Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավար անձնակազմի հետ

 Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավար անձնակազմի հետՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն: Հանրապետության ղեկավարը շրջել է աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության, երիտասարդական քաղաքականության, սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություններում և մի շարք այլ ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, հետաքրքրվել առկա խնդիրներով և առաջիկա ծրագրերով, աշխատակիցների հետ զրուցել իրենց գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին: Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների և զարգացման ծրագրերի մասին:

Նախարար Յուրի Վարդանյանը զեկուցել է 2013թ. նախարարության իրականացրած աշխատանքների, մարզական ձեռքբերումների, առկա խնդիրների և ընթացիկ տարում գործունեության հիմնական ուղղությունների ու նախատեսված ծրագրերի մասին:

Նախարարի տեղակալ Նազարեթ Մնացականյանը զեկուցել է իր իրավասության ներքո գտնվող ոլորտում իրականացված աշխատանքների, այդ թվում՝ մարզադպրոցների ներկա վիճակի, խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ նախարարության մոտեցումների մասին:

Նախարարի մեկ այլ տեղակալ Խաչիկ Ասրյանը ներկայացրել է մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության ուղղությամբ վերջին տարիներին նախարարության կատարած աշխատանքները, անցկացրած զանգվածային մարզական միջոցառումներն ու դրանց արդյունքները, ինչպես նաև 2013-2017թթ. համար մշակված ծրագրերը:

Նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի զեկույցը վերաբերել է երիտասարդության հարցերի ոլորտում կատարված աշխատանքներին, տեղեկատվության ապահովմանը, դրամաշնորհային ծրագրերին և մշակված հայեցակարգերին:

Նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մհեր Անանյանը զեկուցել է նախարարության աշխատակազմի կառուցվածքի, մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ:

Նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հարցեր է ուղղել զեկուցողներին, հանձնարարականներ տվել պատասխանատուներին, պատասխանել նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նախարարության առաջիկա խնդիրներին և գործունեության գերակա ուղղություններին: Ընդգծելով, որ սպորտի, ֆիզիկական կուլտուրայի, առողջ ապրելակերպի տարածումը, երիտասարդության հարցերը պետության առաջնահերթություններից են, որտեղ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դերն առաջնային է, Հանրապետության Նախագահն իր դիտարկումներն է ներկայացրել այդ ուղղությամբ աշխատանքներն այսուհետ առավել արդյունավետ կազմակերպելու նկատառումով: Սերժ Սարգսյանը նախարարության աշխատակազմին հորդորել է ավելի ակտիվ և նախաձեռնողական լինել նախարարության առջև դրված խնդիրների լուծման գործում, չպարփակվել աշխատասենյակներում, այլև դպրոցներում, այլ ուսումնական հաստատություններում սեփական օրինակով, մեր լավագույն մարզիկների, լեգենդների, Սպորտի և երիտասարդության նախարարության պարագայում՝ այդպիսի լեգենդներից մեկի՝ նախարարի օրինակով քարոզել առողջ ապրելակերպ: Նախագահի խոսքով, Հայաստանն իրեն շռայլություն է թույլ տվել ունենալու սպորտի  Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավար անձնակազմի հետնախարար, ով սպորտի կենդանի լեգենդ է և պետք է հազարավոր երեխաների հերոսն ու նմանվելու իդեալը դառնա: Ըստ Նախագահի, անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այս իրողությունը: «Ես կարծում եմ, որ գիտեք՝ ձեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի Յուրի Վարդանյան լեգենդի օգտագործումը: Բոլորիդ եմ ասում, թող որևէ մեկին չթվա, թե ես հաշվի եմ առել Յուրի Վարդանյանի կազմակերպչական մեծ ունակությունները, որ առաջարկել եմ դառնալ նախարար: Ես առաջարկել եմ, որ այս մարդը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան որպես այդպիսին նաև ի ցույց դնենք: Ձեզնից քանի՞սն են այս մարդու հետ գնացել մի դպրոց: Քանի՞ անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի՞ անգամ է դուրս եկել, գնացել մի բակ և ասել՝ երեխե՛ք, պարապեք, պարապե՛ք, որ ինձ նման դառնաք: Ո՞վ պետք է անի դա: Դուք պետք է անեք՝ փոխնախարարներ, աշխատակազմի ղեկավար, ովքեր նախարարի աշխատակարգն են կազմում: Եթե դուք հինգ տեղեկանք պակաս գրեք, ես դա թերություն չեմ համարի, բայց եթե դուք ձեռքից բաց թողնեք այն երիտասարդներին, այն երեխաներին, ովքեր կարող են Յուրի Վարդանյանի ճանապարհով գնալ, ա՛յ, դա մեծ թերություն կլինի: Դուք պետք է ակտիվ լինեք»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահն իր խոսքում նախարարության ղեկավար անձնակազմին նաև կոչ է արել արդյունավետ համագործակցություն ծավալել ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ՝ ի նպաստ մեր երկրում սպորտի զարգացման: «Ձեր ելույթներում պետք է ասեիք՝ ի՞նչ աշխատանք եք տարել ընդհանրապես ֆեդերացիաների, մնացած հասարակական կազմակերպությունների հետ: Ես դեմ չեմ որևէ օրենսդրական անդրադարձի՝ լինի դա խստացման, թե թուլացման առումով, բայց բերել եք նախարարին ի՞նչ եք ցույց տալիս, որ՝ հավաստագրեր տանք, այսինքն՝ հասարակական կազմակերպություններին դնենք ինչ-որ շրջանակների մեջ: Մի ֆեդերացիայի նախագահ էլ ես եմ: Պե՛տք չի մեզ դնել ռամկաների մեջ, այլ պետք է մեր պոտենցիալն օգտագործել: Որևէ մեկն ինձ չի պարտադրել 15 տարի առաջ և ավելի ընկղմվել այդ ֆեդերացիայի աշխատանքների մեջ: Պետք է այդպիսի մարդկանց հնարավորություններն օգտագործել, ոչ թե կռվել ֆեդերացիաների հետ, ոչ թե նրանց փորձել ինչ-որ բան պարտադրել, այլ փորձել նրանց օժանդակել, ներուժն օգտագործել»,-ընդգծել է Նախագահը:

Խորհրդակցության ավարտին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի հրահանգիչ-մեթոդիստ Էդուարդ Թովմասյանը, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Հայրապետյանը, աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության ֆիզիկական դաստիարակության քաղաքականության բաժնի պետ Էդուարդ Մանթաշյանը, աշխատակազմի ծրագրերի կառավարման վարչության ծրագրերի համակարգման բաժնի պետ Աիդա Մարգարյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Սլավմեդ» բժշկական կենտրոնի և «Երևան մոլ» համալիրի բացմանը

մոլի բացումՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ներկա է գտնվել «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է ժամանակակից պահանջներին համապատասխան կառուցված և նոր սերնդի բժշկական սարքավորումներով հագեցած կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, հանրությանն առաջարկվող բժշկական ծառայությունների որակին, բուժանձնակազմի և կենտրոնի ղեկավարության հետ զրուցել «Սլավմեդ»-ի ընթացիկ և հետագա զարգացման ծրագրերի մասին:

բժշկական կենտրոնԲժշկական այս կենտրոնում Նախագահին ներկայացրել են, որ «Սլավմեդ»-ի հիմնադրման աշխատանքները մեկնարկել են 2012 թվականին՝ նախկինում սեփականաշնորհված «Ճշգրիտ սարքավորումներ» գործարանի մասնաշենքի տեղում, որը գտնվում էր անբարեկարգ վիճակում: Իրականացվել է մասնաշենքի (շուրջ 3600 քմ ընդհանուր և մոտ 1500 քմ օժանդակ մակերեսով) ամբողջական հիմնանո¬րոգում: Արդյունքում՝ ստեղծվել է ժամանակակից կահավորմամբ վիրասրահներով և հարմարավետ հիվանդասենյակներով արդիական բժշկական կենտրոն, որտեղ գործում են մի շարք բաժանմունքներ և լաբորատոր ու ախտորոշիչ ծառայություններ: Պատասխանատուների հավաստմամբ, կենտրոնում ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 5 մլրդ ՀՀ դրամ: «Սլավմեդ»-ն այսօր ունի 180 աշխատակից, որը, կենտրոնի զարգացման ծրագրերին զուգահեռ, հետագայում կավելանա:

երևան մոլՍերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել նաև մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման արարողությանը: Երկհարկանի համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2010 թվականին: Համալիրն զբաղեցնում է 59, 900 քմ ընդհանուր տարածք և կառուցված է առանձնահատուկ ճարտարապետական լուծումներով: «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի շուրջ 120 խանութներում ներկայացված են բազմաթիվ աշխարհահռչակ ապրանքանիշեր: Կենտրոնում շուրջ 10000 քմ տարածք հատկացված է հանրահայտ «Կարֆուր» հիպերմարկետի համար՝ կառուցված հանրահայտ այդ առևտրային ցանցի չափանիշներին և որակական պահանջներին համապատասխան: «Կարֆուր»-ի բացումը նախատեսված է ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում: «Երևան Մոլ»-ում, պատասխանատուների հավաստմամբ, ստեղծված է շուրջ 2000 աշխատատեղ տրամադրելու հնարավորություն:

Անկախ

Նախագահն ընդունել է Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը

 Սերժ Սարգսյան,Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի պատվիրակությունՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ:

Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, գոհունակությամբ արձանագրելով, որ պատվիրակության անդամներից ոմանք արդեն մի քանի անգամ այցելել են Հայաստան, քաջատեղյակ են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգին և իրենց ավանդն ունեն երկկողմ փոխգործակցության զարգացման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ մեր երկիր առաջին անգամ այցելող բրիտանացի մյուս խորհրդարանականները հնարավորություն կունենան այցի օրերին իրենց համար հնարավորինս բացահայտելու Հայաստանը: «Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերությունների խորացման գործում, իհարկե, ես կարևորում եմ միջխորհրդարանական համագործակցությունը, բրիտանահայկական խմբի գործունեությունը և վստահ եմ, որ այն աշխուժացումը, որ մենք տեսնում ենք վերջին երկու տարիների ընթացքում, արդյունք է նաև այդ խմբակցության, մնացած խորհրդարանականների ակտիվ մասնակցության: Իսկ այդ հարաբերությունների խորացմամբ մենք մեծապես շահագրգռված ենք»,-ընդգծել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև խորհրդարանականների այցելությունները Լեռնային Ղարաբաղ և շնորհակալություն հայտնել Միացյալ Թագավորության այն խորհրդարանականներին, ովքեր եղել են Արցախում, տեղում ծանոթացել ԼՂ պետականաշինության ընթացքին, որը, Նախագահի համոզմամբ, կօգնի նրանց բրիտանական հասարակությանը ներկայացնել օբյեկտիվ իրականությունը Արցախի մասին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակել և ավելի ակտիվացնել Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցության իրենց ջանքերը, որոնք ուղղված են ինչպես հայ-բրիտանական երկկողմ կապերի ամրապնդմանն ու խորացմանը, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, Հայաստանի և նրա ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը: «Մենք բոլորս՝ Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի այս պատվիրակության անդամներս, ՄԹ խորհրդարանում լինելով տարբեր կուսակցությունների և խմբակցությունների անդամներ, համախմբված ենք Հայաստանին աջակից լինելու հարցում և մեզ համարում ենք Հայաստանի բարեկամները, ովքեր շարունակելու են իրենց առաքելությունն այս այցից հետո էլ՝ սպառիչ տեղեկությունների արդյունքում ավելի ամբողջական և լավ պատկերացումներով»,-Նախագահի հետ հանդիպմանն ասել են բրիտանացի խորհրդարանականները:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, հայ-բրիտանական երկկողմ կապերի հետագա ամրապնդմանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ապագային և համագործակցության մտադրություններին ու ծրագրերին, Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերին:
Անկախ

«Օրենքի գերակայության ամրապնդումը» թեմայով քննարկում ՄԱԿ-ում

SՓետրվարի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ քննարկում «Օրենքի գերակայության ամրապնդումը` միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հարցում» թեմայով, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Կարևորելով օրենքի գերակայության հաստատման հարցում անպատժելիության դեմ պայքարի անհրաժեշտությունը և ողջունելով ԱԽ հետևողական ջանքերը՝ ուղղված ցեղասպանության ու մարդկության դեմ կատարած այլ ծանր հանցագործությունների համար պատասխանատուներին արդարադատության հանձնելուն նա հավելեց, որ արդարադատությունը և օրենքի գերակայության արժեքները էական նշանակությունն ունեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցի առթիվ Հայաստանի դեսպանը նշեց, որ մեծապես մտահոգիչ է այն փաստը, որ 2004թ.-ին մարդասպան Սաֆարովի իրականացրած սարսափելի հանցագործությունը շարունակում է փառաբանվել Ադրբեջանի կառավարական և հասարակական շրջանակների կողմից՝ հանդիսանալով հայրենասիրության օրինակ երիտասարդության համար: Դեսպանը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը կշարունակի իր մտահոգությունը բարձրաձայնել այս աղաղակող քայլի վերաբերյալ, որի արդյունքում ոտնահարվել են արդարադատության, մարդու իրավունքների ու արժանապատվության նորմերը:

Քննարկմանը, որը նախագահում էր Լիտվայի ԱԳ նախարար Լ. Լինկեվիչուսը, ելույթներ ունեցան նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, Չիլիի ու Լատվիայի ԱԳ նախարարները:

Կառավարությունը քննարկել է գազի կալորիականության հարցը. վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծվելու է համապատասխան հանձնաժողով

տիգրան սարգսյանՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Սկսենք մեր այսօրվա աշխատանքը: Գազի կալորիականության խնդիրը մնում է մեր հասարակությանը հետաքրքրող, մտահոգող հարցերից մեկը: Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ պարզաբանումներ մասնագետների կողմից տրվել են, դեռևս կան կասկածներ այն մասով, թե արդյոք կալորիականության ցուցանիշը համապատասխանում է այն տվյալներին, որ մենք հրապարակում ենք, արդյոք գազի որակը փոփոխվել է, և մենք պարտավոր ենք այս բոլոր հարցերի պատասխանը սպառիչ ձևով ներկայացնել մեր հանրությանը: Առաջին հերթին ցանկանում եմ դիմել Ռոբերտ Նազարյանին՝ լսելով իր կարծիքը՝ ինչպես մենք կարող ենք մասնագիտական եզրակացությունները պարզ, մատչելի ձևով ներկայացնել մեր հանրությանը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Դուք ճիշտ նշեցիք, որ վերջին ժամանակներս, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք շատ են բողոքում գազի որակի հետ կապված, մասնավորապես, կալորիականության, որ չի համապատասխանում 7900 կիլոկալորիա ստանդարտին: Մենք փորձում ենք բացատրել այն մեխանիզմները, որոնք այսօր կան և գործում են: Որո՞նք են դրանք: Նախ, սահմանի վրա գազի կալորիականությունը չափվում է, այնուհետև տնտեսվարող սուբյեկտներ ունենք Հայաստանի Հանրապետությունում՝ Հրազդանի ՋԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը, Արարատի ցեմենտի գործարանը, որոնք նույնպես որպես գազի խոշոր սպառողներ շահագրգռված են, որպեսզի կալորիականությունը լինի այնպիսին, ինչպիսին ամրագրված է ստանդարտներում: Սակայն այս ցուցանիշները ևս չեն բավարարում առանձին տնտեսվարող սուբյեկտներին: Ես հանդիպում եմ ունեցել Գործարարների միությունում, և այս հարցը քննարկման առարկա է դարձել: Ես առաջարկել եմ գործարարներին, որպեսզի նրանք համախմբվեն, կարողանան ձեռք բերել լաբորատորիա, որի շուկայական գները 25-60 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում են տատանվում, որ կարողանան նրանք էլ չափել, համոզվել կալորիականության մեջ: Այդ հանդիպումը տեղի է ունեցել անցած տարվա մայիսին, ցավոք, մինչ օրս, ես վստահաբար ասում եմ, որ նման քայլ գործարարների կողմից չի կատարվել: Վերջին ժամանակներս, նաև պայմանավորված խիստ ձմեռով, նաև մեր ֆերմերներն են բողոքում, որոնք զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ, որ կալորիականությունը շատ ցածր է: Նախորդ տարիներին նրանք ավելի քիչ գազ վառելով ունեցել են համապատասխան ջերմություն, այսօր կրկնակի են վառում: Ես դա պայմանավորում եմ այս տարվա խստաշունչ ձմեռով: Որպեսզի մենք կարողանանք համոզիչ լինել, կարծում եմ, պարոն վարչապետ, ճիշտ կլինի ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ստեղծենք աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն ինչպես Գիտությունների ազգային ակադեմիայից, որովհետև վերջերս նաև հնչում է, որ ազոտը գազի բաղադրությունից հանում ենք և ծավալը մեծացնում ենք, Հանրային խորհրդից ներգրավենք, Գործարարների միությունից, հասարակական կազմակերպություններից, հասկանանք այս մեխանիզմի մեջ էլ ինչ կարելի է անել, որպեսզի վստահությունը գազի կալորիականության նկատմամբ հանրության կողմից մեծանա և դառնա համոզիչ: Նաև պատրաստ ենք մենք մեր մասնակցությունը բերել, նաև էներգետիկայի նախարարությունը մասնակցի: Սա է իմ առաջարկությունը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, մասնագետները, պարոն Նազարյան, մեզ ներկայացրել են եզրակացություն, որ կալորիականության արհեստական փոփոխություն իրականացնելն անհնարին է:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Այո:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Փաստորեն Ձեր առաջարկը կայանում է նրանում, որ ստեղծենք հանձնաժողով՝ ներգրավելով նաև տարբեր հասարակական կազմակերպությունների, որպեսզի մասնագետները հնարավորություն ունենան իրենց այդ բացատրությունները ներկայացնել:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Սա մի մասով, իսկ երկրորդ մասով ամբողջ այդ մեխանիզմի, շղթայի մեջ փորձենք տեսնել՝ էլ ինչ գործիքներ կարող ենք մտցնել, որպեսզի այդ չափագրումների ժամանակ մենք դառնանք ոչ միակողմանի, ինչպես հանրությունն է փորձում մեզ մեղադրել, այլև լինեն ոչ կողմնակալ կառույցներ: Մասնավորապես, Չափագիտության ազգային ինստիտուտը թեպետ այսօր անուղղակի մասնակցում է այդ գործընթացին՝ լաբորատորիաների սերտիֆիկացման հետ կապված, բայց նաև մի լաբորատորիա էլ նրանց համար գնենք, նրանք էլ պարբերաբար, ինչպես ՀայՌուսգազարդն է 10 օրը մեկ ներկայացնում տարբեր շրջաններում կալորիականության մեծությունը, նրանք էլ չափագրեն և նույն կերպ հրապարակային թերթում հանդես գան: Սա որպես մի տարբերակ: Բայց այսօր ես չեմ ցանկանում բոլոր տարբերակները նշել, այդ հանձնաժողովի դերը ես նրանում եմ տեսնում, որպեսզի Ձեզ առաջարկություն ներկայացնենք հետագա մեր քայլերի համար:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, այդ դեպքում, պարոն Գաբրիելյան, պատրաստեք համապատասխան որոշում՝ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ և փորձեք այնպես անել, որ բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունները հայտ ներկայացնեն և մասնակցեն այդ հնաձնաժողովի աշխատանքներին, այն հասարակական կազմակերպությունները, որ ներկայացրեց Ռոբերտ Նազարյանը, և եթե կլինեն այլ հասարակական կազմակերպություններ՝ սպառողների շահերի պաշտպանության խնդիրներով զբաղվող կամ էներգետիկայի ոլորտում, բոլորը, ովքեր ցանկանում են, թող մասնակցեն այդ աշխատանքներին:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Պարոն վարչապետ, ես կուզենայի գյուղատնտեսության նախարարությունից էլ ներկայացուցիչներ լինեին՝ պայմանավորված նրանով, որ ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների մոտ ավելի շատ են այս վերջին ժամանակներս բողոքները:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան
 – Պարոն Նազարյան, գրավոր ներկայացրեք Ձեր առաջարկությունը, թե որ կազմակերպություններին եք նպատակահարմար համարում, որ մտնեն այդ աշխատանքային խմբի մեջ, այդ թվում նաև որ գերատեսչությունները: Մենք ըստ Ձեր հայտի կձևավորենք այդ հանձնաժողովը: Պարոն Շահվերդյան, համեցեք:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյան – Պարոն վարչապետ, խնդիրը նրանում է, որ մեկ անգամ ևս այդպիսի ալիք բարձրացավ 2000-ականների սկզբում, այդ ժամանակ ես Երևանգազի, հետո Հայգազի տնօրենն էի: Հիմնական բողոքը գալիս էր Հրազդանի արդյունաբերական հանգույցից: Այն առաջարկը, որ արեց Ռոբերտ Նազարյանը, ես կողմ եմ, որովհետև այն ժամանակ մենք ունեինք մեր չափող սարքերը: Մեր առաջարկով իրենք էլ այդ սարքերից ձեռք բերեցին, և հենց իրենց լաբորատորիան սկսեց աշխատել, խոսակցությունն ընդհանրապես վերացավ: Այնպես որ եթե նման լաբորատորիա դրվի մի արդյունաբերական հանգույցում, ինձ թվում է՝ այս խոսակցություններին վերջ կտրվի:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Իսկ շարժական լաբորատորիա հնարավո՞ր է ստեղծել:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյան –Այո, իհարկե, դա ընդամենը 25-30 հազար ԱՄՆ դոլարի պատմություն է:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, եթե ունենք շարժական լաբորատորիա, պետք է ցանկացած ահազանգին արձագանքել, գնալ, տեղում չափագրել և հանրությանը հրապարակային ձևով ներկայացնել արդյունքները:
 Անկախ

Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ

մուշեղ բաբայանՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի հրամանով ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանն իր դիմումի համաձայն, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հատուկ քննչական ծառայության պետի մեկ այլ հրամանով հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ:

ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՔԻ ԲԱԲԱՅԱՆ

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ,
Արդարադատության 1-ին դասի խորհրդական

Ծնվել է 1975թ նոյեմբերի 22-ին Երևանում: Գերազանցության կարմիր դիպլոմով ավարտել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի (ներկայումս` ՀՀ ոստիկանության ակադեմիա) իրավաբանական ֆակուլտետը:
Մասնագիտական գործունեությունը սկսել է 1993-ից Ոստիկանությունում:
1997-2000թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ:
2000-2005թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ:
2005-2007թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ֆինանսավարկային հանցագործությունների քննության բաժանմունքի պետ:
2007-2011թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության պաշտոնեական և տնտեսական հանցագործությունների քննության բաժանմունքի պետ, այնուհետև` ՀՀ ոստիկանության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ:
2011թ. հոկտեմբեր- նոյեմբեր – ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության պետ:
2011-2013թ.թ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:
2013-2014թ.թ.- ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:
1999թ. – Վերապատրաստում է անցել ԱՄՆ-ում` ալկոհոլի, ծխախոտի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բյուրոյի ակադեմիայում:
2003թ.- Ուսումնառություն է անցել ոստիկանության աշխատակիցների որակավորման բարձրացման ՌԴ ՆԳՆ ինստիտուտում:
2008թ.- Ուսումնառություն է անցել մարդկանց առևտրի (թրաֆիկինգ) դեմ պայքարում իրավապահ մարմինների որակավորման բարձրացման Բելոռուսիայի հանրապետության ՆԳՆ ակադեմիայի միջազգային ուսումնական կենտրոնում:
Ամուսնացած է, ունի չորս երեխա:
ՀՀ Նախագահի 2013թ. նոյեմբերի 21-ի հրամանագրով պարգևատրվել է
«Մխիթար Գոշ» մեդալով:

Նախարար Նալբանդյանն ընդունեց բրիտանացի խորհրդարանականներին

Էդվարդ ՆալբանդյանՓետրվարի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար ի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը, Մայք Գեյփսը, Հերիեթ Բոլդուինը, Լորդերի պալատի անդամներ Լորդ Ֆոլկները և Բարոնուհի Հուփերը։

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ՄԹ խորհրդարանականների ներդրումը հայ-բրիտանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները վստահեցրին, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության առավել սերտացման ուղղությամբ։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերությունների՝ հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը: Այդ համատեքստում կարևորվեց միջխորհրդարանական համագործակցությունը, որպես երկկողմ կապերը խթանելու արդյունավետ միջոց, և անդրադարձ կատարվեց խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը:

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:

Անկախ

Պաշտոնանկություններ` Արարատի մարզպետարանում

որոշումՀայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կառլեն Հակոբյանն ու Սամվել Մինասյանն  ազատվել են  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոններից։ Աշխատանքից ազատվել է նաև   Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Վարդանյանը:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Իլյիչ Շադյանը  և Աշոտ Վարդանյանը նշանակվել են  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալներ։

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

SIP_9746 copyՓետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունեց Միջխորհրդարանական միության բրիտական խմբի անդամներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բրիտանական ռազմական համագործակցության և դրա ծավալների ընդլայման հարցերը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրներին, ՀՀ անվտանգային քաղաքականությանը, մասնավորապես` Մաքսային միությանը ՀՀ անդամակցության, ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների, ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության, ինչպես նաև հարևանների հետ փոխհարաբերությունների համատեքստում:

Հյուրերի խնդրանքով ներկայացվեց սահմանային միջադեպերի, ադրբեջանական կողմի սանձազերծած դիվերսիոն գործողությունների, նշանառու կրակի վարման դինամիկան և պատճառները: Արծարծվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Քննարկել են հայ-իտալական տնտեսական համագործակցության հեռանկարները

Դավիթ Սարգսյան-Ջովաննի ՌիչուլիՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին:

Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Դավիթ Սարգսյանը բարձր գնահատեց հայ-իտալական գործընկերությունը՝ Իտալիան համարելով նաև Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու կարևոր օղակ:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից Անկախին տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեց ֆինանսական ու տնտեսական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու, ինչպես նաև երկու երկրներում առկա ներուժն ամբողջությամբ օգտագործելու անհրաժեշտությունը: Մասնավորապես խոսվեց «Հայ-իտալական առևտրաարդյունաբերական ասոցացիայի» շրջանակներում փոխադարձ ծրագրեր իրականացնելու, գործարարների ներգրավելու և տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու մասին:

Թե նախարարը, և թե դեսպանը պատրաստակամություն հայտնեցին անել հնարավորը՝ երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և տնտեսական փոխշահավետ նախաձեռնություններն ավելացնելու համար:

 

 

 

Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում և Ռուսաստանում

46.Gurgen Margaryan's commemoration events in France and Russia 18.02.2014Փետրվարի 16-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց ադրբեջանցի Սաֆարովի կողմից քնած ժամանակ սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված պատարագ: Հոգեւոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ։

Պատարագի ավարտից հետո մասնակիցները` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավար կազմի գլխավորությամբ, երթով ուղեվորվեցին դեպի Փարիզի Երեւանյան այգի, որտեղ Կոմիտասի արձանի դիմաց տեղի ունեցավ Հայաստանի, Արցախի և ֆրանսահայերի անունից ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Նույն օրն առավոտյան Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված պատարագներ մատուցվեցին Մարսելում, Լիոնում և հայաշատ այլ քաղաքների հայ առաքելական եկեղեցիներում:

     ***

Փետրվարի 16-ին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ հոգեհանգստի արարողություն տեղի ունեցավ Մոսկվայի ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի նորակառույց Սբ.Պայծառակերպության եկեղեցում:

Միջոցառմանը ներկա էին Մոսկվայի համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ` Ռուսաստանի Հայերի միության, «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության, «Արարատ» մշակութային միության ղեկավարությունը և բազմաթիվ այլ հյուրեր:

Կիրակնօրյա պատարագին և դրան հաջորդած հոգեհանգիստին հետևեց ՌՀՄ և «Արարատ» միության կողմից ծաղկեպսակների դրման արարողությունը` եկեղեցական համալիրի բակում տեղադրված խաչքարի մոտ:

Քննարկվել են քաղաքային տնտեսության զարգացման ներդրումային մի շարք առաջարկներ

001Քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման և ներդրումային նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ առաջարկներ են քննարկվել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գործարարների հետ Երևանի քաղաքապետարանում հրավիրված կլոր սեղան-քննարկման շրջանակում:

Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին, նկատել է, որ պարբերաբար կազմակերպվող նման հանդիպումներն արդյունավետ համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծում, որոնք, անշուշտ, նպաստում են քաղաքային տնտեսության զարգացմանը:

«Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած սկզբունքն այսօր մայրաքաղաքը երևանցիների համար առավել հարմարավետ ու անվտանգ դարձնելն է, և այդ ուղղությամբ իրականացվում են ներդրումային բազմաթիվ ծրագրեր: Երևանում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացումն ու նաև այդ երկու քաղաքներում կազմակերպված Երևանի օրերի շրջանակում տեղի ունեցած համաժողովներն ու հանդիպումները եղել են արդյունավետ և հիմք դրել համատեղ ծրագրերի: Վստահ եմ, որ մեր այս երկու հանդիպումները ևս կբերեն շոշափելի արդյունքներ»,- ընդգծել է Արմեն Հարությունյանը:

ՀՀ-ում ՌԴ առևտրային պալատի ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն, իր հերթին կարևորելով նման հանդիպումների կազմակերպումն ու անցկացումը, նշել է, որ փոխգործակցության է՛լ ավելի ակտիվացումը կնպաստի երկկողմ գործակցային կապերի ամրապնդմանը և նոր հնարավորություններ կստեղծի այլ ոլորտներում ևս համագործակցությունը խորացնելու համար:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցություն սկսելու վերաբերյալ, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել սեղմ ժամկետում ուսումնասիրել ներկայացված առաջարկներն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայաստանի արտգործնախարարի այցելությունն Իրաք

Armenian and Iraq FMs press conferenceՓետրվարի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Բաղդադ։ Օդանավակայանում նրան դիմավորեց Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին։ Դիմավորման արարողությանը հետևեց նախարարների կարճատև առանձնազրույցը։

Փետրվարի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրաքի Հանրապետության վարչապետ Նուրի Ալ-Մալիքին։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրաքի վարչապետը նշեց, որ իր երկիրը շահագրգռված է հնարավոր բոլոր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ և ըդնգծեց, որ դրա համար առկա է մեծ ներուժ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ և իրաքցի ժողովուրդների միջև հարաբերությունները դարերի պատմություն ունեն: “Մենք բարձր ենք գնահատում մեր երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև ձևավորված հարաբերությունները և ցանկանում ենք առավել զարգացնել դրանք, ու իմ այցելության գլխավոր նպատակը հենց դա է։”

Իրաքի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկեցին երկների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևրատնտեսական, կրթական, առողջապահության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության խթանման, Հայաստանի և Իրաքի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորվեց միջկառավական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց վարչապետ Ալ-Մալիքիին Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնադրելու մտադրության մասին։

Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց նաև Իրաքի քաղաքացիների համար Հայաստանի մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման՝ հրավերի պահանջը հանելու վերաբեյալ ՀՀ կառավարության որոշման մասին, հույս հայտնելով, որ դա կակտիվացնի գործարար կապերը՝ հատկապես, որ երկու երկների ձեռներեցների կողմից առկա է նման հետաքրքրություն։

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ վերջին չորս տարիների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մի քանի անգամ աճել է և արդեն կազմում է մոտ 80 մլն ԱՄՆ դոլար։

Անդրադառնալով իրաքահայ համայքնին` Նուրի Ալ-Մալիքին ասաց. “Հայերը դարերով աշխատել և արարել են Իրաքում, իրենց նպաստը բերել երկրի զարգացմանը և այսօր էլ, չնայած բարդ իրավիճակին, իրաքահայությունը շարունակում է աշխատել հանուն Իրաքի բարգավաճման։”

Նույն օրը կայացավ Հայաստանի արտգործախարարի հանդիպումը Իրաքի փոխնախագահ Խուդեյր Ալ-Խուզայիի հետ։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրաքի փոխնախագահը նշեց, որ հայ-իրաքյան համագործակցությունը զգալի աճ է արձանագրել վերջին տարիներին և այդ գործում կարևորեց Բաղդադում և Երևանում երկու երկրների դեսպանությունների վերաբացումը և բարձր մակարդակի փոխայցելությունները։ Նա ընդգծեց, որ Իրաքը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով պատրաստ է մեծ քայլերով առաջ գնալ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը խնդրեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգյանի ողջյուններն ու բարեմաղթանքները փոխանցել Իրաքի Նախագահ Ջալալ Թալաբանիին։

Հանդիպանն անդրադարձ կատարվեց քաղաքական, առևտրատնտեսական, կրթական, մշակութային, առողջապահության բանագավառներում երկկողմ համագործակցությանը ։

Իրաքի փոխնախագահը ներկայացրեց երկրում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված իշխանությունների ջանքերը։

Փետրվարի 17-ին Բաղդադում կայացան Հայաստանի և Իրաքի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Հոշիար Զեբարիի բանակցությունները։

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Բաղդադ՝ Հոշիար Զեբարին վստահություն հայտնեց, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ բազմաբովանդակ փոխգործակցությանը։ “Վերջին տարիներին երկու արտգործնախարարները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, ձեռք բերվել պայմանավորվածություններ, որոնց համաձայն մենք հստակ քայլեր կատարեցինք համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու նպատակով և այսօր ականատես ենք լավ արդյունքների՝ դեսպանությունների վերաբացում, ակտիվ գործող միջկառավարական հանձնաժողով, միմյանց սատարում միջազգային կազմակերպություններում, առևտրաշրջանառության շեշտակի աճ”, ասաց Իրաքի արտգործնախարարը։

Շնորհակալություն հայտնելով Բաղդադ այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար` նախարար Նալբանդյանը նշեց. “Իրաքի և Հայաստանի ժողովուրդներին կապում է ժամանակի փորձությունն անցած ավանդական բարեկամությունը, ինչն էլ ամուր հիմք է հանդիսանում երկու պետությունների միջև փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու համար:”

Նախարարների հանդիպմանը անդրադարձ արվեց երկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների։

Էդվարդ Նալբանդյանն ու Հոշիար Զեբարին գոհունաթյամբ արձանագրեցին տարբեր բնագավառներում հայ-իրաքյան փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ գործնական պայմանաորվածությունների իրագործման դինամիկան։

Նախարար Նալբանդյանն իրաքցի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության գործադրովող ջանքերը՝ բարձր գնահատելով Իրաքի հավասարակշռված դիրքորոշումը հիմնահարցի վերաբերյալ։

Նախարար Զեբարին մանրամասն ներկայացրեց իրաքյան կառավարության ջանքերն` ուղղված Իրաքում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխանքները:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Իրաքի արտործնախարարների համատեղ մամլո ասուլիսը։

Նախարար Նալբանդյանն այցելեց Իրաքում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում ունեցավ Իրաքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղքականության հիմնական ուղղությունները, երկրում իրականացվող բարեփոխումները, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով ձեռնարկող քայլերը, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Հայաստանի արտգործնախարարի այցելությունն Իրաք լայնորեն լուսաբանվեց տեղական և տարածաշրջանային լրատվամիջոցների կողմից։

Նախագահ Սերժ Սարգսյանը պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով

5511Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ  ընդունել է միջազգային և հանրային իրավունքի բնագավառում Գերմանիայի հեղինակավոր մասնագետներից մեկին, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթին, ով ՀՀ անկախության հռչակումից հետո տարիներ շարունակ ակտիվ իրավախորհրդատվական գործունեություն է ծավալել մեր երկրում:

Հանրապետության Նախագահը, բարձր գնահատելով պրոֆեսոր Լուխթերհանդթի նշանակալի ծառայությունները Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի ամրապնդման գործում, Օթթո Լուխթերհանդթին պարգևատրել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ Մխիթար Գոշի մեդալով: Նախագահն ընդգծել է, որ շնորհիվ իրավունքի ոլորտում պրոֆեսոր Լուխթերհանդթի երկարամյա գործունեության, ակադեմիական արժեքներին նրա նվիրվածության, ինչպես նաև հայ ժողովրդի ու Հայաստանի համար իր մասնագիտական արժեքավոր խորհրդատվությամբ, Օթթո Լուխթերհանդթն այն գիտնականն է, ով հատկապես արժանի է այդ պարգևին:

ՀԲ-ն պատրաստ է հետագայում ևս աջակցել Հայաստանին՝ բիզնես միջավայրի բարելավման նպատակով

տիգրան սարգսյան,համաշխարհային բանկՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ երկկողմ համագործակցությունը և կարևորել դրա հետագա ամրապնդումն ու զարգացումը: «Համաշխարհային բանկի օժանդակությամբ մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվել են մի շարք ծրագրեր: Այդ առումով, ուրախ ենք, որ դրանք բարձր են գնահատվել ՀԲ-ի կողմից և անարդյունավետ ծրագրեր, փոշիացված միջոցներ գոյություն չունեն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Այնուհետև, վարչապետը ՀԲ գործադիր տնօրենին է ներկայացրել Հայաստանի սոցիալտնտեսական վիճակը և նշել, որ կառավարությունը ծառացած նոր մարտահրավերների լուծման նպատակով շարունակելու է ինստիտուցիոնալ բարեփոխումները տարբեր ոլորտներում:
«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանին՝ ցածր եկամուտ ունեցող երկրների շարքից միջին եկամուտ ունեցողների շարքին դասվելու համար: Ուրախ ենք լսել նաև Doing Business-ի ուղղությամբ Ձեր երկրի առաջընթացի և բարձր հավակնությունների մասին: Պատրաստ ենք աջակցել Հայաստանին այդ ուղղությամբ հետագա առաջխաղացման համար»,- դիմելով վարչապետ Սարգսյանին՝ նշել է Ֆրենկ Հիմսկերկը:
Այնուհտեև զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ և կարևորել դրանց ուղղությամբ հետագա սերտ փոխգործակցությունը:

Անկախ

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Մեքսիկայի Նախագահին

44.Ambassador Hovhannissyan  presented his credentials to the President of Mexico 17.02.2014Փետրվարի 14-ին Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին ընդունեց երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:

Մեքսիկայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպմանը Նախագահ Պենյա Նիետոն, գոհունակությամբ նշելով Մեքսիկայում Հայաստանի դեսպանության բացման փաստը, հաջողություն մաղթեց դեսպան Հովհաննիսյանին և հույս հայտնեց, որ այսուհետ երկկողմ հարաբերությունները կստանան նոր բովանդակություն և դինամիկա: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը նշեց, որ ինքը ջանք չի խնայի հայ-մեքսիկական հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ:

Մեքսիկայում ՀՀ նորանշանակ դեսպանը հանդիպում է ունեցել նաև Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղար Խոսե Անտոնիո Մեադե Կուրիբրենյաի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Երևանցիների համար առաջնահերթ խնդիրներից մեկը անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն է

001 (3)Մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավելու և բնակիչների համար որակյալ սպասարկում ապահովելու նպատակով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է սահմանել հստակ աշխատակարգ և ամենօրյա աշխատանք տանել համատիրությունների հետ ոլորտում առկա թերությունները շտկելու և բնակիչների կողմից բարձրացված խնդիրներին հրատապ լուծումներ տալու համար. «Երևանցիների համար անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է:  Եվ այս հարցում մենք ակնկալում ենք ոչ թե ձևական, այլ կոնկրետ և նպատակային քայլեր: Ինչպես մեզ, այնպես էլ բնակիչներին չի կարող գոհացնել այն, որ մատակարարվող ջրի ճնշումը պատշաճ է միայն այն դեպքում, երբ ընկերության տեսուչն է այցելում բնակարաններ: Վերանայեք ձեր աշխատաոճը և մի մոռացեք, որ հենց մեր բնակիչները, ովքեր նաև ձեր բաժանորդներն են, արդարացիորեն պահանջում են որակյալ ծառայության մատուցում, ինչն, ի դեպ, ձեր պայմանագրային պարտավորությունն է երևանցու առաջ: Ըստ այդմ, հետևողական աշխատանք տարեք բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին հնարավորին կարճ ժամկետներում լուծումներ տալու ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել աշխատակազմի պատասխանատուներին ևս սերտորեն աշխատել համատիրությունների հետ և արագ արձագանքել բնակիչների կողմից բարձրացված դժգոհություններին:

Երևանի քաղաքապետարանի բարեկարգման 2014թ. ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի զբոսայգիների բարեկարգման աշխատանքներ կտարվեն ինչպես համայնքային բյուջեի, այնպես էլ մասնավոր ներդրումների հաշվին: Մասնավորապես, Գլխավոր պողոտայի Վերնիսաժին հարակից այգին կբարեկարգվի համայնքային միջոցների հաշվին, իսկ Մանկական և Մալիբու սրճարանին հարակից զբոսայգիները՝ վարձակալների կողմից:  Քաղաքապետը հանձնարարել է հանդիպել վարձակալների հետ և հստակեցնել աշխատանքների մեկնարկի ժամանակացույցն ու կարճ ժամկետում սկսել այն. «Այգիների բարեկարգման աշխատանքների ավարտին մեր համաքաղաքացիները օր առաջ են սպասում: Մենք պետք է գործընթացն իրականացնենք այնպես, որպեսզի մեր բնակիչներն ու մայրաքաղաքի հյուրերն  արդեն ամռանը իրենց հանգիստն անցկացնեն բարեկարգված զբոսայգիներում»,- ընդգծել է քաղաքապետն ու նաև հանձնարարել է պատասխանատուներին, «Անվտանգ քաղաք» ծրագրի շրջանակում, բարեկարգվող այգիների տարածքները հնարավորին սեղմ ժամկետում կահավորել տեսախցիկներով:

Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում արդեն վերսկսվել են Հյուսիսային պողոտայի բարեկարգման աշխատանքները: Հանձնարարվել է այս մասով ևս արագացնել ու սեղմ ժամկետում ավարտել աշխատանքները:

Ամենօրյա հսկողության շարունակականության ապահովման խնդիր է դրվել նաև ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է հայտնաբերված  ապօրինաշինության 4 դեպք: Հանձնարարվել է մշտական հսկողություն սահմանել նաև մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչների պահպանման մասով:

Անդրադառնալով «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել գումարների հավաքագրման գործընթացում պարտադրանքը բացառելու ուղղությամբ:

Հանձնարարվել է նաև սկսել գարնանային ծառատունկի և կանաչապատման նախապատրաստական աշխատանքները:

Խորհրդակցության ավարտին շարունակվել է ըստ ոլորտների քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2013 թվականի տարեկան հաշվետվությունների ներկայացումը՝ կատարված աշխատանքների և նախորդ տարիների հետ համեմատության կտրվածքով:

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ներկայացրել է քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների հաշվետվությունն ու այս տարի նախատեսվող  ծրագրերը:

Այնուհետ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը ներկայացրել է 2013թ. ընթացքում վարչական շրջանների կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության ամփոփ տվյալները:

Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը,  ներկայացնելով 2013թ. վարչության կողմից կատարած աշխատանքների հաշվետվությունը, նշել է, որ զգալիորեն աճել են քաղաքապետարանի կողմից  օրենսդրական նախաձեռնությունների, կառավարության որոշումների նախագծերի թիվը: Առաջընթաց է արձանագրվել նաև իրավական վարչարարության մյուս ոլորտներում: Ներկայացված հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԿՄ 10-րդ համագումարում

սարգսյանի ելույթը ԵԿՄ համագումարումՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) 10-րդ հոբելյանական համագումարին: Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել ելույթով:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԿՄ 10-րդ համագումարում

Սրբազա՛ն հայրեր,
Սիրելի՛ մարտական ընկերներ,
Հարգելի՛ զինակիցներ,
Սիրով ողջունում եմ համագումարի մասնակիցներին և ի դեմս ձեզ՝ բոլոր նրանց, ովքեր իրենց հոգով և գործով երկրապահ են:

Այս համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ չկա ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Իրական պատերազմում պարտված և այդ պարտության դառը պտուղները քաղող հակառակորդը, իսկ եթե ավելի որոշակի խոսենք, Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդի աչքում փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Ղարաբաղի համար պայքարը շարունակվում է: Հակառակորդի կրակոցներից մեր սահմանների մոտ զոհվում են զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Նման արարքը պատերազմի հետ կապ չունեցող սովորական մարդասպանություն է: Լայնածավալ պատերազմ սկսելու համար նրանք չունեն ո՛չ կարողություն և ո՛չ էլ հնարավորություն: Ահա այս մարդասպանություններն են, որ ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է իր ժողովրդին իբրև պայքար հանուն Ղարաբաղի:

Այդ մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ. պարբերաբար թեժացնել իրավիճակը և բորբոք պահել յուրաքանչյուր հայի ու ողջ հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության կրակը: Հակահայկականությունը այն առանցքային գաղափարն է, որի շուրջ փորձում են համախմբել նոր ադրբեջանական ազգը և որի շուրջը փորձում են ձևավորել նրա այսպես կոչված «ազգային գաղափարախոսությունը»: Հայատյացությունը Ադրբեջանում դարձրել են հայրենասիրության հոմանիշ: Սա մեզ համար դժվար հասկանալի իրողություն է, որովհետև «հայրենասիրություն» ասելով հայերը հասկանում են բոլորովին այլ բան:

Սահմանի վրա կատարվող մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ: Մենք չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի պաշտոնական օրացույցում հունվար և փետրվար ամիսները գերծանրաբեռնված են «սև» օրերով: Թե ինչու է այդպես ստացվել, այլ հարց է, բայց նրանք դրա համար մեղադրում են հայերին և աշխարհում բոլորին, բայց ոչ իրենց: Ադրբեջանի կողմից վերջին դիվերսիոն գործողության փորձը, որ անփառունակ վախճան ունեցավ, հենց հունվարի 20-ին էր: Հունվարի 20-ի մասին ես միայն մի բան կասեմ. Ադրբեջանի իշխանություններին դեռևս հաջողվում է իր ժողովրդի համար կեղծել անգամ հունվարի 20-ի դասերը: Մինչդեռ իրականությունը միշտ էլ ջրի երես դուրս գալու հատկություն ունի, իսկ մեղքն ուրիշների վրա բարդելը երկար կյանք չի ունենում սովորաբար: Բաքվի հայերի ջարդերի գագաթնակետը Բաքվի հայկական եկեղեցու հրկիզումն էր ամբոխի կողմից: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դեռ խորհրդային զորքը Բաքու չէր մտել: Սա է իրականությունը, և բաքվեցիներն այդ մասին շատ լավ գիտեն:

Այդ մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ: Այրել խաղաղության կամուրջները: Բացառել հայ և ադրբեջանցի ժողովուրդների փոխըմբռնման և փոխհասկացողության հնարավորությունները: Թույլ չտալ, որ հայ և ադրբեջանցի պարզ մարդիկ կարողանան գոնե լիասիրտ բարևել միմյանց: Թույլ չտալ, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները պատրաստ լինեն միմյանց ներելու, միմյանց ձեռք սեղմելու, պատրաստ լինեն խաղաղության: Ես սա համարում եմ ամենավտանգավորը մեր երկու ժողովուրդների համար:

Ինչո՞ւ դիպուկահարները դուրս չեն բերվում սահմանային գծից: Որովհետև մարդասպանությունը բանավեճի մեջ վերջին փաստարկն է: Փող և մարդասպանություն. ահա այս երկու փաստարկներն են, որ բերում է հակառակորդը մեզ և աշխարհի հետ հարաբերվելիս:

Հարգելի՛ երկրապահներ,

Իմ փաստարկը սեփական հողում սեփական քրտինքով արարելու իրավունքն է, իմ փաստարկը Հայոց բանակն է, իմ փաստարկը դուք եք և բոլոր այն հայորդիները, ովքեր հենց այսօր պատրաստ են զենք բռնել: Միանգամից ասեմ՝ համոզված եմ, որ դրա կարիքը չի լինելու: Չի լինելու հենց այդ պատրաստակամ կեցվածքի պատճառով, չի լինելու հենց այդ փաստարկի հզորության շնորհիվ: Չի լինելու, որովհետև 20 տարեկանը չբոլորած մեր երիտասարդները սահմանի վրա կանգնում են այնպես, ինչպես ժամանակին դուք եք կանգնել, իսկ երբեմն (չնեղանաք) ավելի լավ, քան մենք:

Բոլոր այն մտահոգ խոսակցությունները, թե իբր մեր նոր սերունդը այլասերվում է, պակաս հայրենասեր է, պակաս պատրաստված և այլն, մնում են լոկ խոսակցություններ: Գրեթե ամեն օր կյանքը մեզ տալիս է հակառակը ապացուցող օրինակներ՝ ի դեմս մեր փայլուն երիտասարդների:

Տղե՛րք,

Ոչ ոք ձեզնից ավելի խորը չի պատկերացնում պատերազմ կոչվող չարիքը: Ուրեմն՝ դուք առաջինը պիտի լինեք սառնասրտություն և խաղաղություն քարոզելու գործում:

Մենք ուզում ենք ապրել, աշխատել և արարել: Մենք ուզում ենք, որ մեզ հանգիստ թողնեն, բայց նաև ակնհայտ է, որ տեսանելի ապագայում մեզ հանգիստ չեն թողնելու: Արդեն անցել է գրեթե քսան տարի այն օրվանից, երբ զինադադար հայտարարվեց Այս ընթացքում Արցախը բուժել է իր վերքերի մի էական մասը, ապրում է ու զարգանում, իսկ ներքին ազատության առումով ստանում է ավելի բարձր միջազգային գնահատականներ, քան Ադրբեջանը: Այստեղ Ադրբեջանի իշխանությունները խրոխտ զեկույցների համար նյութ չունեն: Եվ տեսանելի ապագայում չեն ունենալու: Սա է իրականությունը:

Բաքվի ռեժիմին թվում է, եթե մենք չենք թաքցնում մեր կորուստները, մենք թույլ ենք: Նրանց թվում է, եթե մենք չենք մոլորեցնում մեր ժողովրդին, մենք թույլ ենք: Նրանց թվում է, եթե մենք բաց հրապարակավ քննարկում ենք մեր երկրում եղած բոլոր դժվար խնդիրները, մենք թույլ ենք:

Նրանք չեն հասկանում, որ հենց դրանում է մեր ուժը: Չեն էլ կարող հասկանալ, քանի որ այդ արժեքներն իրենց հասու չեն:

Հենց դրա համար էլ մենք նրանց պես ողորմելի քարոզչություն վարելու կարիքը չունենք:
Հենց դրա համար էլ մենք հաղթել ենք:
Հենց դրա համար էլ մեր հաղթանակն անշրջելի իրողություն է:

Հարգելի՛ երկրապահներ,

Դուք ինքներդ վկան եք եղել, թե ինչպես Ադրբեջանը ժամանակին ընկավ իր իսկ քարոզչական ծուղակը՝ գերագնահատելով իր ուժը: Այստեղ նստածներից շատ-շատերը հիշում են, թե ինչպես 90-ական թվականների սկզբներին ով դառնում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար, իսկ դրանց թիվը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 5-ից ավելին էր, իր պարտքն էր համարում հաջորդ իսկ օրը հայտարարել, որ ինքն անպայման մեկ շաբաթ հետո Ստեփանակերտում թեյ է խմելու: Բայց ի ուրախություն մեզ և ի ափսոսանք իրենց, ակնհայտ էր, որ Ստեփանակերտում նրանց որևէ մեկը չէր պատրաստվում թեյ հյուրասիրել: Որքան էլ զարմանալի է, այսօր մենք վկան ենք նույն ճոռոմախոս քարոզչությանը: Թող շարունակեն, դա, միևնույն է, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Իրականության ոչ օբյեկտիվ գնահատականը որևէ մեկին լավ բանի չի հասցրել:

Մենք ունենք ծանր փորձություններով անցած հասուն այրեր և փայլուն երիտասարդություն: Մենք ունենք ազատ Հայաստան և ազատ Արցախ, որ պիտի դառնան ավելի ազատ: Մենք սիրում ենք կյանքը: Մենք ունենք ապրելու, մանավանդ լավ ապրելու մեծ ցանկություն: Եվ իրականություն ենք դարձնելու մեր ցանկությունը և հեռուներից հետ ենք բերելու մեր հարազատներին: Ոչ մի մարդասպան չի կարող կասեցնել հայ ժողովրդի հազարամյա երթը: Եղել են կասկածողներ, բայց նրանց նետերն ու նիզակները, փամփուշտներն ու ռումբերը, փողերն ու խարդավանքները բավարար չեն եղել: Վաղն էլ չեն բավականացնելու, որովհետև մենք սիրում ենք կյանքը, մենք սիրում ենք ազատություն:

Հարգելի՛ երկրապահներ,

Ձեզնից յուրաքանչյուրը շատ բան է տվել մեր երկրի, մեր հաղթանակի ու մեր խաղաղության համար, ձեզնից շատերն իրենց կյանքի փորձն են ներդրել բոլորիս հպարտություն Հայոց բանակի կայացման գործում: Փառք ու պատիվ ձեզ դրա համար:

Այսօր մենք այլ բան ունենք անելու: Այսօրվա մեր կռիվը մեր երկրի վերելքի համար է, հուսահատության ցանկացած դրսևորման դեմ է, հավատի համար է, աղքատության ճիրաններում հայտնված յուրաքանչյուր մեր հայրենակցի համար է, զարգացման նոր հնարավորությունների ու արդիական պետություն կայացնելու համար: Իհարկե, այս ամենը նախ և առաջ պետության պարտականությունն է: Բայց ակնհայտ է, որ միասնականությունը և համախմբումն է հաջողության հասնելու առաջին նախապայմանը:

Համարձակ գաղափարներ և հեռահար նպատակներ: Դրանք իրականացնելու համար անհրաժեշտ եռանդ, հետևողականություն ու նվիրվածություն: Գիտելիք ու ողջ կյանքում սովորելու պատրաստակամություն: Սեփական կարողությունների հանդեպ վստահություն: Ակնածանք՝ ժառանգած ու պատգամելիք արժեքների հանդեպ: Հարգանք ու հանդուրժողականություն յուրաքանչյուր հայրենակցի նկատմամբ: Համբերություն ու հաստատակամություն՝ դժվարությունները հաղթահարելու համար: Իմաստություն և խոհեմություն՝ հաղթանակների պտուղները ճաշակելիս: Այս ամենի ձևավորմանն ու կենսագործմանը նպաստող միջավայր: Եվ իհարկե՝ միասնություն ու սեր:

Մարտահրավերների ու վտանգների մեր օրերում, կայունության ու խաղաղության ծարավ մեր տարածաշրջանում երկրի վերելքը հնարավոր է հենց նման հատկանիշներով օժտված հայաստանցիների միասնական ջանքի շնորհիվ: Հենց այս հատկանիշների շնորհիվ դուք՝ ձեր սերնդի ողնաշարը, կարողացաք պահել-պահպանել երկիրը արհավիրքի ժամին: Հենց այս հատկանիշների շնորհիվ հայաստանցին կարողացավ ուղղել Խորհրդային միության փլատակների տակ կքած իր մեջքը: Որակապես նոր հասարակություն, նոր տնտեսական ու քաղաքական հարաբերություններ ստեղծեց: Որոշեց ապրել ազատ ու ինքնուրույն: Կարողացավ դժվար որոշումներ կայացնել ու վճարել դրանց գինը:

Մեր ժողովրդին հաջողվեց պատերազմի ամենակուլ ճահճից երկիրը հանել և ուղղել դեպի մեծ աշխարհի անծայրածիր հնարավորություններով լի ջրերը: Շուրջ երկու տասնամյակ տևած այդ ուղին բարդ էր ու ծանր: Դեպի հնարավորությունների օվկիանոս տանող հորդառատ գետը մեզ սեղմում էր շրջափակման ափեզրին, սուզում էր աշխարհաքաղաքական գալարապտույտներում, զարկում հակամարտության խութերին ու քաշում ճգնաժամերի սահանքներն ի վար: Իսկ դժվարությունները ժամանակի ընթացքում միայն ավելանում էին: Անցումային փոխակերպումների հորձանքը լցվող վտակները բազմացնում էին վտանգներն ու բերում նորերը: Սակայն տարիների հետ մեծանում էր նաև այդ դժվարությունները հաղթահարելու մեր ունակությունը: Մենք ամրացանք ու նավարկել սովորեցինք հենց այդ հորձանուտներում:

Անցումային տարիների դժվարությունների հաղթահարումը ծանրացավ հենց ձեր սերնդի, մեր սերնդի ուսերին: Սակայն հիշենք նաև, որ երիտասարդ սերունդն այսօր կարող էր և ճաշակել միայն ու միայն հայրերի կորուստների ու դժվարությունների դառնությունը՝ առանց լուսավոր ժառանգության: Կարող էր ժառանգել բացարձակապես այլ՝ տկար ու խոնարհված երկիր: Եվ հաղթանակներն ու ձեռքբերումները կարող էին չլինել, եթե չլիներ ձեր մեծագույն հավատն ապագայի հանդեպ: Ձեր ու բոլոր տղերքի անմնացորդ նվիրվածությունն ու անձնուրաց պայքարը: Մինչև վերջին շունչը կանգնելու պատրաստակամությունն ու անկոտրում հաստատակամությունը: Եթե չլիներ վստահությունը վաղվա օրվա հանդեպ:

Եվ այսօր, նոր հնարավորությունների ու աննախադեպ հեռանկարների օվկիանոսին ընդառաջ մեր երկրի, մեր պետության, մեր հասարակության, հայաստանցու առջև ծառացել է մեր սերնդին քաջ ծանոթ մարտահրավերը: Հնարավորությունների օվկիանոսը թափվող հորձանքի գետաբերանում կրկին ապագան շղարշող անորոշությունների մշուշն է:

Մեր առջև հին հակառակորդն է: Վհատվածությունն ու հուսահատությունը: Սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը: Հասարակության մյուս անդամների հանդեպ վստահության պակասը: Մշուշի մեջ և մշուշից անդին տեսնելու անկարողությունը: Հոգնածությունն ու անվճռականությունը: Սրանք են եղել մեր իրական թշնամին նախորդ տասնամյակներում: Սրանք են դարանել գալիքի ճանապարհին: Սրանց ենք հաղթելու մենք ու մերօրյա երիտասարդները:

Այո՛, մեծանում են անորոշությունները: Լայնանում է հնարավոր զարգացումների շրջանակը: Մեծանում են մեր քայլերի համար պատասխանատվության աստիճանն ու մեր որոշումների արժեքը: Մեր երկիրն ու հասարակությունը մտել են հասունության փուլ: Հարթակ է բարձրանում նոր սերունդ, որը չի տեսել ձեր պայքարի դժվարություններն ու չունի ձեր փորձը:

Սակայն հրապարակ մտնող այս սերունդը ծնվել է պատրանքների ճահճից դուրս: Ձևավորվել ու կայացել է հորձանքների մեջ: Նոր սերունդն ունի հին մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ ուժ և եռանդ: Նոր հնարավորություններ: Հնարավորություններ, որոնցից զուրկ ենք եղել մենք: Եվ առավել քան երբեք, այս սերունդն այսօր ունի ձեր փորձի և իմաստնության կարիքը: Ունի վաղվա օրվա հանդեպ այն անխախտ վստահության կարիքը, որը ձեզ մտցրեց մեր պատմության դասագիրք: Վստահություն, որը ձեզնով լցրեց մեր նորօրյա էպոսի էջերը, ձեզ դարձրեց մեր թոռների հեքիաթների և պատմությունների հերոսն ու սերունդների պարծանքը:

Պետությունն այսօր նախաձեռնել ու իրականացնում է մեր երկրի ու հասարակության համար կենսական մի շարք կարևորագույն բարեփոխումներ: Դրանք կոչված են էականորեն կրճատելու մեզ բաժին ընկած ռազմավարական անորոշությունները:

Կենսաթոշակային համակարգի բարեփոխումներն այս առումով կարևորագույն նշանակություն ունեն: Դրանք ուղղված են հենց նոր սերնդի բարեկեցությանը: Եվ հավատացեք, հենց նման բարեփոխումներն են կոչված սեփական երկրին ամուր կապելու մարդուն: Հենց նման բարեփոխումներով է միահյուսվում հայաստանցու ապագան իր հողին:

Սակայն այս բարեփոխումների իրականացումը պահանջում է հավատ՝ երկրի վաղվա օրվա հանդեպ, պետության նկատմամբ վստահության պաշար և ապագան այստեղ` հայրենակիցների կողքին կառուցելու հաստատակամություն:

Երիտասարդ սերնդի հավատի, վստահության ու հաստատակամության պաշարը հարստացնելու գործում մեր սերնդի դերն անգնահատելի է: Սերունդների համերաշխությամբ ու փոխգործակցությամբ է հնարավոր միայն իրականացնել երկրի համար ճակատագրական այս բարեփոխումները: Միայն այս կերպ է հնարավոր հաղթահարել մեզ լավ ծանոթ մարտահրավերները, հաղթել մեր կողքին, մեզ հետ, երբեմն մեր մտքում ու հոգում ծվարած թշնամուն:

Հենց այս թշնամուն հաղթելու գործում հայրենիքը կրկին ունի ձեր կարիքը: Ձեր ուժը, ձեր իմաստնությունը, մարտական ուղով սրբագործված ձեր եղբայրության ոգին այսօր ավելի քան երբեք հարկավոր է երիտասարդ սերնդի ուժն ու հավատը, հույսն ու վստահությունը, սերն ու նվիրումը բազմապատկելու համար: Այսօր պիտի հնչի երկրապահի ձայնը՝ խրոխտ, վստահ, չնայած, ցավոք, ունենք նաև առանձին անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե՝ մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, և հիմա կա՛մ շատ բարձրացրեք մեր թոշակները, կա՛մ էլ հեղափոխություն ենք անելու: Մենք շատ լավ գիտենք՝ ով, որտեղ և ինչքան արյուն է թափել: Մենք նաև շատ լավ գիտենք այդպիսի մարդկանց խոսքի արժեքն ու նրանց գործողություն կատարելու ունակությունը:

Մեզնից հետո երկրին տեր լինելու կոչված սերնդի կողքին պիտի կանգնի Երկրապահը իր խորհրդով ու պատգամով: Պիտի ուժ տանք վհատվածին ու հուսալքվածին՝ հույս: Պիտի կանգնենք դժվարության մեջ հայտնվածի կողքին, անգամ եթե դիմացինի ցավը տանելու պատրաստակամությունից բացի այլ բան առաջարկել չենք կարող: Ինչ դժվար իրավիճակում էլ հայտնված լինի հայաստանցին: Ուր էլ լինի: Նրա թիկունքը դատարկ չպիտի մնա: Դուք, մենք, պիտի զորավիգ լինենք նրան այն պահին, երբ անգամ ծնողը, զավակն ու ամուսինը հուսահատ լքեն նրան: Սա է մեր մարտի դաշտի օրենքը, և սա է մեր մարտի դաշտն այսօր: Պետությունը պիտի օգնի նրանց, ովքեր իրենք իրենց օգնել չեն կարող: Պիտի օգնի ու հնարավորություն տա օգնել: Պիտի օգնի երիտասարդին՝ տարիներ անց օգնություն հասցնել ինքն իրեն: Պետությունը պիտի, եթե կուզեք, մի յուրօրինակ «ժամանակի մեքենա» տրամադրի յուրաքանչյուրին՝ տասնամյակների միջով ինքն իրեն ձեռք մեկնելու համար: Հենց այդպիսի ժամանակի մեքենա է կենսաթոշակային նոր համակարգը, որ պիտի կայացնենք այսօր:

Մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու մեր զինանոցը հարստացել է: Տարիների հետ մենք սովորել ենք խնդիրների լուծման ավելի արդյունավետ ու գործուն լուծումներ առաջադրել: Սակայն, որ ավելի կարևոր է, մենք սովորել ենք լսել միմյանց: Սովորել ենք երկխոսել: Փոխադարձաբար հարգել միմյանց շահերն ու հաշվի նստել յուրաքանչյուրի հետ: Գիտակցել ենք, որ հասարակության զարգացմանն ու մարդկանց ճակատագրերին առնչվող խնդիրների լուծման որևէ տարբերակ ընդունելուց և խաղաղ պայմաններում յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ անհրաժեշտ է դրանք քննարկել ու համաձայնեցնել տարբեր, երբեմն՝ հակասական շահեր ներկայացնողների, գործարարների, կառույցների, հայաստանցու հետ: Հատկապես վերջին տարիներին մենք փորձել ենք հնարավորինս ընդլայնել տնտեսության զարգացմանն ու հասարակության առաջընթացին առնչվող որոշումների քննարկման շրջանակը: Փորձել ենք բացել ու ընկալելի դարձնել երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերն ու ընդունվող որոշումները: Ոչ մի հայաստանցի չպիտի օտարված զգա իր երկրում: Ոչ ոք չպետք է խռով ու նեղացած մնա իր երկրից: Ոչ մեկը չպիտի նզովի իր ու իր երկրի ճակատագիրը: Հայաստանցին պիտի ընկալի ու ընդունի հավաքական որոշումներն ու մասնակից լինի դրանց կայացմանը: Մենք մեր ընտրած ուղուց չենք շեղվելու և շարունակելու ենք ընդլայնել հարգանքի, վստահության ու հավատի սահմանները: Միայն նման ընդարձակ սահմաններում երկրի քաղաքացին իրեն կզգա ավելի լավ, քան անհամեմատ բարեկեցիկ որևէ այլ երկրում: Միայն նման երկիրն է ի զորու իր քաղաքացուն կապել իր ճակատագրին ու պահել իր հողի վրա:

Վստահ եմ, որ միայն այս կերպ կարող ենք ձյան մեջ արև փնտրող ու իր երկրում օրհնություն գտնող հայաստանցիների երկիր կերտել: Սա է արդիական, մրցունակ, անվտանգ և հպարտ Հայաստանի երաշխիքը: Ու մենք պարտադրված ենք հենց այս ճանապարհով գնալու:

Հարգելի՛ երկրապահներ,

Դուք ուժի, արիության ու հավատի հաղթանակի մարմնավորում եք: Շնորհակալ ենք ձեզ ձեր փառահեղ անցյալի համար, այն հայրենանպաստ կեցվածքի համար, որ ունեք այսօր և այն ամենի համար, որ դեռ անելու եք մեր ու մեր սերունդների հայրենիք Հայաստանի համար:

Ինչպես ասում են՝ պի՛նդ եղեք, տղե՛րք:

Շնորհակալ եմ ուշադրության համար: Հասկանալով, որ կարող են լինել բազմաթիվ հարցեր, եթե ձեր ժամանակը ների, և եթե վարչության անդամները դեմ չլինեն, ես պատրաստ կլինեմ ելույթներից հետո պատասխանելու ձեր հարցերին՝ ցանկացած հարցի:

Շնորհակալ եմ:

Նախագահը մասնակցել է Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված տոնախմբությանը

նախագահը սուրբ սարգսի տոնինՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակման առթիվ մայրաքաղաքի «Սիրահարների այգում» կազմակերպված տոնախմբությանը: Սուրբ Սարգսի հիշատակության օրվան նվիրված տոնախմբությունը կազմակերպել է Հայ Առաքելական Ս. Եկեղեց

Վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Սարգիս զորավարին նվիրված տոնակատարություններին

վարչապետը սուրբ սարգսի տոնակատարությանըՓետրվարի 15-ին նշվում է երիտասարդների արագահաս բարեխոս սրբի՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ այն հռչակված է երիտասարդների օրհնության օր:
Ս. Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միության տանը բացված ցուցահանդեսներին: Ավանդական դարձած այս ցուցահանդեսներին ներկայացված են երիտասարդ ստեղծագործողների լավագույն աշխատանքները սիրո թեմայով՝ սեր առ Աստված, սեր առ Հայրենիք, սեր առ բնություն, սեր մերձավորի հանդեպ, փոխադարձ սեր: Վարչապետ Սարգսյանը շրջայցի ընթացքում ծանոթացել է ցուցադրված աշխատանքներին, զրուցել երիտասարդ ստեղծագործողների հետ, շնորհավորանքի խոսք հղել տոնի կապակցությամբ.«Միանում եմ այն ջերմ ու գեղեցիկ խոսքերին, որ հնչում են այսօր: Ցանկանում եմ բոլորին շնորհավորել այս գեղեցիկ տոնի առթիվ: Թող սերը բոլորիցդ անբաժան լինի ու ձեր ընտանիքներում թող միշտ խաղաղություն և սեր լինի»: 
Հաջորդիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է երիտասարդներով լեցուն Սիրահարների պուրակում կազմակերպված տոնական համերգին: Միջոցառմանը ներկա էին նաև Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սիրահարների այգում կառավարության ղեկավարն այցելել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած սիրիահայերի ձեռագործ հուշանվերների ցուցահանդես, զրուցել սիրիահայերի հետ, ծանոթացել նրանց հուզող հարցերին:
Արարատյան Հայրապետական թեմն արդեն ավանդաբար երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնի առթիվ «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսի ներքո կազմակերպում է տոնական միջոցառումներ: Այս տարի տոնակատարությունները մեկնարկել են փետրվարի 10-ից: Ս. Սարգսի տոնախմբությունն իրականացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: