Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցներին

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՄարդու իրավունքների եվրոպական դատարանի հարգելի՛ պարոն նախագահ,

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի հարգելի՛ պարոն նախագահ,
Խորհրդաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում մենք նախաձեռնեցինք այս խորհրդաժողովի հրավիրումը` հատկապես կարևորելով հիմնախնդիրը, որն այս օրերին բոլոր մասնակիցների կողմից դառնալու է շահագրգիռ քննարկումների առարկա:

Մեր երկրի ու իշխանությունների համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է նախագահել Եվրոպայի խորհրդում: Այս վեցամսյա ժամանակահատվածը մենք ձգտելու ենք արժևորել այնպիսի նախաձեռնություններով, որոնք նոր խթան կդառնան եվրոպական արժեքային համակարգի հետագա զարգացման ու ամրապնդման, իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրագործման համար:

Ժողովրդավարական զարգացումների անխուսափելի տրամաբանությունն էր, որ եվրոպական իրավական համակարգում իրավունքի գերակայության երաշխավորումը դարձավ անկյունաքարային արժեք: Եվրոպայի խորհրդի` 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված կանոնադրության 3-րդ հոդվածում միանշանակ սահմանվեց, որ Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է ընդունի իրավունքի գերակայության սկզբունքը: Նման մոտեցումը նոր որակ հաղորդեց նաև միջազգային հարաբերությունների հետագա ծավալմանը` դրանց հիմքում դնելով արժեքային հստակ կողմնորոշիչ, որի համաձայն՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեք են: Իր հերթին՝ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք: Սրանք նաև մեր երկրի Սահմանադրության սահմանադրական կարգի հիմունքներում ամրագրված դրույթներ են, որոնք կանխորոշում են անհատի ու պետական իշխանության վարքագիծն իրավական պետության ու քաղաքացիական հասարակության կայացման գործում:

Համոզված եմ, որ ժողովրդավարական բոլոր երկրներում սահմանադրական մակարդակում այս կամ այլ կերպ ամրագրված է իրավունքի գերակայության սկզբունքի էությունը: Սակայն գլխավոր խնդիրն այն կյանքի կոչելն է, իրավունքով իշխանության սահմանափակումը կյանքի կանոն դարձնելը:
Հատկապես նոր ժողովրդավարության երկրների համար դա պահանջում է համակարգված ու հետևողական աշխատանք: Պահանջում է անկախ դատական համակարգի առկայություն և անաչառ արդարադատության իրականացում:

Մեր երկիրն այս ոլորտներում համակարգային բարեփոխումների նոր փուլ է թևակոխել և հետևողականորեն իրականացնում է մեծ հեռանկարների միտված ծրագրեր: Դրանց բոլորի առանցքը մարդն է, նրա իրավունքների ու ազատությունների երաշխավորումը, երկրում այնպիսի մթնոլորտի ձևավորումը, որտեղ կգերակայեն հանդուրժողականությունը, բազմակարծությունը, անխտրականությունը, արդարությունն ու փոխադարձ վստահությունը:

Համոզված եմ նաև, որ իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչներին ու իշխանությունների հայեցողության սահմանների հիմնախնդիրներին նվիրված համաեվրոպական այս բացառիկ խորհրդաժողովը մնայուն ավանդ կբերի ինչպես մեր երկրում, այնպես էլ Եվրախորհրդի անդամ մյուս երկրներում առկա մարտահրավերների հաղթահարման, մարդկանց իրավունքների առավել արդյունավետ երաշխավորման, ապահովման ու պաշտպանության գործում:

Կրկին ողջունում եմ խորհրդաժողովի մասնակիցներին և մաղթում արդյունավետ ու արգասաբեր աշխատանք:

ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ Եգիպտոս այցելելուց

ԵգիպտոսՀաշվի առնելով Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները՝ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին առանց հույժ անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։

Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ զանգվածային կուտակումների վայրերից և որևիցե խնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ +202 27374157:

 

Միջուկային անվտանգությանը նվիրված ԱԷՄԳ նախարարական համաժողով Վիեննայում

OLYMPUS DIGITAL CAMERAՀուլիսի 1-ին Վիեննայում մեկնարկեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` (ԱԷՄԳ) Միջուկային անվտանգությանը նվիրված նախարարական համաժողովը: Համաժողովը գումարվել է ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն Յ. Ամանոյի նախաձեռնությամբ եւ միտված է վերանայելու միջուկային անվտանգության ամրապնդմանն ուղղված անցյալի ձեռքբերումները, ներկա մոտեցումները եւ մատնանշելու ապագա առաջնայնությունները:

Համաժողովին մասնակցում են մոտ 1300 պատվիրակ, 34 նախարար եւ 31 կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախարարական համաժողովի արդյունքները հիմք կծառայեն ԱԷՄԳ 2014-2017թթ. միջուկային անվտանգության ծրագրի մշակման համար:

Համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, Միջուկային անվտանգության կարգավորման պետական  կոմիտեի ներկայացուցիչներ:

Իր ելույթում դեսպան Կիրակոսյանը վերահաստատեց միջուկային զենքի չտարածմանը եւ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործմանն ուղղված  Հայաստանի կառավարության հանձնառությունը: Նա անդրադարձավ ՀԱԷԿ-ում միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության նպատակով ձեռնարկված քայլերին եւ ապահովության միջոցառումներին: ՀՀ մշտական ներկայացուցիչը տեղեկացրեց նաեւ Հայաստանի կողմից վերջերս վավերացված ոլորտի կոնվենցիաների, ընդունված օրենքների, ինչպես նաեւ միջուկային անվտանգության ոլորտում ԱԷՄԳ եւ անդամ երկրների հետ իրականացվող ծրագրերի մասին:

Նույն օրը համաժողովն ընդունեց նախարարական հռչակագիրը, որում, մասնավորապես, նշվում է, որ անդամ երկրները շարունակում են մտահոգված մնալ միջուկային եւ ճառագայթային ահաբեկչության սպառնալիքով, կարեւորում են ԱԷՄԳ դերը համընդհանուր միջուկային անվտանգության ամրապնդման գործում եւ կոչ անում երկրներին պահպանել միջուկային անվտանգությունը, այդ թվում՝ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանությունը, դրանց տեղափոխումը, օգտագործումն ու պահեստավորումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

 serj

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Յակուտիայում ՄԻ-8 ուղղաթիռի կործանման կապակցությամբ, որը դարձել է բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ:

Հանրապետության Նախագահը խնդրել է վշտակցության և զորակցության խոսքեր փոխանցել աղետի հետևանքով զոհվածների հարազատներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ տուժածներին:

ՀՀ վարչապետ. «ԱՄՆ դեսպանի դիտարկումները տեղին են և մեզ համար ընդունելի»

10517_am_1Ս.թ. հունիսի 30-ին Գյումրի կատարած այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «ԴիջիԹեք» գործարար համաժողովի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի այն հայտարարությանը, որ կառավարությունները պետք է հնարավորինս քիչ միջամտեն ՏՏ ոլորտին, և ոլորտը պետք է ինքնուրույն ընտրի զարգացման ուղին:

Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին, որովհետև նա շահագրգիռ ձևով օժանդակում է մեզ` առաջ տանելու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը: Մենք դեսպանի հետ Սիլիկոնային հովտում էինք, և նա կիսվում էր դահլիճի հետ իր տպավորություններով և դասերով, որ միասին քաղել էինք Սիլիկոնային հովտում: Դեսպանի դիտարկումները տեղին են և մեզ համար ընդունելի: Դա վերաբերում էր այն փուլին, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ստեղծվում են ինստիտուցիոնալ հիմքեր, և ապագայում այդ մրցակցության մեջ կառավարությունները պետք է դերակատարում չունենան, որպեսզի շուկան ինքը խթաններ ստեղծի զարգացումների համար: Դրանք այն դասերն էին, որ դեսպանի հետ բերել էինք Երևան: Ցավոք, պետք է նշենք, որ երևի, որոշ մեկնաբաններ դեսպանի խոսքը համատեքստից դուրս էին բերել և փորձում էին դա վերագրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այդպես չէ: Նա ընդհանրական դատողություններ էր անում, որոնց հետ ես ամբողջովին համաձայն եմ»:

 

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիգերիայի դեսպանը

3432 (1)

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ալհաջի Թուքուր Մանին (նստավայրը՝ Թեհրան):

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Նիգերիայի ակտիվ գործունեությունը Աֆրիկյան միության շրջանակներում, կարևորում նաև այդ երկրի ներդրումը աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման գործում:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու նպատակով իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:

Հանդիպմանը երկկողմ հարաբերություններից բացի, կարևորվել է նաև բազմակողմ ձևաչափով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը:

Շահագործման է հանձնվել բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ

001 (16)Երևանի համար 52 հիմնական դպրոցի բակում շահագործման է հանձնվել եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը։ Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Մարսելի փոխքաղաքապետ Կոլետ Բաբուչյանին և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթան:

Եվրամիության CIUDAD/GOSPEL ծրագրի  առանձնահատկություններից մեկն այն է, որ մարզահրապարակը պետք է ծառայի ինչպես դպրոցին, այնպես էլ հարակից շենքերի բնակիչներին, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերին։ Բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը նախատեսված է նաև հաշմանդամների համար։ Ծրագրի նպատակն է գտնել սպորտի բնագավառում կառավարման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան սպորտի միջոցով բարելավել քաղաքներում կյանքի որակը ՝ ընդգրկելով նաև հաշմանդամներին և բնակչության խոցելի խմբերին:

GOSPEL–ը  (Կառավարումը Սպորտի բնագավառում որպես սոցիալական ուղեցույց) Եվրոպական Միության CIUDAD (Քաղաքային զարգացման և երկխոսության համագործակցություն) ծրագիրրի մի մասն է, որի շրջանակներում համագործակցում են Հայաստանը (Երևան), Թունիսը (Մահդիա), Գերմանիան (Համբուրգ), Խորվաթիան (Սպլիտ) և Նորվեգիան (Տրոնդհեյմ):  Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և գործընկեր քաղաքներում պարբերաբար կազմակերպվում են փորձի փոխանակման սեմինարներ:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գործող համար 52 դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ Երևանի քաղաքապետարանի հետ իրականացված համատեղ առաջին ծրագիրն է։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

3428Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ:

Հանրապետության Նախագահը տոնի կապակցությամբ նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ

Մեծարգո պարոն Նախագահ,

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:

Մեր երկրների միջև գործընկերային սերտ կապերը վերջին տարիներին զգալի վերելք են արձանագրել, և այսօր մենք գտնվում ենք միջպետական հարաբերությունների բարձրակետում, տարբեր ոլորտներում ունենք համագործակցության աննախադեպ մեծ ծավալ: Մենք բարձր ենք գնահատում այն գործնական աջակցությունը, որ Միացյալ Նահանգները ցուցաբերում է Հայաստանին՝ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ ժողովրդավարական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում: Մենք մեծապես շահագրգռված ենք ամբողջությամբ օգտագործելու երկկողմ հարաբերություններում առկա պատկառելի ներուժը և նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները:

Հատուկ դրվատանքի է արժանի Միացյալ Նահանգների ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Համոզված ենք, որ Ձեր վարչակազմը կշարունակի իր ակտիվ միջնորդական առաքելությունը և կնպաստի մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը:

Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը:

Վարչապետն ընդունել է ՄԻԵԴ նախագահին

10513_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին:
Ողջունելով պարոն Շպիլմանի այցը Հայաստան՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը: «Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, որոնք վեր են հանել մեր երկրի օրենսդրական բացերը, մենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ ենք կատարել: Այդ տեսակետից, մենք մեծապես կարևորում ենք երկկողմ համագործակցության սերտացումը»,– ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն ունի բարեփոխումների մեծ օրակարգ: Վարչապետը փաստել է, որ քաղաքացիական հասարակության կայացման գործում առկա են շոշափելի արդյունքներ, ինչն արձանագրել է նաև ընդդիմությունը:
Իր հերթին, Դին Շպիլմանը ևս կարևորել է Հայաստանի հետ երկխոսության զարգացումը և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում այն կստանա որակական նոր մակարդակ:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ամուր հիմքերի ստեղծմանը, արդարադատության ոլորտին, ինչպես նաև ՄԻԵԴ-ի կողմից քննվող տարբեր գործերին առնչվող հարցեր:

ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԵՄ կողմից Դիվանագիտական դպրոցի աջակցության ծրագրի մեկնարկին նվիրված ընդունելություն

ԱԳՆ

ԱԳՆ

Հուլիսի մեկին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված

Դիվանագիտական դպրոցին ԵՄ կողմից աջակցության ծրագրի նոր փուլի
մեկնարկին:
Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Դիվանագիտական դպրոցի գործընկեր ԲՈՒՀ-երի ղեկավարներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, Դիվանագիտական դպրոցի տարբերի տարիների շրջանավարտներ:
Իր ողջույնի խոսքում կարևորելով Դիվանագիտական դպրոցի գործունեությունը՝ որակյալ դիվանագիտական կադրերի պատրաստման գործում, նախարար Նալբանդյանը նշեց, որ բացումից ընդամենը երեք տարի անց Հայաստանի Դիվանագիտական դպրոցը վերաճել է լավ համբավ ունեցող ուսումնական հաստատության,  որն առաջարկում է բարձրորակ մասնագիտական կրթություն նրանց,  ովքեր ձգտում են համալրել ՀՀ դիվանագիտական ծառայությունը,  ինչպես նաև վերապատրաստման ծրագրեր` իրենց կարիերայի կայացման ճանապարհին գտնվող դիվանագետներին և պետական այլ հաստատությունների արտաքին կապերի վարչությունների աշխատակիցներին:
“Այս ընթացքում Դիվանագիտական դպրոցը տվել է շուրջ ութ տասնյակ
շրջանավարտ, որոնցից 41-ը ներկայումս աշխատում են Արտաքին գործերի
նախարարությունում: Այս նոր ծրագրի մեկնարկը վառ հաստատումն է այն բանի,
որ մեր միջազգային գործընկերները դրական են գնահատում Դիվանագիտական
դպրոցի նվաճումները”. – ասաց արտգործնախարարը:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպական Միությանը, բոլոր գործընկեր կազմակերպություններին ու երկրներին, որոնք նպաստել են Դիվանագիտական դպրոցի զարգացմանը կայացմանը, ինչպես նաև այն բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնագետներին և հրավիրյալ դասախոսներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կրթական գործընթացում վերջին մի քանի տարիների ընթացքում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան իր խոսքում, անդրադարձավ Դիվանագիտական դպրոցի անցած ճանապարհին, ընդգծելով, որ այն իր գործունեության կարճ ժամանակահատվածում այն բավականին շոշափելի արդյունքների է հասել և ԵՄ կողմից ֆինանսավորվող նոր ծրագիրը այդ անցած ուղու գնահատականն է։
2013թ. մայիսին մեկնարկած Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող նոր ծրագիրը աջակցելու է ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը։ Ծրագիրը կներառի նաև տեղեկատվական և արտադասարանային մի շարք լրացուցիչ միջոցառումներ, ուսումնական այցեր Բրյուսելում և Վիեննայում տեղակայված եվրոպական և միջազգային կազմակերպություններ։

 

Նախագահը հրամանագիր է ստորագրել 4 անձանց Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին

ստորագրելՍերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մի շարք անձանց Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին: Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կազմավորման 15-ամյակի կապակցությամբ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝

Սուրեն Ռաֆիկի ԱՆՏՈՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր

Դավիթ Զաքարի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ

Էրնա Վլադիմիրի ՀԱՅՐԻՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր»:

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի տեղակալին

ԱգնՀուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրենի տեղակալ, տեխնիկական համագործակցության ստորաբաժանման տնօրեն Կուակու Անինգին:

Զրուցակիցները փաստեցին, որ Հայաստանը ԱԷՄԳ համար հուսալի գործընկեր է, եւ ԱԷՄԳ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցությունը ծառայում է իր նպատակին` ուղղված լինելով ՀԱԷԿ տեխնիկական վերազինմանը եւ անվտանգության ամրապնդմանը: ԱԷՄԳ աջակցությամբ յուրաքանչյուր տարի վերապատրաստվող հայ մասնագետները ծանոթանում են միջուկային ոլորտի զարգացումներին եւ ձեռք բերում անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ, որը նրանց հնարավորություն կընձեռի այլ երկրներում հանդես գալու որպես փորձագետներ:

Կարեւորելով իր առաջին այցը Հայաստան` Կ. Անինգը նշեց, որ ԱԷՄԳ-ը մեծ նշանակություն է տալիս վերահսկողական մեխանիզմների արդյունավետ կիրառմանը, քանի որ դրանք միջուկային անվտանգության ապահովման հենասյունն են: Կ. Անինգն ընդգծեց, որ Հայաստանը ոչ միայն շահում է ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության ծրագրից, այլ նաեւ դրանում ունենում իր կարեւոր ներդրումը:

Փոխնախարար Հովակիմյանը շեշտեց, որ Հայաստանը կարեւորում է ԱԷՄԳ հետ հարաբերությունների հետագա սերտացումը` Հայկական ատոմակայանի անվտանգության շարունակական եւ հետեւողական ամրապնդման, ինչպես նաեւ նոր ատոմակայանի կառուցման տեսանկյունից:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՀարգելի՛ դատախազներ,
Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:

Հայաստանի դատախազությունը գրեթե մեկդարյա իր տարեգրությամբ պատվով է իրականացրել իր լիազորությունները, երկրում ապահովել օրինականությունն ու իրավակարգը, իսկ նորանկախ Հայաստանում իր ուշադրությունը բևեռել է նաև մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության վրա:

Այսօր էլ դատախազությունը շարունակում է պատասխանատվության զգացումով կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իր լիազորությունները և հաջողությամբ դիմագրավել ժամանակի մարտահրավերներին: Դատախազության համակարգում շատ են բանիմաց, հմուտ ու նվիրյալ դատախազները, որոնց արդյունավետ գործունեությունը դատախազության հետագա հաջողությունների և, վերջին հաշվով, երկրի առաջընթացի գրավականն է:

Գոհունակությամբ պետք է նշել, որ Հայաստանի դատախազությունը ակտիվորեն ներգրավվել է անդրազգային այնպիսի հանցագործությունների դեմ պայքարում, ինչպիսիք են փողերի լվացումը և թրաֆիքինգը: Այդ բնագավառում Հայաստանի առաջընթացն արձանագրել են նաև միջազգային կառույցները, որոնց հետ համագործակցության դրական փորձ է ձևավորվել: Խրախուսելի է նաև, որ Հայաստանի դատախազությունը բազմաթիվ երկկողմ համաձայնագրեր է կնքել արտասահմանյան երկրների համապատասխան կառույցների հետ:

Կրկին շնորհավորելով հոբելյանի և մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ դատախազական դժվարին ծառայության մեջ և առողջություն ձեզ և ձեր ընտանիքներին:

Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

10511_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը, մասնավորապես, անդրադառնալով կարկտահարության հետևանքով գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակին՝ նշել է, որ ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի արձագանքը առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ եղել է արագ և թիրախավորված: Մարկ Հորթոնը ընդգծել է նաև, որ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի մակարդակը շարունակում է պահպանվել ըստ նախատեսված ցուցանիշների, ինչը կնպաստի տնտեսության կայունության պահպանմանը:
Զրուցակիցները, բարձր գնահատելով արդեն իսկ եզրափակվող ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագիրը՝ քննարկել են երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր:

Դեսպան Փոլադյանի հանդիպումը Հորդանանի առեւտրի եւ տնտեսության նախարարի հետ

ԱգնՀունիսի 25-ին Հորդանանում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ ՀՀԹ առեւտրի եւ տնտեսության նախարար Հաթեմ ալ-Հալուանիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք կարեւորեցին երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը: Դեսպանը նախարարին ներկայացրեց Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերը, ինչպես նաեւ դրանց զարգացման առաջնահերթությունները: Նախարարն իր հերթին կարեւորեց երկու երկրների միջեւ օդային կանոնավոր հաղորդակցություն հաստատելու  եւ համատեղ գործարար համաժողովներ կազմակերպելու անհրաժեշտությունը:

Քննարկվեցին նաեւ առեւտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի հաստատմանն առնչվող հարցեր:

Քննարկվել են առողջապահական զբոսաշրջությանն առնչվող հարցեր

001 (15)Երևանում առողջապահական տուրիզմի համակարգմանն ու զարգացմանն առնչվող հարցեր են քննարկել Բժշկական տուրիզմի ասոցիացիայի պատվիրակության անդամներն ու Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև Առողջապահության և Արտաքին կապերի վարչությունների ղեկավարները: Քաղաքապետարանի պատասխանատուները հյուրերին ներկայացրել են  մայրաքաղաքում  համապատասխան ոլորտների հնարավորություններն ու առկա ներուժը։

Բժշկական տուրիզմի սեմինարին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Բժշկական տուրիզմի ասոցիացիայի պատվիրակության ղեկավար, ասոցիացիայի նախագահ Ռենե-Մարի Ստեֆանոն նշել է, որ իրենց կազմակերպությունը հետաքրքված է ոլորտի երևանյան միջավայրով և առաջարկել է աջակցության կամ համագործակցության եզրեր փնտրել։

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանն ընդգծել է, որ Երևանի մի շարք բուժհաստատություններ իրենց մատուցած որակյալ բուժծառայություններով կարող են նաև հետաքրքրել բազմաթիվ երկրների քաղաքացիների և, ըստ այդմ, նպաստել բժշկական զբոսաշրջության զարգացմանը։

«Այցի ընթացքում նախատեսել ենք լինել Երևանի մի քանի բուժհաստատություններում՝ ուսումնասիրելու հնարավորությունները, առաջարկները: Դա կնպաստի երկկողմ փոխշահավետ համագործակցություն սկսելուն»,– նշել է Բժշկական տուրիզմի ասոցիացիայի նախագահ Ռենե-Մարի Ստեֆանոն։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազների պատվիրակությանը

3418

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի առիթով եվրոպական մի շարք երկրներից և ԱՊՀ-ից Հայաստան ժամանած գլխավոր դատախազների պատվիրակությանը, ովքեր Երևանում մասնակցում են նաև Հայաստանի դատախազության մասնագիտական տոնի առթիվ տեղի ունեցող միջոցառումներին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և կարևորել նրանց այցը փորձի փոխանակման, տարբեր երկրների և հասարակությունների առջև օրինականության, իրավակարգի և կայունության ապահովման առումով ծառացած արդի մարտահրավերներն ու սպառնալիքները քննարկելու, դրանց դիմակայման արդյունավետ ուղիներ գտնելու տեսանկյունից ևս:

Ընդգծելով, որ 21-րդ դարում աշխարհի որևէ երկիր ի վիճակի չէ միայնակ արդյունավետ պայքար իրականացնել կազմակերպված հանցավորության դեմ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին, ովքեր սերտորեն համագործակցում և իրավական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին:

Հանրապետության Նախագահը հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային պարգևատրել է Պատվո շքանշանով՝ արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար: Նախագահը շնորհավորել է Յուրի Չայկային ՀՀ պետական բարձր պարգևի արժանանալու համար և նրան ու հանդիպմանը մասնակցող օտարերկրյա մյուս պետությունների գլխավոր դատախազներին մաղթել հաջողություններ՝ իրենց կարևորագույն գործում:

ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր գործունեությունը նման բարձր գնահատականի արժանացնելու և պարգևի համար՝ խորհրդանշական համարելով, որ պարգևատրման արարողությունը տեղի է ունենում ՀՀ դատախազության 95-ամյակի տոնակատարության օրերին: Նրա խոսքով, Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների աշխատողները, իրավամբ, հպարտանում են համատեղ պատմության փառավոր էջերով և հաղթանակներով: Յուրի Չայկան գոհունակությամբ է փաստել, որ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ձևավորվել են հարաբերություններ, որոնք լիարժեքորեն կարող են կոչվել ռազմավարական գործընկերություն: ՌԴ գլխավոր դատախազը կարևորել է ոչ միայն երկկողմ փոխգործակցությունը, այլ նաև ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կորդինացիոն խորհրդում, Եվրոպայի խորհրդի մարմիններում, ինչպես նաև Դատախազների միջազգային ասոցիացիայի շրջանակներում համատեղ արդյունավետ աշխատանքը:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ

10505_am_1Մեծարգո պարոն Նախագահ.

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 59-րդ տարեդարձի առթիվ: Անգնահատելի է այն ներդրումը, որ Դուք ունեք անկախ Հայաստանի նորագույն պատմության մեջ` արցախյան հաղթական ազատամարտից մինչև հայկական բանակի ստեղծում, և, վերջապես, պետականաշինություն: Վստահ եմ, որ վերջին տարիներին Ձեր նախագահությամբ մեր երկրում տարվող բարեփոխումների քաղաքականությունն անշրջելի է:
Մեծարգո Սերժ Ազատի.
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ` մաղթում եմ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, որոնք, ի սպաս են դրվելու Հայաստանի և հայ ժողովրդի բարօրությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը

18787972-274C-46F9-9690-5416C94F1FB7_w640_r1_s

Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին ի թիվս այլ երկրների ղեկավարների շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հարգելի Սերժ Ազատի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Դուք իրավամբ վայելում եք բարձր հեղինակություն Ձեր Հայրենիքում և արտերկրում: Դժվար է գերագնահատել Ձեր ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք հիմնված են մեր ժողովուրդների միջև բարեկամության և փոխադարձ հարգանքի վաղեմի ավանդույթների վրա:

Մեր վերջին հանդիպումները նպաստեցին երկկողմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական և այլ ոլորտներում կառուցողական համագործակցության, միջազգային ասպարեզում, հատկապես՝ ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ընդլայնմանը: Այդ ամենը բխում է Ռուսաստանի և Հայաստանի արմատական շահերից, ընթանում է Անդրկովկասում անվտանգության և կայունության ապահովման հունով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և նոր հաջողություններ»,-ասված է ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Շնորհավորանքներ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ

serj

 

Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: