Ժամանակակից պետության կարևորագույն խնդիրն արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն է. վարչապետ

11161_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ծաղկաձորում մեկնարկած «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում և դպրոցներում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսի մասնակիցներին:
Կառավարության անունից ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս քննարկել առկա խնդիրները, լսել հեղինակավոր գիտնականների կարծիքները՝ հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների համատեքստում անհրաժեշտ է փորձել միասնաբար գտնել դրանց լուծման ուղիները՝ հնարավոր խնդիրներին լավագույնս դիմագրավելու համար:
Այդ առումով, վարչապետը ներկայացրել է ժամանակակից գիտության աջև ծառացած հիմնարար խնդիրներն ու կարևորել դրանց լուծման ուղղությամբ նոր գործիքների մշակումն ու կիրառումը: «Այսօր տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք հիմնարար կերպով փոխում են մարկանց վարքագիծը: Մտագործունեությունը և նոր գիտելիքների կիրառումը դառնում է առաջնայնություն: Դա նշանակում է, որ կրթության համակարգը պետք է գործի՝ համաձայն արագ փոփոխությունների: Արդյունավետ կրթական համակարգի ստեղծումը ժամանակակից պետության կարևորագույն խնդիրն է: Եթե կարողանանք կառուցել այն, ապա մի քանի տարի հետո կունենանք ժամանակակից հասարակություն»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով, կառավարության կարևորագույն գործառույթներից մեկն էլ քաղաքացիների գործունեության և առկա ներուժի ինքնաիրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է: Այդ տեսակետից, վարչապետն ավելացրել է, որ նշված պայմանների ստեղծման հնարավորությունը մեր երկիրը տեսնում է նաև Եվրասիական միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու մեջ, քանի որ Մաքսային միության անդամ երկրների խնդիրները, աշխարհընկալումը և արժեքները նույնն են:
«Մենք վստահ ենք, որ մեր ջանքերի միավորումը կբերի լավագույն հաջողությունների: Ինտեգրացիոն ծրագրերի իրականացման նպատակներից մեկն էլ քաղաքացիների միջև շփումների խթանումն է»,- ասել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին միանալու Հայաստանի որոշումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: «Այդ որոշման հիմքում ընկած են մեր երկրների և ժողովուրդների մշակութային առանձնահատկությունները, ազգային անվտանգության հարցերը, տնտեսական արդյունավետությունը և այլն: Մենք հաշվի ենք առել բազմաթիվ գործոններ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Այնուհետև վարչապետը պատասխանել է կոնֆերանսի մասնակիցների մի քանի հարցերի:
Նշենք, որ մարտի 24-29-ն անցկացվող միջոցառմանը մասնակցում են գիտնականներ՝ Լեհաստանից, Լատվիայից, Հունաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից և այլ երկրներից:

Tags: