Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսին

հհ նախագահի կարգադրություն

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ Կիպրոսի Հանրապետության նախկին Նախագահ Գլավքոս Քլերիդեսի մահվան կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել մեծ կիպրացու և հայրենանվեր գործչի ավանդն ու անձնվեր առաքելությունը Կիպրոսի պետականության ամրապնդման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի կայունացման ու բարգավաճման գործում, ինչպես նաև նրա անձնական ներդրումը հայ-կիպրական դարավոր բարեկամության զարգացման ու ընդլայնման գործում, նրա բարեհաճ վերաբերմունքը Կիպրոսի հայ համայնքի նկատմամբ: «Քլերիդեսների ընտանիքի և Կիպրոսի եղբայրական ժողովրդի հետ են մեր աղոթքներն ու խոհերը»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Լիբանանի և Իրանի նախագահներին՝ Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ Նախագահ Սերժ Սարգսյանը Բեյրութում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև, տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Լիբանանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Միշել Սուլեյմանին և Հասան Ռոհանիին:

Սերժ Սարգսյանը խստորեն դատապարտել է այդ ահավոր հանցագործությունը, որը երկու տասնյակից ավելի մարդկանց մահվան, հարյուրից ավելի վիրավորների, այդ թվում՝ Լիբանանում Իրանի մշակութային հարցերով կցորդի մահվան պատճառ է դարձել:

Հանրապետության Նախագահն իր վշտակցությունն է հայտնել բարեկամ Լիբանանի և Իրանի կառավարություններին ու ժողովուրդներին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:

 

Դանիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին

 Էդվարդ Նալբանդյան,Դանիայի դեսպան, Մերետա ՅուլՆոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Մերետա Յուլին (նստավայրը՝ Կիև)՝  հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ և ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները Դանիայի հետ, ինչի մասին վկայում է 2011թ. Կոպենհագենում ՀՀ դեսպանության բացումը, որից հետո փոխգործակցությունն ակտիվացել է:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Յուլը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կգործադրի հայ-դանիական համագործակցությունը խորացնելու և ամրապնդելու համար:

Զրուցակիցները քննարկեցին քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, կրթամշակութային ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավոր ուղիները, շեշտեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության շուրջ:

Էլ-Քուվեյթի պատվիրակությանը ներկայացվել են Երևանի ներդրումային և քաղաքաշինական ծրագրերը

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պաշտոնական այցով Երևանում գտնվող  Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահը մասնակցել են «Երևան քաղաքի ներդրումային հնարավորությունները» թեմայով հանդիպում-քննարկմանը, որի շրջանակում ներկայացվել են մայրաքաղաքի զարգացման ներդրումային և քաղաքաշինական խոշորամասշտաբ ծրագրերը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը, ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման և, մասնավորապես, ներդրումային  հետաքրքրություն ներկայացնող առաջարկները, նշել է, որ քաղաքապետարանն այսօր ակտիվորեն համագործակցում է ավելի քան 50 քաղաքների և 7 միջազգային կազմակերպությունների հետ և պատրաստակամ է իր լիազորությունների չափով աջակցելու դրանց իրականացմանը:  Նշվել է նաև, որ քաղաքապետարանն այսօր ակտիվ համագործակցություն է ծավալում հայաստանյան մասնավոր ընկերությունների հետ՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման  ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կազմակերպվել է նաև Երևանի քաղաքաշինական ներդրումային ընդգրկուն ծրագրերի շնորհանդես: Առաջարկվող նախագծերը ներկայացվել են նաև 3D պատկերներով: «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենը նշել է, որ գործնական հետաքրքրության դեպքում քաղաքապետարանը կտրամադրի համապատասխան աջակցություն և ծրագրերի առավել մանրամասն նկարագրություն:
Ծանոթանալով ծրագրերին՝ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահը շնորհակալություն է հայտնել ներկայացման համար և նկատել, որ Երևանի կողմից առաջարկվող ներդրումային փաթեթները կարող են հետաքրքրել Քուվեյթի ներդրողներին, և այդ նպատակով դրանք կներկայացվեն առևտրաարդյունաբերական պալատին, ինչն առավել մանրամասն պատրաստ են քննարկելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի Էլ-Քուվեյթ կատարելիք այցի շրջանակում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այսօր քաղաքապետարանի կողմից մշակվում են տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի նոր առաջարկներ, որոնք ևս կարող են գործարար հետաքրքրություն ներկայացնել:
«Մշտապես ուսումնասիրելով միջազգային փորձը և կարևորելով համագործակցության ամրապնդումը՝ վստահ ենք, որ Երևանի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերը հնարավոր կլինի առաջիկա տարիների ընթացքում կյանքի կոչել և այդպիսով խթանել ներդրումների ներգրավումը մայրաքաղաքում»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:
Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կձևավորվի համատեղ աշխատանքային խումբ, որը կշարունակի երկու մայրաքաղաքների միջև բարեկամական և գործընկերային կապերի զարգացմանն ուղղված աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիին

Սերժ Սարգսյան,Իտալիայի դեսպան, Բրունո Սկապինի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սկապինիին՝ պաշտոնավարման տարիներին կատարած նշանակալի աշխատանքի համար՝ ուղղված երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացմանը: Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է հայ-իտալական քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են տնտեսական հարաբերությունները, որոնք արտահայտված են նաև ապրանքաշրջանառության ծավալների ցուցանիշներում: Ռազմական, կրթամշակութային, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում ևս, ըստ Նախագահի, արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն է ձևավորվել երկու երկրների միջև: Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանը և Իտալիան ունեն նաև միջխորհրդարանական սերտ շփումներ, հաջողությամբ է զարգանում ապակենտրոնացված համագործակցությունը: Այս ամենում, Նախագահի համոզմամբ, մեծ է դեսպան Սկապինիի անձնական ներդրումը:

Դեսպան Բրունո Սկապինին իր համար՝ իբրև դիվանագետի, մեծ պատիվ համարելով Հայաստանում պաշտոնավարելը, ընդգծել է, որ անցած տարիներին Հայաստանը հայտնաբերել է նոր լույսի ներքո և տեղում անմիջականորեն զգացել, թե որքան մոտ են միմյանց համանման խառնվածք և հույզեր ունեցող հայերն ու իտալացիները, և որքան ընդհանրություններ ունեն Հայաստանն ու Իտալիան՝ պատմամշակութայինից սկսած մինչև աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ մոտեցումներն ու աշխարհայացքը:

Հրաժեշտից առաջ դեսպան Բրունո Սկապինին ընդգծել է, որ Հայաստանից հեռանում է այդ հիասքանչ երկիրն իր մտքում և սրտում մշտապես պահելու հաստատ վճռով և համարում է, որ չնայած ավարտվել է իր դիվանագիտական առաքելությունը, սակայն այդպիսով ամենևին չի ավարտվել Հայաստանին ու հայ ժողովրդին, հնարավորության սահմաններում, մշտապես օգտակար լինելու իր անձնական առաքելությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ

1+Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրաքաղաք Բրազիլիայում հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ:

 

Ողջունելով ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Բրազիլիա ժամանելու համար` պարոն Ալվեսը բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական կապերի ներկա մակարդակը եւ համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Բրազիլիա նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացմանը տարբեր ոլորտներում: Միջպետական հարաբերությունների խորացման գործում Պատգամավորների պալատի նախագահը մեծ դեր վերապահեց միջխորհրդարանական կապերին: Այս համատեքստում նա կարեւոր համարեց երկկողմ շփումները, բարեկամական խմբերի համագործակցությունը:

 

Իր եւ պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ առկա են ջերմ հարաբերություններ` հիմնված երկու ժողովուրդների ավանդական բարեկամության վրա: Նրա խոսքով` Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ ավելի սերտ հարաբերությունների հաստատումը մեր երկու երկրների միջեւ բազմակողմ համագործակցության լայն հնարավորություն կընձեռի: ԱԺ նախագահը նշեց, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում զգալի դեր է վերապահվում միջխորհրդարանական կապերին եւ համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի առաջին պաշտոնական այցը Բրազիլիա կնպաստի փոխգործակցության խորացմանը: Պարոն Աբրահամյանը անդրադարձավ Ազգային կոնգրեսի ստորին պալատի երկու պատգամավորների կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ միջնորդագրի նախագծին եւ նշեց, որ այն, ցավոք, արտացոլում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին ադրբեջանական խեղաթյուրված պատկերացումները եւ հակասում հակամարտության կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշմանը: Այս առիթով նա շնորհակալություն հայտնեց պարոն Ալվեսին իր նամակին արձագանքելու, ադրբեջանական հերթական սադրանքին տուրք չտալու եւ բանաձեւի նախագիծը օրակարգ չմտցնելու համար:

Էնրիկե Ալվեսը խոր  ափսոսանք հայտնեց, որ նման բանաձեւի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ եւ շեշտեց, որ Բրազիլիայի իշխանությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում որդեգրել են չեզոք դիրքորոշում եւ սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Հովիկ Աբրահամյանը Էնրիկե Ալվեսին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:

Պաշտոնական հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսը ստորագրեցին երկու խորհրդարանների միջեւ համագործակցության արձանագրություն, ըստ որի իրենց խորհրդարանական իրավասությունների շրջանակներում կողմերը կնպաստեն համագործակցության զարգացմանը սոցիալական, քաղաքական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային եւ այլ ոլորտներում: Կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջեւ կնքված պայմանագրերի վավերացման ուղղությամբ, կնպաստեն երկու օրենսդիր մարմինների միջեւ ինտերակտիվ կապերի հաստատմանը` միմյանց օրենսդրական գործունեությանը ծանոթանալու եւ փորձի փոխանակման նպատակով, կխրախուսեն բարեկամական խմբերի մակարդակով հարաբերությունների սերտացումը` միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու նպատակով:

 

ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում եւ Էնրիկե Ալվեսի ուղեկցությամբ շրջայց կատարեց Պատգամավորների պալատում, եղավ նիստերի դահլիճում:

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևին

Տիգրան Սարգսյան,Դմիտրի ՄեդվեդևՀայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները կարևորել են երկու պետությունների միջև տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ բնագավառներում համատեղ նախանշված ծրագրերի հաջող իրականացումը և նոր նախագծերի մշակման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը:
Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, մասնավորապես առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:
ՀՀ և ՌԴ վարչապետերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը:
Այսօր երեկոյան վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան:

Էլ-Քուվեյթի պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Էլ-Քուվեյթ, ՄատենադարանԵրևան ժամանած Քուվեյթի մայրաքաղաք Էլ-Քուվեյթի նահանգապետարանի պատվիրակության անդամները նահանգապետարանի աշխատակազմի ղեկավար Նասեր Տաքի Աբդ Ալհուսեյն Ռաջաբի գլխավորությամբ այցելել են նաև Մատենադարան։

Հյուրերը ծանոթացել են հայկական գրագրության հնագույն նմուշներին, ինչպես նաև Մատենադարանում պահպանվող արաբական ձեռագրերին։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի գործողությունների ղեկավարին

628. Minister Nalbandian received ICRC Head of Operations for Eastern Europe an Central Asia 20.11.2013Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Լորան Կորբազին:

 Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը ընդգծեց Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կարևոր մարդասիրական դերակատարությունը հակամարտություններից տուժած տարածաշրջաններում և նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում կազմակերպության հետ հաստատված արդյունավետ համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ԿԽՄԿ գործունեության գնահատականի համար՝ Լորան Կորբազը ընդգծեց, որ ԿԽՄԿ-ն ստեղծման օրվանից հանդիսանում է անկախ և չեզոք կազմակերպություն, որի նպատակը ճգնաժամային իրավիճակներում հայտնված մարդկանց օժանդակությունն է:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ առնչվող մարդասիրական գործունեության կապակցությամբ:

Զրուցակիցները հանգամանալից քննակեցին Հայաստանի և ԿԽՄԿ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Սամվել Բալասանյանը Գյումրին փակ քաղաք դառնալու մասին

Սամվել ԲալասանյանԳյումրին փակ քաղաք դարձնելու, դեկտեմբերին սպասվելիք Վլադիմիր Պուտինի այցի մասին այսօր լրագրողների հետ կիսվել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Այս օրերին քաղաքն ինտենսիվորեն պատրաստվում է ՌԴ նախագահի այցին. Սկսվել են մի շարք փողոցների նորոգման, դրամատիկական թատրոնի շենքի կոսմետիկ թարմացման աշխատանքները:

“Անցկացվելու է տնտեսական ֆորում, որտեղ ՌԴ-ից գալիս են տարբեր նահանգապետեր և ներկայացուցիչներ, նախարարներ: Հիմնականում սրանով է պայմանավորված: Այսինքն լինելու է բիզնես ֆորում, ինչին որպես քաղաքապետ շատ ուրախ եմ: Գիտեք, որպես քույր քաղաքներ համագործակցում ենք Ռուսաստանի քույր քաղաքների հետ: Հնարավոր է նաև Վլադիմիր Պուտինի այցը, վերջնական ինֆորմացիա չեմ կարող  տալ, ես նույնպես չգիտեմ”, – ասում է Սամվել Բալասանյանը:

Հավելենք, որ հատկապես նորոգվում են “Շիրակ” օդանավակայան տանող ճանապարհները:

Իսկ ինչ միջոցներ են ծախսվում այս նախապատրաստական աշխատանքների համար, չէ որ դրանք քիչ գումարներ չեն. “Եթե մեր ընտանիքում հյուր է գալիս` պետք է պատշաճ դիմավորենք, մեր քաղաքն ավելի պատշաճ կերպով ներկայացնենք: Բայց ամբողջը քաղաքի միջոցներով չէ. օրինակ, դրամատիկական թատրոնը մշակույթի նախարարությանն է` իրենք են անում, իրենց միջոցներով, քաղաքի այն հատվածները, որոնք մերն են` մենք ենք անում, կան ասֆտապատան որոշ աշխատանքներ որոնք անում է տրանսպորտի նախարարությունը”, – մեկնաբանում է քաղաքապետը:

Իսկ հարցին, թե որքանով են հավաստի այն լուրերը, որ ՌԴ նախագահի այցը նաև միտում ունի Գյումրին փակ քաղաք դարձնել, Սամվել Բալասանյանը մի փոքր վրդովվեց. “Դա աբսուրդի հասնող ինֆորմացիա է ինձ համար: Օդի մեջ ինչ-որ խոսակցություններ: Ես հիմա զարմանում եմ, թե ով կարող էր նման ինֆորմացիա տարածել”:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Սեյրան ՕհանյանԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 20-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարն երկկողմ հանդիպումներ կունենա ԱՊՀ մասնակից պետությունների իր գործընկերների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հիմնահարցեր, ինչպես նաև կամփոփվեն պաշտպանական գերատեսչությունների գործունեության ընթացիկ տարվա արդյունքներն ու կստորագրվեն 2014թ. երկկողմ համագործակցության պլանները:

 

Հայ-հունական պաշտպանական համագործակցությունն ընդլայնվում է

պնՍ.թ. նոյեմբերի 20-ին ավարտվեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակության երկօրյա պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն:

Այցի ընթացքում կայացել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունեցող հայ-հունական պաշտպանական համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել են համագործակցության հետագա զարգացումը ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության, հատուկ նշանակության զորքերի պատրաստության և խաղաղապահության ոլորտներում: Բանակցությունների ընթացքում հունական կողմը պատրաստակամություն է հայտնել լիակատար աջակցություն տրամադրել ՀՀ զինված ուժերի խաղաղապահ կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համագործակցության իրավական հիմքը կազմող պայմանագրերի վերանայման և պաշտպանության բնագավառում համագործակցության համադրման համատեղ բարձր մակարդակի հանձնախումբ ստեղծելու վերաբերյալ, որը կուսումնասիրի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներում համագործակցություն իրականացնելու հնարավորությունները:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը նաև այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով և ծաղկեպսակ տեղադրելով հուշարձանին:

Պաշտոնական այցով Երևան է ժամանել Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահը

Պաշտոնական այցով Երևան,Էլ-Քուվեյթ,Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահը   Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հյուրերին դիմավորելու պաշտոնական արարողությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ միասին այցելել և ծաղիկներ է դրել Իսակովի պողոտայի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանին:

Հյուրին ներկայացնելով հուշակոթողը՝ քաղաքապետը նշել է, որ այն հայ ժողովրդի և աշխարհասփյուռ հայ համայնքների երախտագիտության յուրօրինակ խորհրդանիշ է Սիրիայի և Մերձավոր Արևելքի արաբ ժողովրդին՝ Հայոց Մեծ եղեռնից փրկվածներին օգնություն ցուցաբերելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումները Սան Պաուլոյում

photo (2)ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը   նոյեմբերի 18-ին  Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսի  հրավերով պաշտոնական  այցով ժամանեց Բրազիլիա: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության  կազմում են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը:

Սան Պաուլոյում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց Բրազիլիայում ՀՀ հյուպատոսություն, որտեղ հանդիպեց հյուպատոսության աշխատակազմի հետ: Հովիկ Աբրահամյանը հայ-բրազիլական կապերի ամրապնդման գործում մեծ ավանդ ունենալու համար պատվավոր հյուպատոս Հիլդա Տիրուհի Բուրմայանին պարգեւատրեց ԱԺ Պատվո մեդալով: ԱԺ նախագահը բարձր գնահատեց տիկին Բուրմայանի գործունեությունը եւ այն բարեգործությունը, որը  նրա ընտանիքը իրականացնում է Հայաստանում եւ Արցախում:

Սան Պաուլոյի Հայկական ակումբում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց  Սան Պաուլոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացավ համալիրին: Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական առաջնահերթությունները, կարեւորեց Հայաստանի և սփյուռքի համագործակցությունը: ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:

ՀՀ ԱԺ նախագահի հաջորդ հանդիպումը Հայկական բարեգործական ընդհանուր միությունում էր, որտեղ  մի շարք հարցեր քննարկվեցին Բրազիլիայում գործող  հայկական կառույցների  անդամների հետ։

Սան Պաուլոյում ԱԺ նախագահը եւ  պատվիրակության անդամները այցելեցին Սուրբ Գրիգոր Հայ Առաքելական եկեղեցի, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:  Հովիկ Աբրահամյանը հանդիպեց վարչական խորհրդի անդամների հետ, ինչպես նաեւ Սան Պաուլոյում գործող Դուրյան վարժարանի սաների եւ ուսուցիչների հետ:

Սան Պաուլոյում Հովիկ Աբրահամյանը հանդիպեց  քաղաքապետ Ֆերնանդո Հադդադի հետ:

Ողջունելով Հովիկ Աբրահամյանին` Ֆերնանդո Հադդադը կարեւորեց ՀՀ ԱԺ նախագահի այցը Բրազիլիա եւ համոզմունք հայտնեց, որ այն կխթանի հայ-բրազիլական հարաբերությունները տարբեր ոլորտներում: Նա  բարձր գնահատեց հայ համայնքի գործունեությունը  եւ ներդրումը Սան Պաուլոյի զարգացման գործում: Քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց  ամբողջությամբ հոգալու  բրազիլահայ այն ուսանողներիի ուսման ծախսերը, ովքեր ցանկություն կհայտնեն կրթություն ստանալ Հայաստանի բուհերում: Ներկայացնելով  քաղաքը եւ Սան Պաուլոյի կառավարման համակարգը`  Ֆերնանդո Հադդադը նշեց, որ Սան Պաուլոն Բրազիլիայի ամենախոշոր քաղաքն է.  տարածքը կազմում է 1523 քառ. կմ, բնակչության թիվը արվարձաններով  մոտ 21 միլիոն է,ՀՆԱ-ն  կազմում է  Բրազիլիայի ՀՆԱ-ի 12 տոկոսը: Քաղաքապետը ընտրվում է ուղիղ ընտրություններով`  չորս տարի ժամկետով:

 

Աժ նախագահը նշեց, որ Բրազիլիայի և Հայաստանի միջև հարաբերություններն ամուր հիմքերի վրա են եւ  կարեւորեց Բրազիլիայի նման տնտեսապես հզոր և միջազգային ասպարեզում ծանր կշիռ ունեցող երկրի հետ բազմակողմ համագործակցության զարգացումը: Նա շնորհակալություն հայտնեց քաղաքապետին հայ համայնքի նկատմամբ  ջերմ վերաբերմունքի համար եւ նշեց, որ Սան Պաուլոն հանդիսանում է ամենահայաշատ քաղաքը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Հովիկ Աբրահամյանը  կարեւորեց ապակենտրոնացված համագործակցությունը և միջռեգիոնալ  հարաբերությունների հաստատումը, ինչը մեծ դերակատարություն կարող է ունենալ երկու երկրների միջև ակտիվ գործնական կապեր ձևավորելու և դրանք ավելի ընդլայնելու հարցում: Այս համատեքստում նա գոհունակությամբ փաստեց Երևանը և Սան Պաուլոն քույր քաղաքներ հռչակելու փաստը, ինչը հիմք դրեց  երկու քաղաքներում կրթական և մշակութային կյանքի աշխուժացմանը, ինչպես նաեւ հայ և բրազիլացի ժողովուրդների միջև հարաբերությունների ջերմացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը արձանագրեցին, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում զգալի դեր է վերապահված միջխորհրդարանական կապերին եւ համոզմունք հայտնեցին, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության պաշտոնական այցը կնպաստի  երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը և  բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

Վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

10863_am_1Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:
Կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումից հետո մեկնարկել է ընդլայնված կազմով նիստը, որի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, արծարծվել են ԱՊՀ երկրների միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագրի իրագործման ընթացքին, էներգառեսուրսների օգտագործման և արտադրության, նաև այլ հարցեր: Նիստում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր ԱՊՀ անդամ-պետությունների տնտեսվարող սուբյեկտների կոնսոլիդացված ֆինանսական հաշվետվողականության, տեղեկատվական անվտանգության ապահովման, մաքսային, վիճակագրության և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև մի շարք համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին որոշումներ: Օրակարգի շրջանակում քննարկվել և հաստատվել են 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը, մինչև 2020 թվականը զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության զարգացման ռազմավարությունը, էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը, միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության իրականացման 2014-2015 թթ. միջոցառումների ծրագիրը, պետական ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի զարգացման հայեցակարգը:
Նիստում որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2014 թ. մայիսին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:

Նախագահն ընդունել է խորհրդարանական հարցերով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալին

4732Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է խորհրդարանական հարցերով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տակաո Մակինոյին:

Հանրապետության Նախագահը բարձրաստիճան հյուրին խնդրել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին փոխանցել իր ուղերձ-նամակը, որում Նախագահը վերահաստատել է հայ-ճապոնական հարաբերություններն այսուհետ ևս համակողմանիորեն զարգացնելու և որակական նոր մակարդակ տեղափոխելու Հայաստանի պատրաստակամությունը: Ուղերձում Սերժ Սարգսյանն անդրադարձել է անցած երկու տասնամյակում փոխվստահելի գործընկերության ու բարեկամության ամուր հիմքի վրա կառուցված և այսօր դինամիկ զարգացող երկկողմ հարաբերություններին ու փոխշահավետ համագործակցության հեռանկարին: Հանրապետության Նախագահը նաև վերահաստատել է Ճապոնիայի վարչապետին ուղղված Հայաստան այցի իր հրավերը:

Փոխնախարար Տակաո Մակինոն վստահեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ ուղերձի հետ Ճապոնիայի կառավարության ղեկավարին կփոխանցի նաև իր հայաստանյան այցի տպավորություններն ու դրանց արդյունքում ձևավորված՝ երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված մոտեցումները:

Միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունները: Այդ տեսանկյունից ընդգծվել են անցած տարի Հայաստանի Նախագահի Ճապոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Կողմերը երկուստեք գոհունակությամբ են խոսել միջազգային ասպարեզում Հայաստանի և Ճապոնիայի համագործակցության ու կարևոր հարցերում փոխադարձ աջակցության մասին:

Անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հայ-ճապոնական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին: Փոխնախարար Մակինոն երախտագիտություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր անվանի հայրենակցին՝ Ցուգիո Մակիմոտոյին, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացնելու համար:

Արտգործնախարարն ընդունեց Ճապոնիայի փոխարտգործնախարարին

627. Minister Nalbandian received Vice-Minister of Foreign Affairs of Japan 20.11.2013    Նոյեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Տակաո Մակինոյին։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը Ճապոնիայի հետ համագործակցությունը ընդլայնելու, խորացնելու, և նոր մակարդակի բարձրացնելու համար։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ անցյալ տարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ճապոնիա կատարած պաշտոնական այցելությունը, կայացած հանդիպումները և ձեռք բերված պայմանավորվածությունները նոր թափ հաղորդեցին հայ-ճապոնական հարաբերություններին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Տակաո Մակինոն հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով հաստատված բարեկամական փոխգործակցությունը հետագայում առավել կզարգանա։ Նա երախտագիտությամբ հիշատակեց Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո անցյալ տարի Հայաստանի նախագահի այցելության շրջանակներում Սերժ Սարգսյանի աղետի գոտի այցելությունը, տուժածներին Հայաստանի ցուցաբերած աջակցությունը, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից երկրաշարժի զոհերի հիշատակին մատուցված պատարագը՝ բնորոշելով դրանք որպես իրական բարեկամության դրսևորումներ։

Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Տոկիոյում Հայաստանի դեսպանատան բացումից հետո երկկողմ փոխգործակցությունը մի շարք բնագավառներում ընդլայնվել է, երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունները պարբերական բնույթ են կրում, և ստեղծվել է համապատասխան հենք համագործակցության խորացման համար։ Հայաստանի արտգործնախարարը կարևորեց Երևանում դեսպանատուն բացելու Ճապոնիայի ԱԳՆ նախաձեռնությունը։

Զրույցի ընթացքում քննարկվեց միջազգային կազմակերպություններում երկկողմ , միջխորհրդարանական, առևտրատնեսական, մշակութային, կրթական բնագավառներում համագործակցությունը:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղության Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։ Այս համատեքստում Ճապոնիայի փոխարտգործնախարարն իր երկրի աջակցությունը հայտնեց հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերին։

Տիգրան Սարգսյանը և Միխայիլ Մյասնիկովիչը քննարկել են հայ-բելառուսական տնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր

Տիգրան Սարգսյան,Միխայիլ Մյասնիկովիչ, հայ-բելառուսականՍանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչին:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքից և կարևորել դրանց շարունակական խորացումը:
ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելառուսի վարչապետի հետ նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն են դառնում: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ բելառուսական գյուղտեխնիկայի տրամադրումը մեծ ոգևորություն է առաջացրել հայաստանյան ֆերմերների մոտ, ովքեր հնարավորություն են ստացել ձեռք բերել մատչելի և որակյալ գյուղտեխնիկա:
Իր հերթին Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ գոհ է պայմանավորվածությունների արդյունքներից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ:
Անդրադառնալով Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական կապերին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանից արտահանումը Բելառուս 2013 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 15 տոկոսով: Երկու երկրների վարչապետերը կարևորել են առևտրաշրջանառության ծավալների հետագա ավելացումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Միխայիլ Մյասնիկովիչը, ողջունելով Հայաստանի նախաձեռնությունը՝ անդամակցել ՄՄ-ին, հավաստիացրել է, որ բելառուսական կողմն աջակցում այդ գործընթացի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:
Այսօր Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:

Արման Թաթոյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Արման ԹաթոյանՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 19-ի որոշմամբ Արման Թաթոյանը  նշանակվել է  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
Արման Թաթոյանը ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդականն է, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ:
Նա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2011թ. դեկտեմբերի 7-ի նիստում ընտրվել է «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման» եվրոպական կոմիտեում (ԽԿԿ) Հայաստանի ներկայացուցիչ՝ 4 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանն ազատվել է պաշտոնից՝  Արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրվելու կապակցությամբ:

 

Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ղազախստանի վարչապետերի հանդիպումը

Տիգրան Սարգսյան, Սանկտ Պետերբուրգ, Սերիկ ԱխմետովՄեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովին:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման համատեքստում ընդգծվել է Երևան-Աստանա օդային ուղիղ չվերթների կազմակերպման անհրաժեշտությունը: Ղազախստանի վարչապետը նշել է, որ դա հնարավորություն կտա աշխուժացնել գործարար կապերը երկու երկրների միջև: Իր հերթին ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը և ազատականացրել Հայաստանի օդային սահմանները: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից «բաց երկնքի քաղաքականության» որդեգրումը հնարավորություն կտա խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը:
Երկուստեք կարևորվել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Անդրադարձ է արվել նաև սերմնաբուծության ոլորտում համագործակցության հնարավորություններին: Այս առումով վարչապետ Սարգսյանը կարևորել է ոլորտում Ղազախստանի փորձի ուսումնասիրությունը և կիրառումը:
Ղազախստանի վարչապետը Հայաստանի վարչապետին հրավիրել է Ղազախստան:
ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, պաշտոնատար այլ անձինք։