Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Արմենիա էքսպո 2013» ցուցահանդես

3788_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևան-էքսպո ցուցասրահում բացված «Արմենիա էքսպո 2013» ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդես:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի շուրջ:

Վարչապետն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին

download (1)Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական օժանադակությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերը և նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Եվրոպական միության հետ փոխգործակցության զարգացմամբ, տարբեր բնագավառներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման շարունակականությամբ և խորացմամբ:
Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը և Շտեֆան Ֆյուլեն քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել համագործակցության հեռանկարներին և ուղղություններին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների շուրջ: Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ ԵՄ-ը հարգում է իր գործընկերների ազատ ընտրությունը և պատրաստ է դիտարկել երկկողմ համագործակցության շուրջ մոտեցումներն ու մտքերը, որոնք ուղղված կլինեն հետագա կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Նախագահը ազգային-հասարակական գործիչ, բարերար Հովհաննես Չիլինկիրյանին պարգևատրել է Պատվո շքանշանով

3781_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ֆրանսահայ ազգային-հասարակական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանին, ում մեծ նվիրումի և տարիների ջանքերի շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրերս բացվել է հայ անվանի մտավորական, Մեծ եղեռնի նահատակ Ռուբեն Սևակի անվան թանգարանը:

Հանրապետության Նախագահը Հովհաննես Չիլինկիրյանին շնորհակալություն է հայտնել հայրենիքում նման կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, բարձր գնահատել նրա հայապահպանությանն ուղղված ջանքերը և պարգևատրել Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներից մեկով՝ Պատվո շքանշանով:

Ընդգծելով, որ Մայր Աթոռում մշակութային այդ հրաշալի կենտրոնի բացումը Հովհաննես Չիլինկիրյանի տարիներով փայփայած երազանքն էր՝ Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ բարերարի կողմից թանգարանին նվիրաբերված բացառիկ և արժեքավոր հավաքածուն, որը լավագույնս է բնութագրում իր ժողովրդի ծանր ճակատագիրը կիսած և իր հայրերի սրբազան հավատքի համար նահատակված մեծ մտավորականին՝ Ռուբեն Սևակին, անչափ օգտակար և հետաքրքիր կլինի թանգարանի բոլոր այցելուների համար:

Ազգային-հասարակական գործիչ, բարերար Հովհաննես Չիլինկիրյանը երախտագիտություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ նման բարձր պարգևի իրեն արժանացնելու, իսկ Վեհափառ Հայրապետին՝ շուրջ հիսուն տարիների իր մեծ երազանքը հայրենիքում իրականացնելու գործում ընդառաջելու և աջակցելու համար:

Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

1338388513-88Վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ռուսաստանցի իր գործընկերոջը՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, Դմիտրի Մեդվեդևին և իր ընտանիքին մաղթել քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետին այն ավանդի համար, որը Ռուսաստանի կառավարության ղեկավարը մշտապես ներդնում է մեր երկու ազգերի միջև համագործակցության հետևողական ընդլայնման գործում:
Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ փոխգործակցության մակարդակը և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս ջանքեր գործադրել՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և խորացման համար:

Վանաձորում հանդիսավորությամբ բացվեց ոստիկանության Բազումի բաժնի հիմնանորոգված վարչական շենքը

1379090603,5553Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության պետը մասնակցեց ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի հիմնանորոգված վարչական շենքի բացմանը:
Բացման արարողությունը կատարեցին բաժնի վետերաններից մեկն ու պարեկապահակետային ծառայության հատուկ գումարտակի երիտասարդ ծառայողները:
Ի դեպ, հատուկ գումարտակի պարեկախմբերն այսուհետ ծառայություն են իրականացնելու նաև Վանաձորում:
1_MG_5529Հանդիսավոր արարողությունից հետո, որին մասնակցում էին Լոռու մարզի մյուս իրավապահ կառույցների ղեկավարները, օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, Վլադիմիր Գասպարյանը շրջեց նորոգված շենքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը:
Այնուհետև ոստիկանության պետը պատասխանեց մարզային զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին:
Նույն օրը Վլադիմիր Գասպարյանն այցելեց նաև ոստիկանության Տարոնի բաժին, զրուցեց աշխատակիցների հետ, ծանոթացավ ծառայության պայմաններին:
Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզի ոստիկանության անձնակազմի հետ:

Արտգործնախարարները բարձր են գնահատել հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական զարգացումները

493. Minister Nalbandian met with Foreign Minister of Moldova 14.09.2013ՀՀ արտգործնախարարության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 13-ին Երևանում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հանդիպման վերաբերյալ: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ. հունիսի 11-12 ՀՀ Նախագահի Մոլդովայի Հանրապետություն կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման  ընթացքը և այդ ուղղությամբ Երևանի և Քիշնևի կողմից ձեռնարկվելիք համատեղ քայլերը:

Նախարարներն անդրադարձել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, առևտրատնտեսական  կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերին:

Երկուստեք բարձր են գնահատվել վերջին շրջանի հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական զարգացումները, որոնք հնարավորություն են տալիս նոր լիցք հաղորդելու երկկողմ համագործակցությանը։

Նախարար Նալբանդյանի ելույթն Արևելյան գործընկերության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով կայացած մամլո ասուլիսին

Press ConferenceԲարև Ձեզ:

Ուրախ եմ այսօր ողջունել հանձնակատար Ֆյուլեին, տիկին Հելգա Շմիդտին, Արևելյան գործընկերության անդամ երկրների նախարարներին և նախարարների տեղակալներին Հայաստանում: Այս ոչ պաշտոնական նախարարական երրորդ հանդիպումը լավ հնարավորություն է ամփոփելու անցած ճանապարհը և քննարկելու ձեռնարկվելիք քայլերը՝ Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ։

Արդեն ավելի քան 4 տարի է անցել Արևելյան գործընկերության մեկնարկից և կարող ենք ասել, որ Արևելյան գործընկերությունը դարձել է մեր երկրների արդիականացման նպատակով իրականացվող բարեփոխումների արդյունավետ  գործիքներից մեկը, մի ձևաչափ, որի միջոցով առավել զարգացել և ամրապնդվել են մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ:

Այսօր մենք հնարավորություն ենք ունենալու շարունակել մեր քննարկումները՝ նվիրված միջազգային օրակարգի ակտուալ խնդիրներին։

Եվրոպացի գործընկների հետ համագործակցաբար և անմիջական աջակցությամբ անցած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է իրականացրել՝ ուղղված, մասնավորապես,  ժողովրդավարական հաստատությունների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ընտրական գործընթացների և օրենսդրության բարելավմանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը և այլն։ Մենք շնորհակալ ենք այդ աջակցության համար և ակնկալում ենք ապագայում ևս շարունակել մեր բարեփոխումները:

Տիկնայք և պարոնայք:

Հայաստանը հաստատակամ է առաջ տանել ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ այնքանով, որքանով դա չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը։

Հայաստանը առաջ է նայում, և վճռական է մեր եվրոպական գործընկերների հետ միասին պահպանել և զարգացնել այն ձեռքբերումները և առաջընթացը, որը մենք գրանցել ենք վերջին տարիների ընթացքում Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում:

Դեբորա Ուայլդ, ազատ լրագրող. Պարոն Նալբանդյան, Դուք որոշում կայացրեցիք հօգուտ Մաքսային միության: Որքան ես հասկանում եմ, Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրին, հնարավոր է, հետևեր ԵՄ-ի կողմից կազմակերպված Դոնորների համաժողովը, որը կարող էր խոստանալ հսկայական ներդրումներ և մեծ ֆինանսական ներհոսք։ Դուք հրաժարվեցիք դրանից՝ չընտրելով Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրը: Ձեռ կառավարությունը հերքում է Ռուսաստանի կողմից որևէ ճնշում գործադրելը` համաձայնագրի ստորագրելուց հրաժարվելու նպատակով: Իմ հարցը հետևյալն է. ի՞նչ է առաջարկել ձեզ Ռուսաստանը՝ Մաքսային միությանն անդամակցելու դիմաց:

Էդվարդ Նալբանդյան. Խոսքը գնում է ոչ թե` ինչ է տվել Ռուսաստանը Մաքսային միությանը միանալու դիմաց։ Խոսքը գնում է այն մասին, որ Հայաստանը ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, և այդ հարաբերությունների ծավալի մասին է խոսում նաև սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների արած հայտարարությունը, որտեղ խոսքը գնում է բոլոր հնարավոր բնագավառներում բավական խորը, լայն և սերտ համագործակցության մասին:

Մենք, Արևելյան գործընկերության նախաձեռնության, այս բանակցային գործընթացի, անգամ դրանից առաջ ասել ենք և ասում ենք, որ մենք պատրաստ ենք հնարավորինս սերտ, հնարավորինս խոր, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների:

Ինչ վերաբերում է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցություններին և Դոնորների կոնֆերանսին։ Դրա կազմակերպման վերաբերյալ մենք խոսում ենք արդեն մոտ 4 տարի, իսկ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունները սկսվել են մեկ տարի առաջ: Այսինքն` դրանք կապված չեն եղել, եթե հիմա, միգուցե, ինչ-որ առումով կապում են… ամեն դեպքում դրանք կապված չեն եղել:

Ինչպես ես արդեն ասացի, մենք մեր եվրոպացի գործընկերների հետ խոսում ենք այն եղանակների, ֆորմատների, հնարավորությունների մասին, որպեսզի հիմնվելով այն առաջընթացի, ձեռքբերումների վրա, որոնք գրանցվել են վերջին տարիներին՝ հնարավորինս առաջ շարժենք Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները: Հենց դրա մասին է ասում նաև պարոն Ֆյուլեն։

 

 

 

 

 

Երևանում կայացավ Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը

491. EaP Ministerial took place in Yerevan 13.09.2013Սեպտեմբերի 13-ին Երևանում կայացավ  Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը, Արևելյան գործընկերության անդամ երկրների՝ Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Նատալյա Գերմանը, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, Վրաստանի Եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքս Պետրիաշվիլի, Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիևը, Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ  Օլեֆիրովի գլխավորությամբ։

Հանդիպմանը, որը վարում էր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցան պատվիրակությունների ղեկավարները, քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրված արդյունքները, նախանշվեցին գործընկերության հեռանկարները, հանգամանալից անդրադարձ կատարվեց Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականցմանը և մտքեր փոխանակվեցին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Ելույթ ունենալով հանդիպմանը, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել Արևելյան գործընկերության ճանապարհային քարտեզի բոլոր հիմնական ուղղություններով։

 

«Եվրոպացի գործընկների հետ համագործակցաբար և անմիջական աջակցությամբ անցած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է իրականացրել՝ ուղղված, մասնավորապես,  ժողովրդավարական հաստատությունների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ընտրական գործընթացների և օրենսդրության բարելավելմանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը և այլն։ Մենք շնորհակալ ենք այդ աջակցության համար և ակնկալում ենք ապագայում ևս շարունակել մեր բարեփոխումները:

Հայաստանը հաստատակամ է առաջ տանել ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ այնքանով, որքանով դա չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը», ասաց արտգործնախարար Նալբանդյանը։

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին

3777Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և հետագա համագործակցության, մինչև այժմ երկկողմ ջանքերի արդյունքում արձանագրված ձեռքբերումների հիման վրա այդ հարաբերությունները կառուցելու և հետագա համագործակցությունը զարգացնելու հեռանկարների, ինչպես նաև Վիլնյուսում Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին ընդառաջ օրակարգային ու նախապատրաստական աշխատանքների շուրջ:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի վճռականությունը շարունակելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող լայնածավալ բարեփոխումները և ԵՄ-ի հետ հարաբերությունները այսուհետ ևս զարգացնելու կառուցողական ու դինամիկ ոգով:

Սերժ Սարգսյանն ընդգծել է իր համոզմունքն առ այն, որ Հայաստանը պետք է զարգանա ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության տեսլականի հիման վրա:

Հանձնակատար Ֆյուլեն նշել է, որ ԵՄ հարգում է իր գործընկերների ազատ ընտրությունը և ակնկալում է այս հանդիպման ընթացքում լսել այն մոտեցումներն ու գաղափարները, որոնք միտված են առկա լավ ձեռքբերումների վրա շարունակելու կառուցել հարաբերությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանը Գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել ղեկավար անձնակազմի հետ

3769Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գյուղատնտեսության նախարարություն: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նախարարությունում, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներում զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող ծրագրերի, առկա խնդիրների շուրջ, լսել նաև դրանց լուծման ուղիների և ոլորտի զարգացման հնարավորությունների վերաբերյալ աշխատողների մասնագիտական տեսակետներն ու պատկերացումները:

3771Հանրապետության Նախագահն այնուհետև նախարարության խորհրդակցությունների սրահում հանդիպում է ունեցել ղեկավար անձնակազմի հետ: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, նախարարի տեղակալներ Սամվել Գալստյանը, Գառնիկ Պետրոսյանը, Ռոբերտ Մակարյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը և «Հայկական միրգ» ԲԲԸ տնօրեն Ալվինա Ավագյանը զեկուցել են առանձին ուղղություններով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ բարեփոխումների ընթացքի մասին, ներկայացրել ոլորտի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև զարգացման հեռանկարները:

Նախագահը ներկայացված աշխատանքների վերաբերյալ հարցեր է ուղղել զեկուցողներին, նախարարության առանձնացված ստորաբաժանումների և վարչությունների ղեկավարներին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում դեռևս չօգտագործված ներուժ, զարգացման բավականին հնարավորություններ ու հեռանկարներ կան, ուստի նախարարությունը հսկայածավալ աշխատանք ունի իրականացնելու: Քննարկվել են նաև բերքահավաքի այս ժամանակաշրջանում մթերումների կազմակերպման աշխատանքների, ներկայիս դրությամբ մթերման ցուցանիշների, վերամշակող ընկերությունների հետ համագործակցության, գյուղմթերքի արտահանման հետ կապված և մի շարք այլ հարցեր:

Սերժ Սարգսյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն գյուղատնտեսության ոլորտին, այլ նաև մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալական ու տնտեսական խնդիրներին:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության այգեգործության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Կարինե Եսայանին, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության գյուղատնտեսության ծրագրավորման բաժնի պետ Հերիքնազ Լեմբերյանին, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանին, անձնակազմի կառավարման բաժնի պետ Դոնարա Սիմոնյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով:

Արտգործնախարարն ընդունեց Արտաքին գործերի եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալին

490. Minister Nalbandian received Deputy Secretary-General of EEAS 13.09.2013Սեպտեմբերի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտին:

Անդրադառնալով Արևելյան գործընկերության մեկնարկից ի վեր անցած ճանապարհին՝ նշվեց, որ այս տարիների ընթացքում Արևելյան գործընկերությունը ձևավորվել է որպես փոխգործակցության գործուն ձևաչափ և անդամ երկրներում բարեփոխումների խթանման գործիք։

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել ինտենսիվ համագործակցությունը Եվրամիության հետ հնարավոր ուղղություններով և Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման անցկացումը դրա վկայությունն է։

Հելգա Շմիդտը ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ողջույնները փոխանցելով՝ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար Հայաստանի արտգործնախարարին, և նշեց, որ ԵՄ-ն ևս ցանկանում է շարունակել փոխգործակցությունը Հայաստանի հետ։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵՄ հանձնակատարին

489. Minister Nalbandian met with Commissioner Fule 12.09.2013        Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Զրուցակիցները շարունակեցին ս.թ. սեպտեմբերի 5-ին Բրյուսլեում կայացած քննարկումները, կարևորեցին Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների և կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման անցկացումը:

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի ցանկությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել Եվրամիության հետ փոխգործակցությունը:

Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարների հանդիպումը

488. Armenian and Belarusian FM's meeting 12.09.2013Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Վլադիմիր Մակեյի հանդիպումը։

Ողջունելով գործընկերոջը՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-բելառուսական ավանդական, բարեկամական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակով անցկացվող հաճախակի հանդիպումները։

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար՝ նախարար Մակեյը նշեց, որ ուրախ է կրկին անգամ գտնվել բարեկամ Հայաստանում՝ քննարկելու փոխգործակցության հետագա զարգացման և խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

Անդրադարձ կատարվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերին։

Նախարարները քննարկեցին ս.թ. մայիսին Բելառուսի նախագահի Հայաստան կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Նախարարները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության և Վիլնյուսյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարարի հետ

487. Minister Nalbandian met with State Minister on European and Euro-Atlantic Integration of Georgia 12.09.2013Սեպտեմբերի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար Ալեքս Պետրիաշվիլիի հետ։

Նախարարներն անդրադարձան Վիլնյուսում նոյեմբերի 29-30-ը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին և դրա նախապատրաստական աշխատանքներին, Արևելյան գործընկերության ձևաչափով համագործակցությանը։

Էդվարդ Նալբանդյանն ու Ալեքս Պետրիաշվիլին անդրադարձան հայ-վրացական օրակարգի մի շարք հարցերի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն այսօր քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում գտնվում են բարձր մակարդակի վրա, վերահաստատվեց երկկողմ պատրաստակամությունը շարունակել ջանքերը՝ ուղղված տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը և ամրապնդմանը:

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրման արարողություն

3765

 

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել շվեդ հայտնի դիվանագետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հազարավոր հրեաների կյանքեր փրկած Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ Նախագահ և այդ հիմնադրամի պատվավոր անդամ Սերժ Սարգսյանին «Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրման արարողությունը:

Միջոցառմանը հիմնադրամի կողմից հետմահու հարգանքի տուրք է մատուցվել նաև բժիշկ Հարություն Ռուբենի Խաչատրյանին՝ Հոլոքոստի ժամանակ ցուցաբերած փրկարարական գործողությունների համար. Նրան նույնպես շնորհվել է «Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալ», որը հանձնվել է Հարություն Խաչատրյանի թոռնուհուն՝ Աննա Խաչատրյանին:

Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի հիմնադիր Բարուխ Թենեմբաումը և հիմնադրամի փոխնախագահ Դանիել Ռայներն իրենց ելույթներում ներկայացրել են հիմնադրամի ստեղծման պատմությունը, առաքելությունն ու գործունեությունը՝ ընդգծելով, որ միջազգային այդ հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի մշակման և իրազեկության բարձրացման միջոցառումների շնորհիվ սերմանել քաղաքացիական խիզախության և համերաշխության արժեքները` Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած անհատների օրինակով: Հիմնադրամն զբաղվում է պատմական գիտահետազոտական աշխատանքներով, որի մի մասն է կազմում նաև Վալենբերգի ջանքերով փրկվածների և նմանօրինակ խիզախություն դրսևորած այլ անձանց մասին տեղեկատվության հավաքագրումն ու հրապարակումը: Հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած բազմաթիվ հայերին, որոնց բոլորին հարգանքի տուրք կմատուցվի, մանրամասն կուսումնասիրվի և կհրապարակվի նրանց հերոսական կյանքի պատմությունը:

Իր ելույթում Նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի առաքելությունը, շնորհակալություն հայտնել պարգևի համար և խոսել մարդկության դեմ ուղղված ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու, դատապարտելու ու դրանք սնուցող երևույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու Հայաստանի քաղաքականության մասին:

***


Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Վալենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրման արարողության ժամանակ

 

 

Հարգարժա՛ն պարոնայք Թենեմբաում և Էռնեկյան,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

«Վալենբերգի 100-ամյակի մեդալն» ինձ համար ոչ միայն պատվաբեր, այլև առանձնահատուկ խորհուրդ ունեցող է: Այն բովանդակում է մարդասիրության և ոգու արիության այն վեհ արժեքները, որոնց դավանում է հայ ժողովուրդը: Դրանցով են առաջնորդվել այն հայորդիները, ովքեր չեն համակերպվել և չեն հանդուրժել մարդկության պատմության ծանրագույն ոճիրները, սեփական կյանքն են վտանգել՝ հանուն բազմաթիվ մարդկային կյանքերի փրկության:

Դոկտոր Հարություն Ռուբենի Խաչատրյանի պատմությունը ցեղասպանության արհավիրքից մարդկային կյանքերի փրկության հերոսական արարքների մասին վկայող, շատ լավ, բայց բազմաթիվ օրինակներից մեկն է: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի զավակ՝ առանձնահատուկ զգացումներ եմ ունենում յուրաքանչյուր նման պատմություն լսելիս:

Մեծապես արժևորում եմ այսօրինակ հերոսական պատմությունների վրա լույս սփռելու՝ Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի առաքելությունը: Ռաուլ Վալենբերգի և նրա նման մարդասերների մասին պատմությունների տարածումը և դրանցով սերունդներ կրթելու առաքելությունն առանցքային նշանակություն ունեն ոչ միայն մարդասիրություն և մարդկային ոգու արիություն սերմանելու, ցեղասպանությունների զոհերի հիշատակը վառ պահելու տեսանկյունից, այլև էապես նպաստում են անցյալը անաչառ գնահատելու և, այդպիսով, մարդկության դեմ գործած այդ զարհուրելի հանցագործությունը դատապարտելու և կանխարգելելու ջանքերին:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի հիմնադիր պարոն Բարուխ Թենեմբաումին, հիմնադրամի նախագահ, մեր հայրենակից պարոն Էդուարդո Էռնեկյանին և, իհարկե, հիմնադրամի ողջ անձնակազմին` իրենց մեծ նվիրումի համար: Շատ շնորհակալ եմ:

Հարգելի՛ ներկաներ,

Մեր ճակատագիրը պատգամել է մեզ դառնալ ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ: Հիրավի, այդ արհավիրքը վերապրած ժողովուրդները յուրահատուկ առաքելություն ունեն նման ողբերգությունների կրկնությունը բացառելու գործում: Մարդկության դեմ ոճիրների կանխարգելման լավագույն բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի լուսաբանումն ու համամարդկային արժեքների լույսի ներքո անցյալի գնահատումն է: Հավասարապես կարևոր եմ համարում նմանօրինակ ոճիրներ ծնող նախադրյալների դեմ պայքարը:

Հայաստանի Հանրապետությունն անում է ամեն հնարավորը ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու և դրանք սնուցող երևույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու համար: Տարիներ շարունակ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևեր ընդունելու նախաձեռնություններով: Նաև մեր ջանքերով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից տարբեր տարիների ընդունվել են ցեղասպանության կանխարգելման մասին մի քանի բանաձևեր: Դրանք նպատակ ունեն միջազգային հանրության մշտական ուշադրության կենտրոնում պահել «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիան և հիշեցնել մարդկության դեմ ոճիրների վերացմանն ուղղված պետությունների հանձնառությունների մասին:

Պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանն իր նախագահության գերակայություն է սահմանել պայքարը անհանդուրժողականության, խտրականություն և ատելություն սերմանող քարոզչության դեմ: Մենք ամոթալի ենք համարում, որ մերօրյա աշխարհում նման երևույթները շարունակում են ոչ միայն գոյատևել, այլև խրախուսվել կոնկրետ ուժերի կողմից՝ այդ թվում պետական մակարդակով: Մենք պետք է վճռական լինենք աշխարհի ցանկացած անկյունում նման դրսևորումներն արմատախիլ անելու հարցում:

Ավարտելով խոսքս՝ կրկին երախտագիտության խոսք եմ հղում Ռաուլ Վալենբերգ հիմնադրամին՝ հիշողության պահպանմանն ուղղված գործունեության համար: Եթե մենք այսօր չհիշենք Մեծ եղեռնը, Հոլոքոսթը, չհիշատակենք այդ սոսկալի ոճիրների զոհերին, եթե չհիշենք և արժանին չմատուցենք բոլոր նրանց, ովքեր ցեղասպանության ճիրաններից մարդկային կյանքեր են փրկել, ապա մեղսակից կլինենք այդօրինակ սոսկալի հանցագործությունների կրկնությանը: Այս առումով շատ դիպուկ է արտահայտվել հրեական ծագումով ամերիկացի մեծ մտածող Էլի Վիզելը. «Առանց հիշողության չկա մշակույթ: Առանց հիշողության չի կարող լինել քաղաքակրթություն, հասարակություն և ապագա»:

Մենք՝ հայերս, ունենք այն խորը համոզմունքը, որ Հոլոքոսթից հնարավոր կլիներ խուսափել, եթե լիներ հայերի դեմ իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության հիշողությունը, եթե այն արժանանար համընդհանուր դատապարտման, իսկ մեղավորները կրեին իրենց արժանի պատիժը: Այս առումով, շնորհակալություն եմ հայտնում Վալենբերգի հիմնադրամին Հոլոքոսթի կողքին Հայոց Ցեղասպանության ժամանակ մարդկային կյանքեր փրկած անհատների և կազմակերպությունների մասին տեղեկատվություն հավաքագրելու փորձերի համար: Այս գործի հաջողությունը հատկապես արժեքավոր է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:

Շնորհակալություն:

 
***

Լրացուցիչ տեղեկություններ
Ռաուլ Վալենբերգի և նրա անվան միջազգային հիմնադրամի մասին

 

Ռաուլ Վալենբերգը շվեդ դիվանագետ էր, որը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ փրկել է հազարավոր հրեաների: Համարվում է անհայտ կորած 1945-ից: 1944-ին, հրեա գերիներին փրկելու նպատակով, Շվեդիայում ԱՄՆ ռազմագերիների խորհրդի պաշտոնական ներկայացուցչի աջակցությամբ գործուղվում է Բուդապեշտ` որպես շվեդ դիվանագետ: Վալենբերգի ջանքերով տասնյակ հազարավոր հրեաների տրամադրվում են շվեդական անձնագրեր և դրանով ստանում դիվանագիտական անձեռնմխելիություն:

Երբ հունվար ամսին խորհրդային զորքերը մտնում են Բուդապեշտ, նրանք ձերբակալում են Վալենբերգին ԱՄՆ օգտին լրտեսության կասկածանքով, այնուհետև մարտ ամսին հայտարարում են նրա մահվան մասին: 1957թ. խորհրդային իշխանությունները փաստաթուղթ են հրապարակում, որի համաձայն Վալենբերգը մահացել է 1947թ. հուլիսի 17-ին Լյուբյանկայի բանտախցում սրտի կաթվածից: Սակայն, մինչ օրս Վալենբերգի մահվան հանգամանքների և ամսաթվերի տարբեր վարկածներ են շրջանառվում:

2012թ. Վալենբերգի հարյուրամյակի կապակցությամբ ԱՄՆ կոնգրեսը Վալենբերգին հետմահու շնորհել է Կոնգրեսի ոսկե մեդալ` ի ճանաչումն Հոլոքոսթի ժամանակ նրա հերոսական արարքների:

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի մշակման և իրազեկության բարձրացման միջոցառումների շնորհիվ սերմանել քաղաքացիական խիզախության և համերաշխության արժեքները` Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած անհատների օրինակով: Հիմնադրամը զբաղվում է պատմական գիտահետազոտական աշխատանքներով, որի մի մասն է կազմում նաև Վալենբերգի ջանքերով փրկվածների, և նմանօրինակ խիզախություն դրսևորած այլ անձանց մասին տեղեկատվության հավաքագրումը և հրապարակումը:

Հիմնադրամը գրասենյակներ ունի Նյու Յորքում, Երուսաղեմում, Բուենոս Այրեսում և Բեռլինում:

Հիմնադրամին անդամակցում են ավելի քան 200 հայտնի պետական, քաղաքական և հասարակական գործիչներ՝ պետությունների ղեկավարներ, արքայական ընտանիքների անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, նահանգապետեր, քաղաքապետեր և այլոք: Նրանց թվում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Լիտվայի նախկին Նախագահ Վալդաս Ադամկուսը, Լիտվայի Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, ՄԹ նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Ֆրանսիայի նախկին վարչապետներ Դոմինիկ դը Վիլպենը և Ֆրանսուա Ֆիյոնը, Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերը, Սլովակիայի նախագահ Իվան Գասպարովիչը, Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերը, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը, Մարոկոյի Թագավոր Մոհամեդ 4-րդը, Իսրայելի Նախագահ Շիմոն Պերեսը, Վրաստանի նախկին Նախագահ Էդուարդ Շևարդնաձեն, Սլովենիայի նախկին Նախագահ Դանիլո Թյիրկը և այլոք:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես հանդիսանում է հիմնադրամի պատվավոր անդամ:
Հիմնադրամի որոշմամբ 2013թ. ՀՀ Նախագահին շնորհվեց «Ռաուլ Վալենբերգի հարյուրամյակի մեդալ»:

Հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը Էդուարդո Էռնեկյանն է:

Հիմնադրամը և Էդուարդո Էռնեկյանը համատեղ որոշում են կայացրել Հոլոքոսթից բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկած հայերին հարգանքի տուրք մատուցելու նպատակով հուշարձան կանգնեցնել Բուենոս Այրեսում: Մինչ օրս հիմնադրամի ջանքերով հայտնաբերվել են 23 հայերի անուններ, որոնք 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական քաղաքականության զոհ դարձած մարդկանց՝ հրեաների, գնչուների և այլոց կյանքեր են փրկել:

 

Սերժ Սարգսյանն ընդունել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

3760ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ վերջինիս լիազորությունների սահմանադրական ժամկետը լրանալու կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Հովսեփյանին՝ երկարամյա ծառայության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Աղվան Հովսեփյանը տարիների իր փորձառությունն այսուհետ ևս կծառայեցնի հանրային շահերի պաշտպանության և իրավապահպան համակարգի հետագա զարգացման գործին:

Սերժ Սարգսյանը Յուրի Բաշմետին պարգևատրել է Պատվո շքանշանով

3758Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ականավոր ալտահար, դիրիժոր, մանկավարժ և հասարակական գործիչ, «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի և «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Յուրի Բաշմետին, ով Հայաստան է ժամանել «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում և մասնակցելու է նաև Արամ Խաչատրյան համերգասրահում իր 60-ամյա հոբելյանին նվիրված համերգին:

Նախագահը բարձր է գնահատել Յուրի Բաշմետի գործունեությունը և հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած նրա մեծ վաստակի համար Յուրի Բաշմետին պարգևատրել Պատվո շքանշանով: «Ես համարում եմ, որ Ձեր ողջ կյանքը արժանի և անձնվեր ծառայություն է մշակույթի մեծ գործին: Դուք Ձեր արվեստով միավորում եք մարդկանց: Իրականում դա շատ կարևոր է, առավել ևս ժամանակակից աշխարհում, երբ կան բազում խնդիրներ»,-ասել է Նախագահը և շնորհակալություն հայտնել Յուրի Բաշմետին հայ ժողովրդի համար և՛ դժվարին, և՛ ուրախության պահերին մշտապես նրա կողքին լինելու և սատարելու համար:

Անվանի արվեստագետը մեծ պատիվ է համարել Հայաստանի Հանրապետության կողմից նման բարձր պարգևի արժանանալը և շնորհակալություն հայտնել գնահատանքի ու ջերմ խոսքերի համար:

Հայաստանում տեղի կունենա Կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 30-րդ նիստը

կբՍեպտեմբերի 12-14-ըՀայաստանումտեղի կունենաԿենտրոնականԱսիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական /ազգային բանկերի կառավարիչների ակումբի 30-րդ հանդիպումը, որն անցկացվում է ՀՀ դրամի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում:

Կառավարիչների ակումբի 22 անդամ-երկրներից հանդիպմանը ներկա է գտնվելու 18 երկրի պատվիրակություն, այդ թվում՝ 12 կառավարիչ:

Կառավարիչների ակումբի հայաստանյան հանդիպմանը հրավիրված են ֆինանսական աշխարհում հայտնի փորձագետներ: Հանդիպման գլխավոր զեկուցողն է Միջազգային հաշվարկների բանկի Ֆինանսական կայունության ինստիտուտի նախագահ, Չեխիայի Հանրապետության նախկին վարչապետ Ջոզեֆ Տոսովսկին: Զեկուցողների թվում են նաև ԱՄՆ «Գլոբալ Սուվերեն Ըդվայզրս» ընկերության ավագ գործընկեր, միջազգային ֆինանսական աշխարհում համբավ վայելող վերլուծաբան Բորիս Բորոզանը, Սերբիայի ազգային բանկի նախկին կառավարիչ և«Էրստե Բանկ»-ի ներկայիս գործադիր տնօրեն և նախագահ Ռադովան Ժելաշիչը, ինչպես նաև Խորվաթիայի ազգային բանկի կառավարչի տեղակալ Մայքլ Ֆոլենդը: Հանդիպումն անցկացվում է «Անցած ճգնաժամից սերտած դասեր. մարտահրավերները հաղթահարելու նոր մոտեցումներ և գործիքներ» խորագրի ներքո և ունի բավականին հագեցած օրակարգ:

Զեկուցողների ելույթները հիմնականում վերաբերում են ֆինանսական աշխարհում արդիական խնդիրներին: Ջոզեֆ Տոսովսկին ներկայացնելու է «Նորմատիվային նոր գլոբալ բանկային համակարգ» զեկույցը, իսկ Ռադովան Ժելաշիչը՝ արտարժույթով վարկավորելու հունգարական փորձը: Անդրադարձ կկատարվի նաև «Համաշխարհային տնտեսության և հիմնական ֆինանսական շուկաների հեռանկարներ» թեմային, որը կներկայացնի Բորիս Բորոզանը:

Կառավարիչների ակումբի հանդիպումը տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական նորաբաց կենտրոնում, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները նման բարձրաստիճան հանդիպումներ, ինչպես նաև այլ ձևաչափերի սեմինարներ, կոնֆերանսներ անցկացնելու համար:

Ակումբի ստեղծման հիմնական նպատակներից է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաևնշված երկրների կենտրոնական/ազգային բանկերի միջև գործակցության ընդլայնումը և խորացումը: Այս ամենն իր հերթին կնպաստի Հայաստանում դրամավարկային քաղաքականության արդյունավետ համակարգմանը, ֆինանսական կայունության հաստատմանն ու տնտեսական մթնոլորտի բարելավմանը:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի ներկայացուցիչներին

3752Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական/ազգային բանկերի կառավարիչների ակումբի ներկայացուցիչներին, ովքեր Հայաստան են ժամանել ակումբի 30-րդ հանդիպման կապակցությամբ, որն անց է կացվում ՀՀ դրամի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում:

«Ակումբի շարունակական և համակարգված աշխատանքը կարող է մեծ ներդրում ունենալ մեր երկրների ֆինանսական կայունության և տնտեսական զարգացման գործում: Այսպիսի հանդիպումները նաև շատ լավ հնարավորություն են ծանոթանալու անդամ երկրներին, նրանց ժողովուրդների պատմությանը, մշակույթներին, ինչն էլ իր հերթին կարող է դրական ազդեցություն ունենալ փոխգործակցության ամրապնդման վրա»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը ԿԲ նախագահների հետ խոսել է նաև Հայաստանի ֆինանսական, բանկային համակարգի և, ընդհանուր առմամբ, տնտեսության մասին, հետաքրքրվել նաև ակումբի անդամ երկրների ֆինանսաբանկային համակարգերի ներկայիս վիճակով, համաշխարհային տնտեսության արդի մարտահրավերների ու դրանց հաղթահարման վերաբերյալ հանդիպման մասնակիցների մասնագիտական կարծիքներով:

ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնել է Արցախ

MHM81254 copyՍ.թ. սեպտեմբերի 10-ից 12-ը այցով Երևանում էր գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ԱՄՆ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը:

Դեսպան Ուորլիքը քննարկեց խաղաղության գործընթացը նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և անվտանգության հետ կապված իրավիճակը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նա վերահաստատեց Միացյալ Նահանգների ցանկությունը օգնել կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում և պատրաստակամությունը աշխատել Ռուսաստանյան Դաշնության ու Ֆրանսիայի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների:

Սեպտեմբերի 12-ին դեսպան Ուորլիքը ուղևորվեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ կշարունակի իր հանդիպումները և տեղում կծանոթանա առաջին գծի իրավիճակին: