Ադրբեջանը փորձում է խաղաղությունը ավելի թանկ «վաճառել». քաղաքագետ

Հրանտ Մելիք-Շահնազարյան«Ադրբեջանը հասկանում է, որ խաղաղության պահպանումը արտաքին ուժերի կողմից  կայուն չէ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների սրման հետևանքով: Երկու երկրների միջև համագործակցությունը բարդացել է: Այս իրավիճակում Ադրբեջանը խնդիր չունի իր արարքների համար պատասխան տալու: Մյուս կողմից,  տարածաշրջանում ազդեցության գոտիների վերանայման գործընթաց է սկսվել և Ադրբեջանը փորձում է խաղաղությունը ավելի թանկ «վաճառել» Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերին:

Ըստ քաղաքագետի` պետք է կենտրոնանալ ոչ թե միջադեպերի վրա, այլ քաղաքական մեծ փոփոխությունների վրա, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում: Ուկրաինայում զարգացումները ցույց կտան, թե գերտերություններից Հարավային Կովկասում ում պոտենցիալն է ավելի մեծ: «Կա նաև Թուրքիայի գործոնը, որը նույնպես սպասման վիճակում է, թե ինչպես կզարգանան իրադարձությունը Ուկրաինայում», – նշեց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ Հայաստանը դիվանագիտական առումով պասիվ վիճակում է և չի նպաստում Ադրբեջանի քաղաքաականությունը կանխելուն: «Միջազգային հանրությունը նույնպես ամորֆ վիճակում է: Անհրաժեշտ է փոխել դիվանագիտությունը: Պետք է Մինսկի խմբի անդամների հետ առանձին-առանձին աշխատանքներ կատարել: Միայն դրա շնորհիվ հնարավոր կլինի արդյունքների հասնել, ոչ թե ռազմական միջոցներով: Սա Հայաստանի առջև ծառացած գլխավոր մարտահրավերն է: Քանի դեռ այս քաղաքականությունը չի մշակվել, Ադրբեջանը կշարունակի կրակի տակ պահել հայկական սահմանը, նրա ահաբեկչական մոտեցումները չեն փոխվի», – ասաց նա:

 

Անկախ

Tags: , ,