«Սխալների համար թանկ ենք վճարելու». Թևան Պողոսյանը՝ ծնելիության մակարդակի նվազման մասին

images (4)ԱԺ հայտարարությունների ժամին “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձավ Հայաստանում ծնելիության մակարդակի աստիճանական նվազմանը, որն, ըստ նրա, ժողովրդագրական լուրջ խնդիր է անգամ ավելի հզոր ու հարուստ պետությունների համար: “Հայաստանի պարագայում դրա հետևանքներն անհամեմատ ավելի վտանգավոր են”,-ասաց նա՝ հարց բարձրացնելով, թե ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությունը այս մարտահրավերներին դիմակայելու համար:

Կառավարության ծրագիրն առաջարկում է այն քայլերը, որոնք, պատգամավորի համոզմամբ,  բազմիցս ապացուցել են իրենց անարդյունավետությունը: “Այդ փաստաթղթում առաջարկվում են քայլեր, որոնք կամ խիստ որոշակի են և նույնքան որոշակիորեն անօգուտ կամ խիստ վերացական են ու նույնքան թերի: Այսպես, երեխայի ծնվելու կապակցությամբ նախատեսվող միանվագ նպաստների համակարգը բազմիցս ապացուցել է իր անարդյունավետությունը՝ ծնելիությունը խթանելու գործում: Իսկ միջազգային փորձը, երկրում առկա միտումների իմացությունն ու պարզ տրամաբանությունը հուշում են, որ հայասանցիների վերարտադրողական վարքում դեռևս ոչ ճակատագրական, սակայն կարևորագույն փոփոխություններ են տեղի ունեցել”:

Թևան Պողոսյանը կարծում է, որ այս ուղղությամբ արդյունավետ պետական քաղաքականությունը պահանջում է գերակայություններ սահմանելիս հաշվի առնել ժամանակակից գիտական և վերլուծական ամենավերջին ձեռքբերումներն ու փաստական տվյալները: “Քաղաքական նման համեմատաբար կենսունակ միջամտության օրինակ է աշխատաժամանակի ճկուն համակարգի ներդրումը ողջ երկրում, ինչը հնարավորություն կընձեռի կանանց և տղամարդկանց ավելի շատ ժամանակ հատկացնել երեխաների խնամքին` առանց տնտեսության և հասարակության համար բեռ դառնալու վտանգի”,-ասաց նա` վստահեցնելով, որ պատշաճ վերլուծության և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում լուծումներ շատ կգտնվեն:

Թևան Պողոսյանը նաև  կարծում է, որ անհրաժեշտ է նպաստել 35-ից բարձր տարիքի կանանց ծնելիության բարձրացմանը՝ դրա համար անհրաժեշտ տեխնոլոգիական, ենթակառուցվածքային և մշակութային փոփոխություններ կատարելու միջոցով: “Անհրաժեշտ է օր առաջ միջոցներ ձեռնարկել երկրորդային անպտղություն առաջացնող մի շարք վարքագծային պատճառները վերացնելու և մեր կանանց ու տղամարդկանց համար իրավամբ չարիք դարձած այս երևույթի դեմն առնելու համար,-հայտարարեց նա:

Բազմաթիվ այլ մարտահրավերների հաղթահարման գործում մեր կատարած շատ ու շատ սխալներ ժամանակը հաճախ ներում է: Սակայն պատգամավորը համոզված է, որ այս հարցում ոչ մի սխալ և ոչ մի բացթողում  կատարելու իրավունք չունենք: “Ծնելիությանը, կանանց և տղամարդկանց վերարտադրողական իրավունքների իրականացմանը նպաստելու քաղաքականությունը չպետք է դառնա պոպուլիզմի գերին: Հարցի գինն անչափ բաձր է: Սխալների համար թանկ ենք վճարելու: Վճարելու ենք բոլորս”,-հայտարարեց նա:

 

Tags: