Երկրի անվտանգության համար պատասխանատու է ոչ միայն զինվորը, այլև մենք. Ռուբեն Բաբայան

Ռուբեն Բաբայան1«Սահմանում լարված իրավիճակ ստեղծելով` ադրբեջանցիները ցանկանում էին դիվիդենտներ շահել, բայց ստացվեց հակառակը` հայկական կողմը շահեց դիվիդենտներ: Այս օրերի արդյունքում` հայերի ռազմական հոգին բարձրացավ, հայրենասիրական զգացմունքները սրվեցին, հաղթողի հոգեբանությունը արթնացավ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  հոգեբան Սամվել Խուդոյանը:  Նա ընդգծեց, որ ադրբեջանական հասարակությունում վախ ու խուճապ սկսվեց, քանի որ նրանք հասկացան, որ հաղթելու հույս չունեն:

Սամվել Խուդոյանը նշեց, որ ուսումնասիրել է ադրբեջանական բլոգները և  սոցցանցերը, որոնք հաստատում են նրա կարծիքը. «51 զոհի մասին էին գրել, և այդ 51 զոհի տակ մեկնաբանություն էր գրած, որ 51 զոհ երևի կտան Բաքուն գրավելիս, իրենք լուրջ էին ընդունել` «Բաքուն չենք տա, երբեք հնարավոր չէ», այսինքն`լուրջ էին ընդունել.  դա նշանակում է`  լուրջ տագնապի վիճակ են»:

Հոգեբանը շեշտեց, որ թեև պատերազմի վտանգ միշտ էլ  կա, բայց դրա հավանականությունը շատ քիչ է, քանի որ կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ով նույնպես ներկա էր հանդիպմանը, նշեց, որ այս իրադարձությունները լուրջ վերլուծությունների առիթ պետք է լինեն  թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Թուրքիան հայտնեց իր աջակցությունը Ադրբեջանին և նշեց, որ պատրաստ է ռազմական օգնություն ցույց տալ: Ի տարբերություն Թուրքիայի, Ռուսաստանը չաջակցեց կողմերից ոչ մեկին:

«Ռուսաստանը ակնհայտորեն ցանկանում է խաղաղապահ զորքեր տեղակայել ԼՂՀ-ում: Սրա համար Ռուսաստանին պետք է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը, որը ստանալը դժվար է: Այստեղ Հայաստանի և Ադրբեջանի շահերը համընկնում են. մենք կկորցնենք Ղարաբաղը, իսկ Ադրբեջանը կկորցնի այն երբևէ ունենալու հույսը», – ասաց նա` ընդգծելով, որ այս ամենը ցույց տվեց` հույսներս պետք է  դնենք միայն մեզ վրա. «Դրական փաստ է այն,  որ հասարակությունն ու բանակը ընկալվեցին որպես մեկ ընդհանրություն: Մենք հասկացանք, որ երկրի անվտանգության համար պատասխանատու է ոչ միայն զինվորը, այլ նաև մենք՝ բոլորս»:

Անկախ

Tags: , , ,