Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիա

սեյրան ՕհանյանՍ.թ. փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու փետրվարի 26-ից 27-ը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին:

Այցի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարարի առանձնազրույցները գործընկեր երկրների պաշտպանության նախարարների և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ:

Անկախ

 

 

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի նախագահին

65. Minister Nalbandian met with the  Speaker of Greek parliament - 26.02.2014  (640x336)Փետրվարի 26-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի հանդիպումը:

Զրուցակիցները ջերմությամբ վերհիշեցին անցյալ տարվա մարտին Աթենքում ունեցած հանդիպումը և գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված է սերտ համագործակցություն, միջխորհրդարանական բարեկամության խմբերն ակտիվ գործունեություն են ծավալում, ինչը մեծապես նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների միջև բարեկամության խորացմանը:

Հունաստանի խորհրդարանի ղեկավարն ու Հայաստանի արտգործնախարարը նշեցին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության սերտացման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-հունական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Կարևորվեց առևտրատնտեսական համագործակցության խթանումը, ապակենտրոնացված փոխգործակցությունը։

Եվրոպական Միությունում Հունաստանի նախագահության համատեքստում անդրադարձ արվեց Հայաստան – Եվրոմիություն համագործակցությանը։

Կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջերս արձանագրված առաջընթացի համատեքստում Էվանգելոս Մեյմարակիսը ներկայացրեց հիմնահարցի վերաբերյալ Հունաստանի մոտեցումները։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանն ու Էվանգելոս Մեյմարակիսը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Հայաստանն ու Հունաստանը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը

Սարգսյան-մեյմարակիսՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին:
Վարչապետը բարձր է գնահատել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցությունը. «Դա մեծ արժեք է, որը մենք պարտավոր ենք պահպանել և հաղորդել ապագա սերունդներին: Ձեր այցելությունը նոր առիթ է՝ խթանելու հայ-հունական հարաբերությունները», – նշել է Տիգրան Սարգսյանը:
Հունաստանի ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել խորհրդարանական կապերի դերը երկկողմ փոխգործակցության ընդլայնման հարցում:
Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակից՝ կողմերը կարևորել են նաև Եվրոպական միության շրջանակում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության խորացումը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է ԵՄ հետ հարաբերությունների շարունակական զարգացման հարցում: Վանգելիս Մեյմարակիսն էլ հավաստիացրել է, որ Հունաստանը որպես ԵՄ խորհրդի նախագահող երկիր հնարավորինս կնպաստի ՀՀ-ԵՄ կապերի սերտացմանը. «Իմ այցը Հայաստան, հատկապես այս շրջանում, երբ Հունաստանն ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը, խորհրդանշական ուղերձ է առ այն, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ», – հավելել է նա:
Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում անհրաժեշտ է համարվել հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը: «Ցանկանում ենք, որ տնտեսական ոլորտում լինեն համատեղ նոր նախաձեռնություններ և ծրագրեր: ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի այդ բնագավառում առաջընթաց լինի», – ասել է վարչապետը: Կարևորվել է նաև ռազմական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում ծավալված շարունակական համագործակցության խորացումը:
Կողմերը մտքեր են փոխանակել Հունաստանում տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացված քայլերի, Հայաստանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել տարածաշրջանային հարցերի: Վանգելիս Մեյմարակիսն ընդգծել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում և պաշտպանում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Երկուստեք բարձր է գնահատվել Հունաստանում գործող հայ համայնքի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում և հայ-հունական բարեկամության ամրապնդման գործում:
Հունաստանի ԱԺ նախագահը Տիգրան Սարգսյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույնները: ՀՀ վարչապետը փոխադարձաբար ողջույններ է հաղորդել Հունաստանի իր գործընկերոջը և հրավիրել այցելել Հայաստան:

Վրաստանի նախագահը վաղը կայցելի Հայաստան

Գեորգի ՄարգվելաշվիլիՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վաղը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այցի շրջանակներում նա կհանդիպի երկրի ղեկավարության, ինչպես նաև Ամենայն հայոց կաթողիկոն Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին 2-րդի հետ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Գեորգի Մարգվելաշվիլին երկկողմ հանդիպումից հետո լրագրողների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

անվտանգության խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նիստում քննարկվել և հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգի» նախագիծը, որը զեկուցել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդի անդամներին զեկուցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման, միացյալ ուժերի խմբավորման կարգավիճակի և կիրառման հայեցակարգային ու նորմատիվ-իրավական ակտերի ընդունման խնդիրների մասին:

Ազգային անվտանգության խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել նաև «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-20 15թթ. միջոցառումների ցանկի» նախագիծը: Այն զեկուցել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի այցը Վիեննա

Դավիթ Տոնոյանի այցը ՎիեննաՓետրվարի 24-ին Ավստրիայի պաշտպանության և սպորտի դաշնային նախարարության փոխնախարար և պաշտպանական քաղաքականության բաժանմունքի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Բեռնհարդ Բաիրը ընդունեց Ավստրիայում գտնվող Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պատվիրակությանը՝ նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցեց նաև Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:

Քննարկվեցին պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության ներկա խնդիրներն ու հեռանկարները: Կողմերը ներկայացրեցին պաշտպանության ոլորտում երկու երկրներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձան ոլորտում երկու պետությունների, որպես ծովային ելք չունեցող միավորների, առաջ կանգնած խնդիրների ընդհանրություններին ու տարբերություններին: Ավստրիական կողմը հայկական պատվիրակությանը ներկայացրեց Ավստրիայի դաշնային կանցլերի գրասենյակի, արտաքին գերատեսչության, ներքին գործերի և պաշտպանության նախարարության համատեղ մշակած Ավստրիայի անվտանգության քաղաքականության ռազմավարական փաստաթուղթը:

Կողմերն անդրադարձան պայմանագրային զինծառայողների, նրանց սոցիալական արտոնությունների, զորակոչի իրականացման ու ծրագրավորման խնդիրներին: Ավստրիական կողմն իր պատրաստակամությունը հայտնեց խորացնել համագործակցությունը Հայաստանի զինված ուժերի հետ՝ ուսումնամարզական, կրթական ծրագրերում հայ զինվորականների ընդգրկման, Հայաստանում և Ավստրիայում զինվորականների համար վերապատրաստման տարբեր դասընթացների կազմակերպման ուղղություններով:

 Անկախ

Հովսեփ Շահինյանն ազատվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից

հրամանՀայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հովսեփ Շահինյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Անկախ

Կայացավ ցուցադրական մարտավարամասնագիտական զորավարժություն

վարժանքներ«Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի բազայի վրա այսօր կայացավ ցուցադրական մարտավարամասնագիտական զորավարժություն, որին մասնակցում էին ՀՀ առողջապահության, պաշտպանության նախարարները, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը, գեներալներ, բարձրաստիճան սպաներ, ՀՀ մարզպետները, Երևանի փոխքաղաքապետը։

Զորավարժության ղեկավար, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր բացման խոսքում շեշտեց, որ միջոցառման  նպատակն է ստուգել «Արարատ բժշկական կենտրոնի» մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման պլանի իրատեսությունը, կատարելագործել բժշկական կենտրոնի անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները, ինչպես նաև զորահավաքային առաջադրանք ունեցող առողջապահական մյուս կազմակերպությունների ղեկավարներին տալ տեսական և գործնական փորձ:

Դիմելով զորահավաքային առաջադրանք ունեցող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին` Դերենիկ Դումանյանն ասաց. «Խնդրում եմ ամենայն ուշադրությամբ և ակտիվորեն մասնակցել այսօրվա պարապմունքներին` քաղելով առավելագույնը։ Դա առաջին հերթին մեր  մայր հայրենիքի պաշտպանների` հայոց զինվորների առողջության պահպանման վեհ գործի գրավականն է»։

Նախարարը հույս հայտնեց, որ ցուցադրական մարտավարամասնագիտական այս զորավարժությունն առաջին հերթին կնպաստի առողջապահական հաստատությունների  ղեկավար կազմի տեսական գիտելիքների ամրապնդմանն ու զարգացմանը։

 Անկախ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Օմանի նորանշանակ դեսպանը

սերժ սարգսյան, Իսսա Ալի Ալ Զադջալի

 

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Յուսուֆ Իսսա Ալի Ալ Զադջալին:

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ և արաբ ժողովուրդները միմյանց շաղկապված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, որի հիմքի վրա այսօր Հայաստանի և արաբական երկրների միջև հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է, և Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների, այդ թվում՝ Օմանի Սուլթանության հետ հարաբերությունների զարգացմանը: Երկու երկրների միջև փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման համար ՀՀ Նախագահը և Օմանի դեսպանը կարևորել են իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը, որի ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում՝ քննարկման փուլում են տարբեր ոլորտներում համագործակցությանն ուղղված մի շարք փաստաթղթերի նախագծեր:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը ու Յուսուֆ Իսսա Ալի Ալ Զադջալին անհրաժեշտ են համարել նաև Հայաստանի և Օմանի միջև բազմակողմ՝ տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում, փոխշահավետ և արդյունավետ համագործակցության զարգացումը:

Անկախ

Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսը

Վանգելիս ՄեյմարակիսՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով փետրվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամների հետ:

Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահը եւ պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Անկախ

Տիգրան Սարգսյանն ամփոփել է իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման արդյունքները

Տիգրան ՍարգսյանՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է հանդիպման որոշ մանրամասներ:

Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը նշել է, որ քննարկվել է Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «Ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը: «Արձանագրվեցին այն միջոցառումները, որոնք հայկական կողմն արդեն իրականացրել է: Ռուսական կողմը բարձր է գնահատել մեր աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները: Քննարկվեցին նաև հարցեր, թե ինչպես Ռուսաստանը մեզ պետք է օժանդակի, որպեսզի «Ճանապարհային քարտեզ»-ն ավելի արդյունավետ ներդրվի, որովհետև անհրաժեշտ են նաև գրանտային միջոցներ, որոնք տրամադրվելու են ենթակառուցվածքների ձևավորմանը, տվյալների միասնական բազայի ստեղծմանը, ինչպես նաև, որպեսզի ունենանք միասնական ցանցեր: Այդտեղ մենք ակնկալում ենք մեր գործընկերների օժանդակությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ կան հաշվարկներ, թե ըստ ոլորտների ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ այդ ենթակառուցվածքները բարելավելու համար, սակայն այդ ցուցանիշները կհնչեցվեն այն բանից հետո, երբ բանակցությունները կավարտվեն:
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի քննարկման հաջորդ կարևորագույն հարցը վերաբերել է Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերին: «Մենք լսեցինք «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների և իրենց ծրագրերի մասին: Նախատեսվում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր: Մոտակա շաբաթվա ընթացքում մենք արդեն առարկայական քննարկելու ենք, թե ինչ պայմաններ պետք է ստեղծենք այդ ներդրումների համար, որպեսզի հնարավորին չափ կարճ ժամկետում դրանք դառնան իրականություն: Բնականաբար, ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները»,- ասել է վարչապետը:

Անկախ

Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարարի հետ

Աշոտ ՔոչարյանՓետրվարի 24-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարար Ջըբրան Բասսիլի հետ:

Հանդիպման ընթացքում նախարար Բասսիլին ներկայացրեց մանրամասներ՝ Լիբանանի արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ:

Փոխանցելով զրուցակցին ՀՀ ԱԳ նախարարի ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ բարեկամ Լիբանանի և Հայաստանի միջև առկա սերտ և փոխշահավետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներով կշարունակի զարգանալ և խորանալ փոխվստահության հիմունքների վրա:

Կողմերը մտքեր փոխանակեցին հայ-լիբանանյան երկկողմ հարաբերությունների օրակարգի և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

 Անկախ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել մեծանուն աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել մեծանուն աստղաֆիզիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ: Գուրզադյանների ընտանիքին հղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Սփյուռքից Հայաստան ներգաղթած, հայրենիքում կրթություն ստացած և համաշխարհային ճանաչման արժանացած գիտնականն իր ողջ կյանքը նվիրեց հայրենի գիտության առանձնահատուկ մի ոլորտի զարգացմանը, ղեկավարեց գիտական կենտրոններ, մշակեց տիեզերական համակարգեր:

Տաղանդաշատ գիտնականն ուներ նաև փիլիսոփայի, գրողի և գեղանկարչի առանձնահատուկ շնորհներ, որոնք դրսևորվեցին նրա գիտահանրամատչելի էսսեներում և գունեղ կտավներում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Գրիգոր Գուրզադյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին»:
Անկախ

Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ

սարգսյան-մեդվեդևԱշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում, մասնավորապես Սոչիում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Տ.Սարգսյանը ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից նախ շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը՝ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու, և ռուս մարզիկների արձանագրած հաջողությունների ու պատմական ռեկորդ սահմանելու կապակցությամբ: «Օլիմպիական խաղերը մեծ տոն էին և բոլորս հիանում էինք այդ փայլուն սպորտային միջոցառմամբ, տիրում էր հիանալի մթնոլորտ»,– նշել Տիգրան Սարգսյանը:
«Հարգելի Տիգրան Սուրենի, ողջունում եմ Ձեզ Սոչիում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ ժամանել եք օլիմպիական խաղերի փակմանը: Ձեր երկրի նախագահը ներկա էր խաղերի բացմանը: Սա նաև մեր բարեկամության և գործընկերության խորհրդանիշ է: Այսօր նման աշխատանքային հանդիպման ընթացքում հնարավորություն ունենք անդրադառնալ ռուս-հայկական համագործակցությանը, դիտարկել, թե ինչպես են ընթանում աշխատանքները Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության հետագա զարգացման ուղղությամբ»,– նշել է Դմիտրի Մեդվեդևը:
Այնուհետև, երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական և ենթակառուցվածնքների բնագավառների համատեղ ծրագրերը:
Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ռուսական ընկերությունները կարևոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության մեջ: «Հայաստանում գործում են հազարից ավելի ռուսական կապիտալով ընկերություններ: Ներդրումների ծավալով Ռուսաստանը մեր երկրում զբաղեցնում է առաջին տեղը: Հույս ունենք, որ առաջիկայում ևս այդ ներդրումները կշարունակվեն մեր երկրի տարբեր ոլորտներում»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրաշրջանառության աճող ծավալների մակարդակից և վստահություն հայտնել, որ այն կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալուց հետո:
Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը բարձր են գնահատել նաև Հայաստանի կողմից ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը: ՌԴ վարչապետը նշել է, որ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությունը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, դրա անվտանգության մակարդակի բարձրացմանը և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերվում են արդյունաբերական և հումանիտար համագործակցությանը:
Փետրվարի 23-ին Դմիտրի Մեդվեդևի հրավերով Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել նաև ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը: Դրա շրջանակներում ՀՀ վարչապետը կարճատև զրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարարի այցը սահմանային զորամասեր

օհանյանՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով գտնվել է հանրապետության արևմտյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետերում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, բանակային զորամիավորման, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմը:

Հենակետերում Սեյրան Օհանյանը ծանոթացել է դիրքերի կահավորմանը, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հրահանգներ:

սեյրան օհանյանՆույն օրը պաշտպանության նախարարը եղել է նաև Սիսիանում տեղակայված զինվորական կլինիկական հոսպիտալում: Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Սեյրան Օհանյանը ծանոթացել է հոսպիտալային իրավիճակին, հիվանդների բուժման և սնվելու կարգին, զրուցել հոսպիտալում ստացիոնար բուժման ենթարկվող զինծառայողների հետ, բուժանձնակազմին տվել  ամապատասխան ցուցումներ: Այցի ընթացում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև շենքի որոշ հատվածի վերանորոգման վերաբերյալ:

Փետրվարի 22-ին 4-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, զորամիավորումների և զորամասերի հրամանատարներ:

Հաշվետու զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների ու զորամասերի հրամանատարներ, պատասխանատու սպաներ: Նշվել է, որ զինվորական իրավապահ մարմինների աշխատակիցների հետ համատեղ աշխատանք է տարվել զորամասերում կարգապահության ամրապնդման, բռնարարքների, ինքնախեղումների, հիվանդությունների, դժբախտ պատահարների և միջադեպերի կանխարգելման, դրանց պատճառները հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ:  Միջոցառումներ են իրականացվել նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության և իրավագիտակցության բարձրացման, զորամասերում սանիտարահիգիենիկ պայմանների, բուժսպասարկման, սննդի որակի բարելավման ուղղությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զեկուցողներին տվել է հստակ ցուցումներ և հանձնարարականներ իրականացվող աշխատանքների արդյունավետությունն առավել բարձրացնելու նպատակով:

Հայաստանի արտգործնախարարը Փարիզում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

նալբանդյանՓետրվարի 22-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ

գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:

Անկախ

Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ

Տիգրան Սարգսյան,ՀՀ կառավարության նիստՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Վարչապետ Սարգսյանը Սոչիում կհանդիպի ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Հանդիպմանը զրուցակիցները կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձ կկատարեն նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը:
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը:
Վարչապետը ներկա կլինի նաև ձմեռային Oլիմպիական խաղերի փակման արարողությանը:

Ստեղծվել է ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների համատեղ հանձնաժողով

պնՓետրվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները, վերհանվել են զորակոչի ընթացքում արձանագրված առողջական ոլորտին առնչվող խնդիրները, ուրվագծվել են դրանց լուծման հստակ ուղղություններ:

Ընդլայնված խորհրդակցությանը, որը վարել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, զորակոչի գործընթացում ներգրավված կառույցների պատասխանատուներ, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամները, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ անցկացված ձմեռային զորակոչն առանձնահատուկ էր իր բնույթով, քանի որ առաջին անգամ կիրառվեց վիճակահանության սկզբունքը, ինչն էապես նվազեցրեց հնարավոր կոռուպցիոն դրսևորումները: «Այս տարի նորամուծություն էր նաև հանձնաժողովում իրավապահ և վերահսկող մարմինների ներկայացուցիչների ընդգրկումը, ինչը տարբեր ոլորտներում թերություններն ավելի արագ հայտնաբերելու հնարավորություն ընձեռեց»,-նշել է Ս. Օհանյանը

Առողջապահության նախարարն իր խոսքում հավելել է, որ առաջիկա զորակոչի ընթացքում զորակոչիկներն անվճար հիմունքներով կանցնեն նաև սոնոգրաֆիկ հետազոտություններ, ինչն էապես կբարձրացնի բուժզննման արդյունավետությունը: Բացի դրանից` Կենտրոնական հավաքակայանում նախկինում իրականացվող կանխարգելիչ պատվաստումներն այսուհետ կիրականացվեն մինչ զորակոչը` քաղաքացիական բուժհաստատություններում:

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով և ելույթներով հանդես են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լ. Մնացականյանը, ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հ. Մուրադյանը, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամները: Ներկայացվել են ձմեռային զորակոչի ընթացքում արձանագրված թերությունները և խնդիրները, բացթողումների շտկման ուղղությամբ արվել են մի շարք առաջարկություններ:

Շնորհակալություն հայտնելով ներկաներին խորհրդակցության ընթացքում դրսևորած ակտիվության, ինչպես նաև ձմեռային զորակոչը պատշաճ անցկացնելու համար, Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում ձևավորվող աշխատանքային հանձնաժողովը կուսումնասիրի վերհանված առաջարկները և երկու գերատեսչությունների ղեկավարների քննարկմանը կներկայացվի բարձրացված խնդիրները լուծելուն կոչված ամբողջական և ընդգրկուն առաջարկությունների փաթեթ:

Խորհրդակցությունը եզրափակվել է ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմամբ:

 Անկախ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանսիայի Դիմադրության շարժմանը և Միսաք Մանուշյանի խմբին նվիրված արարողությանը

 Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանսիայի Դիմադրության շարժմանը և Միսաք Մանուշյանի խմբին նվիրված արարողությանըՓետրվարի 21-ին Փարիզի արվարձանում գտնվող Ֆրանսիական Դիմադրության շարժման Մոն Վալերյան հուշահամալիրում, Նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն` նվիրված Միսաք Մանուշյանի խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին։

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը ծաղկեպսակ զետեղեց հուշահամալիրում և հանդես եկավ ելույթով։ Արարողությանը մասնակցեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ծաղկեպսակ զետեղեց Հայաստանի Հանրապետության անունից։

Արարողությանն ընթերցվեց Միսաք Մանուշյանի կյանքի վերջին ժամերին գրված նամակն՝ ուղղված իր կնոջը՝ Մելինեին.

«Մի քանի ժամ հետո ես այլևս չեմ լինի այս աշխարհում. ինձ կգնդակահարեն
կեսօրից հետո:

Երանի՛ նրանց, ովքեր կփրկվեն և կվայելեն ազատության քաղցրությունը և վաղվա խաղաղությունը:

Ես վստահ եմ, որ ֆրանսիացի ժողովուրդը և բոլոր ազատության համար
պայքարողները արժանապատվորեն կպահեն մեր հիշատակը։

Եթե հնարավոր լինի, փոխանցիր իմ հիշողությունները Հայաստանում գտնվող հարազատներիս», – գրել է Միսաք Մանուշյանը կյանքի վերջին պահերին իր կնոջը։

Իր ելույթում Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը նշեց. «Մանուշյանը
Հայոց ցեղասպանությունից փրկված այն հայերից էր, որ հաստատվեց
Ֆրանսիայում և անդամագրվեց նրա ազատագրման պայքարին: Մանուշյանը միակ
հայը չէր, որ կյանքը զոհեց այս երկրի ազատության համար»։

