Սամվել Բալասանյանը Գյումրին փակ քաղաք դառնալու մասին

Սամվել ԲալասանյանԳյումրին փակ քաղաք դարձնելու, դեկտեմբերին սպասվելիք Վլադիմիր Պուտինի այցի մասին այսօր լրագրողների հետ կիսվել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Այս օրերին քաղաքն ինտենսիվորեն պատրաստվում է ՌԴ նախագահի այցին. Սկսվել են մի շարք փողոցների նորոգման, դրամատիկական թատրոնի շենքի կոսմետիկ թարմացման աշխատանքները:

“Անցկացվելու է տնտեսական ֆորում, որտեղ ՌԴ-ից գալիս են տարբեր նահանգապետեր և ներկայացուցիչներ, նախարարներ: Հիմնականում սրանով է պայմանավորված: Այսինքն լինելու է բիզնես ֆորում, ինչին որպես քաղաքապետ շատ ուրախ եմ: Գիտեք, որպես քույր քաղաքներ համագործակցում ենք Ռուսաստանի քույր քաղաքների հետ: Հնարավոր է նաև Վլադիմիր Պուտինի այցը, վերջնական ինֆորմացիա չեմ կարող  տալ, ես նույնպես չգիտեմ”, – ասում է Սամվել Բալասանյանը:

Հավելենք, որ հատկապես նորոգվում են “Շիրակ” օդանավակայան տանող ճանապարհները:

Իսկ ինչ միջոցներ են ծախսվում այս նախապատրաստական աշխատանքների համար, չէ որ դրանք քիչ գումարներ չեն. “Եթե մեր ընտանիքում հյուր է գալիս` պետք է պատշաճ դիմավորենք, մեր քաղաքն ավելի պատշաճ կերպով ներկայացնենք: Բայց ամբողջը քաղաքի միջոցներով չէ. օրինակ, դրամատիկական թատրոնը մշակույթի նախարարությանն է` իրենք են անում, իրենց միջոցներով, քաղաքի այն հատվածները, որոնք մերն են` մենք ենք անում, կան ասֆտապատան որոշ աշխատանքներ որոնք անում է տրանսպորտի նախարարությունը”, – մեկնաբանում է քաղաքապետը:

Իսկ հարցին, թե որքանով են հավաստի այն լուրերը, որ ՌԴ նախագահի այցը նաև միտում ունի Գյումրին փակ քաղաք դարձնել, Սամվել Բալասանյանը մի փոքր վրդովվեց. “Դա աբսուրդի հասնող ինֆորմացիա է ինձ համար: Օդի մեջ ինչ-որ խոսակցություններ: Ես հիմա զարմանում եմ, թե ով կարող էր նման ինֆորմացիա տարածել”:

Tags: , ,