Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային

Սերժ Սարգսյան   Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Վաշինգտոն նահանգի հյուսիս-արևելյան շրջաններում տեղի ունեցած ավերիչ սողանքի հետևանքով երկու տասնյակից ավելի մարդկային կորուստների, հարյուրից ավելի անհայտ կորածների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Օբամային և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:

«Մենք հետևում ենք ԱՄՆ-ի կառավարության կողմից ձեռնարկված փրկարարական մեծածավալ միջոցառումների ընթացքին և հավատացած ենք, որ ձեռնարկված միջոցառումները հաջողությամբ կպսակվեն՝ թույլ տալով հնարավորինս արագ հաղթահարել դժվարին փորձությունը:

Կիսելով Ձեր և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդի վիշտը` զոհվածների, անհայտ կորածների հարազատներին և ԱՄՆ-ի ողջ ժողովրդին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

 

Նախարար Նալբանդյանի պատասխանը ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հարցին

 Էդվարդ Նալբանդյան Հարց. Կարեն Ավագյան. Քեսաբում վերջին իրադարձությունների հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկվում։ Մեզ երիտասարդական կազմակերպություններ են դիմում քեսաբահայությանն օգնելու ցանկությամբ։ Կարող եք ասել, ինչպես կարող են այդ կառույցներն իրենց օգնությունը տեղ հասցնել։

 

Պատասխան. Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հանրապետության Նախագահի հայտարարությունը մեր խորը մտահոգության վկայությունն է։ Նախագահը տվել է հանձնարարականներ, և մենք անում ենք հնարավորինը, որպեսզի անհրաժեշտ օժանդակություն, օգնություն ցուցաբերենք քեսաբահայությանը։ Նյու-Յորքում և Ժնևում՝ ՄԱԿ-ի կառույցներում, այլ միջազգային կազմակերպություններում մեր ներկայացուցչությունների կողմից համապատասխան քայլեր են ձեռնարկվում։  Մեր մտահոգությունները բարձրացվել են նաև երկկողմ մակարդակով,  մոտ երեսուն երկրների հետ երկկողմ շփումներում։

Մեր դեսպանությունը Դամասկոսում ունի հանձնարարականներ և համապատասխան աշխատանք է տանում։

 

Մինչև վերջին իրադարձությունները Քեսաբի բնակչության շուրջ 70-ը տոկոսը հայեր էին։ Այսօր մոտ 700 ընտանիք ապաստանել է Լաթաքիայում: Նրանք, ովքեր չունեն ազգականներ, բարեկամներ, հարազատներ տեղավորվել են Լաթաքիայի հայկական եկեղեցում:

 

Այսօր հայկական եկեղեցու բակում հանդիպում է կազմակերպվել Ազգային ժողովի պատվիրակության հետ։ Դուք գիտեք, որ ԱԺ պատվիրակությունը մեկնել է Սիրիա։ Այսօր նրանք ժամանել են Լաթաքիա, և հիմա ընթանում է հանդիպումը։ Կարծեմ, մի երկու ժամից պետք է վերադառնան Դամասկոս, որտեղ վաղը պատվիրակությունը նախատեսել է այլ հանդիպումներ։ Պատգամավորներին ուղեկցում է Սիրիայում Հայաստանի դեսպանը։

 

Իհարկե, բավական ծանր, դժվար կացության մեջ են մեր հայրենակիցները՝ քեսաբահայերը։ Եթե օժանդակության հնարավորություններ կան, նյութական օժանդակության, ապա ճիշտ կլինի կազմակերպել Սփյուռքի նախարարության միջոցով, որը վերջին շրջանում մեծ աշխատանք է ծավալել այդ ուղղությամբ՝ ոչ միայն քեսաբահայության, այլև սիրիահայությանը օժանդակություն ցուցաբերելու առումով։ Մեր բոլոր քայլերն ուղղված են հենց այդ նպատակին՝ օգնելու սիրիահայությանը։

Ի դեպ, կցանկանայի ընդգծել նաև, որ այս հարցում հայության բոլոր հատվածները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, միասնական մոտեցում ունեն և գործում են համատեղ քայլերի կարևորության խորը գիտակցությամբ։

 

Մեր պատգամավորները, երբ վերադառնան Հայաստան, կներկայացնեն այն ինչ լսել, տեսել են քեսաբահայերի հետ հանդիպումների ընթացքում։ Մենք շարունակելու ենք օգտագործել ոչ միայն դիվանագիտական խողովակները, նաև այլ հնարավորություններ՝ հեշտացնելու, լուծելու խնդիրները, որոնք ծառացել են քեսաբահայության առջև։

 

Կարեն Ավագյան. Օգնության խողովակը Սփյուռքի նախարարության միջոցով, ինչպես հասկացա, այ՞ո, պարոն նախարար։

 

Էդվարդ Նալբանդյան. Այո, ճիշտ կլինի Սփյուռքի նախարարության միջոցով, որովհետև մեծ փորձ է արդեն կուտակված և, ինչպես ասացի, բավական լայնածավալ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ օժանդակելու սիրիահայերին, ովքեր եկել են Հայաստան, թե նրանց, ովքեր շարունակում են ապրել Սիրիայում:

 Անկախ

ՀՀ գյուղատնեսության նախարարի այցը Սյունիքի մարզ

ՀՀ գյուղատնեսության նախարարի այցը Սյունիքի մարզ   Երեկ աշխատանքային այցով Սյունիքի մարզում  էր  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ համայնքում, ծանոթացել ֆերմեր Սեյրան Առաքելյանի տավարաբուծական ֆերմայի հիմքի վրա գործող  կաթի վերամշակման արտադրամասի  գործունեությանը, զրուցել աշխատակիցների հետ:

Այստեղ արտադրվում  են  Լոռի և Չանախ պանիրներ, կարագ, օրական վերամշակվում  է  ինչպես սեփական արտադրության, այնպես էլ համայնքից  մթերվող  մեկ տոննա կաթ : Առաջիկայում  նախատեսվում է  կաթի վերամշակման ծավալները հասցնել  2-3 տոննայի, ընդլայնել  արտադրանքի տեսականին:

Այնուհետև  նախարարն այցելել է Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքում կառուցվող հատիկային կերերի  մթերման , պահեստավորման և լիարժեք համակցված կերերի արտադրության  ձեռնարկություն: Գերմանական սարքավորումներով հագեցած այս ձեռնարկությունը, որ   շարք կմտնի մինչև տարեվերջ, կարտադրի տարեկան 2500 տոննա  եվրոպական չափանիշներին համապատասխանող համակցված կերեր բոլոր սեռահասակային խմբի կենդանիների համար, ամբողջությամբ բավարարելով վերջինիս պահանջարկը մարզում  և մեծապես նպաստելով  մարզի անասնապահության զարգացմանը:

Այցելության հաջորդ կանգառը Կապանի տարածաշրջանի Աճանան գյուղն էր, ուր նախարարը ծանոթացել է խոզաբուծական ժամանակակից համալիրի շինարարության ընթացքին: Այն կգործարկվի մինչև տարեվերջ, կունենանա 200 գլուխ մայրակազմ և տարեկան կարտադրի 300 տոննա միս: Ամբողջությամբ մեքենայացված գործընթացներ ( կերի արտադրությունից մինչև սպանդանոց ) ունեցող համալիրի սարքավորումները  ներկրվել են Ավստրիայից: Շուտով եվրոպական երկրներից կներկրվի նաև լավագույն ցեղատեսակների մայրական կազմը:  Համալիրը աշխատանքով կապահովի ավելի քան 30  մարդու: Նման տեխնոլոգիաներով խոզաբուծական համալիր Հայաստանում  կգործարկվի առաջին անգամ:

Օրվա երկրորդ կեսին Սերգո Կարապետյանը  մասնակցել է մարզխորհդի նիստին, իր ելույթում ամփոփիչ անդրադարձ կատարել 2013 թվականին, հաջողված ու արդյունավետ  համարել այն հանրապետության  և Սյունիքի մարզի համար , խոսել պետական օժանդակման  այն  ծրագրերի մասին,  որոնց, ինչպես նաև մեր գյուղացիների ջանադիր աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել նման արդյունքները:

Նախարարը լավատեսորեն է արտահայտվել ընթացիկ տարվա խնդիրների  իրականացման մասին, նշելով պետական օժանդակման ծրագրերի շարունակելիությունը, որով գյուղացին կրկին հնարավորություն  ունի  մատչելի գներով ձեռք  բերել բարձրորակ սերմացու, պարարտանյութ ու  դիզելային վառելանյութ: Նա մասնակիցների ուշադրությունը հրավիրել է  գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների  ավելացման անհրաժեշտությանը, հաշվի առնելով մարզում առկա ներուժը, ինչպես նաև մարզի ռազմավարական նշանակությունը:  Առանձնապես կարևորվել է  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը, որով մարզի  մի շարք   համայնքներում հիմնադրված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվները կարճ ժամանակում  հասել են որոշակի հաջողությունների: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին  մարզի ևս  7    համայնքներ ընդգրկել  նշված ծրագրում, նման համայնքների թիվը հասցնելով 18-ի:

Հանդիպման ավարտին  նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը  «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության  պետ Սամվել Թանգյանին և Մեղրու տարածաշրջանի Ալվանք համայնքից այգեգործ Ալեքսան Հովհաննիսյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 9 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության  շնորհակալագրերի:

Անկախ

2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը կլրամշակվի և կներկայացվի կառավարության հաստատմանը

11164_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (ՀԶԾ) համակարգող խորհրդի նիստը: Ներկայացվել են ՀԶԾ վերանայման գործընթացներն ու կատարված աշխատանքները, ՀԶԾ հիմնական սկզբունքներն ու ուղղությունները:
Նիստի մասնակիցները, այդ թվում քաղաքացիական հասարակության և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչները, ներկայացրել են տարբեր առաջարկություններ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին, հաշվի առնելով հնչած առաջարկությունները, հնարավորինս սեղմ ժամկետներում լրամշակել ծրագիրը, որից հետո ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ վարչապետը նշել է. «Այս հավակնոտ փաստաթղթի ընդունմամբ պայմանավորված է մի շարք ծրագրերի իրականացումը: Ծրագիրը համապարփակ է և արտահայտում է կառավարության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ աշխատատեղերի ստեղծում, արտահանմանը միտված արդյունաբերական ակտիվ քաղաքականության իրականացում, փոքր և միջին բիզնեսի զարգացում, որն ունի նաև քաղաքական բովանդակություն, տարածքների համաչափ զարգացում, սոցիալական, դեմոգրաֆիական խնդիրների լուծում, գիտության և կրթության ոլորտի զարգացում: Փաստաթղթում նկարագրված է նշված բնագավառների ուղղությամբ կառավարության քաղաքականությունը և այն, թե ինչպես ենք այդ ոլորտներում իրականացնելու բարեփոխումներ»: 

ԿԲ խորհրդի նիստ է տեղի ունեցել

կբ Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 25-ի նիստում հաստատել է ՀՀ ԿԲ 2014-2015 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնների գրանցման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ:

Վերաձևակերպվել են անհատ ձեռնարկատեր Ժիրայր Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 624, անհատ ձեռնարկատեր Հակոբ Թանդարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 683, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 802, Ա/Ձ Գայանե Զաքարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 731, Ա/Ձ Սամվել Համբարձումյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 723, Ա/Ձ Հասմիկ Բալասանյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 321 լիցենզիաները: Ուժը կորցրած է ճանաչվել Ա/Ձ Արմեն Օհանյան գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 264 լիցենզիան: «Կրպակ» ՍՊԸ-ի գլխամասին, թիվ 1, թիվ 2 և թիվ 3 մասնաճյուղերին տրամադրվել են արտարժույթի առուվաճառքի լիցենզիաներ:

ԿԲ խորհուրդը «Անելիք Բանկ» ՓԲԸ-ին «ԱՎԵՐՍ» («AVERS») և «Սիգ Մանի Տրանսֆեր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվություն է տրամադրել, իսկ «ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ» ՍՊԸ-ին՝ արտարժույթի  առուվաճառքի լիցենզիա:

Խորհուրդը որոշել է հրապարակել 2013 թ. «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»:

 

Հարգանքի տուրք` ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

005ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 7-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկրի բարձրագույն ղեկավարության, ընտանիքի անդամների և հարյուրավոր քաղաքացիների հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:

Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից երջանկահիշատակ վարչապետի շիրմի մոտ մատուցվել է հոգեհանգստյան կարգ: Այնուհետ ներկաները ծաղիկներ են դրել երջանկահիշատակ վարչապետի շիրիմին ու խնկարկել Անդրանիկ Մարգարյանի հոգու հանգստյան համար:

Ներկաներից շատերը հիշողություններ են պատմել լավ մարդու, պատասխանատու պաշտոնյայի, նվիրյալ ազգային գործչի և կուսակցական սիրելի առաջնորդի մասին: Բոլորն ընդգծել են, որ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատգամում էր ամեն ինչ անել պետության հզորացման համար, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա լիարժեք ու իր ներդրումն ունենա պետության զարգացման գործում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին

 

Սերժ Սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ 1976-1981թթ. Իսպանիայի կառավարության նախագահ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից անկեղծ ցավակցություն և զորակցություն է հայտնել Խուան Կառլոս Առաջինին, Իսպանիայի բարեկամ ժողովրդին և Ադոլֆո Սուարես Գոնզալեսի ընտանիքի անդամներին ու մերձավորներին:

Անկախ

Ժամանակակից պետության կարևորագույն խնդիրն արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն է. վարչապետ

11161_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ծաղկաձորում մեկնարկած «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում և դպրոցներում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսի մասնակիցներին:
Կառավարության անունից ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս քննարկել առկա խնդիրները, լսել հեղինակավոր գիտնականների կարծիքները՝ հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների համատեքստում անհրաժեշտ է փորձել միասնաբար գտնել դրանց լուծման ուղիները՝ հնարավոր խնդիրներին լավագույնս դիմագրավելու համար:
Այդ առումով, վարչապետը ներկայացրել է ժամանակակից գիտության աջև ծառացած հիմնարար խնդիրներն ու կարևորել դրանց լուծման ուղղությամբ նոր գործիքների մշակումն ու կիրառումը: «Այսօր տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք հիմնարար կերպով փոխում են մարկանց վարքագիծը: Մտագործունեությունը և նոր գիտելիքների կիրառումը դառնում է առաջնայնություն: Դա նշանակում է, որ կրթության համակարգը պետք է գործի՝ համաձայն արագ փոփոխությունների: Արդյունավետ կրթական համակարգի ստեղծումը ժամանակակից պետության կարևորագույն խնդիրն է: Եթե կարողանանք կառուցել այն, ապա մի քանի տարի հետո կունենանք ժամանակակից հասարակություն»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով, կառավարության կարևորագույն գործառույթներից մեկն էլ քաղաքացիների գործունեության և առկա ներուժի ինքնաիրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է: Այդ տեսակետից, վարչապետն ավելացրել է, որ նշված պայմանների ստեղծման հնարավորությունը մեր երկիրը տեսնում է նաև Եվրասիական միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու մեջ, քանի որ Մաքսային միության անդամ երկրների խնդիրները, աշխարհընկալումը և արժեքները նույնն են:
«Մենք վստահ ենք, որ մեր ջանքերի միավորումը կբերի լավագույն հաջողությունների: Ինտեգրացիոն ծրագրերի իրականացման նպատակներից մեկն էլ քաղաքացիների միջև շփումների խթանումն է»,- ասել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին միանալու Հայաստանի որոշումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: «Այդ որոշման հիմքում ընկած են մեր երկրների և ժողովուրդների մշակութային առանձնահատկությունները, ազգային անվտանգության հարցերը, տնտեսական արդյունավետությունը և այլն: Մենք հաշվի ենք առել բազմաթիվ գործոններ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Այնուհետև վարչապետը պատասխանել է կոնֆերանսի մասնակիցների մի քանի հարցերի:
Նշենք, որ մարտի 24-29-ն անցկացվող միջոցառմանը մասնակցում են գիտնականներ՝ Լեհաստանից, Լատվիայից, Հունաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից և այլ երկրներից:

Սերժ Սարգսյանի արձագանքը Քեսաբի իրադարձություններին

5827Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նախագահն իր խորը մտահոգությունն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը հիշեցրել է, որ առաջին ծանր պատուհասը Քեսաբի շրջանի համար դեռևս 1909 թվականին էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին Քեսաբ։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում և ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը ֆրանսիական փոխադրանավով տեղափոխվեցին Լաթաքիա։ Գաղթականները մոտ մեկ տարի Լաթաքիայում մնալուց հետո վերադարձան Քեսաբ և վերակառուցեցին իրենց տները։

Պատմական իրողություններին անդրադառնալիս Սերժ Սարգսյանը հիշատակել է նաև մեկ այլ տարեթիվ՝ 1915 թվականը, երբ Հայոց ցեղասպանության գաղթից և աքսորներից ևս անմասն չմնաց Քեսաբի բնակչությունը։ Քեսաբցիներն աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր և դեպի հարավ՝ մինչև Հորդանան։ Հազարավոր քեսաբահայեր զոհվեցին, մեծամասնությունը՝ Դեր Զորի անապատներում։

«Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին` այս ծանր պահին քեսաբահայության պաշտպանության համար ձեռնարկվող քայլերի համար:

«Ես արդեն հանձնարարել եմ ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Ստեղծված իրավիճակի մասին Հանրապետության Նախագահն այսօր խորհրդակցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն աշխատում է քեսաբահայությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի վրա, որն իրականացվելու է ամբողջ ծավալով:

 

Մոռացկոտության գեն

0.18055257828Սովորաբար, ցրվածությունը, անուշադրությունը, մոռացկոտությունը կապում են  տարիքի հետ: Սակայն, ուսումասիրությամբ հաջողվել է պարզել, որ միշտ չէ, որ թվարկված ախտանշանները նշանակում են, որ ծերանում ենք:

Գիտնականները կարծում են, որ պատճառը  DRD2 գենն է; Բացի այդ,  DRD2 գենն ազդում է տարբեր նյարդային ազդակների` ուղեղին փոխանցմանը:

DRD2 գեն ունեցող մարդը դառնում է ցրված, մոռացկոտ, երբեմն էլ վատ հիշողության պատճառով սխալներ է թույլ տալիս: Նման մարդիկ դժվարությամբ են մտապահում ցանկացած տեղեկություն: Նման կարճատև մոռացկոտությունը հաճախ կենցաղում ու աշխատավայրում դառնում է  խդիրների պատճառ:

Տվյալ գենը 2 տարբերակով է հանդես գալիս. 500 կամավորների մասնակցությամբ անցկացված ուսումնասիրությամբ պարզվեց, որ նրանց մեկ  քառորդի մոտ ազոտական հիմքով ցիտոզինը ունակ է վերածվելու թիմինի  (Т):

DRD2 –ն համադրությամբ ու կամավորների պատմություններով գիտնականները կարողացան հայտնաբերել, որ թիմինով տարբերակը կրողները ավելի ցրված են ու մոռացկոտ, քան ցիտոզինով տարբերակը կրողները:

 Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Նիդերլանդների Թագավորություն

5817Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Համանախագահները Հանրապետության Նախագահի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը հանդիպում է ունեցել նաև Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: Հանդիպման սկզբում Նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Ռուտեին՝ Հաագայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար, նշելով, որ այն նաև պատեհ առիթ է հայ-նիդերլանդական հարաբերությունների օրակարգը քննարկելու և երկկողմ կապերն առավել ամրապնդելու համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Նիդերլանդների հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, գիտական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Երկուստեք նշվել է, որ հայ-նիդերլանդական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում առևտրատնտեսական կապերը. Նիդերլանդները շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում: Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Ռուտեն, այդուհանդերձ, առկա մակարդակը դեռևս բավարար չեն համարել և կարևորել են երկուստեք հետևողական քայլերը առևտրատնտեսական կապերը խթանելու, տնտեսական ցուցանիշները բարելավելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ առկա են դրա համար անհրաժեշտ հիմնական իրավական փաստաթղթերը:

Զրուցակիցների համոզմամբ, համագործակցության զարգացման հեռանկարներ կան տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, դեղագործության, ճանապարհաշինության և մի շարք այլ ոլորտներում:

ՀՀ Նախագահը և Նիդերլանդների վարչապետն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Սերժ Սարգսյանը կարևորել է անցած տարիներին ձեռքբերված Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակի պահպանումն ու դրա հետագա խորացումը՝ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված երկկողմ համատեղ հայտարարության և ՀՀ ԱԳ նախարարի ու ԵՄ Բարձր ներկայացուցչի միջև փոխանակված նամակների համապատասխան: Այդ ճանապարհին, ըստ Նախագահի, մեր երկիրն ակնկալում է նաև բարեկամ Նիդերլանդների՝ որպես ԵՄ հիմնադիր երկրի, աջակցությունը:

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցակցին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում երեկ երեկոյան հանդիպում է ունեցել նաև Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Բաց և անկաշկանդ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում Հանրապետության Նախագահն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական հարցերին, հայ-նիդերլանդական երկկողմ կապերի ներկա վիճակին և երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացման հեռանկարին, պատասխանել նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:

Այցի շրջանակներում Նախագահը մարտի 24-25-ին կմասնակցի Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Այսօր երեկոյան Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի անունից կտրվի ընդունելություն՝ ի պատիվ գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների:

 

Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Նիդեռլանդների Թագավորություն

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Նիդեռլանդների Թագավորություն` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

Այցի շրջանակներում նախատեսվում են Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանրապետության Նախագահը Նիդեռլանդներում հանդիպում կունենա նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահը ներկա է գտնվել Արա Շիրազի հոգեհանգստի արարողությանը

 

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել անվանի քանդակագործ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արա Շիրազի հոգեհանգստի արարողությանը:

Անկախ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին

սարգսյանը ԵԺԿ համագումարինՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում անցկացվող Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին։ Գագաթնաժողովին մասնակցում են ԵԺԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչ քաղաքական ղեկավարներ, երկրների նախագահներ, վարչապետեր, նախարարներ։
ԵԺԿ գագաթնաժողովին ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարվել առկա մարտահրավերներին, որոնք վերաբերվում են Եվրոպային և տարածաշրջանին։ Խոսելով Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններին Տիգրան Սարգսյանն ասել է. «Ուկրաինայի ճգնաժամն այսօր համաշխարհային ուշադրության կենտրոնում է: Այն լուրջ մտահոգություն է մեր մայրցամաքի համար և մարտահրավեր մեր տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը: Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական բարդ միջավայրում և կանգնած լինելով անվտանգության լուրջ մարտահրավերների առջև, մշտապես աջակցել է վեճերի և ճգնաժամերի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվ մենք վստահ ենք, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի նախևառաջ այս սկզբունքի հիման վրա: Այն պետք է կարգավորվի երկխոսության և բանակցությունների ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»:
Կարևորելով խաղաղության և կայունության դերը ՀՀ վարչապետն ասել է, որ անցյալ դարի ընթացքում Եվրոպայի ժողովուրդները, այդ թվում՝ հայերը, բարձր գին են վճարել մայրցամաքում խաղաղության և կայունության համար: Ժամանակակից Եվրոպան, ուր իշխում է համագործակցության և գործընկերության ոգին, մարդկության մեծագույն նվաճումներից է: Այսօրվա Եվրոպայում պարզապես տեղ չկա առճակատող մոտեցումների համար:
Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ անցյալի զինանոցից վերցրած այս մոտեցումներն անընդունելի են ԵԺԿ ընտանիքի քաղաքական ուժերի համար: Այսօրվա փոխկապակցված աշխարհում բաժանարար գծեր ստեղծելու ձգտումն այլևս չի կարող համարվել որպես ընդունելի տարբերակ:
Պատասխանելով ԵԺԿ նախագահի տեղակալի հնչեցրած հարցին ՀՀ վարչապետն ասել է. «Արտաքին քաղաքականության մեջ մենք ունենք մի շատ զգայուն հարց. դա նախևառաջ Լեռնային Ղարաբաղի հարցն է: Մենք հավատարիմ ենք մնում հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայտարարված սկզբունքներին՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք: Մենք համոզված ենք, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և բանակցությունների միջոցով, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»։
Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ մի գործընկերոջ հետ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը չպետք է տեղի ունենա մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Հայաստանը կշարունակի վարել շահերի ներդաշնակեցման իր քաղաքականությունը: «Մենք ձգտում ենք լինել մեր գործընկերներին կապող կամուրջ, այլ ոչ թե նրանց շահերի բախման հարթակ: Մաքսային միությանը միանալու մասին որոշումը կայացնելիս մենք առաջնորդվել ենք հենց այս սկզբունքով: Միաժամանակ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԵՄ հետ մեր հարաբերությունները կշարունակեն մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություն», – ասել է Տիգրան Սարգսյանը։
Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին անդրադառնալով ՀՀ վարչապետն ասել է. «Բարեփոխումը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ամենալայնորեն կիրառվող եզրույթն է: Մենք բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Հայաստանը տարիներ շարունակ ստացել է Եվրոպական միությունից: Այդ աջակցության շնորհիվ մենք շոշափելի առաջընթաց ենք գրանցել ժամանակակից ինստիտուտների կառուցման գործում: Մենք ցանկանում ենք շարունակել զարգացնել մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ: Այն կենսական նշանակություն ունի մեր երկրի հետագա առաջխաղացման, քաղաքական և պետական կառավարման ինստիտուտների կատարելագործման, տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման և տարածաշրջանում հավասարակշռության ու կայունության պահպանման համար: Այս փուլում մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵՄ հետ համագործակցության նոր շրջանակի մշակմանը: Որպես առաջին քայլ՝ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման առաջարկությունը, առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի մասի, Հայաստանի համար, հավանաբար, լավագույն ուղին է: Մի կողմից այս շրջանակը պետք է արտացոլի ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորությունը և բնույթը, մյուս կողմից՝ այն պետք է համատեղելի լինի մեր այլ միջազգային գործընկերների հետ: Հայաստանի հանրապետական կուսակցությունում մենք դա դիտարկում ենք որպես մեր տարածաշրջանում շահերը ներդաշնակեցնելու լավագույն ճանապարհ»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունումՄարտի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին մի շարք վարչությունների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, պաշտպանության նախարարի խորհրդականներ, բարձրաստիճան զինվորականեր:

Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ կատարված աշխատանքների համակողմանի վերլուծության դեպքում միայն կարելի է բացառել նախկինում թույլ տրված բացթողումները, ճշգրտել հետագա անելիքները, ուղենշել առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Խորհրդակցության ընթացքում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը: Նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում մեծ ուշադրություն է դարձվել սպայակազմի մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանը, Տ. Խաչատրյանն անդրադարձավ անցկացված պլանային և անակնկալ ստուգայցերի արդյունքներին, համաբանակային, մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումներին: Ներկայացվեցին ԶՈւ սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը, զորքերի ծրագրականոնադրային ապահովման գործընթացը, արձանագրված թերություններն ու դրանց շտկման համար առաջարկվող լուծումները։

ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանն իր զեկույցում փաստեց, որ 2013 թվականին անցկացված ստուգումներն ու զորավարժությունները ցույց են տվել, որ զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առաջադրված խնդիրները: Զեկույցում ընդգծվեց, որ ենթակա անձնակազմի մարտավարական-մասնագիտական մակարդակի բարձրացման և լավագույններին խրախուսելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում առաջին անգամ զինված ուժերում անցկացվել է «Լավագույն ականանետային դասակ» մրցույթը։

Խորհրդակցության ընթացքում հաշվետու զեկույցներով հանդես եկան նաև ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի վարչության պետ, գնդապետ Կ. Աբրահամյանը, ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Ս. Արզումանյանը, ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման  վարչության պետ, գնդապետ Հ. Կարապետյանը, ովքեր ներկայացրեցին ենթակա կառույցների կողմից իրականացված աշխատանքները, դրանց բարելավմանը միտված մի շարք առաջարկներ և նախաձեռնություններ։

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերհանեց շտկման կարիք ունեցող խնդիրները, նախանշեց առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

 

 

Նշանակում դատական դեպարտամենտում

Ռուստամ ՄախմուդյանՀայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեպարտամենի կայքէջից:

Ռուստամ Մախմուդյանը ծնվել է 1982թ. Օգոստոսի 20-ին

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2002-2003թթ. ԵՊՀ իրավաբանական կլինիկա` ավագ իրավախորհրդատու
2003-2004թթ. ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժին (ստաժոր)
2004-2005թթ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական, քրեակատարողական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի մասնագետ
2005-2009թթ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական, քրեակատարողական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի ավագ մասնագետ
2009-2009թթ. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական
2009-2012թթ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ռազմական և զինծառայողների հարցերով խորհրդական
2005-2012թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս (ասիստենտ)
2006թ.-մինչ օրս Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս` դասավանդում է ՀՀ վարչական իրավունք, վարչական վարույթ և հարկային վարչարարություն առարկաները
2008-2013թթ. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման բաժնի դասախոս
2009-2012թթ. Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ
2010-2012թթ. ՀՀ Նախագահի հրամանագրով «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողով»-ի անդամ
2012թ.-մինչ օրս ՀՀ փաստաբանական դպրոցում որպես դասախոս
2013-2014թթ. ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական, շնորհվել է դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան

ԿՐԹՈւԹՅՈւՆԸ
1988-1999թթ. Ալագյազի Ստ. Շահումյանի անվ. միջն.դպրոց (արծաթե մեդալ)
1999-2003թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (բակալավրիատ)
2003–2005թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա
2005–2008թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա
2008թ. Թեկնածուական թեզի պաշտպանություն, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Հեղինակ է 2 մենագրության և տասնյակ հրապարակված գիտական հոդվածների:

ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2001 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ:
2009 թվականից ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ:

Բարելավվում են սոցիալական ոլորտի օրենսդրական կարգավորումները

կառավարությունՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցներից ԵԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչության անդամները:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է սոցիալական հարցերի ոլորտում առաջարկվող բարեփոխումները: Առաջարկվել է հանել մասնագիտական ստաժի հաշվառման պարտադիր լինելը, քանի որ այն առաջացնում է քաղաքացիների՝ իրենց իրավունքներից օգտվելու անհավասար պայմաններ: Արդյունքում՝ բոլոր քաղաքացիներն անկախ իրենց ստաժը հաշվառած լինելու հանգամանքից՝ կարող են օգտվել նշված արտոնությունից:
Առաջարկվել է նաև աշխատանքային ստաժը հաստատող վճարման կամ այլ փաստաթղթերի բացակայության դեպքում պահանջվող տեղեկատվության ստացման պարտականությունը դնել լիազոր մարմնի վրա: Սահմանվել են կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի իրավունքը, վճարումը վերակագնելու և կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմումի ձևերը, ինչպես նաև կրճատվել մի շարք բիզնես գործընթացների քայլեր և ժամկետներ:
Առաջարկվել է երեխաների հերթական թիվը որոշել ըստ երեխայի մոր ծննդաբերած երեխաների թվի՝ ընտանեկան զույգի խնամքի տակ գտնվող երեխաների թվի փոխարեն: Ներկայացված առաջարկներն ընդունվել են խորհրդի կողմից և համաձայն ընթացակարգի կներկայացվեն ՀՀ կառավարություն և Ազգային ժողով:
Առաջարկություններն անելիս ուսումնասիրվել են ԵՄ դիրեկտիվները, Մաքսային միության Մաքսային օրենսգիրքը, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Վրաստանի, Լիտվայի, Էստոնիայի, Հորդանանի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի փորձը: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից ներկայացված առաջարկություններն ընդունելու արդյունքում ձեռնարկատիրության ոլորտում բիզնես գործընթացների ծախսերը կնվազեն 61.8 տոկոսով՝ 1.2մլրդ դրամով:
Անկախ

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ստորագրել2Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ

Սերժ Սարգսյան,Կանանց տոն
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդերին Նավրոզի կապակցությամբ:

Մեր ժողովուրդների հարևանությունն ու բարեկամությունը դարերի պատմություն ունեն, և այսօր քրդական համայնքը Հայաստանի հասարակության կարևոր մասն է: Մենք ձեր հոգսերը հավասարապես մերն ենք համարում և ձեզ հետ ուրախանում ձեր հաջողություններով:

Նոր տարին և գարնան զարթոնքը բնականաբար բերում են նոր հույսեր: Մաղթում եմ, որ իրականություն դառնան ձեր բարի երազանքները, որ Նավրոզը՝ Նոր տարին, հայաստանաբնակ քրդերի համար լինի առատության, շենության ու բարգավաճման տարի:

 

Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին

սարգսյանՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը գտնվում է Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին։ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ գրասենյակում այսօր Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին գործերի գրասենյակի, եվրոպական այլ կառույցների և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ ՀՀ վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։ Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարի համատեքստում ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատել է ՀՀ իշխանությունների քաղաքական դիրքորոշումը, ըստ որի ՀՀ-ն իր արտաքին հարաբերությունների դոկտրինում ամրագրել է հարաբերությունների հավասարակշռված բարելավում բոլոր գործընկերների հետ՝ ոչ ի հաշիվ մեկը մյուսի։ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է որ, «կամ-կամ-ի սկզբունքը Հայաստանի համար անընդունելի է, և առավել ընդունելի մոտեցումն է՝ հարաբերությունները կառուցել փոխլրացման սկզբունքով»։
Օրվա երկրորդ կեսին ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ գագաթնաժողովին։