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի կառավարության, Սենատի և Ազգային ժողովի անդամներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Անկախ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովումԲարև ձեզ հարգելի գործընկերներ, ՀՀ կառավարության անունից ողջունում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին և ցանկանում բեղմնավոր աշխատանք: Մեր օրակարգային թեման այսօր խիստ արդիական է ամբողջ աշխարհում և մենք նման գիտաժողովների շնորհիվ կարողանում ենք քննարկել, թե ինչպիսին է ժամանակակից աշխարհի արդյունավետ կենսաթոշակային համակարգը, ինչպիսի նոր ձեռքբերումներ, թերություններ կան գործող համակարգերում, որոնք անհրաժեշտ են հաշվի առնել և շտկել այն մոդելը, որը մենք Հայաստանի Հանրապետությունում ինքներս ստեղծել ենք: Առաջին հերթին ցանկանում եմ արձանագրել, որ հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում այն հայեցակարգը, որը մեր սեփականն է, որը մենք ինքներս ենք ստեղծել, և որի վրա աշխատել են հանրապետության երկու նախագահներ, երեք կառավարություններ, չորս կոալիցիոն կուսակցություններ: Սա մեր համատեղ ջանքերի արդյունքն է: Ինչի՞ համար է անհրաժեշտ այս խնդիրը լուծել, որո՞նք են այն դրդապատճառները, որ ստիպում են մեզ կատարել այս արմատական փոփոխությունը և արդյո՞ք գոյություն ունեն այլընտրանքներ: Ես կփորձեմ անդրադառնալ այս հարցերին:
Առաջին. գործող համակարգը, որը կոչվում է սերունդների համերաշխության համակարգ, ունի հետևյալ տրամաբանությունը: Այսօրվա եկամտահարկ վճարողների բանակը, որը շուրջ կես միլիոն է, պետք է այնքան եկամտահարկ վճարի, որպեսզի կարողանանք վճարել այսօրվա թոշակառուների համար արժանավայել թոշակ: Հնարավ՞որ է արդյոք դա, թե՞ ոչ: Հին համակարգը՝ սերունդների համերաշխության համակարգը, որը գործում է ամբողջ աշխարհում, ելնում էր այն տրամաբանությունից, որ թոշակառուների կյանքի ժամկետը լինելու է այնպիսին, որ աշխատող երիտասարդ սերունդն իվիճակի է լինելու պահել թոշակառուներին: Բայց աշխարհում տեղի ունեցան երկու արմատական փոփոխություններ: Առաջինը՝ դեմոգրաֆիական փոփոխությունն է, ծնելիության նվազումը, որը լրջագույն խնդիր է և զարգացող երկրների մի մասը, որին պատկանում է Հայաստանի Հանրապետությունը, համարվում են ծերացող հասարակություն: Ուրեմն երիտասարդ սերունդը, որը ստեղծում է նոր արժեք և վճարում է այն հարկերը, որոնցով պետք է թոշակները վճարենք, այդ սերնդի թիվը կրճատվում է, իսկ թոշակառուների թվաքանակն ավելանում է: Սա հին համակարգի համար ֆունդամենտալ խնդիր է ստեղծում:
Երկրորդ՝ կյանքի տևողությունն ամբողջ աշխարհում, զարգացած և զարգացող երկրներում՝ այդ թվում Հայաստանում, երկարում է: Այսօր ՀՀ-ում կյանքի տևողությունը կազմում է 74 տարի: Սա նշանակում է, որ այս երկու ֆունդամետալ գործոնները, որ գոյություն ունեն, իրենց ազդեցությունն են թողնում գործող համակարգի վրա և այն դարձնում ոչ հեռանկարային և խնդրահարույց: Դրա համար աշխարհը 21-րդ դարի լրջագույն մարտահրավերներից մեկն է համարում կենսաթոշակային ռեֆորմը, ինչու լրջագույն խնդիր, մարտահրավեր, որովհետև անցումը լինելու է ցավոտ, մի կողմից պետությունները պարտավոր են վճարել այսօրվա թոշակառուներին և այնքան, որպեսզի նրանք բարեկեցիկ ծերություն ունենան, մյուս կողմից պետք է արդեն անցնեն նոր համակարգի, որը լրացուցիչ ծախս է բյուջեի համար: Զարգացած երկրները հայտնվել են փակուղային իրավիճակում և միջազգային փորձագետները մեզ հուշում են, ասում են Հայաստանն ունի պատմական շանս, նման հնարավորություն, պատուհան ունեք դուք, այդ հնարավորությունից օգտվեք, թե չէ վաղը մյուս օրը հայտնվելու եք նույն իրավիճակում:
Եվ այսպես, մոտավորապես, կոպիտ եմ ասում այս թվերը, ունենք 500 հազար եկամտահարկ վճարող: Այսօր մեր 550 հազար թոշակառուներին մենք վճարում ենք այնպիսի թոշակ, որը նրանց ճնշող մեծամասնության առջև դնում է աղքատության խնդիր: Այսինքն, ՀՀ քաղաքացին, որն անցնում է թոշակի, միանգամից առնչվում է աղքատության խնդրի հետ, որովհետև այն միջին 36 հազար դրամը, որ վճարում ենք՝ բավարար չէ բարեկեցիկ ծերություն ապահովելու համար: Մեր թոշակառուներից 350 հազարը գտնվում են աղքատության շեմից ավելի ցածր: Դա լրջագույն խնդիր է, իսկ եթե վերցնենք ծայրահեղ աղքատների թիվը, ապա կհասկանանք, թե խնդիրը որքան լուրջ է, որ մեր առջև կանգնած է:
Այժմ մեր քննադատները, ընդդիմախոսներն ասում են՝ այո, կա այլընտրանք, ո՞րն է այդ այլընտրանքը, որ ավելի լավ հարկային վարչարարություն արեք, օլիգարխներից ավելի շատ հարկ վերցրեք, մեծահարուստներին ստիպեք, որ ավելի շատ հարկ վճարեն և այդ միջոցներն ուղղեք և ավելացրեք թոշակները: Արդարացի պնդում է և մենք այդ ճանապարհով գնում ենք, բայց այդ ճանապարհով գնալով լուծում ենք այսօրվա թոշակառուների խնդիրը: Գնալով այդ ճանապարհով՝ մենք 2013 թվականին հարկեր-ՀՆԱ ցուցանիշում կատարել ենք արմատական փոփոխություն. 1,4 տոկոսով ավելացրել ենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, ինչը մեր վերջին 10 տարիների մեջ հեղափոխական ցուցանիշ է, որովհետև հիշում եք, մեր թիրախային ցուցանիշը տարեկան 0,3-0,4 տոկոս է: Այս 1,4 տոկոս բարձրացումը մեզ հնարավորություն է տվել 2014 թվականի հունվարի մեկից թոշակառուների թոշակն ավելացնել 15 տոկոսով: Մենք այս ռազմավարությունը շարունակելու ենք, որքան բարելավվի հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, հարկային վարչարարությունը, այնքանով իվիճակի ենք լինելու ավելացնել այսօրվա թոշակառուների թոշակը:
Բայց հարց է առաջանում. իսկ երկրորդ խնդիրը՝ այս երիտասարդ սերնդի թոշակների խնդիրը մենք ինչպես ենք լուծելու, եթե ծերացող բնակչություն ենք և եթե կյանքի տևողությունը երկարում է, եթե գոյություն ունեն դեմոգրաֆիական ալիքներ, որոնք բերում են նրան, որ 15-20 տարի հետո աշխատողների թիվը լինելու է շատ ավելի ցածր: Հին համակարգի հիմնական և լրջագույն թերությունը կայանում է նրանում, որ մարդու աշխատած տարիների և վաստակած եկամուտների և թոշակի միջև, որ նա ստանալու է, կապ չկա: Ինչպիսի՞ թոշակ նա կստանա, դա պայմանավորված է լինելու, թե իր թոշակի տարիքին պետությունը ֆինանսական ինչ փուլում է գտնվելու: Եթե լավ վիճակում լինի, մի փոքր ավելի լավ թոշակ կստանա, եթե մի փոքր ավելի վատ վիճակում՝ ավելի ցածր թոշակ կստանա: Նրա ամբողջ աշխատանքային կենսագրությունը բացարձակապես կապ չունի այդ թոշակի և ապահով ծերության հետ: Այս խնդիրը լուծելու համար մեր ընդդիմախոսների փաստարկները չեն անցնում, ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, որովհետև այդ տեսակետից, հին համակարգը լուծում չի տալիս: Կա մեկ այլ տարբերակ ևս, որ կենսաթոշակային տարիքը երկարացնենք: Հիշում եք՝ այդ ճանապարհով գնաց Ֆրանսիան և տեսանք, թե ինչ լրջագույն սոցիալական խնդիրներ բարձրացան իշխանությունների առջև, որովհետև մարդիկ ասում են մենք աշխատանքի ենք անցել, ծրագրավորել ենք, որ պետք է 63 տարեկանում անցնենք թոշակի, հիմա մենք դարձել ենք 63 տարեկան, դուք ի՞նչ բարոյական, իրավական հիմք ունեք այս պահին փոխել մեր կյանքի ծրագրավորված ամբողջ ցիկլը: Դա լրջագույն սոցիալական և քաղաքական հարցադրում է: Դա հին համակարգի թերությունն է, որովհետև բոլոր զարգացած պետությունները դրա առջև կանգնելու են:
Պետական բյուջեի միջոցները չեն բավարարում թոշակներն ավելացնելու համար, որովհետև հարկային բեռն աշխատողների վրա դառնում է անտանելի, ինչը խաթարում է արդյունավետ աշխատանքի մոտիվացիան, հարվածում է տնտեսությանը: Դրա համար այս փաստարկը նույնպես չի աշխատում և այն իրականում վատթարացնում է երկրներում սոցիալական վիճակը, չնայած որ շատ երկրներ գտնում են նաև երկրորդ տարբերակը և մենք տեսանք, թե Բելգիայում ինչ ընդզվումներ եղան, երբ Բելգիայի կառավարությունն ասաց՝ սիրելի քաղաքացիներ, այն սոցիալական բեռը, որ պետությունն իր վրա վերցրել է, այլևս չենք կարողանում կատարել, եկեք որոշակի պարտավորություններից, որ պետությունն ստանձնել է, հրաժարվենք, որովհետև պետական բյուջեն այլևս չի դիմանում դրան: Տեսանք, որ փոքրիկ Բելգիայում 3,5 մլն մարդ դուրս եկավ փողոց՝ ընդվզելով այդպիսի օրենսդրական փոփոխությունների դեմ, որովհետև նրանք ասում են՝ մենք մեր կյանքը պլանավորել ենք՝ հաշվի առնելով այն օրենսդրական դաշտը, որն այս պահին գործում է մեր երկրում, ասում են՝ մենք պատրաստ չենք այդ փոփոխությանը, գտեք այլ լուծումներ:
Ժամանակակից տնտեսագիտությունն այս հարցը քննարկել է բազմակողմանի և մենք շնորհակալ ենք միջազգային կազմակերպություններին, Միացյալ Նահագների կառավարությանը, USAID-ին, Համաշխարհային բանկին, Եվրոպական ներդրումային բանկին, որոնք մեր կողքին են և համաշխարհային լավագույն փորձը հաղորդեցին մեզ: Մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալ աշխարհի լավագույն մասնագետների վերլուծություններին, մեր երիտասարդ մասնագետներին գործուղել աշխարհի տարբեր պետություններ՝ ուսումնասիրելու լավագույն փորձը: Այդ գիտելիքների հիման վրա մենք ստեղծեցինք մեր համակարգը:
Ո՞րն է մեր համակարգի տրամաբանությունը. ցանկացած աշխատող քաղաքացի պատասխանատվություն է կրում իր ապահով ծերության համար: Այն պահից, երբ դուք ունեք աշխատանք և եկամուտ, պարտավոր եք պետության հետ մտածել ձեր ապահով ծերության մասին: Սա է քաղաքական բովանդակությունը: Այս քաղաքական բովանդակությանը կարող են դեմ լինել սոցիալիստական գաղափարախոսություն քարոզող որոշ ուժեր: Բայց նույնիսկ նրանք, եթե նայում ենք աշխարհի զարգացած երկրներին, արդեն իսկ փոխում են իրենց գաղափարախոսական սկզբունքները կենսաթոշակային համակարգի մասով, տեսնելով, որ այն փաստարկները, որոնք առկա են այսօր, անհաղթահարելի փաստարկներ են, և սերունդների համերաշխության սկզբունքն այդ անհաղթահարելի հանգամանքները սոցիալիստական սկզբունքների ներքո իվիճակի չէ լուծելու: Դրա համար պետք է գտնել այլընտրանք և դա հենց այս քաղաքական ու գաղափարախոսական սկզբունքի մեջ է: Աշխատող քաղաքացին պետության հետ միասին պետք է պատասխանատվություն կրի իր ապահով ծերության համար և կուտակի հենց այն պահից, երբ եկամուտ է ստանում: Աշխարհում չկա որևէ երկիր, որը ներդնի պարտադիր կուտակային համակարգը և չստանա դժգոհություն, չլինի դիմադրություն, չի եղել այդպիսի երկիր: Եվ Հայաստանը բացառություն չէ: Եվ դա արադարացի դժգոհություն է: Այդպիսի ընդդիմությունը խիստ անհրաժեշտ է ցանկացած ժողովրդավարական, քաղաքացիական հասարակության համար: Ինչո՞ւ, որովհետև երբ իշխանություններն օգտագործում են պարտադրանքի գործիքը, հասարակությունը դրան անպայման պետք է վերաբերվի անվստահությամբ, որպեսզի իշխանությունները լինեն զգոն և այդ գործիքը մշակեն այնպես, որ թերությունները լինեն մինիմալ և այդ պարտադրանքի ինստիտուտն անպայման հասնի իր նպատակին: Դրա համար մենք պետք է հարգենք մեր ընդդիմախոսների մոտեցումները և առավել ջանքեր գործադրենք՝ բացատրելու այս համակարգի առավելություններն ու անհրաժեշտությունը, անդրադառնալ բոլոր այն հարցերին, որ նրանք բարձրացնում են:
Եվ այսպես, հարց համար մեկ. վստահության խնդիր: Մենք կասկածներ ունենք, ասում են մեր ընդդիմախոսները, որ այդ գումարները չեն փոշիանա և տարիների ընթացքում դրանք չենք կորցնի, դրա համար ավելի լավ է այսօր սպառենք այդ հինգ տոկոսը, որովհետև այսօր բազմաթիվ հոգսեր ունենք, Հայաստանում սոցիալտնտեսական իրավիճակը բարվոք չէ, գոյություն ունի աղքատության խնդիր, եկամուտները բավարար չեն և ավելի լավ է մենք այդ հինգ տոկոսն այսօր սպառենք, քան այն կուտակենք ապահով ծերության համար, մանավանդ, որ վստահ էլ չենք, որ 35-40 տարի հետո այդ գումարները մեզ համար հասանելի են լինելու: Եվ սա օբյեկտիվ հարցադրում է, որովհետև դրա համար կան օբյեկտիվ հիմքեր, մեր բնակչության 32,5 տոկոսն աղքատ է և միջին խավը նոր է ձևավորվում, եկամուտները բավարար չեն:
Դրա համար ի՚՞նչ ենք մենք ծրագրել՝ մեղմելու այս օբյեկտիվ դժգհության հիմքը: 2010 թվականին, երբ մենք այս օրենքն ընդունել ենք, այդ առումով սա բացառիկ օրենք է, որովհետև մեր պատմության մեջ այսպիսի բան չի եղել, որ 2010-ին ընդունենք և երեք տարվա ժամկետ տանք և քաղաքացիներին, և բիզնեսին, և պետությանը նախապատրաստվել 2014 թվականի հունվարի 1-ին: Մեզ մինչև հիմա միշտ մեղադրում են, որ օրենքներն ընդունում ենք և 2-3 ամսից դնում ենք կիրառության մեջ: Սա այն բացառիկ օրենքն էր, որ մենք ընդունել ենք երեք տարի առաջ և հնարավորություն ենք տվել բոլորին նախապատրաստվել, այդ թվում նաև մեզ: Պետությունը կուտակել է ֆինանսական միջոցներ, առաջին՝ որպեսզի հունվարի 1-ից բարձրացնի թոշակները, երկրորդ՝ որպեսզի բարձրացնի աշխատավարձերը, երրորդ՝ որպեսզի մենք բյուջեում ունենանք 20 միլիարդ դրամ՝ խթանելու երիտասարդներին, որ նրանց հինգ տոկոսը, եթե կուտակել են, կրկնապատկենք նրանց խնայողությունները՝ դարձնելով 10 տոկոս: Մենք երեք տարի դրան պատրաստվել ենք: Չորրորդ՝ մենք ծրագրավորել ենք հինգ տարվա համար նվազագույն աշխատավարձի բարձրացում, դրանով ազդակ ենք հաղորդել բիզնեսին, որ նրանք պարտավոր են լինելու Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձը, եկամուտները փուլ առ փուլ ավելացնել: Վեցերորդ. առաջին անգամ ճգնաժամից հետո 2013 թվականին մեզ հաջողվեց հաղթահարել ֆունդամենտալ մի խնդիր, որպեսզի մեր քաղաքացիների իրական եկամուտներն աճեն, այսինքն, աշխատավարձերի աճը լինի ավելի բարձր, քան գնաճը: 2013 թվականին մեզ հաջողվեց լուծել այդ խնդիրը, աշխատավարձերի իրական աճը կազմեց 6,5 տոկոս, գնաճը՝ 5,8: 2014 թվականին գնաճը լինելու է ավելի ցածր, քան իրական եկամուտների աճը, դա մեր քաղաքացիների համար հնարավորություն է ստեղծում, որ այդ հինգ տոկոսն իրենց համար ցավոտ չլինի, 2014 թ. նրանց իրական եկամուտներն աճեն, դրանով մեղմելով այս անցումային փուլը: Թվերն այսօր դրա մասին վկայում են և սա մյուս կարևորագույն խնդիրն է: Վստահության հաջորդ չափանիշը հետևյալն է՝ որ այդ փողերը չեն փոշիանա: Մեզ հիշեցնում են Խնայբանկի պատմությունը, Խորհրդային միությունը՝ աշխարհի հզոր կայսրությունն ուներ մի մոնոպոլիստ բանկ, որը հավաքում էր խնայողությունները և ով կմտածեր, որ այդ բանկը կփլուզվի, բայց փլուզվեց այն: Հայաստանի Հանրապետությունն այդ փլուզման արդյունքներն առավել ցավոտ զգաց, որովհետև 15 հանրապետությունների մեջ մեկ շնչին ընկնող խնայողությունների մակարդակը մեր երկրում ամենաբարձրն էր: Մենք ամենաշատն էինք խնայում և, բնականաբար, դա մեր հասարակությանն ավելի մեծ ցավ պատճառեց:
Այժմ ինչպիսի՞ն պետք է լինի համակարգը, որ նույնիսկ այդպիսի կոլապսի դեպքում մեր քաղաքացիները 35-40 տարվա կուտակած իրենց միջոցները չփոշիացնեն, չկորցնեն: Նույնպես անդրադառնում ենք համաշխարհային փորձին: Դրա համար կան ձևեր և մարդկությունն այդ ձևերը հորինել է: Առաջին` ձեր խնայած միջոցները պետք է լինեն դիվերսիֆիկացված, միայն Խնայբանկում չպետք է լինեն, մի պետությունում չպետք է լինեն: Ձեր խնայողությունները չպետք է պայմանավորված լինեն մի պետության ճակատագրով, պետք է դիվերսիֆիկացված լինեն տարբեր պետությունների կողմից թողարկված տարբեր պարտատոմսերի մեջ:
Երկրորդ` դրանք պետք է լինեն հուսալի պարտատոմսեր`բարձր վարկանիշ ունեցող: Երկիրը, պարտատոմսերը պետք է բացառիկ, բարձր վարկանիշ ունենան: Եթե վերջին 80 տարիների աշխարհի փորձը դիտարկենք, երբ կուտակային համակարգերը սկսել են աշխատել, չի եղել այդպիսի հիմնադրամ, աշխատող այս հուսալիության սկզբունքներով, որը սննկացել է: Սա մեր ընդդիմախոսների երկրորդ հարցադրման պատասխանն է: Նրանք մեջ են բերում այսպիսի համակարգի հետ բացարձակապես առնչություն չունեցող օրինակներ, երբ փոքր, նորաստեղծ առևտրային բանկերին կամ կուտակային հիմնադրամներին հնարավորություն է ընձեռնվել խնայողություններ հավաքել քաղաքացիներից, սակայն սնանկացել են և խնդիրներ են եղել այդ խնայողությունները վերադարձնելու հետ կապված:
Մեր երկրի մոդելն այդպիսին չէ և պետք չէ այդ մեղադրանքները մեր մոդելի հասցեին հնչեցնել, որովհետև կառավարիչների նկատմամբ խիստ և հստակ չափանիշներ են սահմանված, նաև խիստ և հստակ չափանիշներ են սահմանված ակտիվների կառավարման ուղղությամբ: Միակ տարբերակը, որ մեր քաղաքացիները կկորցնեն իրենց խնայողությունները՝ համաշխարհային կոլապսն է, բայց համաշխարհային կոլապսի դեպքում, հավաստիացնում եմ ձեզ, խնայողությունների հարցն առաջնային չէ, որովհետև առաջնային են դառնում ֆիզիկական գոյատևման խնդիրները: Հուսալիության հարցում էլ մենք հաշվի ենք առել աշխարհի լավագույն փորձը՝ այս ռեֆորմն առաջ տանելու համար:
Երրորդ մեղադրանքը, որ հնչում է մեր հասցեին, նույպես առնչվում է վստահության հետ: Լավ, ենթադրենք, որ այդ գումարները, որ կուտակված են ֆոնդերում կպահպանվեն, բայց չէ որ կա ռիսկ, որ ձեր երկրում գնաճը կլինի այնպիսին, որ այդ ֆոնդերի եկամտաբերությունը կլինի ցածր: Դա նշանակում է, որ տարիների ընթացքում մեր խնայողություններն իրականում նվազում են և ոչ թե ավելանում:
Այս հարցի պատասխանը նույնպես տրված է: Առաջին՝ հստակ չափանիշներ են սահմանված կառավարիչների համար, մեր օրենսդրությամբ չափանիշներ, որոնք ֆիքսում են նրանց պարտավորությունները: Երկրորդ` համաշխարհային փորձից գիտենք, որ նույնիսկ, չնայած այդ հանգամանքին, որ կառավարիչներն ապահովելու են երկարաժամկետ առումով ավելի բարձր եկամտաբերություն, քան գնաճն է, կարող են լինել տատանումներ համաշխարհային շուկաներում, որ կարճաժամկետ հատվածում այդ խնդիրը դառնա արդիական: Մենք համաշխարհային փորձից գիտենք, Չիլիում էլ է այդ դեպքը պատահել, երբ որ այս պահին դուք դուրս եք գալիս թոշակի` համաշխարհային ճգնաժամ է, տոկոսադրույքները շատ ցածր են, իսկ ձեր երկրում գնաճ է: Եվ մարդիկ ասում են` եղբայր, իսկ այժմ փոշիանում են իմ խնայողությունները, խնդրում ենք այս հարցի պատասխանը տվեք:
Հենց Չիլիի փորձից ելնելով էլ մեր համակարգը ստեղծել է երաշխիքային հիմնադրամ: Այն 1,2 տոկոսը, որ մենք պարտադրում ենք, պետք է գնա կառավարիչների վճարին: Մեր օրենսդիրն ասել է, որ 0,2 տոկոսը պետք է կուտակվի ապահովագրական հիմնադրամում, որը կօգտագործվի այն դեպքերում, երբ կարճաժամկետ տատանումների ժամանակ գնաճը կլինի ավելի բարձր, քան ռեալ եկամտաբերությունը: Այդ ժամանակ կաշխատեն այս ապահովագրական հիմնադրամում կուտակված միջոցները, և քաղաքացիները երաշխավորված ձևով կստանան չարժեզրկված խնայողություններ:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այդ տատանումը կարճաժամկետ է լինում և միևնույն է կառավարինչերը երկարաժամկետ առումով, 30-40 տարվա կտրվածքով, երաշխավորված կերպով ապահովում են ավելի բարձր եկամտաբերություն, քան գնաճն է: Դա նշանակում է, որ ապահովագրական ֆոնդի ռիսկը շատ մեծ չէ, կարճաժամկետ է, բայց ի՞նչ տեղի կունենա, եթե ապահովագրական ֆոնդի փողերը բավարար չլինեն: Այստեղ էլ օրենսդիրը հստակ պատասխան է տալիս , որ այդ ժամանակ պետությունն է երաշխավորում, որ եթե այդ գումարները բավարար չլինեն կարճաժամկետ առումով, պետությունն այդ հիմնադրամին կարող է տրամադրել լրացուցիչ միջոցներ, ամեն դեպքում թոշակառուն լինելու է պաշտպանված:
Եվ մեր հաշվարկները ցույց են տալիս , որ պետական բյուջեի համար այդ բեռը լինելու է տանելի և պետական բյուջեն ի վիճակի է լինելու այդ բեռն իր վրա վերցնել: Հասկանալի է, որ սա աշխարհի ամենաբարդ ռեֆորմն է և հասկանալի է, որ մեր երկրի զարգացման համար անհրաժեշտ են ռեֆորմներ: Ասում են` մենք ձեզ չենք վստահում, երկրի վիճակը լավ չէ, կա արտագաղթ, աղքատություն: Այո, այդ ամենը ճիշտ է, բայց շտկելու ճանապարհը ո՞րն է: Մի ճանապարհ ունենք շտկելու իրավիճակը, դա ռեֆորմներն են: Այլ ճանապարհ չունենք: Ռեֆորմները ցավոտ են, ինչո՞ւ, որովհետև ստիպում ենք մեր քաղաքացիներին փոխել իրենց վարքագծային կանոնները:Եթե ամեն օր արթնանանք ու անենք այն, ինչ որ անում ենք, մենք կունենանք այն, ինչ որ ունենք, եթե ցանկանում ենք ունենալ այն, ինչ չունենք, ուրեմն պետք է անենք այն, ինչ չենք անում:
Այժմ ասում ենք` սիրելիներս, հունվարի 1-ից 275 հազար երիտասարդ պետք է փոխի իր վարքագծային կանոնը, 5 տոկոս պետք է կուտակեք: Սա վարքագծային կանոնի փոփոխություն է, որը բերելու է այնպիսի փոփոխություններ Հայաստանի Հանրապետությունում, այնպիսի իրավիճակ է ստեղծելու, որը նախկինում չի եղել և դա լինելու է դրական, բոլոր միջազգային փորձագետները դա են ասում: Վարքագծային կանոնները փոխելով՝ գնալու ենք առաջ: Բացի երիտասարդներից՝ մենք փոխում ենք նաև պետության վարքագծային կանոնները, ինչո՞ւ, որովհետև 270 հազար քաղաքացի յուրաքանչյուր օր հետևելու է` պետությունն իր պարտավորությունն իր նկատմամբ կատարել է, թե ոչ: 275 հազար երիտասարդ վերահսկելու են կառավարությանը, որ ժամանակին և ճիշտ գումարով իր խնայողության կրկնապատկումը կատարվի: Երրորդ` մենք ձևավորում ենք ինստիտուտներ, որոնք չեն եղել Հայաստանում, որոնք խոչընդոտում են մեր երկրի զարգացումը: Մենք մեր երկրում չունենք երկար փողերի շուկա: Իսկ եթե երիտասարդը գալիս է հենց այսօր ցանկանում 35 տարվա դրամային վարկ, որպեսզի ձեռք բերի բնակարան, հենց այսօր իր վիճակը բարելավի, ես այդ գումարը որտեղի՞ց տամ այդ երիտասարդին, եթե Հայասատում չկան երկար փողեր:
Այժմ ասում ենք հարգելի երիտասարդներ, այս բարեփոխումը հնարավորություն է տալու ձեզ ձեր բարեկեցությունը բարելավել ոչ թե 30-40 տարի հետո, այլ հենց այսօր, որովհետև մենք կունենանք երկար փողեր և կկարողանանք հիփոթեքային հիմնադրամներին տալ երկար փողեր, որպեսզի նրանք կարողանան ձեզ տրամադրել երկար փողեր, որպեսզի հենց այսօր կարողանաք ձեռք բերել բնակարան: Հասկանալի է չէ, որ այսպիսի ինստիտուցիոնալ ռեֆորմը խթանելու է տնտեսական աճը, Հայաստանի Հանրապետությունում ներդնելու է նոր մտածողություն: Իհարկե, հեշտ չէ նոր մտածողություն ներդնել կառավարությունում, հասարակությունում, շատ դժվար է, բայց մենք պետք է գնանք առաջ:
Ցանկանում եմ անդրադառնալ քաղաքական կամքի բանաձևին: Մենք պետք է դրսևորենք քաղաքական կամք. ի՞նչ է դա նշանակում: Ցանկացած բնագավառում հենց խնդիր է լինում մեր ընդդիմախոսներն ասում են պարոն վարչապետ, քաղաքական կամք դրսևորեք, լուծեք այս խնդիրը: Ի՞նչ է դա նշանակում: Քաղաքական կամք առանց համոզմունքի չի լինում: Մեր քաղաքական թիմը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ ունի այն համոզմունքը, որ սա ճիշտ բարեփոխում է, որ սա Հայաստանի ապագան երաշխավորող ռեֆորմ է, սա փոփոխություններ բերող ռեֆորմ է, ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծող ռեֆորմ է, մտածողության փոփոխության ռեֆորմ է, քաղաքացիական հասարակություն ձևավորող ռեֆորմ է, պատասխանատու քաղաքացի ձևավորող ռեֆորմ է: Սա հեշտ ռեֆորմ չէ: Գիտեք, պոպուլիզմն ընդունելի է ընդդիմության համար, որովհետև դա քաղաքական պայքարի ձև է, բայց երկրի համար կործանարար կլինի, եթե իշխանությունը զբաղվի պոպուլիզմով: Իշխանությունն այս պարագայում օգտագործելով պարտադրանքի գործիքը՝ կերտում է նոր ապագա: Սա իմ համոզմունքն է: Շնորհակալություն: