Հակառակորդն ամբողջ գիշեր գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներով անընդմեջ կրակել է Բերդի տարածաշրջանի այս բնակավայրերի ուղղությամբ, կրակոցների ձայները լսելի են եղել գրեթե ամբողջ տարածաշրջանում:
Անկախ-ի թղթակիցը դեպքի վայրից տեղեկացնում է, որ կրակոցները սկսվել են օգոստոսի 3-ի գիշերը՝ ժամը 23:00-ին, և շարունակվել մինչև լուսաբաց՝ ժամը 5-ը: Թեև Չինարիում կրակահերթեր չեն հնչել, բայց ամբողջ գյուղը, նաև իմանալով, թե ինչքան լարված է շփման գծում իրավիճակը, ողջ գիշեր զգոն է գտնվել, պատրաստ ցանկացած ժամի հակահարված տալ հակառակորդին:
Հակառակորդն առավել ինտենսիվ կրակի տակ է պահել Ներքին կարմիրաղբյուրն ու Այգեպարը, բնակիչները գիշերել են թաքստոցներում: <<Հարևանի անասնագոմում ենք անցկացրել գիշերը, որն ամենաապահով տեղն է: Ահավոր էին էս անգամ կրակըմ>>,-ասաց մովսեսցի բնակիչներից մեկը: Նրա խոսքով, համագյուղացի երիտասարդները պատրաստ են և զգոն` արժանի հակահարված տալու հակառակորդին:
Այգեպարի բնակիչ Անահիտ Հովսեփյանն ասաց, որ կրակոցները հիմնականում սկսվում են գիշերը 21:00-ից հետո: <<Եթե այդքան երկար են կրակում, անհնար է` մերոնք չպատասխանեն: Մերոնց ուժգին պատասխանից հետո նրանք լռում են>>:
Այգեպարի մանկապարտեզը հենց նրանց հարևանությամբ է գտնվում, շենքը վերջին կրակոցներից դարձյալ տուժել է: Մանկապարտեզի պաշտպանիչ պատի վերաբերյալ, որը նախատեսում են կառուցել, այգեպարցիները վերապահում ունեն: <<Պատն ավելի վտանգավոր է, նախ հակառակորդի դիպուկահարները բարձունքում են նստած, կրակում են, գնդակը վերևից ընկնում ա մանկապարտեզի վրա, պատը վտանգավոր է հարևան շենքի համար, քանի որ փամփուշտը պատին դիպչում, ռակաշատ ա անում, հետ գալիս, մեր տուն ընկնում>>:
Սահմանամերձ գյուղերում նույնիսկ սկսել են ծառերը հատել, որոնք շատ մոտ են տներին, քանի որ կրակահերթերը, դիպչելով ծառին, հետդարձով հայտնվում են բնակիչների տներում: Անահիտ Հովսեփյանի բնակարանում հայտնված գնդակներից մեկը դեռևս պատի մեջ է: Նախօրեին շենքի բնակիչները, որոնք ընդամենը մի քանի հոգի են, կրակոցները սկսելուն պես գնացել են Բերդ:
Տիկին Զոյան, որի երկու որդիներն այս պահին էլ դիրքերում հերթապահություն են իրականացնում, մնացել է միայնակ շենքում: <<Ինձ թողել եք մենակ, գնացել>>,-կես կատակ ասում է տիկին Զոյան` արցունքն աչքերին աղոթելով ու խաղաղություն մաղթելով սահմանում կանգնած բոլոր զինվորներին:
Բարեբախտաբար, երեկ ամբողջ գիշեր շարունակված գնակոծության հետևանքով տուժածներ չկան: Բերդի 1-03 ծառայությունից մեր թղթակցին փոխանցել են, որ գիշերը որևէ դեպքի չի գրանցվել:
Tags: հրադադարի ռեժիմի խախտում, սահմանային լարվածություն, Տավուշի մարզ
