«Իսկ ո՞վ է խոսելու ընդդիմության որակից». Էդ. Շարմազանով

Shahmazanov-04-6-12-300x225ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրարանում պատգամավորների հայտարարությունների ժամին անդրադարձավ “քաղաքական գարնան հարուստ իրադարձություններին”: Նա մասնավորապես հիշեց մայրաքաղաքի ավագանու ընտրությունները, որին մասնակցեցին նաեւ համապետական ընտրություններին հայտ չներկայացրած ուժերը և հայտարարեց. “Թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական և թե՛ մայրաքաղաքի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ մեր երկրում խոսքի ազատությունը, քաղաքական բազմակարծությունը եւ ժողովրդավարական արժեքներն այլեւս անշրջելի են”:

Միաժամանակ նա նկատեց, որ իր դիտարկման հետ համամիտ չեն լինի ընդդիմադիր եւ այլընտրանքային որոշ գործընկերներ: Սակայն. “Ինչպես ասում են, ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը՝ աշխատում”,-ասաց Շարմազանովը,-այս ընթացքում մենք ականատես եղանք քաղաքական բազմաթիվ ու բազմաժանր ներկայացումների, որտեղ գրեթե բոլորն իրենց իսկ սեփական բացթողումները տեսնելու եւ շտկելու փոխարեն մրցակցության մեջ էին մտել, թե ով ավելի ուժգին կքննադատի իշխանություններին”:

Նրա խոսքով՝ վստահությունից խոսում էին մարդիկ, ովքեր կորցրել էին վստահությունն իրենց իսկ երբեմնի համախոհների մոտ, իսկ իշխանության որակից խոսում էին նրանք, ովքեր վեր են ածվել այլ քաղաքական ուժի վերջին վագոնի: Նա մի հռետորական հարց բարձրացրեց. “Խոսում եք իշխանության որակից, իսկ ո՞վ է խոսելու ընդդիմության որակից”:

Պատասխանելով ինքն իր հարցին՝ Շարմազանովը հայտարարեց, որ արդյունքում այդ ուժերից շատերը հասարակության թեթեւ ձեռքով հայտնվեցին քաղաքական լուսանցքում: “Այո, իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր են: Մենք չենք կոծկում մեր թերությունները եւ մեր իսկ սխալների պատճառն այլ քաղաքական ուժերի մեջ չենք փնտրում: Մենք հոռետես չենք, այլ դժվարություններով հանդերձ հավատում ենք, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու մեր ժողովրդի համար”,-այս լավատեսական տոնով ամփոփելով իր ելույթը՝ նա իր ոճով ավելացրեց,-լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություն, իսկ հոռետեսը յուրաքանչյուր հնարավորության մեջ` դժվարություն: Լինենք լավատեսդա է միակ ճիշտ ճանապարհը:

 

Tags: