Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի վարչապետի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ջոոմարթ Օթորբաևի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Հովիկ Աբրահամյան

Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Ջոոմարթ Օթորբաևը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի և Ղրղզստանի միանալու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը և խորացմանը վերաբերող հարցեր:

Հայաստանի վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Իրանի նախագահի առաջին տեղակալին

հովիկ աբրահամյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Թեհրանի օդանավակայանում մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների կապակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ օգոստոսի 10-ին Թեհրանի օդանավակայանում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական կործանման հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:
Մենք կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի վիշտը և մեր կարեկցանքն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին»
, – նշված է ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձում:

Անկախ

Ժողովուրդը միասնական է անվտանգության հարցում. ՀՀ վարչապետ

11478_am_3Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները, աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Կառավարության ղեկավարը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Կողմերը քննարկել են առաջնագծում ստեղծված իրավիճակը, երկկողմ տնտեսական համագործակցության հետագա խորացմանն ուղղված հարցեր: Հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ևս մեկ անգամ շեշտել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Միաժամանակ ընդգծվել է, որ հայկական զինված ուժերը պատրաստ են հետագայում ևս ամենաբարձր մակարդակով ապահովել ՀՀ-ի և ԼՂՀ-ի ժողովրդի անվտանգությունը: Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր այցի նպատակը մեկն է. լինել առաջին գծում՝ մեր զինվորների կողքին: Խանդավառություն կա և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ժողովուրդը, հասարակությունը միասնական են անվտանգության հարցում: Դա շատ կարևոր է: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանի անվտանգությունը սկսվում է Արցախի անվտանգությունից, և եթե Արցախում ամեն ինչ ապահով է, ապա Հայաստանի Հանրապետությունը նույնպես անվտանգ է: Այսօր մեր զինվորների բարձր ոգին մեզ ոգևորում է: Իհարկե, մեր ցանկությունն է, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցություների արդյունքում, բայց եթե մեզ պարտադրում են և դիպուկահարներն անընդհատ փորձում են սպանել մեր զինվորներին, ապա մենք ունենք այդ հնարավորությունը` պաշտպանելու մեր հողն ու երկիրը:
Մեր նպատակն է՝ ծանոթանալ խնդիրներին, փորձել աջակից լինել նաև բարոյապես, որպեսզի մեր զինվորները հասկանան, որ իշխանություններն ու ժողովուրդն իրենց կողքին են: Համարում եմ, որ պարտավոր ենք նման այցելություններ կատարել, և այս վերջին լարված օրերին միշտ եղել ենք սահմանապահ գյուղերում: Այսօր էլ եկել ենք Լեռնային Ղարաբաղ և գիշերը լինելու ենք դիրքերում, առաջին գծում` մեր զինվորների կողքին: Մենք որևէ աջակցություն չենք խնայելու, որպեսզի մեր բանակը լինի ավելի մարտունակ: Մենք յուրաքանչյուր ֆինանսական ռեսուրս պատրաստ ենք տրամադրել` զինելու մեր բանակը, պաշտպանելու մեր հողը, սահմանը: Մենք այլընտրանք չունենք:
Լեռնային Ղարաբաղի նախագահը նաև մի կարևոր առաջարկ արեց, որ մենք պետք է ունենանք այնպիսի սարքավորում, որը թույլ կտա դիտարկել ողջ սահմանը: Այժմ հաշվարկվում է այդ նախագիծը: Հայաստանի կառավարությունը կփորձի անպայման սատարել այդ ծրագրի իրականացմանը»
:
ՀՀ վարչապետը հանդիպել է նաև ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասում կայացած զինվորների երդմնակալությանը ներկա զինծառայողների ընտանիքների անդամներին:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը

7746_bՆախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» ծրագրին։

Արտակ Ալեքսանյան – Պարոն նախագահ, տևական ընդմիջումից, ըստ էության, տասն ամիս դադարից հետո, Դուք հանդիպեցիք Ադրբեջանի Ձեր գործընկերոջ հետ: Ինչպե՞ս եք գնահատում բանակցությունները:

Սերժ Սարգսյան – Մենք, ընդհանրապես, ելնում ենք այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծում գոյություն չունի: Եվ եթե այդպես է, ապա խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Ուստի մենք մշտապես, առանց որևէ ձևականությունների, ինչպես ասում են̀ «առանց նազ ծախելու», մշտապես համաձայնվում ենք հանդիպումների, առավել ևս̀ բարձր մակարդակով հանդիպումների, և այս դեպքն էլ բացառություն չէր: Մենք անմիջապես արձագանքեցինք Ռուսաստանի նախագահի հրավերին̀ հանդիպելու Սոչիում, և ինչպես տեսաք՝ հանդիպումը կայացավ:

Արտակ Ալեքսանյան – Արդյո՞ք ձեռքբերված պայմանավորվածությունները հիմք կծառայեն հրադադարը պահպանելու համար: Ընդհանրապես, խոսվե՞ց վերջին միջադեպերի մասին:

Սերժ Սարգսյան – Վերջին միջադեպերի մասին չէր կարող չխոսվել, որովհետև միջադեպերի կանխարգելումը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս է: Բայց առանձին պայմանավորվածություն, որպես այդպիսին, ձեռք չբերվեց̀ ելնելով այն հանգամանքից, որ դա ինքնըստինքյան ենթադրվում է: Չեմ կարծում, որ իմաստ ունի խոսել նոր համաձայնագրի մասին, որովհետև՝ ի՞նչ տարբերություն այդ համաձայնագիրը հիմա է կնքվում, թե նախկինում է կնքվել՝ առավել ևս, որ նախկինում՝ 1994 և 1995 թվականներին երկու համաձայնագրեր են կնքվել և կողմերն ուղղակի պարտավոր են կատարել այդ համաձայնագրերի պահանջները: Այլ բան, եթե նոր դրույթներ լինեն և նոր դրույթների հիման վրա համաձայնագիր կնքվի̀ ընդհանրապես ռազմական ուժ չկիրառելու մասին. սա մի ավելի բարձր աստիճան է, քան հրադադարի մասին համաձայնագիրը: Ընդհանրապես, միջնորդների կողմից և մեր կողմից այդպիսի հարցեր բարձրացվում են, բայց մենք դեռևս չենք տեսնում, որ Ադրբեջանը դրան դրական է արձագանքում:

Արտակ Ալեքսանյան – Այսինքն կա հնարավորություն, որ սահմանային միջադեպերը նույն ինտենսիվությամբ կշարունակվե՞ն:

Սերժ Սարգսյան – Ես չեմ կարծում, որ նույն ինտենսիվությամբ կշարունակվեն, որովհետև նախ՝ դեպքերը ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերն ամբողջովին տիրապետում են իրավիճակին, և ադրբեջանցիների բոլոր փորձերն, անշուշտ, ձախողվեցին. մի տեղ շատ ավելի արագ և կտրուկ, մեկ այլ տեղ՝ որոշակի կորուստներով:

Ընդհանրապես, ամենաարդյունավետ մեխանիզմը՝ միջադեպերի կանխման, հետաքննման միջազգային մեխանիզմ ձևավորելն է: Եթե մենք կարողանանք այդպիսի մեխանիզմ ձևավորել, ես կարծում եմ, որ դա միջադեպերը կանխելու շատ լուրջ խթան կլինի, որովհետև նման մեխանիզմը ենթադրում է մեղավորների ի հայտ բերում և դրա մասին հանրությանը, այդ թվում՝ միջազգային հանրությանը, տեղյակ պահելու հանգամանք: Այնպես որ, մենք այս ուղղությամբ պետք է աշխատենք:

Արտակ Ալեքսանյան – Սահմանային միջադեպերի մասին դեռ կխոսենք, այժմ անդրադառնանք բանակցային գործընթացին: Պարոն նախագահ, կա կարծիք, որ այս տևական ընդմիջումները բանակցային գործընթացը հետ են գցել: Դա շարունակվելո՞ւ է, թե՞, այնուամենայնիվ, սկսում եք զրոյից:

Սերժ Սարգսյան – Զրոյից ոչինչ չենք սկսում, և հետ ընկնելը կամ առաջ ընկնելը հարաբերական հասկացողություններ են: Մենք բանակցությունները վարում ենք Կազանյան փաստաթղթի շուրջ և դա 2011 թվականի փաստաթուղթն է, որը ստորագրելուց Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվեց: Կազանյան փաստաթուղթը, ինչպես հայտնի է, հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա և ենթադրում է խնդրի լուծում երեք հիմնական սկզբունքների, այն է̀ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

Արտակ Ալեքսանյան – Այս օրերին, ի դեպ, շատ էր խոսվում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հնարավոր խաղաղապահների տեղակայման հարցի մասին: Խոսվում էր անգամ ռուս խաղաղապահների մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հեռանկարին:

Սերժ Սարգսյան – Ես առաջին անգամ եմ լսում միայն ռուս խաղաղապահների մասին, իսկ, ընդհանրապես, Մադրիդյան սկզբունքները ենթադրում են խաղաղապահների տեղակայում շփման գծի ողջ երկայնքով, այսինքն` կողմերի միջև: Բայց դա այս բանակցությունների առարկան չէ և թեման չէ, որովհետև այստեղ միայն զուտ սկզբունքը պետք է քննարկվի̀ լինելո՞ւ են արդյոք խաղաղապահներ, թե՞ չէ: Կազանյան փաստաթղթում այդ դրույթը կա: Իսկ խաղաղապահ ուժերի կազմը, լիազորությունները կորոշվեն Մեծ համաձայնագրում, որը պետք է հետևի այս փաստաթուղթը ստորագրելուն:

Արտակ Ալեքսանյան – Ինչպե՞ս եք պայմանավորվել՝ արդյո՞ք հանդիպումները կդառնան պարբերական և ձեզ կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե՞ կինտենսիվանան եռակողմ հանդիպումները:

Սերժ Սարգսյան – Որևէ կոնկրետ պայմանավորվածություն չունենք, բայց ակնհայտ է, որ խնդրով հիմնականում զբաղվում են Մինսկի խմբի համանախագահները: Բայց բոլոր երեք երկրների նախագահներն էլ պարբերաբար իրենց ժամանակից հատկացնում են այս կարևոր խնդիրը լուծելու համար:

Ես այնպես եմ հասկանում, որ Ռուսաստանի նախագահի համար այս հանդիպումը կարևոր էր նրանով, որպեսզի իր համար ճշտի̀ արդյո՞ք կողմերը ցանկանում են, որպեսզի խնդիրը լուծվի, և եթե այո, ապա՝ որո՞նք են կողմերի ակնկալիքները: Եվ կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահն իր նպատակին հասավ:

Արտակ Ալեքսանյան – Եվ հիմա արդեն սահմանային միջադեպերի մասին: Փաստորեն՝ անմիջապես Սոչիի հանդիպմանը նախորդեցին սահմանային միջադեպերը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ խնդիր էր փորձում լուծել Ադրբեջանը:

Սերժ Սարգսյան – Տարբեր: Տարբեր նպատակներ կան: Իհարկե, ամենագլխավոր և կարևոր նպատակն այն է, որպեսզի միջազգային հանրությանը հասցվի այն գաղափարը, այն միտքը (և Ադրբեջանի ղեկավարը դա երբեք չի թաքցրել), որ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է պատերազմի մի փուլը, և պետք է հիմա շատ շտապ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի խնդիրը ստանա իր վերջնական լուծումը: Մենք բոլորս էլ համոզվել ենք, որ դա այդպես է: Չեք կարող հիմա ինձ հիշեցնել մի դեպք, որ յուրաքանչյուր կարևոր հանդիպումից առաջ կամ հետո միջադեպերի ինտենսիվություն չգրանցվի: Իսկ այդպիսի կարևորագույն հանդիպումն, իհարկե, այն գլխից ենթադրում էր այդպիսի մոտեցում:

Հաջորդ նպատակը, որ Ադրբեջանի զինված ուժերը, Ադրբեջանի ղեկավարությունն իր առջև դնում է, դա, ինչպես ժողովուրդն է ասում՝ «հայերի աչքը վախեցնելն է»: Նրանք ուզում էին ցույց տալ և իրենց, և ուրիշներին, որ իրենք ուժեղ են, իրենց զինված ուժերը մարտունակ են, և իրենք կարող են, ինչպես իրենք են ասում, «պատժել հայկական զինված ուժերին»: Ինչպես տեսաք, այդ խաբկանքը նրանց հասցրեց ոչ բարենպաստ հանգրվանի:

Երրորդ նպատակը, կարծում եմ, ներքաղաքական է. Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է արդարացնել իր կոշտ քաղաքականությունը երկրի ներսում՝ պատերազմը ավարտված չլինելու հանգամանքը շահարկելով:

Կարելի է նաև այլ նպատակներ և պատճառներ ասել, բայց, կարծում եմ, հիմնական նպատակներն այս երեքն են:

Արտակ Ալեքսանյան – «Հայերին վախեցնելու կոնտեքստում» ինչպե՞ս եք գնահատում մեր զինվորների և կեցվածքը, և գործողություններն առաջին գծում: Կարո՞ղ ենք արձանագրել, որ բանակն, ըստ էության, իր բարձունքի վրա գտնվեց, պահպանեց սահմանը և ունակ է շարունակելու դա անել:

Սերժ Սարգսյան – Ինձ համար երբեք երկու կարծիք չի եղել: Ես շատ լավ գիտեմ մեր զինված ուժերը, գիտեմ մեր զինված ուժերի հնարավորություններն ու կարողությունները, և երբ պարբերաբար ասում էի, որ մեր զինված ուժերը մարտունակ են, շատերը, երևի թե, թերահավատ էին: Բայց այս իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան են առաջ գնացել մեր զինված ուժերը իրենց պրոֆեսիոնալ վարպետությունը կատարելագործելով: Մենք շատ լավ կազմակերպված, կազմակերպվածության բարձր աստիճան ունեցող զինված ուժեր ունենք, և մեր զինված ուժերում կառավարումը գրեթե անթերի է: Սա չափազանց էական հանգամանք է, շատ կարևոր հանգամանք է: Եթե ստորաբաժանման ղեկավարը չի կարողանում կառավարել իր ենթականերին, ապա զինված ուժերը կամ այդ ստորաբաժանումը երբեք հաջողության հասնել չեն կարող: Մենք տեսանք, որ սկսած մեր ջոկի հրամանատարներից մինչև կորպուսների, բանակի հրամանատարներ կարողանում են վարպետորեն կառավարել իրենց զորքը, իրենց վստահված զինծառայողներին: Սա շատ էական հանգամանք է: Մեր տղաները հերոս տղաներ են:

Արտակ Ալեքսանյան – Պարոն նախագահ, մարտերը ոչ միայն սահմանին էին, այլ նաև լրատվական դաշտում և սոցցանցերում: Ընդ որում՝ այս ամբողջ ընթացքում տարբեր փորձագետներ կարծիքներ էին հայտնում, որ հայկական մեդիան կարողացավ պրոֆեսիոնալ գտնվել, խուճապ չտարածել, ճիշտ հակառակը̀ կարողացավ բալանսավորված ինֆորմացիա տալ և ադրբեջանական քարոզչությունը չհասցնել իր ընթերցողներին: Ընդհանուր առմամբ, կարո՞ղ ենք ասել, որ մենք պատրաստ ենք նաև որպես հասարակություն հարկ եղած դեպքում կանգնել մեր բանակի մեջքին ու գնալ հաղթանակների: Պատրա՞ստ ենք արդյոք նաև տեղեկատվական պատերազմին:

Սերժ Սարգսյան – Ես դրանում էլ եմ մշտապես համոզված եղել, Արտակ: Երբ ես ասում էի, որ այն պրոբլեմները, խնդիրները, որոնք առաջանում են, դա այն գինն է, որը մենք վճարում ենք փակ հասարակությունից բաց հասարակության անցնելու ճանապարհին, ես հենց դա նկատի ունեի: Ի տարբերություն միջնադարյան հասարակական հարաբերություններ հաստատող մեր հարևանի, մենք բաց հասարակություն ենք, և մեր մամուլն էլ ազատ է: Ով, ինչ ուզում է ասի՝ ինչքան էլ մեզ մեղադրեն մամուլը կառավարելու մեջ, գոնե մամուլի ներկայացուցիչների մեծ մասը գիտեն, որ իրենք ազատ են:

Իհարկե, սկզբնական փուլում որոշակի խնդիրներ ունեցանք: Ես ուշի ուշով հետևում էի և տեսնում էի, որ որոշ լրատվամիջոցներ, և առավել ևս՝ առանձին մարդիկ նույնիսկ փորձեցին մեր հակառակորդների մատուցած ինֆորմացիան որպես ճշմարտություն բերել, հասցնել մեր հասարակության անդամներին: Բայց դա շատ կարճ տևեց և, փառք Աստծո, որ առանց, ինչպես ասում են՝ առանց վերևից ցուցումի, առանց պարտադրանքի նրանք կարողացան համախմբել և շատ ճիշտ դիրքորոշում արտահայտել:

Նույնիսկ իշխանությունների նկատմամբ շատ կոշտ դիրքորոշում ունեցողները, մեր քաղաքական հակառակորդները իրենց մեջ ուժ գտան դրական արձագանքելու մեր բանակի գործողություններին, և դա նրանց պատիվ է բերում:

Բայց այստեղ մի հանգամանք կա, որը երբեք չպետք է մոռանանք. ակնհայտ է, որ 90-ական թվականների մեր հաղթանակը պայմանավորված էր ոչ միայն այն հանգամանքով, որ մենք պաշտպանում էինք մեր տունը, պայմանավորված էր ոչ միայն մեր զինվորների ու սպաների հերոսությամբ, մեր մարդկանց տոկունությամբ, այլ պայմանավորված էր նաև Ադրբեջանի հասարակության մեջ տիրող խառնաշփոթությամբ: Մենք շատ մեծ ինֆորմացիա էինք ստանում հենց Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումներից (սա չի նշանակում, որ նրանք մեր գործակալներն էին, կամ մենք նրանց հետ հատուկ հարաբերություններ ունեինք), մենք կարողանում էինք ճիշտ ինֆորմացիա քաղել նրանց գործողությունների մասին, նրանց հայացքների, կարողությունների մասին: Այդ հանգամանքը, անշուշտ, որևէ մեկը չի մոռացել, չեն մոռացել նաև ադրբեջանցիները: Եվ երբ Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է և այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին: Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին՝ որոշ դեպքերում և որոշ հարցերի շուրջ լինել զուսպ:

Ես նրանց կոչ չեմ անում մեր դեմ չպայքարել: Ընդդիմությունը նրա համար է, որ որպեսզի պայքարի իշխանությունների դեմ, բայց երբ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է, երբ սահմաններին կոնֆլիկտների թիվը ավելանում է հակառակորդին ոգևորելը լավ բան չէ:

Արտակ Ալեքսանյան – Ի դեպ, հակառակորդի հիստերիայի մասին. այս ընթացքում հայտնի է, որ նույն Իլհամ Ալիևը Twitter-ում մեկ ժամում գրեթե 60 գրառում կատարեց, աննախադեպ Twitter-յան պատերազմ էր հայտարարել Հայաստանին և նույնքան անհավասարակշիռ հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը̀ Զաքիր Հասանովը: Մասնավորապես, նա ասաց որ ադրբեջանական զինված ուժերը պատրաստ են երկրի երեսից ջնջել Երևանը: Ինչպե՞ս եք դրանց վերաբերվում, պե՞տք է արդյոք դրանց արձագանքել:

Սերժ Սարգսյան – Ամեն ինչին արձագանքելը մեր գործելաոճը չէ: Ես խորը համոզմունք ունեմ, որ երկրի նախագահը, պաշտպանության նախարարը և որոշ այլ գործիչներ հուզական ելույթների իրավունք չունեն: Հուզական ելույթներն էլ են անհրաժեշտ, բայց այլ դեպքերում: Ամեն անգամ Սեյրան Օհանյանը, պատասխանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարին, ինչի՞ է հասնելու: Լեզվակռիվն ո՞ւմ է պետք: Կամ՝ ամեն անգամ ես պատասխանեմ Ադրբեջանի նախագահի անձնական վիրավորանքին: Եթե իմ չպատասխանելը դիտվեր այլ տեսանկյունից, կամ նրա ասածը դիտվեր իբրև ճշմարտություն, իհարկե, ես պարտավոր էի արձագանքել: Բայց ես ի՞նչ արձագանքեմ Ադրբեջանի նախագահի այն ասածներին, թե, իբր, Հայաստանի իշխանությունը կոռումպացված է, կրիմինալ է, չգիտեմ, ռազմական խունտա է և այլն: Ամբողջ աշխարհը մեղադրում է Ալիևին կոռուպցիայի մեջ, իսկ ինքը̀ մեզ: Ես ի՞նչ պետք է պատասխանեմ: Ես կարծում եմ̀ ոչ մեր հասարակության համար, ոչ միջազգային հանրության համար այստեղ որևէ խնդիր գոյություն չունի: Բայց, անշուշտ, կան դեպքեր, երբ պետք է պատասխանել, և անհրաժեշտ պարագաներում մենք պատասխանում ենք:

Ինչ վերաբերվում է Պաշտպանության նախարարի հոխորտանքին, ապա այսօր Ադրբեջանի նախագահը մի շատ լավ բան ասաց, բայց դրա հետ չէր կապված: Նա ասաց̀ կողմերը քաջատեղյակ են իրենց հնարավորությունների մասին: Իրոք, մենք քաջատեղյակ ենք, թե ինչպիսի հնարավորություններ ունեն Ադրբեջանի զինված ուժերը: Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է մեր հնարավորությունների մասին: Այո, և դա ես առանց որևէ մտավախության եմ ասում, Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանից կարող են «հասնել» նաև Երևանի սահմաններին, եթե ռազմական գործողություններ սկսվեն: Բայց այդպիսի բաներն անպատիժ երբեք չեն մնում, և Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ինչ կարողություններ ու հնարավորություններ ունեն հայկական զինված ուժերը: Նրանք շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, և որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: Ընտրության հարց է: Եթե այդ մարդիկ «իրենց գլխից ձեռք են քաշել», եթե նրանք որոշել են, որ պետք է գնալ ռազմական լայնածավալ գործողությունների և, նույնիսկ, կարող են Հայաստանի բնակավայրերը, որոնք սահմանամերձ չեն, ընտրել որպես թիրախ, ապա թող իրենք իրենց պատասխանատվության մասին մտածեն:

Ինձ որոշ դեպքերում թվում է, որ որոշ մարդիկ Բաքվում երեկոյան ժամերին̀ աշխատանքից հետո, համակարգչային խաղերով են զբաղված և կռիվ-կռիվ են խաղում: Բայց նրանք պետք է հասկանան, որ վիրտուալ իրականությունը մի բան է, իսկ իրականությունը̀ մեկ այլ բան: Երբեք չի կարելի չոր թվեր դնել և հաշվարկել, ասել̀ մեր համախառն ներքին արդյունքն այսքան է, Հայաստանինը̀ այսքան, մենք ունենք այսքան տանկ, Հայաստանը̀ այսքան տանկ, և եթե ռազմական գործողություններ լինեն, ապա մենք կհաղթենք: Իմ ասածը չի նշանակում, որ համախառն ներքին արդյունքը նշանակություն չունի, փողը, տանկերի քանակը նշանակություն չունեն: Ես դա չեմ ասում: Իհարկե, ունեն: Բայց դա բավարար չէ: Վերջին գործողություններն այդ մասին էին խոսում:

Այդ գործողությունների արդյունքում մենք ինչի՞ ականատես եղանք: Ադրբեջանցիներն ասում են, որ գործողությունների արդյունքում, իբր, հայկական զինված ուժերը ավելի շատ կորուստներ են ունեցել և, իբր, մենք այդ կորուստները թաքցնում ենք: Բայց ես չեմ կարծում, որ մեր հասարակության մեջ կա գոնե մեկ մարդ, որը այդպես կարծի: Անհնար է զինվորի կորուստը թաքցնել: Առավել ևս̀ մեր հասարակության մեջ: Չեմ կարծում, որ դա հնարավոր է: Մյուս կողմից ̀ իրենք փորձ են անում թաքցնել իրենց կորուստները իրենց իսկ հասարակությունից, և ինչ-որ ժամանակ դա իրենց հաջողվում է: Նրանք այդ կորուստները ձգում են ժամանակի մեջ, և եթե այսօր նրանք ունեցել են, ենթադրենք, տասը զոհ, ապա այդ տասը զոհի մասին նրանք չեն հայտարարում: Տասը զոհի մասին հայտարարում են մեկ շաբաթյա ժամանակահատվածում: Եվ որպեսզի այստեղ ավելորդ խոսակցություններ չլինեն, ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարին, որպեսզի հատուկ զբաղվեն և հրապարակեն մեր մամուլում՝ ինչպես մեր զոհերի անուն-ազգանունները̀ զինծառայողների նկատի ունեմ, այնպես էլ ադրբեջանական մահացած զինծառայողների անուն-ազգանունները, որպեսզի մարդիկ առարկայորեն տեսնեն̀ ով է ավելի շատ կորցրել և քանի անգամ: Դրա նպատակն այն չի, որ մենք ուրախանում ենք: Անձամբ ես մեծ ուրախություն չեմ ապրում ադրբեջանցիների շատ կորուստներով: Ես հպարտության մեծ զգացումներ եմ ունենում մեր տղաների գործողությունների համար: Ինձ համար ամենակարևորն այն է, որ մենք կորուստ չունենանք, կամ քիչ ունենանք: Իսկ թե նրանք ինչքան կորուստ կունենան, ինձ ամենաշատ հետաքրքրող հարցը չէ: Բայց իրենց հասարակությունը պետք է իմանա, թե ինչի է հասցնում այդ ոչ լուրջ վերաբերմունքը պատերազմի կամ միջադեպերի նկատմամբ: Պատերազմը վատ բան է: Միջադեպերն էլ լավ բան չեն, ուստի մենք շատ զգույշ պետք է լինենք և, անշուշտ, մշտապես մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք մեր քաջ տղաների բարեկամներին, հարազատներին, երեխաներին, ծնողներին, ովքեր իրենց կյանքի գնով կարողացել են անել այնպես և նախկինում, և հիմա, որ մեր զինված ուժերի նկատմամբ մեր ժողովուրդը իր հավատը պահպանի:

Երբ խոսում ենք թաքցնել կամ չթաքցնելու մասին, դա մի բան է, որ շատ դժվար է մշտապես վերահսկել: Ես առաջարկում եմ մեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ շատ ուշադիր ընթերցել վերջին տասը օրերի ընթացքում և Ալիևի ելույթները, և իրենց պաշտպանության նախարարի ելույթները, բայց ոչ միայն իրենց ելույթները, այլ իրենց հանդիպումների ժամանակ հնչած ելույթները: Եթե դուք դա փորձեք անել, կտեսնեք, որ, օրինակ, Աղդամի հանդիպման ժամանակ սկզբից բոլորն ասում էին, որ իրենք շատ քիչ կորուստներ են ունեցել, բայց այնտեղ ելույթ ունեցողներից մեկն ասաց̀ այն օրը մենք ունեցանք 12 զոհ: Ինչ ուզում ես արա, մեկ է̀ մի տեղից դուրս է գալիս: Երկար ժամանակ չես կարող այդ ստով կերակրել բոլորին:

Արտակ Ալեքսանյան – Պարոն Նախագահ, վերջին միջադեպը, որն ուղղակի նյարդայնացրեց հասարակությանը, դա Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանի գերի ընկնելու և գերության մեջ մահանալու փաստն էր: Ըստ էության՝ մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ Կարենի օրինակով գործ ունենք ռազմական հանցագործության հետ՝ երբ միջազգային նորմերը չեն պահպանվել. խաղաղ բնակչին, որի նկատմամբ տեղի է ունեցել բռնություն, ստիպել են, որպեսզի ցուցմունք տա, ինքնախոստովանի, որ ինքը դիվերսանտ է, և այնքան են խոշտանգել, որ մահացել է:

Սերժ Սարգսյան – Բոլոր դեպքերում այդ մահը ադրբեջանցիների խղճի վրա է, և այդ մահվան պատասխանատուն, իհարկե, նրանք են: Այսօր մեկ այլ թեմայով խոսելիս ես Ռուսաստանի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի նախագահին ասացի, որ ամոթ է այդպիսի մարդկանց սպանելը: Նա ասաց՝ «մենք չենք սպանել»: Ասացի՝ մարդը՝ 31 տարեկան տղան, ինչի՞ պիտի անցներ, ինչպես ես եմ տեղեկացված՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ, ձեզ մոտ և մահանար: Ասում է՝ «դե կարող է՝ վախեցել է, մահացել է»: Բայց մենք պետք է զուսպ լինենք. պատերազմը հանաք չի, պատերազմը անլուրջ վերաբերմունք չի ընդունում: Ես հասկանում եմ, որ անհնար է բոլորին վերահսկել, ես հասկանում եմ, որ տարբեր հանգամանքներ են լինում, և դա չի արդարացնում ադրբեջանցիների գործողությունները, բայց մեր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները շատ լավ պետք է հասկանան, որ գործ ունեն թշնամու հետ՝ զայրացած, գազազած թշնամու հետ:

Արտակ Ալեքսանյան – Սահմանային միջադեպերի ժամանակ փորձագետները նշում էին ՀԱՊԿ-ի լռությունը: Չէ՞որ այդ սահմանային միջադեպերը ոչ միայն շփման գծում էին, այլև հայ-ադրբեջանական պետական սահմանին: Ինչո՞ւ ՀԱՊԿ-ն որևէ կերպ չարձագանքեց:

Սերժ Սարգսյան – Ես կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկար: ՀԱՊԿ-ի գործողությունները մշտապես պայմանավորված են լինում դիմող երկրի գործողություններով:

Իհարկե, ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել և կարող էր սա զուտ տեխնիկական խնդիրներով պայմանավորված լինել: Որքանով ես տեղյակ եմ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մոտ ժամանակներս պիտի այցելի Հայաստան: Սա արդեն վերաբերմունք է: Եվ երկրորդ՝ դուք հնարավորություն կունենաք այս հարցերը նրան ուղղելու:

Իրոք ես համոզված եմ, որ դրա անհրաժեշտությունը չկար: Եթե որևէ մեկը մտածում է, որ եթե ՀԱՊԿ-ը արձագանքեր, ապա ադրբեջանցիներն անմիջապես կդադարեցնեին, ապա կարծում եմ, որ նա սխալվում է:

Իսկ ինչ վերաբերում է, ընդհանրապես, ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը, ապա այդ դիրքորոշումը հայտնված է 2012 թվականի փաստաթղթի մեջ, և այդ փաստաթուղթը իր ուժը չի կորցրել: ՀԱՊԿ-ի դիրքորոշումը միանշանակ պարզ է:

Արտակ Ալեքսանյան -Պարոն նախագահ, ինչպես եք գնահատում Թուրքիայի վերաբերմունքը վերջին միջադեպերին, երբ երկրի ամենաբարձր մակարդակով ցավակցություն էին հայտնում միայն Ադրբեջանին: Եվ Թուրքիայում այսօր ընտրում են մի մարդու, ով հրապարակային իր ելույթների ժամանակ իր հայ լինելու վարկածը որակել է որպես վիրավորանք: Արդյո՞ք սա հիմք է տալիս պնդելու, որ բոլոր այն սպեկուլյացիաները՝ Թուրքիայի բանակցային գործընթացում հնարավոր միջնորդական առաքելության մասին, արդեն վերջնականապես կդադարեն:

Սերժ Սարգսյան – Բայց ինչո՞ւ եք զարմանում Թուրքիայի վերաբերմունքից: Եղե՞լ է դեպք, երբ Թուրքիան անաչառ դիրքորոշում է արտահայտել: Թուրքիան այն երկիրն է, որ միանշանակ սատարում է Ադրբեջանին: Ցանկացած հարցում: Եվ ես իրոք կզարմանայի, եթե պարոն Էրդողանը ցավակցություն հայտներ նաև հայկական կողմին:

Ինչ վերաբերում է նրա մոտեցումներին, ես կարծում եմ՝ այստեղ էլ զարմանալի ոչինչ չկա: Եվ իրոք կարծում եմ, որ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է: Այնպես որ՝ այստեղ էլ պետք չէ զարմանալ: Այլ բան, որ այդպիսի դիրք զբաղեցնող մարդիկ պետք է զուսպ լինեն: Իսկ նրանք զսպվածություն չունեն: Թուրքիայի դիրքորոշումը մեզ համար շատ պարզ է, ակնհայտ է: Մենք դրանում քանիցս համոզվել ենք: Այդ թվում նաև՝ արձանագրությունների բանակցությունների ժամանակ: Դրա համար մենք շատ ուշադիր էինք՝ հանկարծ այդ արձանագրություններում որևէ կետ, որևէ դրույթ չլինի, որ կարող է մեզ կաշկանդել ղարաբաղյան բանակցություններում: Այնպես որ՝ այստեղ ամեն ինչ պարզ և հստակ է:

Եվ մի բան էլ՝ շատերը մտածում են, որ իր առջև դնելով տարածաշրջանային առաջնորդ դառնալու խնդիր՝ Թուրքիան կարող է հավասարակշիռ դիրքորոշում, հավասարաչափ մոտեցում ցուցաբերել: Դրանք միամիտ մարդիկ են՝ ոչ միայն մեր նկատմամբ, այլ ուրիշների նկատմամբ: Չեմ տեսնում այսօր Թուրքիայում իշխող քաղաքական ուժի կողմից այդպիսի միտումներ, այդպիսի գործողություններ: Պետք է շատ ավելի լայնախոհ դրսևորումներ լինեն, որպեսզի մենք երբևէ հասնենք այդպիսի իրավիճակի:

Արտակ Ալեքսանյան -Բացի եռակողմ ձևաչափից, Դուք Վլադիմիր Պուտինի հետ ունեցել եք նաև երկկողմ հանդիպում, և արդյոք խոսե՞լ եք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին, արդյոք քննարկե՞լ եք՝ երբ հնարավոր կլինի անդամակցությունը, ինչո՞ւ են ժամկետները տեղաշարժվում:

Սերժ Սարգսյան – Մենք ունեցել ենք երկկողմ հանդիպում՝ շատ ավելի տևական ժամանակով, քան այսօրվա հանդիպումն էր, և խոսել ենք հայ-ռուսական օրակարգի բոլոր խնդիրների մասին: Բոլոր այն հարցերի մասին, որ կարող էին մտահոգել մեր հանրությանը. սկսած ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ վարկային միջոցների տրամադրման ժամկետից ու կառուցվածքից, որովհետև ենթադրվում է բավականաչափ մեծ՝ 15 տոկոս դրամաշնորհային էլեմենտ, վերջացրած՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալու ժամկետների և պայմանների մասին, ավարտած՝ ռազմա-տեխնիկական համագործակցության խնդիրներով: Եվ ես պետք է իմ բավարարվածությունը հայտնեմ այդ հանդիպման բովանդակությունից: Արդյունքները ժամանակը ցույց կտա: Բայց բովանդակությունը մեզ համար շատ էական էր, շատ կարևոր: Ես կարծում եմ՝ մոտ ժամանակներս մենք արդեն կտեսնենք նաև արդյունքները:

Արտակ Ալեքսանյան -Անդամակցությունն այս տարի չի լինի:

Սերժ Սարգսյան – Անդամակցությունը մենք երբեք չէինք ենթադրում, որ այս տարվանից կլիներ: Խոսքը երևի ստորագրման մասի՞ն է:

Արտակ Ալեքսանյան – Այո

Սերժ Սարգսյան – -Ես չեմ կարծում, որ այս տարի չենք ստորագրի: Ես կարծում եմ՝ կստորագրենք: Եվ հանկարծ, մեկ էլ տեսար, այդ ժամանակը շատ չձգվեց՝ մինչև աշուն: Տեսնենք:

Արտակ Ալեքսանյան -Պարոն նախագահ, արդյոք Վլադիմիր Պուտինի հետ քննարկե՞լ եք ռուսաստանահայ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը և քրեական գործը: Հայտնի է, որ նա ունի առողջական խնդիրներ, մինչդեռ մինչև այժմ նրան ոչ տեղափոխել են հիվանդանոց, ոչ էլ խափանման միջոցն են փոխել:

Սերժ Սարգսյան – Ինչպես ասացի՝ բոլոր հարցերն ենք քննարկել: Այդ թվում նաև՝ այդ հարցը: Ռուսաստանի Նախագահը խոստացավ՝ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից, և ոչ էլ ճանաչում էր Լևոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով: Նա խոստացավ ուսումնասիրել և մեզ տեղեկացնել՝ կապված առողջական խնդիրների հետ:

Արտակ Ալեքսանյան – Եվ վերջին հարցը: Պարոն նախագահ, Հայաստանի տնտեսությունն այսօր ադապտացվում է երկու փոփոխությունների. առաջինը Վրաստանի եվրաինտեգրացումից բխող նոր կարգավորումներն են, և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Ինչպե՞ս են այս երկու գործընթացները ազդելու Հայաստանի տնտեսության վրա, և մենք ունե՞նք արդյոք բացասական հետևանքները մեղմելու սցենարներ:

Սերժ Սարգսյան – Ընդհանուր կարծիք կա, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են բացասական հետևանքներ ունենալ նաև Հայաստանի տնտեսության համար: Այս տեսակետի կողմնակիցները ելնում են այն հանգամանքից, որ եթե Ռուսաստանի տնտեսությունը քիչ աճ ունենա կամ չաճի, և քանի որ մեր տնտեսությունը սերտորեն շաղկապված է Ռուսաստանի տնտեսության հետ, անպայման Հայաստանի համար բացասական հետևանքներ կարող են լինել: Ես չեմ կարող հերքել այդ վարկածը: Բայց դա ընդամենը վարկած է: Թեև՝ շատ հավանական, բայց՝ վարկած է: Մշտապես այդպիսի թեմաները դառնում են սուր քննարկումների, բանավեճերի առարկա: Միգուցեև դա ճիշտ է: Բայց մյուս կողմից էլ դա որպես պարզ ճշմարտություն չի կարելի ընդունել, և մենք իրավունք չունենք դա ընկալելու, որ հենց այդպես է լինելու՝ անպայման բացասական հետևանքներ են լինելու:

Ինչ վերաբերում է կանխարգելիչ միջոցառումներին, ապա Հայաստանի կառավարության ծրագրով այդպիսի միջոցառումներ նախատեսված են: Եթե հիշում եք՝ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը հաստատելու ժամանակ վարչապետը այդ մասին հանգամանորեն խոսեց: Մենք այնպիսի թվեր ենք նախանշել, որ վատ հետևանքներ գրեթե ես բացառում եմ, որ կունենանք: Մենք պետք է վարենք ճիշտ մակրոտնտեսական քաղաքականություն՝ և կարճաժամկետ առումով, և երկարաժամկետ առումով, խրախուսենք տնտեսությանը, որպեսզի արձանագրենք տնտեսական աճ:

Ուրախ եմ, որ այլ պարամետրեր այսօր մտահոգության քիչ առարկա են. որևէ մեկն այսօր չի խոսում գնաճի մասին, մեծ գնաճի մասին և այլնի մասին: Հիմա էլ ասում են՝ աճի տոկոսը փոքր է, ցածր է: Հասկանում եմ, որ ցածր է: Կցանկանայի լիներ ոչ թե 3 տոկոս, այլ 30 տոկոս: Բայց բոլոր ցանկությունները չեն, որ իրականանում են: Ես կարծում եմ՝ կարևորն աճ ունենալն է, և կարևորն այն է, որպեսզի մենք կարողանանք օգտվել նաև նոր ի հայտ եկած հնարավորություններից:

Մի կողմից ասում ենք, որ պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ, և սա կարող է Ռուսաստանի տնտեսությանը վնասել, բայց մոռանում ենք ասել, որ Ռուսաստանն էլ պատժամիջոցներ է կիրառել այլ երկրների դեմ: Նշանակում է՝ ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել մեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար: Խնդրեմ՝ կոմպենսացնենք: Մենք խրախուսելու ենք մարդկանց, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ մթերքն իրացվի Ռուսաստանի Դաշնությունում: Բայց միայն մեր ձեռնարկած միջոցներն ու մեր ցանկությունը բավարար չեն: Մենք պետք է հասկանանք, որ բարեկեցության աղբյուրն աշխատանքն է: Այլ ճանապարհ չկա: Իհարկե, ամեն ինչը շատ կարևոր է. բաց հասարակությունը կարևոր է, գիտությունը կարևոր է, առողջապահությունը կարևոր է, մրցակցությունը կարևոր է, ամենը կարևոր են, բայց ամենակարևորը աշխատանքն է: Եթե բոլորս գիտակցենք, որ մեր բարեկեցության աղբյուրը աշխատանքն է, մենք շատ խնդիրներ լուծած կլինենք:

Անկախ

Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը

Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը

Սոչիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում ստեղծված իրավիճակին առնչվող խնդիրները:

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշել է. «Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ռուսաստանում ձեզ հետ հանդիպելու հնարավորության համար: Մենք երեկ հնարավորություն ունեցանք խոսել երկկողմ հարաբերությունների մասին և՛ Հայաստանի Նախագահի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ: Երեկոյան նաև ոչ պաշտոնական շփում ունեցանք: Իհարկե, փառք Աստծո, մենք երեկ երեկոյան չանդրադարձանք գործնական բնույթի հարցերի, բայց, այնուամենայնիվ, միմյանց հետ տարբեր թեմաներով խոսելու հնարավորություն կար: Իմ կարծիքով, դա որոշակի մթնոլորտ է ստեղծում, որպեսզի բացեիբաց խոսենք ամենադժվար, ամենածանր հարցերով՝ կապված տարածաշրջանային կարգավորման հետ: Բնականաբար, գոյություն ունեն այդ խնդիրների լուծման, ղարաբաղյան կարգավորման միջազգային ձևաչափեր, և, անկասկած, մենք հարգանքով ենք վերաբերում այդ բոլոր միջազգային ձևաչափերին և շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ: Բայց, ելնելով նրանից, որ մեզ մոտ ամեն դեպքում յուրահատուկ, առանձնահատուկ սերտ հարաբերություններ են, այնպիսի խոր նախապատմություն է, որը թույլ է տալիս բացեիբաց մտքեր փոխանակել, թե որտեղ ենք մենք գտնվում և ինչ պետք է անել, որպեսզի առաջ շարժվենք անցյալից մեզ հասած այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Ամեն դեպքում, ինձ թվում է, որ դա օգտակար է: Ամեն դեպքում օգտակար է: Եվ ես շատ ուրախ եմ ձեզ հետ այսօր հանդիպելու և բոլոր այդ թեմաներով խոսելու հնարավորության համար: Եթե ինչ-որ բան ունեք ավելացնելու, խնդրեմ»,-ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ադրբեջանի նախագահն ասել է. «Շնորհակալ եմ, Վլադիմիր Վլադիմիրի: Շնորհակալ եմ այդ հարցում Ձեր վերաբերմունքի համար: Ինչպես մենք երեկ քննարկեցինք, այդ հարցը պահանջում է իր լուծումը, այն չափազանց երկար ձգձգվեց: Հուսով եմ, որ Ձեր անձնական մասնակցությունը այդ գործընթացում նոր ազդակ կհաղորդի բանակցային գործընթացին: Ինչպես Դուք նշեցիք, արդեն գոյություն ունի բանակցությունների ձևաչափը: Գոյություն ունի նաև հակամարտությունների կարգավորման իրավական բազա: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է 4 բանաձև, որոնք պահանջում են անվերապահորեն և անհապաղ Ադրբեջանի տարածքից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում: Ցավոք, արդեն անցել է ավելի քան 20 տարի, այդ բանաձևերը մնացել են թղթի վրա: Մինսկի խումբը՝ ի դեմս իր համանախագահների, աշխատում է, փորձում է մերձեցնել կողմերին, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում: Ուստի ես գտնում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր մտերիմ բարեկամ, գործընկեր և հարևան, ունի, իհարկե, յուրահատուկ դեր կարգավորման գործընթացում: Հուսով ենք, որ մոտակա ժամանակում բանակցությունների ուղիով, խաղաղ ճանապարհով մենք կգտնենք լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև կհամապատասխանի արդարությանը»:

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի և՛ Ձեր ջանքերի, և՛ Ձեր ժամանակի համար՝ այս բարդ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ուշադրություն հատկացնելու համար: Մենք՝ անձամբ հայկական կողմը, դա, իհարկե, շատ բարձր ենք գնահատում: Մենք համարում ենք, որ, իրոք, հիմնախնդիրը կարելի է լուծել, պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են մեզ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերը, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին՝ այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Միայն Հայաստանն է, որ կատարել է այդ բանաձևերի կետերը, որն օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները: Եթե մենք վերադառնանք 90-ական թվականների սկզբների իրադարձություններին, ապա ես կարծում եմ, որ մի կողմից լավ կլինի, մյուս կողմից էլ կարող է ինչ-որ տեղ ձգձգվել: Լավ կլինի այն առումով, որ մենք այն ժամանակ եկանք այն եզրահանգման, որ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, իսկ եթե մենք նորից մեղադրենք միմյանց, ես կարծում եմ, որ բավական երկար ժամանակ այդ հիմնախնդիրը չի լուծվի: Ես շնորհակալ եմ Ձեզ, որ Դուք տրամադրված եք հիմնախնդրի լուծմանը, և այդ հարցի լուծումը բխում է Հայաստանի ազգային շահերից»:

«Ես հաճույքով եմ արձանագրում, որ Ադրբեջանի Նախագահն ուշադրություն դարձրեց հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության վրա: Եվ Դուք, այժմ դրա մասին ասացիք: Դա, իրականում, ամենակարևորն է, քանի որ չկա ավելի ողբերգական բան, քան մարդկանց մահը: Պետք է, այնուամենայնիվ, ելնել նրանից, որ կոնֆլիկտային իրավիճակը ձևավորվել է վաղուց, մեզ է հասել անցյալից, մեզ է հասել, կարելի է ասել և պետք է ասել, որպես Խորհրդային Միության ժառանգություն, և մենք պետք է դրսևորենք համբերատարություն, խոհեմություն, հարգանք միմյանց նկատմամբ, որպեսզի այդ լուծումը գտնենք: Անկասկած, յուրաքանչյուր բարդ իրավիճակ կարող է լուծվել, եթե կա բարի կամքի դրսևորում: Ես կարծում եմ, որ նման բարի կամք և՛ ադրբեջանցի ժողովրդի, և՛ հայ ժողովրդի մոտ առկա է»,- ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

2014-08-09 / Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի մրցաշարին

 Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ներկա է գտնվել «Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի ամենամյա միջազգային մրցաշարին:

Վարչապետն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի և Արմավիրի մարզեր

11477_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի և Արմավիրի մարզեր:
Երկրի վարչապետը նախ դիտայց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակում: Կառավարության ղեկավարին զեկուցվել է կատարված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, ներկայացվել են հետագա քայլերը: Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև Տրանշ 1-ի` Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ կատարման ընթացքով և հանձնարարել շինաշխատանքներն ավարտին հասցնել սահմանված ժամանակացույցին համապատասխան:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում նախատեսվում է Աշտարակ-Թալին 41.9 կմ երկարության հատվածի վերակառուցում և ներկայումս երկշարք ճանապարհի լայնացում մինչև քառաշարք ճանապարհ: Տրանշ 2-ի վարկային համաձայնագիրը կնքվել է 2011 թ. մայիսի 30-ին: Նախագծային խորհրդատվական աշխատանքներն իրականացնում է ֆրանսիական «Էջիս Բիսիոմ Ինտերնեշնլ» ընկերությունը, կապալառու կազմակերպությունն է իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է Թալինի տարածաշրջանի Եղնիկ համայնք՝ շրջել գյուղի դպրոցի շենքում, ապա համայնքի բնակիչների հետ քննարկել նրանց հուզող խնդիրները: Վարչապետի հետ զրույցում գյուղացիները բարձրացրել են համայնքի՝ խմելու ջրով ապահովման, դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգման և այլ հարցեր: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին 10 օրվա ընթացքում կազմակերպել համայնքում խմելու ջրի 2500 մ խողովակի անցկացումը և ներկայացնել դպրոցի մարզադահլիճի վերանորոգման նախագիծ-նախահաշիվ: Ի պատասխան գյուղացիների մեկ այլ հարցի՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է արոտավայրերն օգտագործել պայմանագրային վարձակալության հիմունքով, ինչին բնակիչները համաձայնվել են:
Գործադիրի ղեկավարն այցելել է նաև Թալին քաղաքի մանկական գեղարվեստի դպրոց, որը վերակառուցվում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով՝ վերահատակագծումով: Վարչապետին տեղեկացրել են, որ 64 աշակերտ ունեցող կրթօջախի վերականգնման աշխատանքները կավարտվեն մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը: Այժմ կատարվում են հատակների, սանհանգույցների, էլեկտրասնուցման, ջրամատակարարման, գազամատակարարման, կոյուղու, օդափոխության և ջեռուցման համակարգերի վերակառուցման, պատուհանների, տանիքների փոխարինման և այլ աշխատանքներ: Կառավարության ղեկավարի հանձնարարականով դպրոցին 10 օրվա ընթացքում կտրամադրվի նոր գույք:
Հովիկ Աբրահամյանը եղել է նաև Թալինի տարածաշրջանի Դաշտադեմ գյուղում՝ շրջայց կատարել համայնքի պատմամշակութային միջնադարյան ամրոցային համալիրում: Հուշարձանի տարածքի ուսումնասիրման և վերականգնման նպատակով 2006-2008 թթ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 370 մլն ՀՀ դրամ: Ամրոցի հետագա վերականգնման աշխատանքները նախատեսվում է իրականացնել ԱՄՆ-ի դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամին ներկայացված Դաշտադեմ ամրոցի և նրա շրջակայքում գտնվող մշակութային ժառանգության, տարածքների ուսումնասիրման, գնահատման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման համալիր ծրագրի շրջանակում: Դաշտադեմ համայնքի բնակիչների հետ Հովիկ Աբրահամյանը զրուցել է գյուղի խնդիրների, մասնավորապես, ոռոգման ջրի հարցի շուրջ՝ խոստանալով հնարավորության դեպքում լուծում տալ խնդրին:
Կառավարության ղեկավարի այցի վերջին կանգառը Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքն էր: Վարչապետը շրջել է Մուսալեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանում, որը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի մասնաճյուղն է: Հովիկ Աբրահամյանին մանրամասներ են ներկայացվել Մուսալեռան հերոսամարտի թանգարանի և հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ծրագրի վերաբերյալ:

Անկախ

Աջափնյակում վերակառուցվել է Ազատամարտիկների այգին

010

Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Սեբաստիա-Ա.Սարգսյան փողոցների հատման վայրում գտնվող Ազատամարտիկների այգի և աջափնյակցիների հետ մասնակցել վերակառուցված այգու բացման հանդիսավոր արարողությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծաղկեպսակ է դրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին, ապա շրջել վերակառուցված այգու տարածքով, շփվել ազատամարտիկների ու բնակիչների հետ:

007010 (1)

Ներկայացնելով կատարված աշխատանքները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ այգու բարեկարգման ընթացքում տարածքն ամբողջությամբ նոր տեսք է ստացել: Վերակառուցվել և սալիկապատվել են ճեմուղիները, առանձնացվել են ծաղկային տարածքներ, որոնք վարչական շրջանի կանաչապատման ձեռնարկության ուժերով ձևավորվել են երփներանգ բազմաթիվ ծաղիկներով և մշտադալարներով: Ծառերի և այգու կանաչ գոտիների խնամքն ապահովելու նպատակով ամբողջությամբ վերանորոգվել է ոռոգման ցանցը: Տեղի բնակիչներին և հյուրերին այսուհետ այգին դիմավորելու է նոր կահավորանքով՝ ինքնատիպ նստարններով և արտաքին լուսավորության ցանցի երևանյան կահավորման ընդհանուր ոճին համահունչ լուսամփոփներով: Տեղադրվել է նաև զրուցարան, աղբամաններ: Այգու խաղահրապարակի հարակից շինություններն էլ նկարազարդվել և գունազարդվել են:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջելով տարածքում և ծանոթանալով կատարված շախատանքներին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առկա կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման նպատակով մշտական խնամք իրականացնել:

Շնորհակալություն հայտնելով տարածքը կարճ ժամանակում բարեկարգելու և կանաչապատելու համար՝ բնակիչները քաղաքապետին վստահեցրել են, որ իրենք ևս հոգ կտանեն այգու խնամքի մասին և կպահպանեն այն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջանում հետևել է բազմաբնակարան շենքերի շինարարությանը

Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին տեղում հետևելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վարչական շրջաններ աշխատանքային հերթական շրջայցը Աջափնյակում էր: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է Սիսակյան 16, Շինարարների 6 և 15, Մարգարյան 45 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհրապարակներ, որտեղ ընթանում են բազմաբնակարան շենքերի շնարարական աշխատանքները: Մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով նախատեսված բազմաբնակարան շենքերը, որոնք կառուցվում են նույն հասցեներում ապամոնտաժված 4-րդ աստիճանի վթարային շենքերի տեղում, համաձայն նախագծի, բազմահարկեր են:

Ներկայացնելով շինարարության ընթացքը՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցի համաձայն:  Երևանի քաղաքապետը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել շինաշխատանքներն ու դրանք կազմակերպել այնպես, որ շինարարության ընթացքում հարակից տարածքների բնակչությանը հնարավորին քիչ անհանգստություն պատճառվի: Քաղաքապետի հանձնարարությամբ շինարարության ավարտից հետո կբարեկարգվեն ու պատշաճ տեսքի կբերվեն նորակառուցների հարակից տարածքները:

Պատասխանելով լրագրողների՝ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման փուլային ծրագրով իրականացվող գործընթացի վերաբերյալ հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ վթարային շենքերի բնակիչների տարհանման և նոր բնակարաններով ապահովման հարցը մշտապես եղել է քաղաքապետարանի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում և հենց այս ուղղությամբ հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ ձեռնարկված հստակ քայլերով այսօր կառուցվում են միանգամից մի քանի շենքեր:

«Եթե հիշում եք, 2012 թվականին իմ որոշմամբ ստեղծվեց 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հանձնաժողով, որը պետք է նախ տեղերում գույքագրեր  առկա պահանջարկը՝ ընդհանուր պատկերացում կազմելու համար, թե ինչ ծավալների մասին է խոսքը: Գույքագրմամբ պարզ դարձավ, որ տվյալ պահի դրությամբ ավելի քան 650 բնակարանների կարիք կա: Հարցը նաև Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում էր, և ՀՀ կառավարության հետ համատեղ մենք խնդիր դրեցինք 2013 թվականին, առնվազն, 200 ընտանիքների ապահովել բնակարաններով: Սիսակյան 22 և Մարգարյան 37 հասցեներում բազմաբնակարան շենքերի կառուցումով, ըստ էության, լուծեցինք առաջնահերթ տարհանման ենթակա 207 բնակարանների խնդիրը: Ի դեպ, Սիսակյան 22 շենքը կառուցվել էր բացառապես համայնքային բյուջեի միջոցներով: Իսկ արդեն այս տարի, ՀՀ կառավարության հետ համատեղ, նախաձեռնել ենք 4 բազմաբնակարան շենքերի կառուցում, որի արդյունքում ամբողջությամբ կլուծենք վթարային շենքերի 450 բնակիչների բնակարաններով ապահովման խնդիրը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել նաև, որ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Երևանում հաշվառված է քանդման ենթակա 4-րդ կարգի վթարայնության 9 շենք՝ 450 բնակարանով: Խոսելով նորակառույցներում բնակարանների հատկացման սկզբունքի մասին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը քանդման ենթակա շենքերից վերաբնակեցումն իրականացնում է ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ. 682 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, ինչը չի նախատեսում բնակիչների վերաբնակեցումն իրականացնել բարելավումով և մեկ գույքային միավորի դիմաց հատկացնել հավելյալ կառուցվածքով բնակարան և /կամ/ լրացուցիչ բնակարան, ինչպես նաև չի նախատեսում հավելավճարի դիմաց կատարելու բնակմակերեսի ավելացում: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ ինչպես արդեն իսկ տրամադրված 207 բնակարանների պարագայում, այնպես էլ կառուցվող նոր բնակարանները շահառուներին կտրամադրվեն վիճակահանության սկզբունքով. Այսինքն, բնակիչներն իրենք վիճակահանությամբ կորոշեն նոր բնակարանի հարկն ու համարը:

Վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով կառուցվող բոլոր շենքերում բնակարանները շահառուներին կհանձնվեն բնակության համար միանգամայն պատրաստի վիճակում՝ ամբողջությամբ նորոգված և ջեռուցման անհատական համակարգով ապահովված: Շենքերի կառուցման համար նախատեսվել է 5 մլրդ 600 մլն դրամ, որից 1 ու 6 միլիարդը տրամադրվել է համայնքային բյուջեից, իսկ 4 մլրդ-ը՝ կառավարության կողմից: Բոլոր շենքերը կառուցվում են նախկին վթարային շենքերի տեղում և ունեն սեյսմակայունության ՀՀ-ում գործող նորմերին համապատասխան աստիճան։ Ինչպես Սիսակյան 16, այնպես էլ մյուս շենքերի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2015 թվականի հոկտեմբերին:

 

Իրադրությունն առաջնագծում

ԼՂՀ ՊՆ

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 420 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

—

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Շարունակվում է ՀՀ ՊՆ պատվիրակության պաշտոնական այցն ԱՄՆ

ՀՀ ՊՆԱՄՆ Կանզաս նահանգից ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն, այնուհետև՝ Նյու Յորք:

Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ս.թ. օգոստոսի 7-ին կայացել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հանդիպումները ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի, պետքարտուղարի փոխտեղակալներ Գրեգ Կաուսների և Էրիկ Ռուբինի հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Կողմերը կարևորել են իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը և վերահաստատել են հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու դիրքորոշումը:

Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ-ում գործող ամերիկահայ լոբբիստական առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի և Ամերիկայի Հայկական համագումարի ղեկավարների հետ:

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի և Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը և ամերիկահայ համայնքին հուզող մի շարք հարցերի:

Վաշինգտոնից ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը մեկնել է Նյու Յորք, որտեղ ս.թ. օգոտոսի 8-ին նախատեսվում են հանդիպումներ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Էդմոնդ Մուլետի և ռազմական հարցերով խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մախսուդ Ահմեդի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայկական խաղաղապահ զորախմբի առաջիկա ներգրավմանը, Աֆրիկյան մայրցամաքում իրականացվող ՄԱԿ-ի առաքելություններին հայկական կողմի հնարավոր մասնակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Սոչի

սերժ սարգսյանՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Սոչի: Օգոստոսի 9-ին կկայանա Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: Համոզված լինելով, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը:

 

Անկախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները հանդիպել են Վիգեն Սարգսյանի հետ

eng138660577047Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելը հանդիպում ունեցան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ: Դեսպաններն իրենց ցավակցությունը հայտնեցին վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ Աշխատակազմի ղեկավարը ներկայացրեց ներկայիս իրադրությունը: Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները զսպվածության ու լարվածության լիցքաթափման կոչ արեցին կողմերին, հորդորեցին խստորեն հարգել հրադադարի պայմանագիրը և հույս հայտնեցին, որ Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպումները կնպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Կառավարության ղեկավարն այսօր Լոռու մարզում էր

g_imageՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է մարզկենտրոն Վանաձորից, որտեղ վարչապետը ներկա է գտնվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման և «911» ծառայության Լոռու ահազանգման կենտրոնների բացման արարողությանը: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել կենտրոններում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և հնարավորություններին:
Այնուհետև վարչապետ Աբրահամյանը մոտեցել է ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության շենքի մոտակայքում հավաքված Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին, ովքեր բողոքել են, որ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում, իսկ գործարանի ճակատագիրն անհայտ է: Գործադիրի ղեկավարը լսել է անհատապես բոլոր աշխատակիցներին և խոստացել հարցի կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ պատասխանատուներին:
Վանաձորից երկրի վարչապետն ուղևորվել է Հաղպատ համայնք՝ մասնակցելու հիմնանորոգված միջնակարգ դպրոցի շենքի բացմանը: 192 աշակերտի համար նախատեսված այս կրթօջախում այսօր սովորում է 88 աշակերտ: Ծանոթանալով դպրոցի բարեկարգման ծրագրի արդյունքներին՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել կատարված շինաշխատանքներից:
Հաղպատի դպրոցը հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 116.773.943 ՀՀ դրամ: Այն իրականացվել է 2013 թ. հուլիս-2014 թ. հունիս ժամանակահատվածում: Դպրոցի երրորդ հարկի ներքին հարդարման աշխատանքներն իրականացրել է Լոռու մարզպետարանը՝ ՀՀ կառավարության տրամադրած 4-րդ հրատապ ծրագրով՝ 18.997.923 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Կրթօջախին հատկացվել է 4.038.000 դրամին համարժեք դպրոցական գույք: Հիմնանորոգվել է դպրոցի տանիքը, վերակառուցվել է սանհանգույցային համակարգը, կատարվել են երեսպատման, ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, փոխարինվել են էլեկտրահաղորդալարերը և պատուհանները, տեղադրվել են ջեռուցման և օդափոխության համակարգեր, անցկացվել են հակահրդեհային ազդարարման, ջրամատակարարման, գազամատակարարման և կոյուղու արտաքին ու ներքին ցանցեր, վերակառուցվել է մարզադահլիճը և այլն:
Կառավարության ղեկավարի այցի հաջորդ կանգառը Լոռու մարզի Ախթալա համայնքն էր: Վարչապետը նախ շրջայց է կատարել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում, ապա ներկա գտնվել համայնքի հիմնանորոգված մանկապարտեզի և մանկական խաղահրապարակի բացմանը: Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել նաև Ախթալա համայնքի ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները:
Լոռու մարզ Հայաստանի վարչապետի աշխատանքային այցն ավարտվել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում շրջայցով, որի ընթացքում Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է ընթացիկ և առաջիկա ներդրումային ծրագրերին:

 

Անկախ

Վարչապետը ծանոթացել է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելն ընկած ճանապարհահատվածի (73.2-83.12 կմ) շինհրապարակ՝ վերականգնողական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են 2014 թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով՝ 1 մլրդ 180 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
Հանրապետության վարչապետին է ներկայացվել շինարարական աշխատանքների ընթացքը, արձանագրված արդյունքները և առաջիկա անելիքները: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը զեկուցել է, որ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա վերահսկողության ներքո և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում կավարտվեն օգոստոսի վերջին:

11470_am_111470_am_311470_am_2
Ս.թ. հուլիսի 16-ին մեկնարկած Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը՝ ներգրավելով շուրջ 21 միավոր տեխնիկա և 60 աշխատակից: Մեկ օրում ասֆալտապատվում է 500 մետր ճանապարհահատված:     Ճանապարհի ամբողջ երկայնքով՝ 7480 գծամետրի վրա, աշխատանքներն իրականացվում են նոր տեխնոլոգիայով՝ հովացման եղանակով. հին ծածկը սառը վերաօգտագործմամբ ծառայում է որպես նոր ճանապարհի հիմք, որի վրա տեղադրվում է երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ: Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար տրանսպորտային երթևեկության այլընտրանքային երթուղի է ծառայում Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4 ճանապարհը:

Այց ԼՂՀ պաշտպանական դիրքեր

սահմանային դիրքեր

 

 

 

 

 

 

 

 

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և խորհրդարանի՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանն օգոստոսի 5-ին այցելել են հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագծի մի շարք դիրքեր, զրուցել Պաշտպանության բանակի դիրքապահ զինվորների, հրամանատարների ու այս օրերին նրանց միացած ազատամարտիկների հետ:
Ա. Ղուլյանն ու Ժ. Գալստյանը շնորհակալություն են հայտնել հայ դիրքապահներին՝ ցուցաբերած մարտական ոգու ու տոկունության և Արցախի պետական սահմանները վստահորեն վերահսկելու համար:
Նախատեսվում է ԼՂՀ ԱԺ նախագահի և պատգամավորների այցերը սահմանագծի այլ հատվածներ:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Ռեգնում» լրատվական գործակալության հարցին

Շավարշ Քոչարյան

Հարց. Պարո՛ն Քոչարյան, Բաքվից հայտարարում են, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման ժամանակ Ադրբեջանի նախագահը երկրից դուրս է գտնվել, և, հետևաբար, դիվերսիոն գործողությունները չէին կարող կազմակերպված լինել ադրբեջանական կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Պատասխան. Իսկ ո՞վ է ասել, որ հրամանը տրվել է դիվերսիոն գործողությունների սկսման օրը: Առավել ևս, որ ամեն ինչ խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմն այդ գործողություններին նախապես է պատրաստվել: Վերջիվերջո, հրամանը կարելի է տալ նաև` գտնվելով արտասահմանում:

Նախագահի աշխատակազմում հիանալի հասկանում են, որ նախագահի` երկրից բացակայելու վերաբերյալ այդպիսի հայտարարությամբ հնարավոր չէ ժխտել միջազգային հանրության համար ակնհայտ փաստը, որ լարվածության մեծացման նախաձեռնողը եղել է հենց ադրբեջանական կողմը: Սակայն հայտարարությունն արված է, և դրա նպատակն է շարունակել սեփական ժողովրդին մոլորեցնելու քաղաքականությունը:

Այդ պատճառով, կապված ծրագրված դիվերսիոն գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի առաջնորդի վարկանիշի բարձրացմանն ուղղված փիառ արշավի տապալմամբ, նրա աշխատակազմը պարզունակ հայտարարություն արեց, որ նախագահը դրա հետ ոչ մի կապ չունի, քանի որ գտնվում էր արտասահմանում: Որքան պետք է չհարգել սեփական ժողովրդին, որպեսզի փորձել այդպիսի ակնհայտ սուտ հրամցնել վերջինիս:

Նմանատիպ իրավիճակներից խուսափել և կրկին ստիպված չլինել երկրում չգտնվել կարելի է հասարակ միջոցով` դադարել իրավիճակի լարումը և ուղղել ջանքերը դեպի բանակցային հուն:

Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում բնակիչների հետ մասնակցել է բակի բացմանը

002Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման այս տարվա ծրագրով իրականացված բակերի բարեկարգման, ինչպես նաև խաղահրապարկների կառուցման աշխատանքներին:

Վարչական շրջանի ղեկավարի և բնակիչների հետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է 5-րդ զանգվածի Գալշոյան 8 հասցեում գտնվող բակի բացմանը և  ծանոթացել կատարված աշխատանքներին: Ի դեպ, բնակիչների համար օրը կրկնակի տոնական էր. բակը նշել է շենքերի կառուցման 40 ամյակը: Տարածքը հիմնովին բարեկարգվել և ապահովվել է բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, այդ թվում՝ ինչպես փոքրերի, այնպես էլ մեծահասակների համար: Բակում տեղադրվել են նստարաններ, կառուցվել է փոքրիկ շատրվան: Բակի հարակից շինությունների պատերն էլ ամբողջությամբ նկարազարդվել և ձևավորվել են:

003Շնորհակալություն ու գոհունակություն հայտնելով Տարոն Մարգարյանին բակը բարեկարգելու, ինչպես նաև վարչական շրջանի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և ծրագրերի իրականացման հարցում ցուցաբերվող հետևողականության համար՝ բնակիչները նշել են, որ մայրաքաղաքի հատկապես ծայրամասային վարչական շրջաններում վերջին երկու տարվա ընթացքում փոփոխություններն անզեն աչքով անգամ նկատելի են, ինչը խոսում է քաղաքապետի՝ Երևանի համաչափ զարգացման մասին խոստումը կատարելու մասին: Բնակիչները նաև նկատել են, որ բակը ոչ միայն գեղեցիկ է՝ այլև իսկապես հարմարավետ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է բնակիչներին, ապա շնորհակալություն հայտնել քաղաքային իշխանության նկատմամբ ցուցաբերած վստահության համար՝ հորդորելով է սրտացավ և հոգատար լինել բակերի պահպանման հարցում, նաև վստահեցրել, որ քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով ծրագրերը լինելու են շարունակական:

«Մայրաքաղաքի համաչափ զարգացման 2014 թվականի ծրագրերով Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է կառուցապատել և բարեկարգել  47 բակային տարածք: Բակերի ընտրությունը կատարվում է ելնելով այն հանգամանքից, թե որքանով են տվյալ տարածքները ազատ և որքանով է հնարավոր բարեկարգման աշխատանքների իրականացումը: Վերջին 25 տարիների ընթացքում շատ բակեր մեր բնակիչների կողմից  պարզապես զավթվել էին, որոշ դեպքերում էլ ամբողջությամբ ավտոտնակներով էին զբաղեցված: Բակերը իրենց նպատակային նշանակությանը ծառայեցնելու նպատակով մենք պարբերաբար բանակցում ենք բնակիչների հետ և հենց նրանց իսկ ուժերով տարածքներն ազատում, ինչից հետո միայն կարողանում ենք տվյալ հատվածներում բարեկարգման աշխատանքներ իրականացնել:  Երևանի քաղաքապետարանը պատրաստ է բարեկարգել բոլոր բակերը, սակայն բնակիչներն այդ հարցում ևս պետք է իրենց մասնակցությունն ունենան» ,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նոր Նորք վարչական շրջանի ծրագրերով բարեկարգման աշխատանքներ են ընթանում ևս 42 բակային տարածքում, որտեղ կասֆալտապատվի 14850 քմ և կսալիկապատկվի 6500 քմ տարածք: Բարեկարգման աշխատանքներին զուգահեռ՝ բակային տարածքներում իրականացվում են նաև   կանաչապատման, ինչպես նաև լուսավորության ցանցի ընդլայնման  աշխատանքներ:

Շրջայցի ընթացքում Տարոն Մարգարյանն այցելել է նաև Նոր Նորքի 8-րդ զանգվածի 2-րդ շրջանի թիվ 5 շենքի հարակից տարածք, որտեղ ծանոթացել է խաղահրապարակ կառուցելու աշխատանքներին: Մարզասարքերից և խաղային ատրակցիոններից բացի տարածքում կառուցվել է նաև լողավազան՝ ավառային շոգ օրերին երեխաների հանգիստն առավել հետաքրքիր դարձնելու նպատակով: Բակում վերականգնվում է նաև  ֆուտբոլի խաղադաշտը:

Պատասխանատուները, քաղաքապետին ներկայացնելով արդեն իսկ կատարված աշխատանքները, նշել են, որ դրանք կավարտվեն մինչև սեպտեմբեր:   Տարոն Մարգարյանը զրուցել է նաև հարակից շենքերի բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու առաջարկները, պատասխանել հուզող բոլոր հարցերին:

 

Անկախ

Հայաստանի վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի պետական խորհրդի նախագահին

08.05.51Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների և ավերածությունների կապակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Չինաստանի Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ:
Մենք կիսում ենք Ձեր վիշտը և մեր կարեկցանքը հայտնում զոհվածների ընտանիքներին՝ ցանկանալով նրանց համբերություն և տոկունություն»
, – նշված է ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձում:
Անկախ