Ադրբեջանում իրավապաշտպանները անհանգստացած են մարդու իրավունքների խախտման դեպքերի աճով

2 (2)Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը էլ ավելի է վատթարանում: Այս մասին հայտարարել են Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների մոնիտորինգային խմբի անդամները մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Խումբը իր բողոքն է արտահայտել հասարակական, երիտասարդական ակտիվիստների, ընդդիմադիր կուսակցությունների անդամների, լրագրողների և բլոգերների ձերբակալության աճող տեմպերի դեմ: Մասնավորապես, նրանք քննադատել են կեղծ մեղադրանքներով Գյանջայում (Գանձակ) հայտնի մտավորական և ակտիվիստ Հաան Հուսեինլիի ձերբակալությունը:

Ըստ մոնիտորինգային խմբի տվյալների` ներկայումս Ադրբեջանում կա 29 քաղբանտարկյալ: Իրավապաշտպանները այս ցուցակը տրամադրել են նախագահի աշխատակազմին և գլխավո դատախազությանը:

Խումբը ընդգծել է, որ պոտենցիալ քաղբանտարկյալների թիվը աճում է: “2013թ.-ից ձերբակալությունները լայնածավալ բնույթ են ստացել և մայրաքաղաք Բաքվից տարածվել են մարզեր”,- ասել է Մարդու իրավունքների և օրինականության գծով բյուրոյի ղեկավար Ս. Հոջամանլըն:

Խմբի անդամները կարծիք են հայտնել, որ քաղաքական և հասարակական ակտիվիստներին ձերբակալում են կամ “թմրանյութեր”, կամ “խուլիգանություն” մեղադրանքով: Դատարանները որոշում են կայացնում քաղաքական պատվերի հիման վրա:

“Քանի դեռ դատարանները ծառայում են պաշտոնյաներին և կաշառակերներին, չենք կարող բարելավում ակնկալել”,- հայտարարել է մարդու իրավունքների միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար Սաադաթ Բանանյարլըն:

Անկախ

Tags: