Հայաստանի ազգային ագրարային համալսարանին ՀՀ կառավարության կողմից անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շինության տանիքը “Օրինաց Երկիր” կուսակցության կողմից ապամոնտաժելու կապակցությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հուլիսի 7-ին և 21-ին կայացրել է որոշումներ` արգելելով “Օրինաց Երկիր” կուսակցությանն իրականացնել որևէ շինարարական աշխատանքներ, բացի համալսարանի ավտոտեխսպասարկման կայանի իր կողմից քանդված տանիքի վերականգնումը: Սակայն ՕԵԿ-ը ոչ միայն անտեսել է դատարանի որոշումը, այլ նաև մի քանի օրվա ընթացքում, հիմնականում գիշերային ժամերին, վիճահարույց տարածքում կառուցել է շինություն` չունենալով նախագիծ և շինթույլտվություն: Համալսարանն այդ մասին իրազեկել է բոլոր պատկան մարմիններին: Սակայն գործուն միջամտություն իրականացվել է միայն Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից, որը իրականցրել է օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ և կազմել արձանագրություն: Մյուս բոլոր պատկան մարմինների կողմից որևէ արդյունավետ միջամտություն չի իրականացվել:
Օգոստոսի 3-ին Երևան քաղաքի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները փաստի առթիվ կազմել էին արձանագրություն և ակտավորել նրանց երկրորդ անգամ, որի արդյունքում կուսակցությունը դադարեցրել էր շինարարական աշխատանքները: Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 14:00-ին Օրինաց Երկիր կուսակցությունը չհարգելով պատկան մարմինների որոշումները վերսկսել է շինարարական աշխատանքները:
Tags: "Օրինաց Երկիր" կուսակցություն, ՀԱԱՀ
