Արման Թաթոյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Արման ԹաթոյանՎարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Թաթոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:

Արման Թաթոյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ և ծննդավայր
1981 թվականի դեկտեմբերի 18, ք. Երևան

Կրթություն
1998 – 2002 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Իրավագիտության բակալավր
2002 – 2004 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Իրավագիտության մագիստրոս
2004 – 2007 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ
2012 թ.- ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթն (Wharton) բիզնես դպրոց՝ «Բիզնես և իրավունք» գործնական կրթության ծրագիր
2012 – 2013 թթ.- ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոց (Penn Law)՝ Իրավունքի մագիստրոս
Գիտական աստիճանը` Իրավաբանական գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեություն
2003 – 2004 թթ.- Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն (ՇՄԻՊԿ, EPAC), Իրավական հարցերով փորձագետ
2004 – 2007 թթ.- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, Քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման բաժին՝ Իրավական հարցերով ավագ մասնագետ
2007 թ. – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատ՝ նախագահի խորհրդական
2008 թ. – ՀՀ դատախազության դպրոց՝ դասախոս
2007 – 2009 թթ.- Միավորված ազգերի զարգացման ծրագիր (ՄԱԶԾ, UNDP), Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազգման ծրագիր, 5-րդ փուլ՝ իրավական բաղադրիչի համակարգող
2009 թ.- ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության դատախազ
2010 թ.- ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի ծրագրի իրավական հարցերով խորհրդատու
2010 թ – Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԶԾ համատեղ ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար
2009-2011 թթ.- ԵՄ մարդու իրավունքների պաշպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ ծրագրի իրավական հարցերով համակարգող
2010 – 2012 թթ.- Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ, UNDP) Հարավային կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի իրավական հարցերով փորձագետ
2010 – 2012 թթ.- ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերանայման միջազգային համակարգի ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ գրասենյակի (UNODC) Հայաստանը ներկայացնող փորձագիտական խմբի անդամ
2010 թ. – մինչ օրս- ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ
2010 – 2013 թթ.- ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական
2005 թ. – մինչ օրս – ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իսկ այնուհետև՝ դոցենտ
2013 թ. – մինչ օրս- Եվրոպայի խորհրդի Միգրացիոն հարցերի համակարգման ստորաբաժանման (ք. Ստրասբուրգ), Ռուսաստանի Դաշնությունում փակ հաստատություններում հասարակական դիտորդական հանձնաժողովների աջակցման և խոշտանգումների կանխարգելման հարցերով մշտական խորհրդական
2011 թ. – մինչ օրս- Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (ԽԿԿ), Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ

Այլ տվյալներ
2013 թթ. – սովորել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցում (Penn Law) և ստացել պատվավոր մագիստրոսի հավաստագիր
2002 թ. – մինչ օրս- ՀՀ իրավաբանների միության անդամ
2004 թ. – արժանացել է ԵՊՀ լավագույն մագիստրոսի կոչման և ՀՀ ԱԺ նախագահի մրցանակի
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն և ֆրանսերեն լեզուների

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Վարչապետը հանդիպել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

 Տիգրան Սարգսյան, Համաշխարհային բանկ,Հենրի ՔերալՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:

«Ուրախ եմ հանդիպման և համագործակցության հեռանկարները քննարկելու հնարավորության համար: Մենք կարևորում ենք մեր հարաբերությունների խորացումը և ընդլայնումը: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ մեր համագործակցությունն արդյունավետ է եղել», – նշել է Տիգրան Սարգսյանը:
Հենրի Քերալին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար՝ նշելով. «Երկրի գործընկերության ընթացիկ ռազմավարությունը բավական լավ ընդունվեց ՀԲ գործադիր խորհրդի կողմից, որը բարձր գնահատեց ՀՀ կառավարության՝ տնտեսության մրցունակության բարձրացման ուղղությամբ վերջին տարիների աշխատանքները: Արդյունքում նախատեսվում է տարեցտարի ավելացնել աջակցության ծավալը, ինչը վկայում է ՀՀ կառավարության հանդեպ Համաշխարհային բանկի ունեցած վստահության մասին: Նման հաջողության համար ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ձեր թիմին և առաջիկա չորս տարում ևս ակնկալում ենք շարունակել մեր հաջող գործընկերությունը»: 
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության հետ Երկրի գործընկերության 2014-2017 թթ. ռազմավարությունը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարություն–Համաշխարհային բանկ առաջիկա չորս տարվա համագործակցության առաջնահերթություններին, պայմանավորվածություն ձեռք բերել առանձին ուղղությունների հստակեցման վերաբերյալ:

Տիգրան Սարգսյանն ընդունել է «Տոտո գրուպ» ընկերության ներկայացուցիչներին

Տիգրան Սարգսյան,«Տոտո գրուպ» Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է իտալական «Տոտո գրուպ» ընկերության ներկայացուցիչներին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Կողմերն անդրադարձել են փոխգործակցության հնարավորություններին, մասնավորապես, ավիացիոն և արդյունաբերության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:

«Տոտո գրուպ»-ի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք մեծապես հետաքրքրված են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ են երկկողմ համագործակցության:
Տիգրան Սարգսյանը ողջունել է իտալական ընկերության նախաձեռնությունը և հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին՝ աշխատել իտալացի գործընկերների հետ և քննարկել համագործակցության հնարավորությունները:

Վիեննայում սկսվել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը

4725

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սկսվել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստան

Սեյրան ՕհանյանՆոյեմբերի 19-ին Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հունաստան է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ:

Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-հունական պաշտպանական համագործակցությանը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Թուրքիան հետաքրքրությամբ սպասում է Սարգսյան-Ալիև հանդիպմանը

Սարգսյան-Ալիև հանդիպումԻնչպես նախապես հայտնի էր դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջորջ Ուորլիքի՝ «Twitter»-յան էջում կատարած գրառումից՝ այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վիենայում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս լուրից հետո թուրքական մամուլը ակտիվորեն քննարկում է սպասվող հանդիպումը՝ ակնկալելով որևէ շրջադարձ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Մասնավորապես «TRT Haber»-ը գրում է. «Անկասկած, հանդիպման գլխավոր թեման լինելու է ղարաբաղյան հարցը: 20 տարի շարունակ լուծում չգտած հարցը մեկ անգամ ևս կքննարկվի: Հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այսպիսով վերջին 5 տարում Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն արդեն 11-րդ անգամ: Երկու առաջնորդները վերջին անգամ հանդիպել են անցած տարի Սոչիում՝ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ»:

 

Վարչապետը կմասնակցի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Տիգրան Սարգսյան,ՀՀ կառավարության նիստՆոյեմբերի 19-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, պաշտոնատար այլ անձինք։

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիի հետ

Տարոն Մարգարյան,Քուվեյթ, Բասսամ Մուհամմադ Ալ-ՔաբանդիԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիի հետ:

Ողջունելով հյուրին և ընդգծելով հայ-քուվեյթյան համագործակցության զարգացումն ու, մասնավորապես, Երևանի հետ համագործակցության հեռանկարները` քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ համատեքստում կարևորել է առաջիկա օրերին Էլ-Քուվեյթի նահանգապետի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Երևան:

<<Վստահ եմ, որ նահանգապետի այցը երկու կողմերի համար էլ արդյունավետ կլինի։ Երևանն այսօր  փոխշահավետ գործակցության համար լայն հնարավորություններ է ընձեռում իր գործընկեր քաղաքներին: Մենք պատրաստ ենք ներկայացնելու և քննարկելու տարբեր ոլորտներում մի շարք ծրագրեր, այդ թվում նաև ներդրումային ծրագրերի առաջարկներ>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել մշտապես աջակցելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

<<Մեր երկկողմ համագործակցությունը համարում եմ կարևոր և սպասված: Երևանն օրեցօր զարգացող քաղաք է, և մենք, պարոն քաղաքապետ, համոզված ենք, որ փոխայցերը կնպաստեն այդ գործընթացի զարգացմանն ու հետագա ընդլայնմանը>>,-նկատել է դեսպանը:

Տարոն Մարգարյանը, բարձր գնահատելով դեսպանի դերն ու համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը, վստահություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի և Քուվեյթի դեսպանության միջև համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կզարգանա։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Էլ-Քուվեյթի նահանգապետի այցի հետ կապված հարցեր։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը նշանակվել է նաև Սան Մարինոյի դեսպան

հհ նախագահի հրամանագիրըՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ)նշանակելու մասին :

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ի երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը, ինչպես նաև նոյեմբերի 19-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը վերաբերող հարցեր: Ավստրիայի մայրաքաղաքում առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ բանակցային ճանապարհով խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

Տիգրան Սարգսյան«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Կազանի օդանավակայանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր:
Ձեզ հետ կիսելով անժամանակ հեռացածների վիշտն ու դառնությունը՝ ցանկանում եմ բոլոր զոհվածների մերձավորներին և հարազատներին փոխանցել անկեղծ զորակցության և կարեկցանքի խոսքեր»:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է առաջարկներ ներկայացնել հաշմանդամների ազատ տեղաշարժի ապահովման որոշ ծրագրեր 2014թ. բյուջեում ներառելու համար

001 (8)Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման խնդրին, նախ հանձնարարել է ծանուցումներ ուղարկել մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կառույցներին՝ իրենց տնօրինած շինությունների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժվելու համար հարմարեցնելու պահանջով: Ընդ որում, քաղաքապետը շեշտել է, որ քաղաքաշինական նոր ծրագրերը կհաստատվեն միայն այն դեպքում, երբ դրանցում պահպանված լինեն հաշմանդամների ազատ տեղաշարժի ապահովման սահմանված նորմերը: Բացի այդ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև առաջարկներ ներկայացնել հաշմանդամների ազատ տեղաշարժն ապահովելու որոշ ծրագրեր 2014 թվականի համայնքային բյուջեում ներառելու համար:

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են: Առնվազն վերջին երկու տարվա ընթացքում բյուջեից համապատասխան միջոցներ ենք տրամադրել մասնավորապես թեքահարթակների կառուցման համար, ինչն, ի դեպ, աննախադեպ էր: Այդ նպատակով բյուջեից առանձին տողով երբևէ գումար չէր հատկացվել: Սակայն դա բավարար չենք համարում և, ըստ այդմ, պետք է շարունակենք կիրառել այս մոտեցումն ու փորձենք մի քանի տարվա ընթացքում մայրաքաղաքի փողոցները, մայթերը, հասարակական օբյեկտներն ու այլ վայրերը հարմարեցնել տեղաշարժման խնդիր ունեցող մեր քաղաքացիների համար: Պետք է փորձենք նաև որոշ քանակությամբ ավտոբուսներ արդեն 2014 թվականին հարմարեցնել հաշմանդամների տեղաշարժման ապահովմանը: Բացի այդ, քաղաքաշինական բոլոր նախագծերում, որպես պարտադիր նորմ, մեր կողմից կսահմանվեն հաշմանդամների ազատ տեղաշարժի ապահովման պայմանները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ 2013 թվականի ծրագրով մայրաքաղաքում շարունակվում և ավարտական փուլում են ասֆալտբետոնե ծածկի  հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ և ուսումնասիրել կատարված աշխատանքների որակը:

Զեկուցվել է, որ շարունակվում են Լենինգրադյան-Իսակով և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցները կապող նոր ավտոճանապարհների կառուցման աշխատանքները: Մասնավորապես, վերջինի մասով նշվել է, որ այն ավարտական փուլում է և առաջիկայում կհանձնվի շահագործման:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում է  աշնանային ծառատունկը, որի շրջանակում արդեն իսկ տնվել է 15 հազար ծառ և թուփ: Զեկուցվել է նաև, որ իրականացվում են չորացած և վնասված ծառերի սանիտարական էտման աշխատանքներ:

Մայրաքաղաքում ծառահատման դեպքերի կանխման նպատակով քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողություն իրականացնել և մեղավորներին օրենքով սահմանված կարգով ենթարկել խիստ պատասխանատվության:

«Ծառատունկերի կազմակերպումն, անշուշտ, շատ կարևոր է մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնման  համար, սակայն միաժամանակ պետք է ուժեղացնել հսկողությունը ապօրինի ծառահատումների բացառման ուղղությամբ, իսկ օրինախախտներին ենթարկել խիստ պատասխանատվության: Բացի այդ, կառուցապատման թույլտվություններ տալիս նախապես տեղում ուսումնասիրեք տարածքը և բացառեք կանաչ գոտիներում ու ծառապատ տարածքներում կառուցապատման որևէ թույլտվության տրամադրումը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով առաջնահերթ վերանորոգման և վերակառուցման անհրաժեշտություն ունեցող պատշգամբների խնդրին՝ քաղաքապետը հանձնարարել է շարունակել գույքագրել առավել վթարավտանգ  վիճակում գտնվող պատշգամբներն ու դրանք ընդգրկել հաջորդ տարվա ծրագրերում:

Առաջիկա ձմռան նախապատրաստական աշխատանքներում մասնավոր հատվածի ներգրավման ուղղությամբ հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել: Այդ նպատակով բոլոր տնտեսվարողներին կուղարկվեն ծանուցումներ: Հանձնարարվել է նաև մասնավոր շինարարական ընկերությունների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել ձնամաքրման աշխատանքներում լրացուցիչ մեքենամեխանիզմների և տեխնիկայի ներգրավման մասով:

Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ ավարտվել են բակային տարածքներում 2013 թվականին նախատեսված նկարազարդման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, նկարազարդվել է 234 բակ՝ 11990 քմ մակերեսով՝ նախորդ տարվա 190 բակի համեմատ: 2014 թվականի աշխատանքներում ևս նկարազարդումներն ընդգրկելու նպատակով հանձնարարվել է բազմաբնակարան շենքերի և տնատիրությունների տարածքներում կատարել համապատասխան գույքագրում:

Կրթական հաստատություններում ջեռուցման սեզոնի մեկնարկի հետ կապված հանձնարարվել է համապատասխան ուսումնասիրություններ և ստուգայցեր կատարել՝ բոլոր հաստատություններում անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովումը պահպանելու նպատակով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ավստրիա

 

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի հետ:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել «Թաթարստան» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղևորների մահվան կապակցությամբ և խնդրել վշտակցության ու զորակցության անկեղծ խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին:

Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Էդվարդ Նալբանդյանը,ԵՄ  դեսպաններՆոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ տեղի կունենա նրա հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Երևանի և Փարիզի քաղաքապետները քննարկել են երկու մայրաքաղաքների համագործակցությանն առնչվող հարցեր

Երևան, Փարիզ, քաղաքապետեր  Ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (AIMF) 33-րդ գլխավոր համաժողովին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Փարիզի քաղաքապետ, ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեն քննարկել են ինչպես Ասոցիացիայի, այնպես էլ Ֆրանսիայի մայրաքաղաքի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորելով  Ասոցիացիայի և Երևանի միջև առկա գործակցությունը՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի դպրոցներին  ու Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանին  ցուցաբերած գործուն աջակցության համար և հույս հայտնել, որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակական։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նաև Երևանի և Փարիզի միջև առկա հարաբերություններն ու պատրաստակամություն հայտնել առավել խորացնելու և ընդլայնելու երկկողմ հարաբերությունների շրջանակը: Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն նախ, որպես Ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ, ողջունել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությունը համաժողովի աշխատանքներին և իր հերթին կարևորել Փարիզի և Երևանի միջև համագործակցության ընդլայնումը: Նա նաև վստահեցրել է, որ որպես Փարիզի քաղաքապետ կանի հնարավորը առկա հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպումներ է ունեցել նաև համաժողովի այլ մասնակիցների հետ:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախագահն ընդունել է Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանին

Սերժ Սարգսյան,ՈւրուգվայԼիլիամ Քեշիշյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանին:

Նախագահը ողջունել է բարեկամ Ուրուգվայի կառավարության անդամ մեր հայրենակցին Հայաստանում, նշելով, որ մեծ հպարտություն է արտերկրի մեր հայրենակիցներին տեսնել նման բարձր պաշտոններում: Նախագահի համոզմամբ, դա լավագույնս վկայում է այն մասին, որ հայերը, պահպանելով ազգային ինքնությունը, միաժամանակ ակտիվորեն ինտեգրվում են տվյալ երկրի հասարակությանը և իրենց նշանակալի ներդրումն ունենում երկրի զարգացման գործում: Նախարար Քեշիշյանին հայաստանյան այցի ընթացքում ուղեկցում է Ուրուգվայի մեկ այլ հայազգի պաշտոնյա՝ Մոնտեվիդեոյի տարածաշրջանային տնտեսական զարգացման և ինտեգրման գործակալության զբոսաշրջության գծով տնօրեն Րաֆֆի Ունանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարեկամ երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու փոխշահավետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության և սպորտի, հայ-ուրուգվայական համագործակցության զարգացման հնարավորությունները: Նախագահը հույս է հայտնել, որ այդ ոլորտում Լիլիամ Քեշիշյանի ունեցած երկարամյա փորձն ու այցի ընթացքում Հայաստանի զբոսաշրջության ներուժի մասին նրա ստացած տեղեկությունները կնպաստեն երկու երկրների միջև այդ ոլորտում ակտիվ փոխգործակցության զարգացմանը:

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չի հանդիսացել Հայաստանի անկախացումից հետո հայ-ուրուգվայական հարաբերությունների կայուն բարեկամական ոգով զարգացման համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է համագործակցության խթանմանն ուղղված իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Վարչապետն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն, Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին: Տիգրան Սարգսյանը շնորհավորելով Ցուգիո Մակիմոտոյին ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ՝ նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ նման հեղինակավոր անձնավորությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում: Համոզված եմ, որ Ձեր այցը Հայաստան մեծ ուշադրության է արժանացել մեր հասարակության, մասնավորապես երիտասարդների շրջանում, ինչը կնպաստի ՏՏ բնագավառի և հետազոտությունների իրականացման նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը»:

Ցուգիո Մակիմոտոն ողջունել է ՀՀ կառավարության կողմից ՏՏ ոլորտի նկատմամբ մեծ ուշադրություն ցուցաբարելու հանգամանքը և նշել, որ այդ բնագավառն այսօր համաշխարհային տնտեսության առաջնային ուղղություններից մեկն է: Ցուգիո Մակիմոտոն համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման մեծ հեռանկարներ կան և կարևորել է նաև ճապոնական ընկերությունների հետ համագործակցության ծրագրերի իրականացումը:
Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի սերտացման հեռանկարները և մտքեր փոխանակել ՀՀ-ում ՏՏ բնագավառի հետագա զարգացման վերաբերյալ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը զեկույցներով հանդես եկան ԵԱՀԿ Մշտական Խորհրդում

ԵԱՀԿ         Նոյեմբերի 14-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդում ելույթներով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիկը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը:

            Մինսկի խմբի համանախագահները ներկայացրեցին 2013թ. ընթացքում կատարված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Վերահաստատվեց համանախագահ պետությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Կարևորվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերին կայանալիք հանդիպման անցկացումը, ինչը կարող է նոր լիցք հաղորդել բանակցային գործընթացին:

Դեսպան Անջեյ Կասպրչիկը ներկայացրեց իր գրասենյակի կատարած աշխատանքը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի դիտարկումների անցկացման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա:

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանն իր ելույթում բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հայկական կողմը կարևորեց 2012թ. հունվարի 23-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված համատեղ հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և ընդգծեց, որ Հիմնարար սկզբունքները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն:

Դեսպան Կիրակոսյանը շեշտեց Սոչիի հռչակագրով նախատեսվող հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և պայմաններ կստեղծի բանակցային գործընթացում առաջընթացի համար:

Վերահաստատվեց Հայաստանի դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով` ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ արտացոլված միջազգային իրավունքի սկզբունքների և համանախագահ պետությունների լԱքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի ու ԵԱՀԿ Հելսինկիի, Աթենքի, Ալմաթայի, Վիլնյուսի և Դուբլինի նախարարական խորհրդաժողովների շրջանակներում ընդունված հայտարարությունների հիման վրա:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի համաժողովի աշխատանքներին

Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիա,Տարոն ՄարգարյանՓարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (AIMF) նախագահ Բերտրան Դելանոեի հրավերով Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարագարյանը մասնակցել է ասոցիացիայի 33–րդ գլխավոր համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցել են աշխարհի հիսուն երկրներից ժամանած ավելի քան հինգ հարյուր պատվիրակներ, ասոցիացիային անդամակցող քաղաքների քաղաքապետեր, տարածաշրջանային ղեկավարներ և պաշտոնատար այլ անձիք: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Ֆրանսիայի հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Բացման հանդիսավոր արարողությանը ելույթ են ունեցել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին և Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն: «Ֆրանկոֆոն տեղական դերակատարները. նրանց գործողությունը՝ հօգուտ  հասարակական և համերաշխ տնտեսության» խորագրով համաժողովի քննարկումներն ընթանում են երեք՝ «Խթանել Սոցիալական և համերաշխ տնտեսությունը։ Տեղական իշխանությունների դերը», «Աջակցություն բիզնեսի ստեղծման համար՝ ծառայություններ, ուսուցում, ֆինանսներ» և «Խթանել տարածքների համակարգումը և կայուն համագործակցության շրջանակները» աշխատանքային խմբերում։
Համաժողովի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ասոցիացիայի անդամ մի շարք քաղաքների քաղաքապետերի և այլ պաշտոնյաների հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն