«Սա որ թիվն է, որ պետք է նկուղներում թաքնվենք». սահմանամերձ Բերքաբեր գյուղը կրկին գնդակոծվել է

ՊԲ,պնՏավուշի մարզի սահմանամերձ գյուղերը շարունակվում են կրակի ենթարկվել: Այս անգամ հակառակորդի թիրախում է հայտնվել Բերքաբեր գյուղը, որը ադրբեջանական դիրքերից ընդամենը 600 մետր հեռավորության վրա է գտնվում:

Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը Անկախ-ի թղթակցին հայտնեց, որ կրակոցները հնչել են երեկ երեկոյան, երբ գյուղի բնակիչները զբաղված էին անասնապահությամբ և իրենց հողերի մշակմամբ. դա տևել է մինչև ուշ գիշեր և վերսկսվել  առավոտյան ժամը 4-ից մինչև  ինն անց կես: Պարոն Մադաթյանի խոսքով` հակառակորդի կողմից կրակոցներ հաճախ են հնչում, սակայն  այս կարգի վաղուց չէր եղել:

«Նույն 90-ականների պատերազմի նման է, ուղղակի այն տարբերությամբ, որ նրանք կրակում էին, մենք` ոչ: Կրակում են այգիների, պատուհանների, ժողովրդի վրա: Գիշերը շատ երեխաների գյուղից հեռացրել են: Ողջ ժողովուրդը վախեցած է. չեմ հասկանում` սա որ թիվն է, որ պետք է նկուղներում թաքնվենք: Այսպիսի խայտառակ վիճակ է», – նշեց գյուղապետը:

Նա ընդգծեց, որ կորպուսից իրեն հայտնել են, որ զինվորները իրենց դիրքերում կանգնած են, նորմալ պահում են սահմանը. «Բայց, դե,  փաստը մնում է սա, որ կրակոցներ լինում են»:

 

Անկախ

Tags: , ,