Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիի հետ

Տարոն Մարգարյան,Քուվեյթ, Բասսամ Մուհամմադ Ալ-ՔաբանդիԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիի հետ:

Ողջունելով հյուրին և ընդգծելով հայ-քուվեյթյան համագործակցության զարգացումն ու, մասնավորապես, Երևանի հետ համագործակցության հեռանկարները` քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ համատեքստում կարևորել է առաջիկա օրերին Էլ-Քուվեյթի նահանգապետի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Երևան:

<<Վստահ եմ, որ նահանգապետի այցը երկու կողմերի համար էլ արդյունավետ կլինի։ Երևանն այսօր  փոխշահավետ գործակցության համար լայն հնարավորություններ է ընձեռում իր գործընկեր քաղաքներին: Մենք պատրաստ ենք ներկայացնելու և քննարկելու տարբեր ոլորտներում մի շարք ծրագրեր, այդ թվում նաև ներդրումային ծրագրերի առաջարկներ>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել մշտապես աջակցելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

<<Մեր երկկողմ համագործակցությունը համարում եմ կարևոր և սպասված: Երևանն օրեցօր զարգացող քաղաք է, և մենք, պարոն քաղաքապետ, համոզված ենք, որ փոխայցերը կնպաստեն այդ գործընթացի զարգացմանն ու հետագա ընդլայնմանը>>,-նկատել է դեսպանը:

Տարոն Մարգարյանը, բարձր գնահատելով դեսպանի դերն ու համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը, վստահություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի և Քուվեյթի դեսպանության միջև համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կզարգանա։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Էլ-Քուվեյթի նահանգապետի այցի հետ կապված հարցեր։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Tags: , ,