Արմեն Ռուստամյանը նոր կառավարությունից ոչ մի լուրջ դրական տեղաշարժ չի սպասում

arm136575463732ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին անդրադարձավ կառավարության ծրագրին՝ հարց բարձրացնելով. “Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ մեր քաղաքացին այս ծրագրից ու կառավարությունից: Ցավոք, ոչ մի լուրջ դրական տեղաշարժ իմաստ չունի սպասել”,-հայտարարեց պատգամավորը:

Իր տեսակետը նա հիմնավորեց նախ և առաջ նրանով, որ կառավարության ծրագիրը, ըստ էության, կապ չունի Հայասատանի հետ և բացարձակապես չի համապատասխանում երկրի առջև ծառացած մարտահարավերներին: “Իսկ կառավարությունը տիպիկ դրսևորումն է վերարտադրվող իշխանության, նրա իրական պատկերն է: Դրա համար էլ կառավարությունը չի փոխվել, ինչպես չի փոխվում վերարտադրվող իշխանությունը”,-ասաց նա:

Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի՝ ակնհայտ է, որ վերարտադրման բնույթ ունեցող իշխանության մեջ չի կարող այլ կառավարություն լինել, քան այն, որը պարտավոր է անխափան կերպով ապահովել այդ վերարտադրումը: Հետևաբար կառավարության իրական դերն ու նպատակը հենց սա է, իսկ նրա ծրագիրը լոկ այս իրողության քողածածկույթն է: “Հենց այս պատճառով էլ կառավարության ծրագրի ներկայացումը Ազգային ժողովում վեր է ածվում սոսկ ընթացակարգով նախատեսված մի ձևական միջոցառման, ինչպես այս իշխանությունների օրոք տեղի ունեցող ցանկացած գործընթաց՝ սկսած ընտրություններից”:

Արմեն Ռուստամյանը չի հավատում կառավարության այն խոստումներին, թե պետք է պայքարեն աղքատության, գործազրկության և արտագաղթի դեմ: “Այն կառավարությունը, որի օրոք այս ամենը նոր թափ ու ծավալներ են ստացել, չի կարող դրա դեմ պայքարել,-համոզված է նա,-այդպիսի բան չի լինում՝ ինքն իր դեմ կառավարությունը չի պայքարելու”:

Եթե ժողովուրդը ուզում է հաջողված պայքար մղել, ապա ըստ նրա, պետք է սթափվի, համախմբվի և պայքարի` օր առաջ ազատվելու միահեծան և ինքնագոհ իշխանություններից:

Tags: ,