Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում

7000Այսօր Վրաստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Այնուհետև նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Հայաստանի և Վրաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարությամբ:
***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցությունների արդյունքներով
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ լրագրողներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ես շնորհակալ եմ Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին հրավերի ու ջերմ ընդունելության համար, անչափ ուրախ եմ հյուրընկալվել եղբայրական Վրաստանում:

Մեծարգո՛ պարոն Նախագահ, թույլ տվեք մեկ անգամ ևս վերահաստատել բարեկամության և փոխըմբռնման ոգով Ձեզ հետ աշխատելու մեր ջերմ ցանկությունն ու պատրաստակամությունը: Մենք անչափ կարևորում ենք այս այցը Վրաստան, որի շրջանակներում Ձեզ հետ ունեցանք և վստահ ենք ունենալու ենք գործնական և արդյունավետ բանակցություններ և քննարկումներ հայ-վրացական հարաբերությունների հագեցած օրակարգի շուրջ, մենք ունենք հարցերի լայն շրջանակ և, անպայման, կարողանալու ենք ուրվագծել մեր փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարները:

Հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է: Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա փխրուն կայունությունն ու խաղաղությունը մեծապես պայմանավորված են Հայաստան-Վրաստան համագործակցության արդյունավետությամբ և ամրությամբ: Մենք մշտապես հարգել ենք միմյանց որոշումները` գիտակցելով, որ յուրաքանչյուրիս առաջնահերթ նպատակն է սեփական պետության ամրապնդումը և ուրախացել ենք դրանով, քանի որ Հայաստանն ու Վրաստանը ուժեղ են միմյանցով և միմյանց հետ:

Ակտիվ քաղաքական երկխոսությունը լավագույն խթանն է տնտեսական համագործակցության աշխուժացման համար: Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում արդեն ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը և բազմաթիվ այլ ոլորտներ: Ե՛վ անցյալ տարի, և՛ ընթացիկ տարում մենք գրանցել ենք առևտրաշրջանառության աճ, և ես վստահ եմ, որ մենք ունենք դեռևս չօգտագործված շատ մեծ ռեզերվներ:

6974Մենք կարևորեցինք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի և տարբեր խմբերի աշխատանքը, պայմանավորվեցինք, որ պետք է ակտիվացնել այդ շփումներն ու փոխանակումներն: Սա հնարավորություն կտա այդ խմբերին քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները և, իհարկե, ձեռք բերել նոր պայմանավորվածություններ: Անդրադարձանք, անշուշտ, նաև Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին: Մեր վրացի գործընկերներին ներկայացրեցինք այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, մասնավորապես՝ այս համատեքստում Վրաստանի հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության հեռանկարները: Ես խորապես վստահ եմ, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիր և մաս դառնալով Ազատ առևտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում, ներդրումներ կատարել Վրաստանում և հակառակն եմ տեսնում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում այն վրացի գործարարների համար՝ ներդրումներ կատարելու Հայաստանում, ովքեր ունեն կամ կարող են ունենալ շուկա Ռուսաստանի Դաշնությունում կամ Մաքսային միության այլ երկրներում:

Իհարկե, տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք կարևորեցինք միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությունը, միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և կառուցողական դիրքորոշման պահպանումը: Սա ևս չափազանց կարևոր հանգամանք է: Վրաստանի Նախագահի հետ մենք միակարծիք ենք, որ բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Անշուշտ, մենք անդրադարձանք նաև մեր հումանիտար համագործակցությանը, քանի որ միգուցե մի քիչ պատկերավոր եմ ասում, իմ կարծիքով, մեր համագործակցությունը հումանիտար ոլորտում կարևոր է նույնիսկ, քան համագործակցությունը տնտեսության ոլորտում, որովհետև մենք շատ-շատ երկար ենք ապրել այս տարածաշրջանում և բազմաթիվ են դեպքերը, երբ մենք ունեցել ենք մշակութային ներթափանցումներ, այսինքն՝ հարստացել է և՛ վրացական մշակույթը, և՛ հայկական: Եվ, իհարկե, շատ շնորհակալ եմ Վրաստանի Նախագահին, որ ընդունեց մեր առաջարկը՝ այսօր Թբիլիսիում անցկացնել համերգ՝ նվիրված մեծ արվեստագետ Սայաթ-Նովայի հոբելյանին, որի արվեստը, որի ստեղծագործությունն ամենավառ օրինակն է մշակութային փոխլրացման, մշակութային ներթափանցման:

Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար և կրկնեմ՝ ուրախ եմ, որ գտնվում եմ եղբայրական Վրաստանում:

Դիվանագիտական և քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Իսրայելի ԱԳ նախարարությունների միջև

Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարությունում ՀՀ և Իսրայելի Պետության ԱԳ նախարարությունների միջև կայացան դիվանագիտական և քաղաքական խորհրդատվություններ:

3336_hqՀայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսրայելական կողմից` Իսրայելի ԱԳ նախարարության Գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի բաժնի պետ, դեսպան Աննա Ազարին:

Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը:

Անդրադարձ կատարվեց փոխադարձ ներդրումների խրախուսմանը վերաբերվող հարցերին: Կարևորվեց փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ընդգծվեց փոխայցելությունների կարևորությունը:

Իսրայելի ԱԳՆ պատվիրակությունը այցելեց նաև Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղիկներ դրեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Անկախ

ԱԺ փոխնախագահը հանդիպեց զոհված զինվորների մայրերի հետ

1 (2)Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 18-ին հանդիպեց զոհված զինվորների մայրերի հետ:

Հանդիպումը կայացավ զոհված զինվորների մայրերի նախաձեռնությամբ: Նրանք ներկայացրին իրենց սոցիալական դժվարությունները, որոնք, ըստ մայրերի, պայմանավորված են օրենքով տրված արտոնությունների ոչ բավարար լինելով կամ էլ անհասցեականությամբ:

Լսելով զոհված զինվորների մայրերի բարձրացրած խնդիրները՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց նման հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ նրանց հուզող խնդիրները գտնվում են նաեւ Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում: ԱԺ փոխնախագահը զոհված զինվորների մայրերի հետ հետագայում ավելի լայն ձեւաչափով հանդիպումներ կազմակերպելու պատրաստակամություն հայտնեց:

Անկախ

Վարչապետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

11389_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Երկրի վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ընթացքից և կարևորել բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացումը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անկախացումից ի վեր Ֆրանսիայի կողմից Հայաստանին ֆինանսական ու տեխնիկական օժանդակության տրամադրումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի գործադրած ջանքերը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացման հեռանկարները և նախանշել հնարավոր ուղղությունները: Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը: Հովիկ Աբրահամյանը ողջունել է մեր երկրում ֆրանսիական ձեռնարկությունների ակտիվ գործունեությունը և կարևորել տարբեր ոլորտներում նոր ներդրումների ներգրավումը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է պահպանել և էլ ավելի զարգացնել առկա ձեռքբերումները: Անրի Ռենոն հավաստիացրել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է շարունակելու տարբեր ոլորտներում մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը, այդ թվում նաև՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու հարցում:
Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները քննարկելու նպատակով Հովիկ Աբրահամյանը ֆրանսիացի իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին

6972Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինին:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշել են, որ երկկողմ ռազմավարական դաշնակցային գործընկերության կարևոր բաղադրիչներից է տրանսպորտի բնագավառում համագործակցությունը:

Հանդիպմանը Հանրապետության Նախագահը և Վլադիմիր Յակունինը քննարկել են հայկական երկաթուղու ներկայիս վիճակին, զարգացման հեռանկարներին, կոնցեսիոն պայմանագրով «Ռուսական երկաթուղիներ»-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:

Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած ընկերության նախագահը Սերժ Սարգսյանին ներկայացրել է հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման ուղղությամբ իրականացված ներդրումները, ընթացիկ աշխատանքները, անդրադարձել նաև, ընդհանուր առմամբ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեությանը, խնդիրներին և զարգացման ծրագրերին: Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և կոնցեսիոն պայմանագրով նախատեսված աշխատանքների հետևողական կատարման գործում մեծապես կարևորել է անձամբ Վլադիմիր Յակունինի դերը և ընդգծել, որ Հայաստանում պատրաստ են շարունակել այդ ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ աշխատանքներն ու կյանքի կոչել փոխշահավետ համատեղ նախագծերը:

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված երկու օրենք

ստորագրել2Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Արցախի վարչապետի մոտ խորհրդակցություն է հրավիրվել ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղում բռնկված հրդեհի առիթով

Արա ՀարությունյանՀունիսի 17-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ` քննարկելու հունիսի 16-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի` Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքում բռնկված հրդեհի հետ կապված մի շարք հարցեր:

Ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը զեկուցել է հրդեհի մարման աշխատանքների մասին: Նա ներկայացրել է համապատասխան կառույցների քայլերի հաջորդականությունը և նախքան հրդեհի մարումը կրթօջախում տիրող իրավիճակը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ծառայության, ինչպես նաև ոստիկանության  աշխատողներին նվիրված ու բանիմաց աշխատանքի համար և հայտնել, որ նրանք արժանանալու են խրախուսանքների: Կառավարության ղեկավարը կարևորել է այն հանգամանքը, որ օպերատիվ և արդյունավետ արձագանք է տրվել արտակարգ իրավիճակին:

Անդրադառնալով հրդեհի առաջացման պատճառներին և փրկարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրներին՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է համապատասխան հետևություններ անել դրանց վերացման և ապագայում կանխարգելիչ միջոցների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Վարչապետը կարևորել է ուսումնական վարժանքների դերն արտակարգ իրավիճակների ժամանակ խուճապի դեպքերից խուսափելու գործում:

 

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին

 Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին:

Նախագահը ողջունել է հյուրերին և վստահություն հայտնել, որ նրանց համատեղ առաքելությունն արդյունավետ կլինի՝ ի շահ Հայաստան-ԵԽԽՎ համագործակցության: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել համազեկուցողների հետևողական ներգրավվածությունը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին: Երկուստեք նշվել է, որ իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված խորքային բարեփոխումները եղել են հետևողական: Զրուցակիցների համոզմամբ, առաջընթացը տեսանելի է:

Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստան-ԵԽ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որում ընդգրկված նախագծերը ուղղակի կամ անուղղակի առնչվում են Հայաստանի պարտավորություններին՝ աջակցություն արդարադատության և քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, տեղական ժողովրդավարության ամրապնդմանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը և այլն:

ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման առումով, Հանրապետության Նախագահը կարևորել է նաև Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների կատարած աշխատանքը և վստահություն հայտնել, որ կառուցողական համագործակցությունը այսուհետ ևս կշարունակվի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և ոստիկանության ոլորտներում բարեփոխումների և այդ ոլորտներում դեռևս առկա խնդիրների շուրջ:

ՀՀ Նախագահը և ԵԽԽՎ համազեկուցողներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին ևս:

Միաժամանակյա խաղի սեանս՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին

003Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Մանկական զբոսայգում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր միաժամանակյա խաղի սեանս, որն անցկացրել է միջազգային կարգի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Միաժամանակյա խաղի սեանսին հետևել է նաև Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Շնորհավորելով մասնակիցներին՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ օրն առանձնակի խորհուրդ ունի և պարտավորեցնող է սեանսի հատկապես պատանի մասնակիցների համար: Մարզական նոր նվաճումներ մաղթելով պատանի շախմատիստներին՝ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Երևանի շախմատի ֆեդերացիան, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը, միշտ նրանց կողքին են լինելու և պատրաստ են անել հնարավորը՝ երևանյան մարզիկների հաջողություններն ամրապնդելու և նորանոր նվաճումների հասնելուն աջակցելու ուղղությամբ: Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև Ռաֆայել Վահանյանին նվիրված «Անկրկնելի հաղթանակներ» խորագիրը կրող գիրքը, որի մեկ օրինակը հանձնվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

 Սերժ Սարգսյան   Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

Այցի շրջանակներում նախատեսված է Հանրապետության Նախագահի առանձնազրույցը Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, որին կհաջորդեն երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները և հայ-վրացական համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին բանակցությունների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների առջև համատեղ հայտարարությամբ:

Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Վրաստանի մայրաքաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ կդնի հուշակոթողին:

Սերժ Սարգսյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա համերգին ևս:

Չինական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի արբանյակային ծրագրով

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց  «Մեծ պատ » չինական արդյունաբերական ընկերության և  Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիայի ներկայացուցիչներին։ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացրեցին, որ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց  «Մեծ պատ » չինական արդյունաբերական ընկերության և  Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիայի ներկայացուցիչներին։

«Չինական Մեծ պատ արդյունաբերական կորպորացիան» (ՉՄՊԱԿ) և «Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիան» (ՏՏՉԱ), որոնք մաս են կազմում  «Չինաստանի տիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիայի», Չինաստանի միակ պետական կառույցն է, որը պատասխանատու է տիեզերագնացության և տիեզերքի հետազոտման ոլորտի համար:

Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը, ներկայացնելով Հայաստանի տիեզերական ծրագիրը, նշեց, որ նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետության կապի և հեռուստահեռարձակման արբանյակ, և այս ոլորտում նախարարությունը տարբեր երկրների հետ համագործակցության եզրեր է փնտրում:

«Ծրագիրը մեկնարկել է 2012 թվականից, և այսօր ուղեծրային դիրքի կոորդինացման աշխատանքների փուլում ենք: Այս ոլորտում խոշոր կազմակերպությունների կողմից ունենք բավական առաջարկներ խորհրդատվության, կառավարման առումներով: Ձեզ նույնպես կներկայացնենք մեր առաջարկները, և կսպասենք ձեր արձագանքին»,-ասաց նախարարը:

«Մեծ պատ» չինական արդյունաբերական ընկերության փոխնախագահ Չժաո Չունչաոյի խոսքով՝ չինական կողմը պատրաստակամ է աշխատել հեռահաղորդակցության հայկական արբանյակի նախագծման, կառուցման, ուղեծիր դուրսբերման, դրա ղեկավարման և սպասարկման, հայ համապատասխան մասնագետների վերապատրաստման ուղղությամբ։

Անկախ 

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն

6954Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել հեռուստաընկերությունում, ծանոթացել կատարված փոփոխություններին՝ հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, եթերային նոր քաղաքականությանը, հեռուստաընկերության առաջիկա ծրագրերին և դեռևս առկա խնդիրներին:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի և հեռուստաընկերության գործադիր տնօրենի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջել է նկարահանման տաղավարներում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին:

Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Հանրային հեռուստաընկերության ղեկավար անձնակազմի և ստեղծագործական խմբի ներկայացուցիչների հետ: Նախագահը ողջունել է հեռուստաընկերության բարեփոխման ուղղությամբ իրականացված քայլերը, խրախուսել անձնակազմին և հաջողություններ մաղթել Հանրային հեռուստաընկերությանը՝ հետագա ծրագրերի իրականացման գործում: Հանրապետության ղեկավարը կարևորել է հեռուստաընկերության դերը երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության, հանրության շրջանում ազգային և համամարդկային բարձր արժեքներ քարոզող կրթական, մշակութային, հայրենասիրական և այլ ուսանելի ու օգտակար ծրագրերի ուղղությամբ աշխատանքները՝ հասնելու համար այն մակարդակին, ինչն ակնկալվում է Հանրային հեռուստաընկերությունից:

Նախագահը հյուրընկալվել է նաև «Առաջին լրատվական» ծառայությանը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է հիմնանորոգված առանձին մասնաշենքում լրատվական ծառայության աշխատակիցների համար ստեղծված պայմաններին, այցելել լրագրողների և տեխնիկական անձնակազմի աշխատասենյակներ, զրուցել նրանց հետ:

Այնուհետև Հանրապետության Նախագահը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին:

 Անկախ

Տեղի է ունեցել բնապահպանական գործառույթներին առնչվող խորհրդակցություն

11387_am_1 (1)Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել բնական պաշարների օգտագործմանը և բնապահպանական պահանջների ապահովման խնդիրներին առնչվող խորհրդակցություն:
ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների ու ՀՀ բնապահպանության նախարարներ՝ Կարեն Ճշմարիտյանը, Երվանդ Զախարյանը և Արամայիս Գրիգորյանը ներկայացրել են բնապահպանական գործառույթների իրականացման ներկայիս մեխանիզմներն ու դրանց հստակեցման ուղղությամբ հնարավոր քայլերը:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է այդ գործառույթների հստակ տարանջատմանն ու պարզեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների իրականացումը: Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին շարունակել քննարկումները և ներկայացնել կոնկրետ առաջարկություններ:
 Անկախ

ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Հալեպի նահանգապետի հետ

3333_hqՀունիսի 17-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը հանդիպում ունեցավ Հալեպի նահանգապետ Մոհհամադ Վահիդ Աքքադի հետ:

Շնորհավորելով Տիգրան Գևորգյանին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` Հալեպի նահանգապետը հաջողություն մաղթեց նրան իր գործունության մեջ:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ընդունելության համար` ՀՀ գլխավոր հյուպատոսը կարևորեց գլխավոր հյուպատոսության և նահանգային իշխանությունների միջև ավանդաբար եղած արդյունավետ համագործակցության շարունակությունը:

Կողմերը մտքեր փոխանակեցին Սիրիայում առկա իրադրության, նահանգի սոցիալ-տնտեսական խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Ընդգծելով Սիրիայի հասարակական կյանքում հայ համայնքի ունեցած կարևորագույն դերակատարությունը` զրուցակիցներն անդրադարձան ստեղծված իրավիճակում Հալեպի հայության առջև ծառացած խնդիրներին:

Հանդիպման ընթացքում Մոհամադ Վահիդ Աքքադը Տիգրան Գևորգյանին ներկայացրեց նաև նահանգի հումանիտար իրադրության բարելավման նպատակով իրականացվող քայլերը:

Անկախ

Հովիկ Աբրահամյանն Արտաշատում հանդիպել է միասնական ընդունելության քննություն հանձնող դիմորդներին

11384_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արտաշատի թիվ 1 դպրոց, որտեղ անցկացվում էր «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությունը:
Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ և ուսանողների մասնակցությամբ բացվել են «Մաթեմատիկա»-ի միասնական քննության թեստերի փակ ծրարները:
Այնուհետև կառավարության ղեկավարը ծանոթացել է քննության անցկացման ընթացակարգին, զրուցել դիմորդների հետ և մաղթել հաջողություն: Վարչապետը պահանջել է քննությունն անցկացնող պատասխանատուներից անել ամեն ինչ՝ արդարություն ապահովելու համար:
Մոտենալով քննական շենքի բակում հավաքված ծնողներին՝ Հովիկ Աբրահամյանը համբերություն է մաղթել նրանց, իսկ վերջիններս շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ ընդունելության միասնական քննություններն ուշադրության կենտրոնում պահելու համար:

Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ուժերի հետ շարունակել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ քննարկումները

11383_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ շարունակվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ քննարկումները, որոնց մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները:
Հանդիպման մասնակիցներն իրենց առաջարկությունները, տեսակետները և դիտարկումներն են ներկայացրել օրենքում առաջարկվող փոփոխությունների շուրջ:
Վարչապետն ընդգծել է փոխադարձ ընդունելի որոշումներ կայացնելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս շարունակել քննարկումները կենսաթոշակային բարեփոխումների շուրջ:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Բունդեստագի նախագահին Մեկնարկեց արտգործնախարարի այցելությունը Գերմանիա

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեստագի նախագահ Նորբերթ ԼամերթինՀունիսի 16-ին պաշտոնական այցելությամբ Բեռլին ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեստագի նախագահ Նորբերթ Լամերթին։

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Նորբերթ Լամերթը նշեց, որ ջերմությամբ է հիշում երկու տարի առաջ Հայաստան կատարած իր այցելությունը և Հանրապետության ղեկավարության հետ ունեցած հանդիպումներն ու ընդգծեց, որ հայ-գերմանական համագործակցությունը քաղաքական, միջխորհրդարանական, տնտեսական և մշակութային բնագավառներում գնալով ընդլայնվում են։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում լուրջ ներդրում ունի փոխգործակցության խորհրդարանական ձևաչափը, որի շրջանակներում ակտիվ շփումներ են իրականացվում։ «Հենց այս օրերին՝ իմ այցելությանը զուգահեռ, Հայաստանում են գտնվում Բունդեստագի տարբեր հանձնաժողովներ ներկայացնող պատգամավորներ, ինչը վկայում է խորհրդարանների միջև արդյունավետ համագործակցության մասին»,- շեշտեց Հայաստանի արտգործնախարարը։
Զրուցակիցները կարևորեցին խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցությունը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց և շնորհակալություն հայտնեց Բունդեստագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակային ծրագրում Հայաստանի ներկայացուցիչներին ներգրավելու համար։
Հանդիպմանը քննարկվեցին հայ-գերմանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող փոխգործակցության վերաբերյալ։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրոպական միությունը համատեղ հայտարարությամբ վերահաստատեցին իրենց հանձնառությունը` զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։

Ողջունելով Եվրամիության հետ հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու Հայաստանի պատրաստակամությունը` Բունդեստագի ղեկավարը նշեց, որ նպատակահարմար է մշակել փոխգործակցության այնպիսի ձևաչափ, որը հաշվի կառնի այլ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի պարտավորությունները։
Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի կազմում հայ-գերմանական համագործակցության կապակցությամբ։

Հաստատվել է “Արցախգազ” ՓԲԸ 2013թ. տարեկան հաշվետվությունը

Արա ՀարությունյանԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ներկա է գտնվել “Արցախգազ” ՓԲԸ տարեկան ընդհանուր ժողովին, որը հրավիրվել է այսօր` ԱԺ-ի պատգամավորների, կառավարության անդամների, ընկերության աշխատակիցների մասնակցությամբ: Ընկերության գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի զեկույցի համաձայն` 2013թ.  հանրապետություն է ներմուծվել ավելի քան 41 մլն խ/մ բնական գազ, որը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 0,2 տոկոսով: Բնակչության կողմից իրացված գազի ծավալը մոտ 6 տոկոսով քիչ է 2012 թ. ծավալից, նվազել են կորուստները, իսկ 75 տոկոսով նվազել է վնասը` կազմելով մոտ 144 մլն դրամ: Հանրապետության քաղաքներից գազաֆիկացված է 7-ը, գյուղերից` 78-ը: Ընկերության կողմից գազամատակարարման ցանցերում այժմ կատարվում են միայն անվտանգ սպասարկման, վերականգնման, նորոգման և շահագործման աշխատանքներ: Անդրադառնալով  առաջիկա ծրագրերին  և խնդիրներին` ընկերության տնօրենի և աշխատակիցների կողմից նշվել է հիմնականում ավտոմեքենաների թարմացման և շենքերի վերանորոգման անհրաժեշտությունը: Նախագահի հանձնարարականի հիման վրա Մարտակերտ շրջկենտրոնի սպաների համար կառուցված շենքի պայմանները կուսումնասիրվեն` այն մոտ ապագայում գազաֆիկացնելու նպատակով: Հաշվետվություններն ամփոփվելուց հետո, կառավարության ղեկավարը ներկայացրել է ոլորտի վերաբերյալ իր դիտարկումները և ռազմավարական մոտեցումներն: Ըստ Ա. Հարությունյանի` առաջիկայում բնական գազի ներմուծման ծավալները կպահպանվեն, իսկ գազաֆիկացում կիրականացվի միայն անհրաժեշտության դեպքում: Վարչապետի խոսքով՝ գազի սպառման ծավալները կավելացվեն հիմնականում արտադրության ճյուղերի ընդլայնմանը զուգահեռ: Նա նշել է, որ շարունակվելու են աշխատանքները տեխնիկական սպասարկման և շենքային պայմանների բարելավման ուղղություններով: Կառավարության ղեկավարն առաջարկել է հուլիսի 1-ից 20 տոկոսով բարձրացնել “Արցախգազ” ընկերության  աշխատակիցների աշխատավարձերը և դրանք հավասարեցնել հանրապետական միջին աշխատավարձին:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նախագահը ստորագրել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը

ստորագրելՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը:

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Երիտասարդ նախագահների կազմակերպության ներկայացուցիչներին

6945Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Երիտասարդ նախագահների կազմակերպության (YPO) Մեծ Եվրոպայի մասնաճյուղի անդամների հետ: Կազմակերպությունը, նպատակ ունենալով կրթության և գաղափարների փոխանակման միջոցով բարելավել ղեկավարումը, այսօր միավորում է ավելի քան 20,000 բիզնես ղեկավարների՝ 125 երկրներից:

Երիտասարդ նախագահների կազմակերպության Մեծ Եվրոպայի մասնաճյուղի անդամները Հայաստան են ժամանել հունիսի 12-ին և հասցրել են մի շարք հանդիպումներ ու քննարկումներ ունենալ, այցելել Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրեր, ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու տնտեսությանը:

Հանրապետության Նախագահը ողջունել է կազմակերպության ներկայացուցիչների այցը մեր երկիր և հույս հայտնել, որ երիտասարդ ղեկավարները կօգտվեն հայաստանյան այցի ընձեռած հնարավորություններից և նոր գործընկերային կապեր կհաստատեն, կծանոթանան Հայաստանի գործարար միջավայրին, տնտեսական զարգացման հնարավորություններին ու հեռանկարին: Սերժ Սարգսյանը կարևորել է Երիտասարդ նախագահների կազմակերպության գործունեությունը՝ ուղղված երիտասարդ գործարարների համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը. միջավայր, որտեղ խրախուսվում են նոր տեսակետները, անընդհատ սովորելու և փորձը մյուսներին փոխանցելու ձգտումը՝ ոգևորելով միմյանց:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Երիտասարդ ղեկավարները Հանրապետության Նախագահից հետաքրքրվել են Հայաստանի հարաբերական առավելություններով, մեր երկրի զարգացման հեռանկարով, ներդրումային միջավայրով, իրականացվող բարեփոխումներով, Հայաստանի արտաքին քաղաքականությամբ և մի շարք այլ հարցերով: