Գյումրիում, ավագանու անդամին չեն թողել մտնի քաղաքապետարան

GyumriԱյսօր գումարվեց Գյումրու ավագանու հերթական նիստը: Նախապես հրապարակված ժամին դահլիճում ներկա էին ավագանու ընդամենը 8 անդամ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ըստ կանոնակարգի, 30 րոպեով ընդմիջեց նիստը: Դրանից հետո դարձյալ ավագանու անդամների թիվը բավարար չէր քվորում կատարելու համար, որոշ անդամներ զանգահարել ու տեղեկացրել էին, որ Երևանից են գալիս, ուր որ է կհասնեն: Ինչևէ, 1 ժամ ուշացումով և ավագանու 11 անդամով նիստը կայացավ: Հավելենք, որ Գյումրու ավագանին նման մի քայլ էլ արել էր նախորդ տարի՝ հունիսի 18-ի նիստում, դա էլ դիտարկվեց որպես բոյկոտ:

Սակայն, այսօր էլ, քաղաքապետարանում մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել. ավագանու անդամներից մեկը՝ Վահան Հունանյանը, քաղաքապետարան է ներկայացել սպորտային հագուստով, հետևաբար, մուտքի մոտ կանգնած ոստիկանները կամ թիկնապահները թույլ չեն տվել, որպեսզի վերջինս վերև բարձրանա: Անկախ-ը փորձեց կապվել ավագանու անդամի հետ՝ եղածի իսկությունը ճշտելու համար, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը:

Տեղեկացնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Գյումրու քաղաքապետարանում փակցված է գրություն, որ մուտքը սպորտային հագուստով չի թույլատրվում:

Կատարվածի շուրջ քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտնեց հետևյալը. ՙԵս թիկնապահներ չունեմ, մեր շենքը հսկում է միլիցիան: Նման դեպքից ես տեղյակ չեմ՚: Իսկ հարցին, թե միգուցե ավագանու անդամներն այսօր նիստին չներկայանալով բոյկոտեցին իրենց ընկերոջ հետ կատարվածի պատճառով, քաղաքապետը չհամաձայնեց, նշելով, թե բոյկոտի դեպքում քվորում չի լինում, նիստը չեղյալ է համարվում, իսկ այսօրվա նիստը կայացավ:

Անկախ

Tags: