Սեպտեմբերի 12-14-ըՀայաստանումտեղի կունենաԿենտրոնականԱսիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական /ազգային բանկերի կառավարիչների ակումբի 30-րդ հանդիպումը, որն անցկացվում է ՀՀ դրամի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում:
Կառավարիչների ակումբի 22 անդամ-երկրներից հանդիպմանը ներկա է գտնվելու 18 երկրի պատվիրակություն, այդ թվում՝ 12 կառավարիչ:
Կառավարիչների ակումբի հայաստանյան հանդիպմանը հրավիրված են ֆինանսական աշխարհում հայտնի փորձագետներ: Հանդիպման գլխավոր զեկուցողն է Միջազգային հաշվարկների բանկի Ֆինանսական կայունության ինստիտուտի նախագահ, Չեխիայի Հանրապետության նախկին վարչապետ Ջոզեֆ Տոսովսկին: Զեկուցողների թվում են նաև ԱՄՆ «Գլոբալ Սուվերեն Ըդվայզրս» ընկերության ավագ գործընկեր, միջազգային ֆինանսական աշխարհում համբավ վայելող վերլուծաբան Բորիս Բորոզանը, Սերբիայի ազգային բանկի նախկին կառավարիչ և«Էրստե Բանկ»-ի ներկայիս գործադիր տնօրեն և նախագահ Ռադովան Ժելաշիչը, ինչպես նաև Խորվաթիայի ազգային բանկի կառավարչի տեղակալ Մայքլ Ֆոլենդը: Հանդիպումն անցկացվում է «Անցած ճգնաժամից սերտած դասեր. մարտահրավերները հաղթահարելու նոր մոտեցումներ և գործիքներ» խորագրի ներքո և ունի բավականին հագեցած օրակարգ:
Զեկուցողների ելույթները հիմնականում վերաբերում են ֆինանսական աշխարհում արդիական խնդիրներին: Ջոզեֆ Տոսովսկին ներկայացնելու է «Նորմատիվային նոր գլոբալ բանկային համակարգ» զեկույցը, իսկ Ռադովան Ժելաշիչը՝ արտարժույթով վարկավորելու հունգարական փորձը: Անդրադարձ կկատարվի նաև «Համաշխարհային տնտեսության և հիմնական ֆինանսական շուկաների հեռանկարներ» թեմային, որը կներկայացնի Բորիս Բորոզանը:
Կառավարիչների ակումբի հանդիպումը տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական նորաբաց կենտրոնում, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները նման բարձրաստիճան հանդիպումներ, ինչպես նաև այլ ձևաչափերի սեմինարներ, կոնֆերանսներ անցկացնելու համար:
Ակումբի ստեղծման հիմնական նպատակներից է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաևնշված երկրների կենտրոնական/ազգային բանկերի միջև գործակցության ընդլայնումը և խորացումը: Այս ամենն իր հերթին կնպաստի Հայաստանում դրամավարկային քաղաքականության արդյունավետ համակարգմանը, ֆինանսական կայունության հաստատմանն ու տնտեսական մթնոլորտի բարելավմանը:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
