Հաստատվել է “Արցախգազ” ՓԲԸ 2013թ. տարեկան հաշվետվությունը

Արա ՀարությունյանԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ներկա է գտնվել “Արցախգազ” ՓԲԸ տարեկան ընդհանուր ժողովին, որը հրավիրվել է այսօր` ԱԺ-ի պատգամավորների, կառավարության անդամների, ընկերության աշխատակիցների մասնակցությամբ: Ընկերության գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի զեկույցի համաձայն` 2013թ.  հանրապետություն է ներմուծվել ավելի քան 41 մլն խ/մ բնական գազ, որը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 0,2 տոկոսով: Բնակչության կողմից իրացված գազի ծավալը մոտ 6 տոկոսով քիչ է 2012 թ. ծավալից, նվազել են կորուստները, իսկ 75 տոկոսով նվազել է վնասը` կազմելով մոտ 144 մլն դրամ: Հանրապետության քաղաքներից գազաֆիկացված է 7-ը, գյուղերից` 78-ը: Ընկերության կողմից գազամատակարարման ցանցերում այժմ կատարվում են միայն անվտանգ սպասարկման, վերականգնման, նորոգման և շահագործման աշխատանքներ: Անդրադառնալով  առաջիկա ծրագրերին  և խնդիրներին` ընկերության տնօրենի և աշխատակիցների կողմից նշվել է հիմնականում ավտոմեքենաների թարմացման և շենքերի վերանորոգման անհրաժեշտությունը: Նախագահի հանձնարարականի հիման վրա Մարտակերտ շրջկենտրոնի սպաների համար կառուցված շենքի պայմանները կուսումնասիրվեն` այն մոտ ապագայում գազաֆիկացնելու նպատակով: Հաշվետվություններն ամփոփվելուց հետո, կառավարության ղեկավարը ներկայացրել է ոլորտի վերաբերյալ իր դիտարկումները և ռազմավարական մոտեցումներն: Ըստ Ա. Հարությունյանի` առաջիկայում բնական գազի ներմուծման ծավալները կպահպանվեն, իսկ գազաֆիկացում կիրականացվի միայն անհրաժեշտության դեպքում: Վարչապետի խոսքով՝ գազի սպառման ծավալները կավելացվեն հիմնականում արտադրության ճյուղերի ընդլայնմանը զուգահեռ: Նա նշել է, որ շարունակվելու են աշխատանքները տեխնիկական սպասարկման և շենքային պայմանների բարելավման ուղղություններով: Կառավարության ղեկավարն առաջարկել է հուլիսի 1-ից 20 տոկոսով բարձրացնել “Արցախգազ” ընկերության  աշխատակիցների աշխատավարձերը և դրանք հավասարեցնել հանրապետական միջին աշխատավարձին:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Tags: ,