Իրանը նախատեսում է դիզելային վառելիք արտահանել Իրաք և Աֆղանստան

Մուսթաֆա քաշքուլիԻրանի նավթի ազգային ընկերության տնօրեն Մուսթաֆա Քաշքուլին հայտնել է, որ առաջիկայում Իրանը հեղուկ վառելիք կսկսի արտահանել Իրաք և Աֆղանստան:

««Հարավային Ֆարս» գազային հանքավայրի նոր հոսքագծերի շահագործման արդյունքում կավելանա արդյունահանվող բնական գազի ծավալը: Հետևաբար, Իրանը զգալի քանակությամբ հեղուկ վառելիք կունենա, որը հնարավոր կլինի արտահանել հարևան երկրներ»,- ասել է Իրանի նավթի ազգային ընկերության տնօրենը:

Մուսթաֆա Քաշքուլին նշել է, որ Աֆղանստան արտահանվող դիզելային վառելիքի հարցը գրեթե լուծված է:

Նշենք, որ հեղուկ վառելիքի արտահանումը մեծ շահույթ կբերի Իրանին և այս ուղղությամբ Իրանի համար կբացվեն նոր հետանկարներ:

Այդ է պատճառը, որ Իրանի նավթի նախարարությունն ազգային շահերի ապահովման և արտասահմանյան ներդրողներին ներգրավելու համար, ցանկանում է փոփոխություններ կատարել նավթային պայմանագրերում: Ինչ խոսք, դա կնպաստի, որպեսզի Իրանի և արտասահմանյան նավթընկերությունների համագործակցությունը առավել արդյունավետ ու եկամտաբեր դառնա:

Վերջերս Իրանի նավթի նախարար  Բիժան Նամդար Զանգանեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Իրանը նավթային պայմանագրերի ստորագրման շուրջը բանակցություններ է վարում եվրոպական ընկերությունների հետ, սակայն վերջիններս դեռևս այդքան էլ պատրաստ չեն դրան:

Իրանի նավթային նոր պայմանագրերի կարևորագույն յուրահատկություններն են լինելու` շղթայական արդյունահանումների կատարելագործումը, զարգացումը, շահագործումը, ավելի մեծ քանակով  ներքին ու արտասահմանյան ներդրողների ներգրավումը, անգամ` վերջիններիս միջև հնարավոր մրցակցության ստեղծումը:

Իրանը կարող է օգտվել օտար ներդրողների օգնությունից՝ իրագործելու «Հարավային Ֆարս» հսկայական գազային հանքավայրի մշակման մնացյալ երկու փուլերը:

Ուշագրավ է, որ իրանական «Հարավային Ֆարս» հանքավայրի գազային պաշարները կազմում են մոտ 14 տրիլիոն խորանարդ մետր գազ, կամ էլ գազի համաշխարհային պաշարների մոտ 8 տոկոսը:

Փորձագետները նշում են, որ, եթե պատժամիջոցներ այլևս չկիրառվեն, ապա  մինչև 2018-ն  Իրանում արդյունահանվող անմշակ նավթի ծավալն օրական կհասնի  5,7 մլն բարելի:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Tags: