Ադրբեջանում հերթական իրավապաշտպանն է ձերբակալվել

2 (10)Այսօր Ադրբեջանում Նասիմինի շրջանային դատարանն իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 3 ամիս ժամկետով, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Ինչպես տեղեկացրել է փաստաբան Հալիդ Բագիրովը, այն բանից հետո, երբ Ջաֆարովը ցուցմունքներ է տվել գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունում, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի անօրինական ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու և պաշտոնական լիազորությունների չարաշահման հոդվածներով։ Վերջինս քննչական վարչություն էր հրավիրվել մի շարք տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների գործով ցուցմունք տալու նպատակով:

Ջաֆարովը 2006թ.-ից զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ: Եղել է “Երգ հանուն ժողովրդավարության” և “Արվեստ հանուն ժողովրդավարության” իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվ մասնակից: Այս կազմակերպությունները զբաղվում են քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությամբ:

Ստրասբուրգում ԵԽԽՎ վերջին նիստի ժամանակ Ռասուլ Ջաֆարովը և մի շարք այլ իրավապաշտպաններ հանդես էին եկել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրների վերաբերյալ զեկույցով: Բացի այդ, մոտ մեկ ասմիս առաջ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին Ջաֆարովը և այլք անցկացրել են քաղաքացիական հասարակության խնդիրների վերաբերյալ հանրային լսումներ:

Այս երկու իրադարձություններն առաջացրել էին Բաքվի զայրույթը:

 

 Անկախ

 

Tags: , ,