպատակով:
Հայ ուսանող-շախմատիստները նվաճեցին բրոնզե մեդալ
Օգոստոսի 18-24-ը Լեհաստանում կայացած համաշխարհային ուսանողական շախմատի առաջնությունում Հայաստանի ուսանողների թիմը Ռուսաստանի Դաշնության հավաքականի հետ նվաճել է հավասար միավորներ և միայն լրացուցիչ միավորներով զիջելով ՌԴ թիմին՝ գրավել է 3-րդ մրցանակային տեղը։ Առաջնության հաղթող են ճանաչվել տանտերերը՝ լեհ շախմատիստները։
Հայաստանը ներկայացնող շախմատիստ Կարեն Գրիգորյանն առաջնության անհատական պայքարում գրավել է երկրորդ հորիզոնականը։
Հայաստանի թիմի կազմում ընդգրկված էին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, միջազգային կարգի վարպետներ Մարիա Գևորգյանը և Տիգրան Պետրոսյանը։
Նշենք, որ մեր ուսանող շախմատիստներն առաջին անգամ էին մասնակցում համաշխարհային ուսանողական շախմատի առաջնությունում։ Հայաստանյան ուսանողական թիմը համաշխարհային ուսանողական շախմատի առաջնությանը մասնակցել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի աջակցությամբ, որի շնորհիվ ուսանողական թիմերը պարբերաբար մասնակցում են միջազգային ուսանողական ստուգատեսների։
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիա
Ձերբակալություն Մոսկվայում. հետախուզվողին հայտնաբերեցին 15 տարի անց
ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները` Մոսկվայի իրավապահների հետ համատեղ, օգոստոսի 20-ին, ժամը 12.30-ին, Մոսկվայի Սուխովսկի նրբանցքի թիվ 78 շենքի մոտ հայտնաբերել և ձերբակալել են 1971 թ. ծնված Էրիկ Ա.-ին, որը 1999 թ. օգոստոսի 1-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի /ավազակությունը/ 3-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Մահվան ելքով պատահար Արթիկ-Ալագյազ ճանապարհին
Օգոստոսի 24-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Արթիկ-Ալագյազ ճանապարհի 3-րդ կմ-ին «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը` 1987 թ. ծնված Հովիկ Բասամբակյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ադրբեջանը չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի ճանաչում Աբխազիայիում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
“Ադրբեջանը կրկին ընդգծում է, որ ընդունում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը”,- նշված է արտգործնախարության տարածած հաղորդագրությունում:
Օգոստոսի 24-ին Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ նախագահ է ընտրվել ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Ռաուլ Խաջիմբան:
Գյումրիում ջրի կռիվ է
Գյումրում արդեն երրորդ շաբաթն է մի քանի թաղամասեր զրկված են ջրամատակարարումից: Մասնավորապես Սավոյան փողոցի բնակիչները 3-4 թաղամաս հեռվից են ջուր բերում՝ դույլերով ու շշե տարաներով, մեծ ու փոքրով:
Բնակիչներն ասում են՝ ամեն օր դիմում են ՙՇիրակ-ջրմուղկոյուղի՚, խնդրում, աղերսում, պահանջում ու վիճում, գոնե օրական 3 ժամ թաղմասին ջուր տան: Սակայն ոչ մի դրական պատասխան: Անգամ շատ դեպքերում բնակիչներին վիրավորում են՝ զզվեցինք ձեզանից էլ, ձեր ջրից էլ, տներդ ծախեք գնացեք ուրիշ տեղ ապրեք և այլն: Տեսնելով, որ ժողովուրդն իրենցից համառ է, մեկ անգամ այստեղ ջրմուղից բրիգադ է գալիս, խողովակները փչում, բայց դե դրանցում ջուր չկա՝ ի՞նչ գա: Երբ բնակիչները ջրմուղագործներից հետաքրքրվել են, թե ինչու՞ ամեն տարի ամառվա այս սեզոնին իրենց թաղամասում նման խնդիրներ են առաջանում, վերջիններս նշել են՝ գլխավոր ՙմագիստրալի՚ վրա վթարներ են եղել, պիտի կարողանան դրանք վերացնել, որ ջուր լինի:
Սավոյանցիները նաև խնդրել էին, որպեսզի ՙՇիրակ-ջրմուղը՚ իրենց մեքենայով ջուր բերի, բոլորի ընտանիքներում մանկահասակ երեխաներ կան, շոգ ամառ, հազար ու մի հոգս կա հոգալու: ՙՄի անգամ ՙցիստեռնով՚ ջուր բերեցին, լցրեցինք խմելու վեդրոները ու փոշմանեցինք, գույնը լրիվ դեղին էր, գնացինք էլի ուրիշ տեղից կրեցինք՚, – նեղսրտեց բնակիչներից մեկը:
Ի դեպ, այստեղի ապրողներն ասում են՝ իրենց ջրի խնդիրը նոր չի ծագել. ՙԱմեն տարի էլ էս է, մեր վերևի մասում դաշտեր են, ըստեղ էկող խողովակները էդ մասով կանցին, վինտիլն էլ դրա վրա է: Բացող-փակողին փող կուտան՝ վինտիլը կփակե, դաշտերը կջրեն: Էս 20 տարի է մեր կռիվն էս է՚, – բացատրում է Լևոն պապը:
Այստեղ մեծամասամբ տնակային տնտեսություններ են ու գերակշիռ մեծամասնությունը տանը ջրի ծորակ չունի, ջուր եղած ջամանակ էլ բերում են թաղամասում գտնվող աղբյուրից, բայց գոնե երկու-երեք փողոց չեն հատում: Վերջերս էլ փոստատարն այս տարածքի ՙդոմիկաբնակներին՚ ծրարներ էր բերել՝ ուղարկված ՙՇիրակ-ջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ի կողմից: Դրանցում նշված էր յոթ ամսվա պարտք, որը ելնելով ընտանիքների անդամների թվից տատանվում էր մոտ 200-300 հազար դրամի սահմաններում: Այդ տեղեկաթերթիկից բացի ծրարում կար նաև գրություն. ՙԱռաջարկում ենք տեղեկանալ Ձեր հաշվեկշռին և վճարել պարտքը, անհրաժեշտության դեպքում նաև կազմել պարտքի մարման ժամանակացույց, հակառակ դեպքում այն կգանձվի դատական կարգով, իսկ ջրամատակարարումը կդադարեցվի…՚:
Վերջինս բնակիչների մոտ զայրույթ է առաջացրել՝ ի՞նչ ջրամակատարարման համար են վճարելու. ՙՄեզի ձեռ կառնի՞ն, ու՞մ վճարենք կամ ինչի՞ համար. Ջրմուղը մեզ կյանքում է ջուր տվել, որ հիմա էլ փող կուզե: Ես ում տնից, որ ջուր կկրեմ, իրան էլ կվճարեմ գումարը: Որ գուզեք ճիշտն իմանաք՝ մի բան էլ էս պետությունն ու ջրմուղը պիտի մեզ վճարեն, որ էս վիճակում ապրելով հանդերձ չենք էրթա իրանց գլուխները ջարդե: Մեզ լրիվ նեգրի տեղ ե՞ն դրել՚:
Մեկուրիշ բնակիչ էլ նշեց, թե եթե իրենք ժամանակին ջրմուղին դատի տային իրենց պարտականությունները չկատարելու համար՝ հիմա հակառակը չէր լինի:
Ավելի ուշ ՙԱնկախ՚-ը կանդրադառնա նաև ՙՇիրակ-ջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ի մեկնաբանություններին:
Հայաստանում Բոլոնիայի քարտուղարության նախարարական գագաթաժողովին ընդառաջ՝ կրթական նյութերի հրատարակման մրցույթ
1. 8-10 հոդված ՝ Բոլոնիայի գործընթացի գագաթաժովի և ֆորումի ակնկալիքների մասին (հայերեն լեզվով), յուրաքանչյուրը 3-4 էջ ծավալով,
2. հրատարակել անգլերեն լեզվով հատուկ համար, համաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչների մասին՝ ներառելով հարցազրույցներ, որը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.
• էջերի թիվը – մոտ 100,
• թղթի չափը – A4,
• տպագրության թուղթը – 115 գր/մ2 գրամայնությամբ, նախատեսված օֆսեթ տպագրության համար, ճերմակությունը առնվազն 130% (ISO 2470), 99.5% պայծառությամբ,
• կազմի թուղթը – 250 գր/մ2 գրամայնությամբ, թղթի մակերեսը մի կողմից պետք է լինի երեսապատված և փայլուն, հակառակ կողմի երեսապատումը անհրաժեշտ չէ, ճերմակությունը առնվազն 130% (ISO R457) պայծառությամբ, ունենա առնվազն 340 միկրոն հաստություն և հարմար լինի երեսապատման համար (լամինացիա)
• տպաքանակը – 500 օրինակ:
Վերոնշալ աշխատանքների իրականացման համար հայտեր կարող են ներկայացնել այն կազմակերպությունները, որոնք.
ա) ունեն նմանատիպ գործունեությամբ զբաղվելու իրավունք,
բ) ունեն նմանատիպ աշխատանքների իրականացման փորձ (գերադասելի է կրթության ոլորտում),
գ) ունեն անհրաժեշտ տեխնիկական և մարդկային ռեսուրսներ՝ բարձրագույն կրթության բնագավառի մասին հոդվածներ մշակելու և հրատարակելու համար:
Ներկայացվող հայտերն իրենց մեջ պետք է ներառեն.
1. պետական գրանցման վկայականը և կազմակերպության կանոնադրությունը՝ ի ապացույց Հայաստանի Հանրապետությունում օրինականորեն գործելու և ինքնուրույն իրավաբանական անձ լինելու,
2. տեղեկանք կազմակերպության մասին՝ ներառելով տեղեկություններ ստեղծման տարեթվի, գործունեության ոլորտների և նախկին ու ներկայումս իրականացվող աշխատանքների մասին,
3. տեղեկանք կրթական ոլորտին վերաբերող, նախկինում հրապարակված համանման հոդվածների և հրատարակումների մասին,
4. տեղեկանք պահանջվող աշխատանքների կատարման կարողությունների մասին, մասնավորապես նշելով կազմակերպության գործունեության հասցեն, զբաղեցվող տարածքը (քմ-ով), առկա սարքավորումների և այլ գույքի տեսակները, ինչպես նաև այս աշխատանքներում ներառվող հիմանական աշխատակազմի փորձը և որակավորումը (կցել անձնական թերթիկներ):
Հայտերը ներկայացնել 2014 թվականի օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ, ՀՀ կառավարության №3 շենք, ՀՀ կրթության և գիտության նախարարություն /6-րդ հարկ/, 609 սենյակ:
Հայտերն ուսումնասիրելու ընթացքում նախարարությունը իրավասու է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010-52-56-62 հեռախոսահամարով:





















