Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անմիջապես ազատ արձակել հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին` չեղյալ հայտարարելով նրա և իր ամուսնու` Արիֆ Յունուսի դեմ հարուցված քաղաքականապես մոտիվացված մեղադրանքները, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:
“Մեղադրանքների կոնտեքստը և վերջին 4 ամսվա ընթացքում իրականացված հետապնդումներն ակնհայտ ցուցադրում են, որ Լեյլայի և իր ամուսին Արիֆ Յունուսի դեմ մեղադրանքները նրանց բերանը փակելու փորձ են”,- հայտարարել է Կենտրոնական Ասիայում և Եվրոպայում HRW-ի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը:
HRW-ի հայտարարությունում նաև նշվում է, որ Ադրբեջանի միջազգային գործընկերները՝ այդ թվում Եվրոպայի խորհուրդը, պետք է հասկացնեն, որ իրավապաշտպանների նկատմամբ իրականացվող հետապնդումներն ուղիղ հետևանք կունենան ղեկավարության հետ իրենց հարաբերությունների վրա:
Նշենք, որ Լեյլա Յունուսը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն), 192 (անօրինական ձեռնարկատիրություն) և 213 (հարկերից խուսափում) հոդվածներով: Իրավապաշտպան Լեյլա Յունուսի ամուսնու՝ Արիֆ Յուսուֆի նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել 274 (Հայրենքին դավաճանություն), 178 (խարդախություն) հոդվածներով: Դատարանը Արիֆին արգելել է երկրից դուրս գալ:
Նասիմինյան շրջանային դատարանի վճռով Լեյլա Յունուսը երեք ամսով կալանավորվել է:
Tags: ադրբեջան, մարդու իրավունքներն ադրբեջանում, Յեյլա Յունուս
