Տիգրան Սարգսյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին

10538_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ծավալուն աշխատանք է կատարվել ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է Ասոցացման համաձայնագրի և, մասնավորապես, ԵՄ-ՀՀ միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ տարվող բանակցություներում արձանագրված շոշափելի առաջընթացը:
ԵՄ հանձնակատարը, համաձայնելով ՀՀ վարչապետի հետ, նշել է. «Հետադարձ հայացք նետելով՝ կարելի է ասել, որ մենք բավական մեծ ճանապարհ ենք միասին անցել»: Որպես հարաբերությունների զարգացման կարևոր հանգրվան նա հիշատակել է 2013 թ. նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովը: Այն, ըստ պարոն Ֆյուլեի, թույլ կտա որակական նոր մակարդակի բարձրացնել Արևելյան գործընկերության երկրների հետ ԵՄ հարաբերությունները:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումների համար ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը և կարևորել վերջինիս շարունակականությունը: Այս համատեքստում նշվել է, որ ԵՄ օժանդակությունը հնարավորություն է տալիս բարձրացնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և լրացնել մեզանում առկա կարողությունների բացը: Պարոն Ֆյուլեն հավաստիացրել է, որ ԵՄ շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Նա, մասնավորապես, հիշատակել է հավելյալ միջոցներ տրամադրելու հնարավորությունը՝ հաշվի առնելով Հայաստանի արձանագրած առաջընթացի բարձր ցուցանիշը:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵՄ հանձնակատարին

432. Minister Nalbandian met EU commissioner 10.07.2013             Հուլիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Եվրոպական միության Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը լուրջ առաջընթաց է արձանագրել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց ԵՄ կողմից Հայաստանում բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներին առնչվող հարցեր։

Հանձնակատար Ֆյուլեն բարձր գնահատեց ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող դրական զարգացումները, ընդգծելով, որ Հայաստանն Արևելյան գործընկերության ծրագրի առաջատար երկրներից է և վերահաստատեց ԵՄ հանձնառությունը՝  շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Հանձնակատար Ֆյուլեն նաև հույս հայտնեց, որ ս.թ. նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին կնախաստորագրվեն Ասոցացման համաձայանգիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:

Հանդիպմանը երկուստեք նշվեց ԵՄ-Հայաստան Մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի շուտափույթ վավերացման կարևորությունը:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում անդրադարձ արվեց Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանը և Շտեֆան Ֆյուլեն քննարկումները կշարունակեն այսօր երեկոյան կայանալիք աշխատանքային ընթրիքի ընթացքում։

 

ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահության առաջին միջոցառումը Ստամբուլում

431. The first event of Armenia's presidency at BSEC 09.07.2013Հուլիսի 9-ին Ստամբուլում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) Հայաստանի նախագահության անդրանիկ միջոցառումը` ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի, հարակից կազմակերպությունների եւ ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության համատեղ նիստը:

ՀՀ ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության պետ Էդուարդ Փանոյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու հայեցակարգային խնդիրները՝ ընդգծելով, որ Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանումը, ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգի պատշաճ իրականացումը, ՍԾՏՀ արդյունավետության, ինչպես նաեւ միջազգային ասպարեզներում կազմակերպության դերի եւ հեղինակության բարձրացումը:

Էդուարդ Փանոյանն ավելացրեց, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունների շարքում է նաեւ կազմակերպության  հարակից մարմինների, դիտորդների, բնագավառային երկխոսության գործընկերների եւ գործարար շրջանակների հետ համագործակցության հետագա զարգացումը:

Նիստի արդյունքում հաստատվեց ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահության վեց ամսվա օրացույցը, որն ընդգրկում է կազմակերպության անդամ-երկրներում նախատեսվող 60-ից ավելի բազմաբնույթ միջոցառումներ:

Տիգրան Սարգսյանը և Վարուժան Ոսկանյանը քննարկել են հայ-ռումինական տնտեսական կապերի սերտացման հեռանկարները

10535_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան է ժամանել` հուլիսի 9-ին Երևանում անցկացվող հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով:

ՀՀ կառավարության անունից ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք մեծ կարևորություն ենք տալիս Ռումինիայի հետ կապերի ամրապնդմանը: Գոյություն ունի հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ, և միջկառավարական հանձնաժողովը պետք է այնպիսի օրակարգ ձևավորի և այնպիսի միջոցառումներ պլանավորի, որոնք թույլ կտան խորացնել մեր հարաբերությունները: Վստահ եմ, որ Ձեր այցելությունը նոր թափ կհաղորդի մեր կապերի ամրապնդմանը»:
Վարուժան Ոսկանյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև ավանդաբար ձևավորված քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հիմքեր է ստեղծում տնտեսական գործակցության զարգացման համար: Այդ առումով կարևորվել է հայ-ռումինական գործարար համաժողովի անցկացումը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ռումինացի գործարարների պատվիրակություն: Ռումինիայի էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ` արդեն ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայ-ռումինական առևտրաարդյունաբերական ասոցիացիայի և Ռումինիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի միջև: Երկուստեք ընդգծվել է, որ դա հնարավորություն կտա ռումինացի գործարարներին ծանոթանալ Հայաստանի ներդրումային միջավայրին, ինչպես նաև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև օդային ուղիղ չվերթների կազմակերպման, զբոսաշրջության զարգացման և տնտեսական կապերի աշխուժացման նոր ուղղությունների վերաբերյալ:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտայի՝ Հայաստան այցելելու հրավերը:

 

ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կայցելի Հայաստան

ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կայցելի ՀայաստանՀուլիսի 9-11-ը Հայաստան կայցելի  ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Այցի ընթացքում ԵՄ հանձնակատարին կընդունեն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ԵՄ հանձնակատար Ֆյուլեն հանդիպումներ կունենա ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի, Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի և Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հետ:

 

 

 

 

 

Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ է նշանակվել ՀՀ զինված ուժերի սպա, փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը

7Y1F9086 copy (1)ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ է նշանակվել ՀՀ զինված ուժերի սպա, փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը: Նշված պաշտոնը վերջերս է ստեղծվել և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի նշանակումը նպատակ ունի զարգացնել պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը:

Փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ինչպես նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի շրջանավարտ է: ՀՀ զինված ուժերում ծառայության մեջ է 1998թ.-ից: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոլդովա

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Մոլդովայի Հանրապետություն՝ մասնակցելու Քիշնևում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին:

Այցի շրջանակներում Քիշնևում նախատեսվում են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ:

Նախագահը ստորագրել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը և մի շարք այլ օրենքներ

ստորագրելՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին, «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Վարչապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին

10534_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Քսիաո Ժաոյին:

«Բավական մեծ ճանապարհ ենք անցել միասին. ընդլայնում ենք մեր համագործակցության ոլորտները, փորձում ենք խթանել մասնավոր բիզնեսի զարգացումը, ինչպես նաև առաջ ենք տանում մեր հիմնական` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», – ողջույնի խոսքում նշել է վարչապետ Սարգսյանը և շնորհակալություն հայտնել ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար: Կառավարության ղեկավարը կարևորել է, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գործարար համաժողովի անցկացումը` մասնավոր հատվածին մեր երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար:
ԱԶԲ փոխնախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մանրամասներ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարների հետ հանդիպումների վերաբերյալ: Նա տեղեկացրել է նաև, որ այցելել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի իրականացման վայրեր և ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԱԶԲ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, արծարծվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին, տեխնիկական աջակցության տրամադրմանը և խորհրդատվական ծառայությունների մատուցմանը վերաբերող մի շարք հարցեր::
Քսիաո Ժաոն նշել է, որ Ասիական զարգացման բանկը շահագրգռված է հարաբերությունների շարունակակության հարցում և պատրաստ է անել ավելին` երկրում ներդրումային միջավայրը բարելավելու և լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար: Նրա խոսքով` Հայաստանն օրինակելի երկիր է ՓՄՁ-ների և կանանց ձեռնարկատիրության ծրագրերի գերազանց իրականացման առումով, ինչի համար արժանացել է ԱԶԲ-ի բաժնետերերի բարձր գնահատականին:

 

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանը

3456

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Մոնտեյրոն իր գործունեությամբ կանի ամեն հնարավորը՝ արդարացնելու երկու բարեկամ ժողովուրդների և նաև Բրազիլիայի Նախագահի վստահությունը՝ ևս մեկ աստիճանով բարձրացնելով երկկողմ հարաբերությունների մակարդակն ու ամրապնդելու փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-բրազիլական կապերը:

Բրազիլիայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր և ՀՀ պետական բոլոր մարմինների կողմից աջակցության պատրաստակամության համար և վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը՝ նպաստելու երկկողմ կապերի սերտացմանն ու փոխգործակցության խորացմանը:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը և ակտիվ համագործակցությունը ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Երևանի քաղաքապետն այցելել է Ռիգայի Հայ առաքելական եկեղեցի

ekexeciՊաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում գտվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է 2011թ.-ին օծված եկեղեցու պատմությունը: Հայ համայնքի գործուն աջակցության շնորհիվ Հայ առաքելական եկեղեցու ճարտարապետական ոճով կառուցված եկեղեցին, Տեր Խոսրով քահանայի հավաստմամբ, եկեղեցական արարողությունների և պատարագների ժամանակ մշտապես մարդաշատ է: Հաշվի առնելով, որ քաղաքապետի այցելության օրը համընկել էր Հայ առաքելական եկեղեցու մեռելոց հիշատակի օրվան, եկեղեցու հոգևոր հովիվը երևանյան պատվիրակության և Ռիգայի հայ համայնքի ներկայությամբ մատուցել է հանգստյան կարգ:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի Լատգալես շրջանի ղեկավար Դմիտրի Պավլովի և հայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է նաև եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ նախատեսվում է կառուցել Երևանի պուրակ: Ռիգայի քաղաքային իշխանության և հայ համայնքի ջանքերով կառուցվող պուրակը, Դմիտրի Պավլովի հավաստմամբ, կդառնա յուրօրինակ հանգստավայր ինչպես հայ համայնքի, այնպես էլ Ռիգայի բոլոր բնակիչների համար:

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը ևս կաջակցի այգու կառուցման գործում և կանի հնարավորը, որպեսզի հանգստի գոտում առկա լինի երևանյան շունչը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիգա հրավիրված քաղաքապետերի հետ

Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հրավերով մասնակցել է այս օրերին Լատվիայի մայրաքաղաքում անցկացվող երգի և պարի տոնի շրջանակում Ռիգա հրավիրված Շվեդիայի Պորի, Նորչեպինգ և ՌԴ Պսկով քաղաքների քաղաքապետերի հետ հանդիպմանը:

Ողջունելով գործընկերներին՝ Ռիգայի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար, ընդգծելով, որ հատկապես այս տոնը մեծ նշանակություն ունի լատվիացիների համար: Հանդիպման շրջանակում քաղաքապետերը զրուցել են քաղաքային տնտեսությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ, համառոտ ներկայացրել իրենց քաղաքների կառավարման համակարգերն ու առաջնահերթությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ նման հանդիպումներն ու անմիջական շփումները լավ առիթ են քաղաքների միջև փոխշահավետ համագործակցության եզրեր գտնելու և դրա շուրջ նոր հարաբերություններ ստեղծելու համար. “Նմանատիպ հանդիպումները նպաստում են քաղաքների միջև գործընկերային կապեր ստեղծելու և դրանք առավել նպատակային հիմքերի վրա դնելու համար, քանի որ, ըստ էության, բոլոր քաղաքների խնդիրները համանման են: Ես հուսով եմ, որ այս հանդիպման արդյունքում մեր քաղաքների միջև ևս կձևավորվեն գործընկերային հարաբերություններ: Ի դեպ, օրերս մենք  Ռիգայի քաղաքապետի հետ ստորագրել ենք  եղբայրացման համաձայնագիր, ըստ որի, պարտավորվել ենք ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջև: Ձեզ նույնպես ուզում եմ վստահեցնել, որ Երևանը միշտ բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու”,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հանդիպումը կազմակերպվել էր Լատվիայի մայրաքաղաքի վերջերս հիմնանորոգված Մշակույթի տանը: Հանդիպման ավարտից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ռիգայի գործընկերոջ ուղեկցությամբ, շրջել է Մշակույթի պալատի հարակից տարածքով և ծանոթացել այլևս Ռիգայի լավագույն հանգստի գոտիներից մեկը դարձած զբոսայգու պայմաններին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Տոնախմբությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի մասնակիցներին

սերժ սարգսյանՀամաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց ողջունում եմ Երևանում տեղի ունեցող Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի բոլոր մասնակիցներին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» կազմակերպության նախաձեռնությամբ մեկ հարկի տակ հավաքվել են հայ իրավագիտական մտքի հայտնի ներկայացուցիչները:
Համահայկական մասնագիտական նախաձեռնությունները դարձել են Հայաստան-սփյուռք համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկը: Եվ դրանք արդեն որոշակի արդյունքներ են տալիս՝ բացահայտելով աշխարհասփյուռ հայության ներուժի արդյունավետ օգտագործման նորանոր օրինակներ:
Բնավ պատահական չէ, որ հայ իրավաբանների ուշադրության կենտրոնում են Հայոց ցեղասպանության իրավական հիմնախնդիրները: Դուք տեսական և գործնական ակտիվ մասնակցությունն եք ունենում դրա միջազգային ճանաչման գործընթացներին: Գնահատելի են ձեր ջանքերը տարբեր երկրների պետական և քաղաքական կառույցների ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին բևեռելու և ճշմարտությունը համայն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ՝ նպաստելով աշխարհի որևէ կետում ցեղասպանության ահավոր ոճրի կրկնության կանխարգելմանը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը և դրա հետևանքների վերացումը մշտապես արդիական են լինելու: Քանի դեռ գոյություն ունի հայոց պետությունը՝ անհաջողության են մատնվելու այս պատմական իրողությունը ուրանալու և մոռացության տալու բոլոր փորձերը: Մարդկության դեմ գործված մեծագույն այս հանցագործությունը պետք է մեկընդմիշտ ճանաչվի և դատապարտվի՝ առաջին հերթին հենց Թուրքիայի կողմից:
Սիրելի՛ բարեկամներ,
2011 թվականի ապրիլին ձևավորվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, կազմավորվեցին միջազգային խորհրդատվական խումբը, ինչպես նաև սփյուռքի համապատասխան տարածաշրջանային հանձնախմբերը: Ձեզանից շատերը, անկասկած, արդեն ակտիվորեն ներգրավվել են այդ աշխատանքներում:

Այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի նախաշեմին, դուք կարող եք մեկտեղել ձեր գիտելիքն ու փորձը, հանդես գալ առաջարկություններով և գիտական եզրահանգումներով:
Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովին մաղթում եմ բարի երթ և արդյունավետ աշխատանք:

 

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

սերժ սարգսյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Հուլիսի 5-ն իսկապես պատմական օր է մեզ համար: Այդ օրը մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը: Բայց նաև պարզ էր բոլորի համար, որ հանրաքվեով մեկ օրում ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն չեն դառնում: Դա երկար ճանապարհ է և լուրջ գործընթաց:

Մեր երկրի Հիմնական օրենքը կոչված է երաշխավորելու մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Մենք, որպես պետություն և որպես հասարակություն, քայլ առ քայլ կյանքի ենք կոչում այն մեծ նպատակը, որ արտահայտված է մեր Սահմանադրության մեջ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորելով պետական այս կարևոր տոնի առթիվ՝ ցանկանում եմ բոլորիս օր օրի ամրացող պետություն, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության հետևողական երաշխավորում և իրավունքի գերակայության սկզբունքի իրացում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Բրազիլիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

426. Minister Nalbandian recieved the ambassador of Brasil 04.07.2013 (1)Հուլիսի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Էդմոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Մոնտեյրուին նշանակման կապակցությամբ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի ու Բրազիլիայի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր առաքելության ընթացքում իր ներդրումը կունենա երկու երկրների
համագործակցության խորացման գործում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար դեսպան Մոնտեյրուն ասաց, որ Բրազիլիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ինքը կանի առավելագույնը տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու նպատակով:

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց միջխորհրդարանական կապերի
ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընլդայնմանը, գործարար կապերի
խթանմանը, արտգործնախարարությունների միջև պարբերական
խորհրդատվությունների անցկացմանը, մշակութային և կրթական ոլորտներում
փոխգործակցության նպատակով քայլերի ձեռնարկմանը:

Եկել է պատասխան տալու ժամանակը

10528_am_1Կառավարության այսօրվա նիստից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀ նախագահի` 2012 թ. սեպտեմբերին կառավարությունում անցկացրած խորհրդակցությանը, որը նվիրված էր պետական բյուջեի միջոցների ոչ արդյունավետ ծախսմանը. «Այդ խորհրդակցությունից հետո մենք բավական մեծածավալ աշխատանք ենք կատարել, ընդունվել են բազմաթիվ որոշումներ, տրվել են հանձնարարականներ, գերատեսչությունների աշխատակիցներն անցել են վերապատրաստում: Եկել է պատասխան տալու ժամանակը: Ֆինանսների նախարարությունը դիտարկումներ է իրականացրել, թե ինչպիսին է իրավիճակն այսօր: Այդ բոլոր նյութերը տրամադրվելու են ձեզ, որպեսզի դուք ուսումնասիրեք: Եկել է պատասխան տալու ժամանակը, և այսուհետև մենք լինելու ենք չափազանց խիստ ցանկացած խախտման վերաբերյալ: Պարոն Սարգսյան, ես Ձեզ հանձնարարում եմ, որ այսուհետ վերահսկողական ծառայության բոլոր բացահայտումները, ակտերն անհապաղ ուղարկեք իրավապահ մարմիններին և միևնույն ժամանակ պարբերաբար, տարեկան ծրագրին համահունչ հենց հերթական ստուգումն ավարտվի, ակտերը կազմել, հանրությանը ներկայացնել դրանց արդյունքները: Կառավարության հաջորդ նիստերից մեկում մենք կանդրադառնանք դիտարկումների արդյունքներին ըստ գերատեսչությունների և կտեսնենք` որտեղ ինչ իրավիճակ է ստեղծվել, որտեղ կան բարելավումներ, իսկ որտեղ իրավիճակը դեռևս վատ է մնում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, թե ինչպես են իրականացվում գյուղմթերումները, և ինչպիսին է իրավիճակը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան – Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ավարտվեց առաջին կիսամյակը, և մեր մշտադիտարկումների արդյունքում ես ուզում եմ ներկայացնել գյուղատնտեսության ոլորտում տիրող իրավիճակն այսօր` կապված հատկապես Արմավիրի մարզի կարկտահարությունից հետո մթերումների արտահանումների և ընդհանրապես ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ: Բոլորիդ հայտնի է, որ մայիսի 12-ին տեղի ունեցած ուժեղ կարկտահարության հետևանքով Արմավիրի մարզում տուժեցին գյուղացիական տնտեսություններ: Այդ ժամանակ գյուղացիների մոտ հուսահատ վիճակ էր: Եվ այն, ինչ կատարվեց, բնական էր: Իհարկե, այդ ժամանակ շատ դեպքերում խելք տվողները գյուղացիներին ավելի շատ են լինում, քան կոնկրետ օժանդակություն, օգնություն ցույց տվողները: Եվ պետությունն, ինչպես միշտ, այս անգամ էլ կանգնեց գյուղացու կողքին, օգնության ձեռք մեկնեց և բազմակողմանի անհետաձգելի օգնություն ցույց տվեց: Ես ուզում եմ մի քանի թվեր նշել հետևանքների կանխման և վերացման առումով. գյուղացիական տնտեսություններին տրվեցին 87 մլն դրամի սերմեր` 24 տոննա, և այդ սերմերի հաշվին կատարվեց լրացուցիչ 3800 հա կրկնացան, այսինքն` վնասված բանջարաբոստանային կուլտուրաներն ամբողջությամբ վերացանվեցին: Այսօր մենք դիտարկումների արդյունքում տեսնում ենք, որ բույսերը շատ լավ աճում են: Ուղղակի բերքահավաքի հետ կապված որոշակի ուշացումներ կլինեն, մոտավորապես 20-30 օր: Դա բնական է. գյուղացիները, միևնույն է, լրացուցիչ բերք են ստանալու: Ջրի վարձերից ազատվեցին բոլոր գյուղացիական տնտեսությունները`650 մլն դրամի չափով, հողի հարկերից` 207 մլն դրամի չափով: Լրացուցիչ պարարտանյութ տրամադրվեց Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններին` 670 տոննա: Սոցիալապես անապահով 1599 ընտանիքներին արդեն տրվում է 50 հազար դրամի չափով օգնություն: Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է տնտեսվարողների զբաղվածության խրախուսման և իրենց տնտեսությունների վերակազմավորման ծրագիր, որի արդյունքում 500 տնտեսությունների տրվելու է 171 մլն դրամի չափով օգնություն` իրենց աշխատանքները կազմակերպելու համար: Այսինքն` գյուղացիական տնտեսություններին գումար է տրամադրվելու, որպեսզի իրենց հողերը մշակեն: Բացի այդ, 50 հակակարկտային կայան պետք է տեղադրվի Արմավիրի մարզում: Եվ, ամենակարևորը, վարկերի հետաձգման խնդիրն էր: Ես պետք է շնորհակալություն հայտնեմ Կենտրոնական բանկին, որ անմիջապես արձագանքեց, և բոլոր բանկերը, վարկային կառույցներն անհատական աշխատանք են տանում բոլոր գյուղացիական տնտեսությունների հետ մինչև 3 տարով վարկերի հետաձգման, լրացուցիչ վարկերի տրամադրման առումով, և, ամենակարևորը, արտարժույթային վարկերի վերաձևակերպումը դրամական տեսքով:
Սա աննախադեպ օգնություն էր, որ տրվեց գյուղացիական տնտեսություններին: Ես ուզում եմ ուղղակի նշել, որ մեկ ամիս շարունակ մեր հասարակության մեջ այն կարծիքը ձևավորվեց, որ գյուղատնտեսության ոլորտում կատարվել է աննախադեպ բան, և ոչ մի բան չի ստացվում այս տարի, հատկապես ծիրանի, խաղողի բերք: Այսօր արդեն 20 օր է, ինչ սկսվել է ծիրանի բերքահավաքը, և բոլորս ականատես ենք, որ բարձր բերք է ապահովվել: Ամբողջ շուկաներում, փողոցների վաճառակետերում ծիրանը թափված է, և նույնիսկ 50 դրամով մարդիկ չեն կարողանում վաճառել, որովհետև բերքը շատ-շատ է: Վերամշակող գործարանները`16 ձեռնարկությունները, մթերման գործը կազմակերպել են: Դրանցից 5-ը խոշորներն են: Այսօրվա դրությամբ արդեն մթերվել է 4539 տոննա ծիրան` անցյալ տարվա 2260 տոննայի դիմաց: Արդեն արտահանվել է 12240 տոննա ծիրան` անցյալ ամբողջ տարվա 12200 տոննայի դիմաց: Այսինքն` սպասվում է լրացուցիչ 5-6 հազար տոննա ծիրանի արտահանման գործընթաց: Մի խոսքով, պտղի բերքն ընդհանրապես` ոչ միայն ծիրանի, այլ նաև դեղձի և մնացած պտղատեսակների բերքը շատ բարձր է, բարձր բերք է սպասվում:
Դուք գիտեք, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար պետությունն օժանդակության մեծ ծրագրեր է իրականացնում: Առաջինն ազոտական պարարտանյութի տրամադրումն է` 31298 տոննա, որը բաշխվել է գյուղացիական տնտեսություններին, և բավարարվել է բոլորի պահանջարկը: Եվ կարելի է ասել, որ ծրագիրն այսօրվանից ավարտվեց:
Դիզելային վառելիքը հատկացվել է 17 մլն 343 հազար տոննա, որից բաշխվել է 11 մլն 776 հազարը, մնացածի վերաբերյալ պահանջարկ չկա, և ծրագիրն ավարտվեց: Մենք արդեն վերահաշվարկ ենք անում մատակարար կազմակերպության հետ և այն սուբսիդիան, որը տրամադրել էինք նախօրոք 511 մլն դրամի չափով, իրենք պետք է վերադարձնեն պետական բյուջե: Այս վեց ամսվա ընթացքում ներկրվել և գյուղացիական տնտեսություններին է տրամադրվել 446 տոհմային երինջ` եվրոպական երկրներից:
Սերմերի առումով`ներկրվել է 850 տոննա գարի գարնանացանի համար, 9.5 տոննա եգիպտացորենի, 400 տոննա կորնգանի և 52 տոննա առվույտի սերմացու: Այս բոլորը միասին մոտավորապես 10 հազար հա լրացուցիչ ցանք է ապահովել:
Մենք արդեն երկու տարի է մեր առջև խնդիր էինք դրել կրճատել անմշակ հողերի ծավալը: Եվ եթե 2010 թ. մենք ունեինք 37 տոկոս չմշակվող հողեր, որը կազմում էր 166 հազար հա, ապա այս տարի մենք ունենք 27 տոկոս չշմակված հող: 46 հազար հա հող է լրացուցիչ մշակվել այս տարիների ընթացքում: Սա լուրջ ցուցանիշ է գյուղատնտեսության համար, հատկապես մեր սակավահող երկրի պայմաններում:
Ես ուզում եմ նշել, որ մթերումների գործընթացը շարունակվում է, հատկապես ծիրանինը, պարոն վարչապետ: Մենք արդեն լուրջ աշխատանք ենք տանում դեղձի և խաղողի մթերումները նույնպես անխափան կազմակերպելու ուղղությամբ: Բոլոր վերամշակող ձեռնարկությունների հետ բանակցություններ են վարվում. իրենց պահանջարկն ավելի շատ է, քան սպասվող բերքը: Այնպես որ մթերումների առումով մենք խնդիրներ չենք ունենա: Վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը շարունակվում է. 80 տոկոս բերքահավաքն արդեն ավարտվել է:
Շատ բարձր բերք է սպասվում, որովհետև վաղահաս կարտոֆիլը հիմնականում սպասվում է Արարատյան դաշտավայրում: Հեկտարից ստանում ենք 250-300 ցենտներ բերք, որն այս պայմանների համար շատ բարձր բերք է: Տարվա սկզբին նույնիսկ խոսակցություն գնաց, որ կարտոֆիլի ցանքատարածությունները պակաս են լինելու, բայց այսօրվա մեր դիտարկումները ցույց են տալիս, որ անցյալ տարվա չափ ցանքեր ենք մենք ունենալու և բերքատվության բարձրացման հաշվին, նոր սորտերի ներգրավման արդյունքում, որը եղավ սերմերի ազատականացման արդյունքում, մենք մի քանի անգամ ավելի բերք ենք ստանալու: Ես հիմա թիվ չեմ ուզում նշել, բայց այնքան բերք ենք ստանալու, որ մեր հանրապետության բնակչության պահանջարկը բավարարելու ենք ամբողջությամբ և մեծ քանակ ենք ունենալու արտահանման համար:
Ես ուզում եմ երկու խոսք ասել անասնապահության ոլորտի վերաբերյալ:
Պարոն վարչապետ, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ անասնագլխաքանակը կտրուկ ավելացել է՝ տավարինը մոտավորապես 68 հազարով և կազմել է 668 հազար գլուխ, որից կովերինն ավելացել է 20 հազարով, ոչխարներինն ու այծերինը՝ 84 հազար 500 գլխով և կազմել է 675 հազար գլուխ:
Գլխաքանակի ավելացումը կառավարության կողմից իրականացվող արոտավայրերի բարելավման արդյունք էր, որովհետև այդ ծրագրի մեջ ընդգրկված 55 համայնքներում արդեն ստեղծվել են կոոպերատիվներ: Ջրարբիացվել է լեռնային արոտավայրերից 62 կմ, ընթացքի մեջ են ևս 61 կմ ջրարբիացման աշխատանքներ, գյուղացիական տնտեսությունների համար ստեղծվել են խմոցներ և այլ հարմարություններ, որպեսզի արոտների շրջանում 6-7 ամիս գյուղացիական տնտեսություններն այնտեղ կարողանան նորմալ պայմաններ ունենալ: Սա կազդի նաև կաթի գների կայունացմանը: Երկու տարի առաջ, երբ կաթը մթերվում էր 80-100 դրամով, այժմ արդեն 140 դրամից պակաս չի մթերվում, իսկ ձմեռվա ամիսներին՝ 180-200 դրամով: Գյուղացիական տնտեսությունները եկամուտ ստացան, և դրա արդյունքում շահագրգռվածություն առաջացավ գլխաքանակի ավելացման համար:
Արդեն ամփոփվել են հունվար-մայիս ամիսների արդյունքները և գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1.3 տոկոս տնտեսական աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որից բուսաբուծության ոլորտն ունի 0.8 տոկոս աճ, իսկ անասնապահության ոլորտը՝ 1.4 տոկոս, ձկնաբուծությունը՝ 35.21 տոկոս աճ: Ես համոզված եմ, և այսօրվա դիտարկումները ցույց են տալիս, որ մինչև տարեվերջ մենք ունենալու ենք բարձր բերք, հատկապես հացահատիկային կուլտուրաների աննախադեպ բերք կա այս տարի, որովհետև կլիմայական պայմանները շատ բարենպաստ էին, հատկապես հացահատիկային կուլտուրաների արտադրության համար: Բոլոր նախադրյալները կան ասելու, որ մինչև տարեվերջ մենք կարող ենք ապահովել բարձր ցուցանիշներ:
Իհարկե, գյուղատնտեսության ոլորտի մասին խոսելիս չպետք է մոռանանք, որ դեռևս կան չլուծված շատ հարցեր, սակայն այն հարցերը, որոնք տարիներ շարունակ կուտակվել էին, այսօր ներառված են կառավարության առաջիկա ծրագրերում և իրենց լուծումները կստանան:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, պարոն Կարապետյան: Արմավիրի 47 համայնքներում, որոնք տուժել էին կարկուտից, ինչ-որ բերք սպասվո՞ւմ է:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան – Կարկտահարված համայնքներում, իհարկե, բերք կա, հատկապես ծիրանի բերք: Այսօր կարկտահարված բերքը բոլոր վերամշակող ընկերությունները մթերում են, նույնիսկ այն բերքը, որը շուկայում չի կարելի վաճառել: Իրենք հիմնականում բողոքում են գնից, բայց իրենք էլ շատ լավ գիտակցում են, որ նույնիսկ 50 դրամով այդ բերքը շուկայում չի իրացվի: Վերամշակող ձեռնարկություններն ըմբռնումով են մոտենում այս հարցին և իրենց կողմից օժանդակում են գյուղացիական տնտեսություններին: Նույն համայնքներում կան տնտեսություններ, որոնք տուժել են 100 տոկոսով, տնտեսություններ կան` 50 տոկոսով և այլն: Վնասը տարբեր աստիճանների է: Այսինքն, այդ համայնքներում բերք կա: Իհարկե, ես ուզում եմ նշել գյուղացիական տնտեսությունների աշխատանքները, որոնք իրենց գործի վարպետն են, իրենց գործը շատ լավ հասկանում են, և յուրաքանչյուրն իր հողը պարապ չի թողնում, անպայման պետք է մշակի: Շատ լավ մշակված են դաշտերը, նույնիսկ կարկտի հետքերը չեն երևում: Միայն խաղողի այգիներում բերքը պակաս է երևում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ: Պարոն Ջավադյան, թեժ գծով զանգերի քանակը նվազո՞ւմ է:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան – Պարոն վարչապետ, ինչպես ներկայացվեց անցյալ հաշվետվության ժամանակ, այն ժամանակ 20 օրվա ընթացքում ունեինք 97 բողոք, երկրորդ 20-օրյակի ընթացքում ունենք ընդամենը 47 բողոք, ու դրական զարգացումների մասին են վկայում նաև տասնօրյակների զարգացումները: Վերջին 10 օրվա մեջ ընդամենը 7 բողոք ենք ունեցել: Նույնիսկ արդեն ունենք բավական դրական արդյունքներ, և մարդիկ շնորհակալություն են հայտնում: Կառավարության համապատասխան որոշումներից հետո իրավիճակը կարելի է գնահատել բարվոք, գործընթացներն ամբողջությամբ վերահսկելի են, օրական մոտավորապես տրամադրվում է 200-220 մլն դրամի վարկ: Մինչև օգոստոսի 1-ն այդ գործընթացն ամբողջությամբ կավարտվի:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան –  Պարոն Ասատրյան, կանխիկ գումարի վճարումները, որ մենք բյուջեից հատկացրեցինք, ե՞րբ են սկսվելու:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան – Այսօր, պարոն վարչապետ: Ցուցակներն արդեն տրամադրված են, այսօր ֆինանսավորման հայտը ներկայացվել է, և այսօր էլ 1600 ընտանիքի վճարումները կարվեն:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ: Պարոն Գևորգյան, ևս մեկ անգամ մարզպետին հանձնարարեք, որպեսզի ցուցակներն անպայման փակցված լինեն, և հանրությունը կարողանա վերահսկել նրանց, ովքեր կանխիկ օգնություն են ստանում պետությունից, որովհետև ինձ երեկ ահազանգում էին, որ մի քանի համայնքներում այդ ցուցակները չկան: Շնորհակալություն:

ՀՀ վարչապետը շնորհավորել է ԱՄՆ փոխնախագահին` ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենին` Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, որում ասված է.
«Հարգելի պարոն փոխնախագահ,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Զեզ և Ամերիկայի ողջ ժողովրդին խաղաղություն և բարօրություն:
Օգտվելով պատեհ առիթից՝ ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում՝ նպաստելով մեր երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսության զարգացմանն ու քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի գործադրել ամեն ջանք մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա կատարելագործման համար»:

Ընդունելություն՝ ի պատիվ երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցների

 3437Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը ի պատիվ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցների՝ կազմակերպել է ընդունելություն:

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետին` Յակուտիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

10520_am_1Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին`Յակուտիայում ուղղաթիռի կործանման և տասնյակ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժան Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ` Յակուտիայում ուղղաթիռի կործանման և տասնյակ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:
Ես կիսում եմ ռուս ժողովրդի ցավը և խնդրում զոհվածների հարազատներին ու բարեկամներին փոխանցել զորակցության և կարեկցանքի խոսքեր»:

 

ԱԳ նախարարի ելույթը «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում» համաժողովին

425. FM opening speech at Rule of law conference 03.07.2013Եվորպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, ԱԳ նախարար Էդվրադ Նալբանդյանը ելույթ ունեցավ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում» համաժողովին: 

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի, Սահմանդրական դատարանի, Արտաքին գործերի նախարարության, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կողմից Երևանում կազմակերպած «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում» համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը մասնավորապես ասաց.

“Հարգարժան Ազգային Ժողովի նախագահ,

Հարգարժան Սահմանադրական դատարանի նախագահ,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարգարժան Նախագահ,

Վենետիկի հանձնաժողովի հարգարժան Նախագահ,

Համաժողովի հարգելի մասնակիցներ, տիկնայք և պարոնայք,

Իբրև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, պատիվ ունեմ Նախարարների կոմիտեի անունից ողջունելու ձեզ Երևանում՝ Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում» խորագրով Համաժողովի առիթով:

 

Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո առաջին անգամ, 2013թ. մայիսի 16-ին, Հայաստանը ստանձնեց Նախարարների կոմիտեի նախագահությունը: Այս կարևոր առաքելությունը մենք առաջին հերթին դիտարկում ենք իբրև հավելյալ հնարավորություն մեր ներդրումը բերելու ժողովրդավարության զարգացմանն ուղղված Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միասնական ջանքերին:

Նախագահությունը նաև մարտահրավեր է Եվրոպայի Խորհրդի ցանկացած անդամ երկրի համար, որովհետև եվրոպական մայրցամաքն այսօր բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնք կարող են դժվարություններ ստեղծել մեր հիմնարար արժեքների պաշտպանության գործում։ Այն նաև մեծ պատասխանատվություն է, քանի որ կազմակերպության հաջողությունը կախված է ոչ միայն Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ երկրի ներդրած ջանքերից, այլ նաև այդ ջանքերի պատշաճ առաջնորդությունից։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունները հիմնված են կազմակերպության երեք հենասյուների վրա՝ առանձնացնելով արդի ժամանակաշրջանում մեր կարծիքով առավել մեծ ուշադրություն և  համարժեք արձագանք պահանջող հարցերը: Դրանցից կնշեի Եվրոպայում ռասիզմի և այլատյացության, ատելության խոսքի դեմ պայքարը, միջմշակութային և միջկրոնական երկխոսության խրախուսումը, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչների ամրապնդումը, ժողովրդավարական հասարակությունների խթանումը:

Հայաստանի նախագահությունը նաև մեծ կարևորություն է տալիս բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացմանը,  Եվրոպայի խորհրդի բարեփոխումներին, եվրոպական ընդհանուր ճարտարապետության մեջ կազմակերպության դերի ամրապնդմանը, գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի հարևան տարածաշրջանների հետ երկխոսության զարգացմանը:

Տիկնայք և պարոնայք,

2013թ. մայիսի 16-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանի ընթացքում, մենք բավական հետաքրքրիր և բովանդակալից քննարկում ունեցանք՝ փորձելով պատասխանել այն հարցին, թե ինչ պետք է անեն Եվրոպայի Խորհուրդը և անդամ երկրները՝ Եվրոպայի Խորհրդի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Մենք բոլորս համակարծիք էինք, որ Եվրոպայի Խորհուրդը մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության պաշտպանության և տարածման բացառիկ մեխանիզմ է: Այդ մեխանիզմը բացառիկ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությամբ, որը 800 միլիոն եվրոպացիների իրավունքների պաշտպանության վերազգային երաշխավորն է, այդ մեխանիզմը բացառիկ է իր ստեղծած պարտադիր բնույթ ունեցող նորմերով ու չափորոշիչներով, այն բացառիկ է իր ինստիտուցիոնալ կառուցվածքով և համաեվրոպական ընդգրկմամբ:

Կազմակերպության գործունեության արդյունավետությունն ու նրա վստահելիությունը մեծապես կախված են այն հանգամանքից, թե որքանով անդամ երկրները միասնաբար և յուրաքանչյուրն անհատապես հավատարիմ կմնան ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքներն ամրապնդելու և առաջ տանելու իրենց հանձնառությանը:

Տիկնայք և պարոնայք,

Իրավունքի և օրենքի գերակայությունների տարբերակման, եվրոպական չափորոշիչների և իշխանությունների հայեցողության սահմանների վերաբերյալ կարծիքները և մեկնաբանությունները թողնելով այս դահլիճում ներկա ոլորտի պատկառելի պատասխանատուներին և մասնագետներին, կցանկանայի ընդգծել իրավունքի գերակայության կարևորությունը մեր երկրների ու հասարակությունների զարգացման համար:

Արիստոտելն ասել է ՙՙՕրենքը կարգուկանոն է, իսկ լավ օրենքը՝ լավ կարգուկանոն”: Այս համաժողովի աշխատանքները նաև կարող են նպաստել օրենքի և դրա կիրառելիության կատարելագործմանը եվրոպական մայրցամաքում և այս գործընթացում իրենց ներդրումը կարող են բերել ինչպես Նախարարների կոմիտեն և Խորհրդարանական Վեհաժողովը, այնպես էլ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ու Վենետիկի Հանձնաժողովը:

Ավարտելով խոսքս, կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայաստանի Սահմանադրական դատարանին և անձամբ նախագահ Գագիկ Հարությունյանին այս համաժողովը նախաձեռնելու համար, որի կարևորության ամենավառ վկայությունը մասնակիցների ներկայացուցչական կազմն է և աշխարհագրական լայն ընդգրկումը:

Շնորհակալություն եմ հայտնում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուկիկիոյին համաժողովի կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև բոլոր մասնակիցներին՝ համաժողովի աշխատանքներին իրենց ներդրումը բերելու համար:

Հաջողություն եմ մաղթում «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորագրով համաժողովի և վստահ եմ, որ այն իր կարևոր ներդրումը կբերի այս խիստ արդիական քննարկումներին:

Շնորհակալություն:”