Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը պատրաստ է փոխանցել կարկուտից տուժած գյուղացիներին

photoԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն (ՄԱՊ-ի Ալիկ) այսօր խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին հանդես եկավ կոչով՝ աջակցել մայիսի 12-ի կարկուտից տուժած Արմավիրի մարզի 43 գյուղերի բնակիչներին:

Առաջին հերթին պատգամավորը կարծում է, որ պետք է սառեցնել գյուղացիների վարկերը, նրանց նոր, անտոկոս վարկեր տրամադրել, որպեսզի կարողանան ոտքի կանգնել: Միաժամանակ նա կարծում է, որ այդ աղետը բնավ չի վերականգնի հաջորդ տարվա բերքը: «Այդ տարածքում 20 000 տոննա խաղող է ոչնչացվել: Գյուղացին 2-3 տարվա լիարժեք ծախսերից հետո նոր կկարողանա արդյունք ստանալ»,-ասաց պատգամավորը:

Նա հայտնեց, որ մտադիր է դիմել նաև Կրթության նախարարին, առողջապահության նախարարին, որպեսզի այդ տարածքի տուժած բնակիչներին իրենց մասով օժանդակեն. «Դա աղետի գոտի է,-ասաց նա,-առաջարկում եմ նաև բացել հաշվեհամար: Պետք է գումարներ հավաքել և արդարության սահմաններում տրամադրել այդ գյուղերի ժողովրդին: Մարդիկ կորցրել են ամեն ինչ: Գյուղ կա, որտեղ մի կիլոգրամ բերք էլ չի մնացել: Վերջիվերջո այդ գյուղացին տարիրներ ի վեր կերակրել է մեզ, հիմա էլ մենք պետք է աջակցենք»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղից հայտարարեց, որ միանում է պատգամավորի առաջարկին. «Երբ հաշիվը բացվի, ես իմ մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցեմ նրանց»,-խոստացավ խորհրդարանի ղեկավարը՝ կոչ անելով պատգամավորներին միանալ այս նախաձեռնությանը:

Tags: