Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև

հայաստան-ճապոնիաՀունվարի 15-ին Տոկիոյում Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվեցին հերթական  քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ճապոնական կողմից` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Նորիո Մարույաման:

Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, մասնավորապես՝ քաղաքական երկխոսության ակտիվացում, առևտրատնտեսական հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծում,  միջազգային կազմակերպություններում փոխգործակցություն, իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության խորացում:

Երկուստեք կարևորվեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն բացելու ճապոնական կառավարության որոշումը, որը Ճապոնիայի խորհրդարանի կողմից հաստատվել է նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին:

Որպես քաղաքական երկխոսությանը նպաստող գործոն՝ ընդգծվեց նաև առաջիկայում ուժի մեջ մտնող համաձայնագիրը «Դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին»:

Մտքերի փոխանակում տեղի ունեցավ նաև միջազգային ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Անկախ

Դեսպան Ղազարյանի այցը Բարի

Դեսպան Ղազարյանի այցը ԲարիՀունվարի 11-ին Իտալիայի Բարի քաղաքում տեղի ունեցավ հայկական խաչքարի տեղադրման միամյակին նվիրված միջոցառում: Խաչքարը զետեղվել է ի խորհրդանշումն հայ ժողովրդի երախտագիտության Բարիին և իր բնակիչներին, որոնք 1915-1922թթ. ընդունել են Հայոց ցեղասպանությունից փրկված մեծ թվով հայերի:

Արարողությանը մասնակցեցին Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Բարիի քաղաքապետ Միկելե Էմիլիանոն, Իտալիայի Հայերի Միության նախագահ, պրոֆեսոր Պայքար Սիվազլյանը, Բարիում հայ համայնքի ղեկավար Ռուբեն Թիմուրյանը և մեծ թվով Բարիի քաղաքացիներ ու հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը խոսքով հանդես եկավ դեսպան Ղազարյանը, ով իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ հայկական խաչքարի տեղադրումը Բարիում` մի քաղաքում, որն ապաստան է տվել ցեղասպանությունից փրկված հայերին, հայերի և Հայաստանի երախտիքի խորհրդանիշն է: Դեսպան Ղազարյանը նաև նշեց, որ Բարիի քաղաքապետի և քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերը` համամարդկային  արժեքներին հավատարիմ մնալու և քաղաքական խիզախության վառ օրինակ են` հանուն ցեղասպանությունների կանխարգելման և ժխտողականության դատապարտման միջազգային գործընթացի:

Քաղաքապետ Էմիլիանոն իր ելույթում նշեց, որ երջանիկ է գտնվելու այս վայրում: Քաղաքապետը հավելեց, որ խաչքարի տեղադրումը` ընդամենը մի փոքր, բայց, այդուհանդերձ, կարևոր և արժանավոր քայլ էր` պատմական արդարության վերականգնման դժվարին ճանապարհին: Նա իր հերթին իր և համաքաղաքացիների երախտիքի զգացմունքն արտահայտեց տեղի հայ համայնքին, որը ջանքեր չի խնայում հանուն Բարիի զարգացման ու բարօրության:

Տոնակատարությունը շարունակվեց Բարիի քաղաքային խորհրդի դահլիճում, ուր տեղի ունեցավ բարիահայ բանաստեղծ` գրականության ասպարեզում 1953թ. Նոբելյան մրցանակի թեկնածու Հրանտ Նազարյանցի անվան հետազոտական կենտրոնի և քաղաքապետարանի մրցանակաբաշխության արարողությունը:

Իտալիայում ՀՀ դեսպանը և քաղաքապետ Էմիլիանոն պարգևներ հանձնեցին պրոֆեսոր պրոֆեսոր Գեղամ Ջ. Բոլոյանին` Աղավնի Պողոսյանի Արյան կանչը և Հուշեր 1915թ. Հայոց ցեղասպանության մասին աշխատությունների թարգմանության համար:

Տոնակատարության շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպան Ս.Ղազարյանը հարցազրույց է տվել իտալական հանրային RAI հեռուստատեսության նորությունների ծրագրի թղթակցին, որում անդրադարձել է Բարիում հայկական խաչքարի տեղադրմանը, Բարիի քաղաքային իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերին և, այդ համատեքստում, ժխտողականության դատապարտման անհրաժեշտությանը, հավելելով, որ Բարիի հետ  փոխգործակցության նոր էջ է բացվում, որն իր մեջ կընդգրկի տնտեսական, մշակութային և ապակենտրոնացված համագործակցության այլ ոլորտները:

Անկախ

Դեսպան Մինասյանը մասնակցել է Վատիկանում հավատարմագրված դիվանագետների ընդունելությանը

06.Ambassador Minasyan participated in the reception of diplomats accredited to the Vatican 15.01.2014Հունվարի 13-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպեց Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ:

Դիվանագետների հետ տարեսկզբի ավանդական հանդիպման ժամանակ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը կարճատև զրույց ունեցավ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:

Զրույցի ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը իր ջերմ  ողջույնները փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև իր օրհնանքը հայ ժողովրդին:

Անկախ

Անցկացվել է պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

KONICA MINOLTA DIGITAL CAMERAՍ.թ. հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը նախագահեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Աշխատանքային խումբը, որը հաշվետու է ռազմավարական վերանայումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին, պատասխանատու է գործընթացն առանձին փուլերով անմիջական իրականացնելու համար:

Նիստի ընթացքում պաշտպանության նախարարության ներկայացուցիչները աշխատանքային խմբի անդամներին ներկայացրեցին ռազմավարական վերանայման ընթացիկ փուլի` Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի և սպառնալիքների գնահատման մեթոդաբանությունը:

Ռազմավարական վերանայման ընթացիկ փուլը ենթադրում է ՀՀ ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի առջև ծառացած սպառնալիքների բացահայտում, պետության կենսական շահերի վրա դրանց ազդեցության աստիճանի, սպառնալիքի իրականացման հավանականության, հավանականության դինամիկայի, ինչպես նաև սպառնալիքի դեմ հակազդեցության ունակության վերլուծություն: Ամբողջ գործընթացի ընթացքում աշխատանքային խմբի վերլուծական միտքն առաջնորդվելու է ուժեղ և թույլ կողմերի, բարենպաստ հնարավորությունների և սպառնալիքների վերհանման ու գնահատման սկզբունքով:

 

Անկախ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քշիշտոֆ Պենդերեցկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

001 (4)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն: Նա  Հայաստանում  է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 15-րդ հոբելյանական փառատոնի առիթով, որը մեկնարկել է իր 80-ամյակին նվիրված համերգաշարով:

Բարձր գնահատելով համաշխարհային երաժշտարվեստում Պենդերեցկու ներդրած ավանդն ու  ու անբասիր ծառայությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է կոմպոզիտորի երևանյան համերգների անցկացումը, հատկապես՝ երիտասարդ կատարողների  կատարելագործման տեսանկյունից:

Հյուրին ներկայացնելով Երևանի և Վարշավայի միջև ձևավորված համագործակցության հեռանկարները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2013-ի ամռանը Երևանի և Վարշավայի քաղաքապետերը ստորագրել են մտադրությունների հուշագիր, համաձայն որի՝ երկու մայրաքաղաքները պատրաստակամ են զարգացնելու բարեկամությունն ու խրախուսելու Երևանի և Վարշավայի միջև ակտիվ համագործակցությունը։ Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու մայրաքաղաքների միջև մշակութային համագործակցության ընդլայնման  մասով  ակնկալում է նաև մաեստրոյի աջակցությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը երաժշտության բնագավառում ունեցած մեծ նվաճումների, երևանյան երաժշտական կյանքում ներդրած ավանդի համար և աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Քշիշտոֆ Պենդերեցկուն  պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ աշխարհահռչակ կոմպոզիտորն անկեղծորեն խոստովանել է, որ հուզմունքը մեծ է նման գնահատանքի արժանանալու և իր արվեստի հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ վերաբերմունքի համար:

Քշիշտոֆ Պենդերեցկին շնորհակալություն է հայտնել նաև Երևանի քաղաքապետին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին աջակցելու համար:

Անկախ

Վարչապետը տոնական ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին

տիգրան սարգսյանԱմանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է ներկաներին տոների կապակցությամբ՝ մաղթել բեղմնավոր և հետաքրքիր աշխատանք:
«Զանգվածային լրատվական միջոցների դերն այսօր Հայաստանի Հանրապետությունում չափազանց կարևոր է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում ժողովրդավարության ամրապնդման գործում դուք ստանձնել եք բարդ և պատասխանատու գործառույթ: Դժվար է պատկերացնել քաղաքացիական հասարակության կայացումն առանց ձեր գործուն մասնակցության, հաջողություններն այդ բնագավառում պայմանավորված են լինելու նաև ձեր արդյունավետ աշխատանքով: Հաճախ մենք խոսում ենք պատասխանատու ԶԼՄ-ների մասին, քանի որ դուք նույնպես իշխանություն եք և կարողանում եք հասարակության մեջ ստեղծել տրամադրություններ, առաջ քաշել նոր գաղափարներ և, ինչու ոչ, առաջնորդել մեր հասարակությանը: Այդ տեսակետից, կարևորում եմ այն հաջողությունները, որոնք արձանագրում ենք լրատվական դաշտում, մանավանդ, երբ տեսնում ենք խորը վերլուծական նյութեր, որոնք կարևոր են քաղաքացիական հասարակության կառուցման գործում: Այդ բնագավառում ցանկանում եմ ձեզ նորանոր հաջողություններ: Մաղթում եմ, որ 2014 թվականը մեզ բերի սեր, համերաշխություն, խաղաղություն և որ այս տրամադրություններն առաջին հերթին դուք տարածեք մեր հասարակության շրջանում»:
ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու ինչպես նաև ակտիվ համագործակցության համար ՀՀ վարչապետի հուշամեդալով, հուշանվերով՝ անվանական ժամանացույցով, և վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ:

***
ԽՍՀՄ հերոս, հետախույզ Գևորգ Վարդանյանին և նրա տիկնոջ` Գոհար Վարդանյանին նվիրված «Հերոս անլեգալ (ծպտյալ) հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններ. «Հպումը լեգենդին» շարունակվում է…» գրքի համար Տիգրան Սարգսյանը գրող, հրապարակախոս, լրագրող Գուրգեն Խաժակյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Գուրգեն Խաժակյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ պետության կողմից ցուցաբերված մեծ գնահատանքի համար և կարևորել, որ պարգևը հանձնվում է Գևորգ Վարդանյանի 90-ամյա հոբելյանի նախաշեմին:
Անկախ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ

սերժ սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա անվանի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վաղաժամ մահվան մասին:

Աշխարհի լավագույն կոնսերվատորիաներում ուսանած Արամ Ղարաբեկյանը դրսևորվեց որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար, արժանացավ բազմաթիվ միջազգային մրցանակների՝ զարգացնելով նաև հայրենի երաժշտարվեստը:

Խորին ցավակցություն եմ հայտնում Արամ Ղարաբեկյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

 

Անկախ

Տոնական օրերին քաղաքացիների կողմից բարձրացված բոլորը հարցերը օպերատիվորեն լուծում են ստացել

խորհրդակցությունԱյս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է, նկատի առնելով տոնական օրերին թեժ գծերի հեռախոսահամարներով քաղաքացիների կողմից ստացված ահազանգերն ու լրատվամիջոցների  կողմից արձանագրված թերությունները, աշխատանքներում թերացած որոշ վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերին հայտարարել գրավոր խիստ նկատողություն:

Դպրոցներում ջեռուցման համակարգերի աշխատանքի նկատմամբ ոչ պատշաճ  վերաբերմունքի համար նկատողություն է հայտարարվել մայրաքաղաքի որոշ դպրոցների տնօրեններին:

Զեկուցվել է, որ ներկայում մայրաքաղաքի բոլոր դպրոցները ջեռուցվում են, և ապահովված են անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ:

Ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված՝ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ գրանցված դեպքերի մասով կազմվել է վարչական արձանագրություն:

Քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունն այս ուղղությամբ. «Չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա ընթացքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ բավական աշխատանքներ են կատարվել, այդուամենայնիվ դրանք բավարար չեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է, որ տոնական օրերին հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ սահմանվել է խիստ հսկողություն: Հատուկ ուշադրություն է դարձվել երեկոյան ժամերին երթուղիների պատշաճ սպասարկման իրականացմանը: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության փետրվարի 14-ին հայտարարված  մրցույթի մասին հանրային իրազեկումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ քաղաքապետը հանձնարարել է հանրությանը պարբերաբար իրազեկել քաղաքապետարանի կողմից գնումների գործընթացով կազմակերպվող մրցույթների ընթացքի վերաբերյալ և ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ 2014 թվականի հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում ստացվել է 6911 կանչ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 300-ով ավելի է: Նշվել է նաև, որ 1173 դեպքում հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց: Վերը նշված ժամանակահատվածում գրանցվել է նաև 531 ծնունդ:

16-րդ թաղամասի շենքերի գազիֆիկացման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ արդեն գազիֆիկացվել է 15 շենք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու պարբերաբար ներկայացնել այդ մասին տեղեկատվություն:

Անդրադառնալով օբյեկտների հարակից տարածքների պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին Երևանի ավագանու համապատասխան  որոշման պահանջների կատարմանը՝ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մշտական խիստ հսկողության տակ պահել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման գործընթացը և օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան քայլեր ձեռնարկել: «Այս տարվա մեր հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի պարտադիր բարեկարգման նորմի ներդրման կայացումը, ինչը ենթադրում է տնտեսվարողների կողմից պարտավորությունների կատարում տարվա բոլոր եղանակներին: Այն տնտեսվարողները, որոնք կխուսափեն պարտավորությունների կատարումից կամ կթերանան, կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության: Իսկ Երևան համայնքի բյուջեից նշված տարածքների համար միջոցներ պետք է չհատկացվեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքում նախորդ տարիներին կառուցված մասնավոր կառույցների սեփականատերերի կողմից իրենց օբյեկտների մուտքերը  հնարավորության դեպքում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հասանելի դարձնելու  նպատակով տարվող աշխատանքների հետ կապված Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ վարչական շրջանների կողմից տնտեսվարողների հետ աշխատանքներ են տարվում, որի շրջանակում պատրաստվում են նախագծային փաստաթղթերը: Քաղաքապետը հանձնարարել է գործընթացը պահել հսկողության տակ և այդ աշխատանքներում թերացողների նկատմամբ կիրառել համապատասխան  միջոցներ:

 

Էներգաարդյունավետության ծրագրերը քննարկվել են KfW բանկի ներկայացուցիչների հետ

քաղաքաշինության նախարարությունՀայաստանում շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն ընդունեց KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը` տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի դեպարտամենտի տնօրեն Յան Բլումի գլխավորությամբ: Այս մասին Անկախին տեղեկացնում են Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ներկայացնելով մեր երկրում շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը նախարար Ս. Թադեւոսյանն ընդգծեց, որ ներկայում կառավարությունն առաջնահերթ է համարում կրթական օբյեկտնների էներգաարդյունավետության բարձարացումը: Այդ նպատակով արդեն քաղաքաշինության նախարարության ներկայացմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է մոտ 300 կրթական օբյեկտների ցանկը, որոնք առաջնահերթ հիմնանորոգման կարիք ունեն: Պարոն Թադեւոսյանը նշեց, որ կրթական օբյեկների հիմնանորոգման դեպքում որդեգրվել է համալիր մոտեցման սկզբունքը` սեյսմազինվածության ուժեղացումից մինչեւ էներգաարդյունավետության բարձրացում: ”Ուրախալի է, որ KfW գերմանական բանկի գործակցության մտադրությունը ներկայում նպատակաուղղվում է նաեւ մեր երկրում շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերին”.- նշեց նախարարը:

KfW բանկի պատվիրակության ղեկավար Յան Բլումը տեղեկացրեց, որ ներկայում KfW բանկում մշակվում է մեր երկրի հետ գործակցության հետագա ուղղությունները եւ այդ համատեքստում կարեւորվում է Հայաստանում էներգետիկ ոլորտի` այդ թվում շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: KfW բանկի պատվիրակության անդամներն ընդունելի համարեցին կրթական օբյեկտների հիմնանորոգման համալիր մոտեցման սկզբունքը եւ պատրաստակամություն հայտնեցին ծրագրերի կազմման ժամանակ առաջնորդվել այդ սկզբունքով:

Ծրագրի ուղենիշները մշակելու նպատակով, կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում ուսումնասիրություններ կատարել վերոնշյալ կրթական օբյեկտներից որոշակի մասում:

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

շավարշ քոչարյան Հարց.

– Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հունվարի 9-ի ելույթում Ադրբեջանի նախագահի այն պնդումները, թե համաձայն թվերի` Հայաստանը զիջում է Ադրբեջանին բոլոր բնագավառներում, ինչը վճռական դեր կկատարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում:

 

Պատասխան.

– Վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտն է Ադրբեջանի կողմից խնդրի էության նենգափոխմամբ ինքնորոշման իրավունքի ժխտումը, հայատյաց քարոզչությունը և պատերազմի վերսկսման սպառնալիքները: Սա հերթական անգամ արտահայտվեց Ադրբեջանի նախագահի վերջին ելույթում: Նա կարող էր էլ ավելի տպավորիչ թվեր հնչեցնել` համեմատվելով Արցախի Հանրապետության հետ: Սակայն նա խուսափում է դրանից, քանի որ չի մոռացել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում, ի հեճուկս թվերի, հենց Արցախից կրած պարտության մասին, և քաջ գիտակցում է, որ նոր արկածախնդրությունը կհանգեցնի նոր պարտությունների:

 

Նախագահը ցավակցական հեռագրեր է հղել Արմեն Մազմանյանի և Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի բեմադրիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ. «Արմեն Մազմանյանը մեծ ներդրում ունեցավ հայ թատերարվեստի զարգացման գործում` իր նորարարական մոտեցումներով: Հմուտ կազմակերպչի նրա կարողությունները լավագույնս դրսևորվեցին «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ղեկավարելիս: Իր հախուռն բնավորությամբ նա անմասն չմնաց ո՛չ հայրենիքի պաշտպանության գործին, ո՛չ էլ Հայաստանում տեղի ունեցող հասարակական գործընթացներին:

Անժամանակ կորստի այս ծանր պահին իմ վշտակցությունն եմ հայտնում Արմեն Մազմանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և մերձավորներին»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

Նախագահ Սերժ Սարգսյանն  ցավակցական հեռագիր է հղել  նաև արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան մասին: Կյանքից անժամանակ հեռացավ արդի հայ արձակի ամենավառ անհատականություններից մեկը:

Ծանր է կորուստը, մանավանդ նկատի ունենալով այն, ինչ Լևոն Խեչոյանը չհասցրեց գրչին հանձնել: Բայց այն, ինչ նա հասցրեց անել որպես ազատամարտիկ, որպես քաղաքացի և արվեստագետ, արժանի է բարձրագույն գնահատականների:

Իմ ցավակցությունն եմ հայտնում Լևոն Խեչոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, ինչպես նաև նրա ստեղծած գրական երկերի բազմահազար ընթերցողներին»:

 

Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Պանամա

Էդվարդ Նալբանդյան,Հայաստան,ԱԳՆ, ՊանամաՀունվարի 8-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Պանամա:

Էդվարդ Նալբանդյանի և Պանամայի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգայի հանդիպման ընթացքում շարունակվեցին անցյալ տարվա սեպտեմբերին Նյու-Յորքում մեկնարկած քննարկումները երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Այս համատեքստում Նախարար Ֆաբրեգան ողջունելով հայաստանցի գործընկերոջ այցելությունը Պանամա՝ նշեց, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։

Նախարար Նալբանդյանն ասաց, որ թեև Հայաստանին և Պանամային բաժանում են հազարավոր կիլոմետրեր, սակայն երկրները համակարծիք են միջազգային շատ հարցերի շուրջ, ինչը լավ հիմք է հանդիսանում տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացման համար։

Էդվարդ Նալբանդյան,Հայաստան,ԱԳՆ, ՊանամաԵրկուստեք կարևորվեց բարձրաստիճան այցերի կազմակերպումը, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորման, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման,   անհրաժեշտությունը, շեշտվեց, որ մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրումը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնման։

Ֆերնանդո Ֆաբրեգան Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Պանամայի ջրանցքի ընդարձակման նպատակով իրականացվող աշխատանքները։

Նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց Պանամայի ազգային ժողովում, որտեղ կայացավ Պանամայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դալիա Բերնալի հետ հանդիպումը, որին մասնակցում էր նաև փոխարտգործնախարար Մայրա Արոսեմենան։

Պանամայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց իր կողմից ղեկավարվող հանձնաժողովի գործունեությունը, այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Պանամայի խորհրդարանի կողմից իրականացվող աշխատանքները։

Դալիա Բերնալին ողջունեց Էդվարդ Նալբանդյանի առաջարկությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ՝ շեշտելով, որ դա կօժանդակի միջխորհրդարանական կապերի և այդ ճանապարհով նաև միջպետական հարաբերությունների զարգացմանը։

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Անկախ

ԱԳ նախարարը ելույթ ունեցավ Պերուի արտգործնախարարությունում

003. Minister Nalbandian's speech at Peruvian MFA - 08.01.2014Լիմայում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 7-ին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Պերուի ԱԳՆ դիվանագետների առջև:

Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ներկայացրեց հայ-պերուական հարաբերությունների զարգացման նպատակով Լիմայում կայացած արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, երկկողմ համագործակցության հեռանկարները, լատինամերիկյան և այլ տարածաշրջանների հետ Հայաստանի  փոխգործակցությունը, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը՝ ընդգծելով, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ  հունվարի երկրորդ կեսին Փարիզում նախատեսվում է Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:

Ելույթից հետո նախարար Նալբանդյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հացրերի:

Տեղի է ունեցել Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը

Ջիմ Թորոսյան,մահ,կառավարական հանձնաժողով,նիստՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ նախագահի մրցանակակիր, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանակիր, Երևանի և Սպիտակի պատվավոր քաղաքացի, ճարտարագիտության պրոֆեսոր Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:

Ներկայացվել են հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:
Ջիմ Թորոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին՝ ժամը 18:00-20:00-ին` Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հունվարի 9-ին՝ ժամը 12:00-14:00-ին, ՀՀ ճարտարապետների միությունում տեղի կունենա Ջիմ Թորոսյանի վերջին հրաժեշտը, հուղարկավորությունը` Կոմիտասի անվան պանթեոնում։

Անկախ

Հայաստանի ԱԳ նախարարի այցելությունը Պերու

Հայաստան,ԱԳՆ,Էդվարդ Նալբանյան, ՊերուՀունվարի 6-ին մեկնարկեց արգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Պերու։

 

Հայաստան,ԱԳՆ,Էդվարդ Նալբանյան, ՊերուՆույն օրը կայացավ Էդվարդ Նալբանդյանի և Պերուի արտգոծնախարար Էդա Ռիվաս Ֆրանչինիի հանդիպումը, որը սկսվեց առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցութամբ։

 

Պերուի արտգործնախարարը ողջունեց 21 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ԱԳ նախարարի առաջին այցելությունը Լիմա և ընդգծեց, որ այցը հնարավորություն է ընձեռում քննարկելու և բացահայտելու փոխշահավետ համագործակցության բնագավառները:

 

Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար` նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է նոր գործընկերների ձեռքբերումը, տարբեր աշխահրամասերում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը և դա իր այցելության հիմնական նպատակն է։

 

Հանդիպման ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռիվասը մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապակենտրոնացված փոխգործակցության խթանման, կրթության, մշակույթի և տուրիզմի բնագավառներում համագործակցության հաստատման նպատակով իրականացվելիք համատեղ քայլերի շուրջ:

 

Հայաստանի և Պերուի արտգործնախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին Երևանում և Լիմայում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրման, պատվո հյուպատոսների նշանակման, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորման, ԱԳՆ-երի միջև խորհդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, տնտեսական ոլորտի շրջանակային համաձայնագրերի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերի մշակման և առաջիկա բարձր մակարդակի հանդիպման ընթացքումում դրանց ստորագրման վերաբերյալ:

 

Նախարար Ռիվասը իր հայաստանյան գործընկերոջը ներկայացրեց երկրի զարգացման ուղղությամբ Պերուի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը և առաջնահերթությունները, ամերիկյան մայրցամաքում իր երկրի դերակատարությունը, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածությունը, տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

 

Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ:

 

Հանդիպումից հետո Էդա Ռիվասը՝ պաշտոնական ճաշ տվեց Էդվարդ Նալբանդյանի պատվին, որին մասնակցում էին նաև Պերուի արտաքին առևտրի և տուրիզմի նախարար Մագալի Սիլվան, Պերուի խորհրդարանի և ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ։

 

Լիմայում նախարար Նալբանդյանը  հանդիպեց Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտին Բեաունդե Մորեյրային։

 

Զրուցակիցները քննարկվեցին Հայաստանի և Պերուի հարաբերությունների զարգացման, երկու երկրների օրենսդիր մարմինների՝ Ազգային ժողովի և Կոնգրեսի միջև կապերի և համագործակցության հաստատման, բարեկամության խմբերի ստեղծման հնարավորությունները:

 

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային օրակարգի խնդիրների շուրջ։

 

Հայաստանի արտգործնախարարը Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության քայլերը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը։

Անկախ

ԱԳ նախարար Նալբանդյանը կայցելի Լիմա, Պանամա և Կուբա

նալբանդյանՀունվարի 6-11-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություններ կկատարի Պերու, Պանամա և Կուբա։

Նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները վերոհիշյալ երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

 

 

Անկախ

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին

 

Սերժ Սարգսյան,Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոն

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ

սերժ սարգսյան

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի պատվավոր քաղաքացի Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ: Մեծանուն ճարտարապետի ընտանիքին հղված ցավակցական հեռագրում ասված է.

«Ջիմ Թորոսյանի հեղինակած շենքերը, արձաններն ու հուշակոթողները զարդարում են մեր մայրաքաղաքն ու հանրապետությունը և իրավամբ հայ ճարտարապետության մնայուն բարձրարժեք ժառանգություն են:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին

 

 5137Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին: