«Վեչ գային ա կըղնըցնըմ, վեչ էլ ԱՊՊԱ եմ անըմ…». տավուշցի Դարչոն՝ իր ավանակի մասին

10588988_781491505206774_2084535961_nՏավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ Դարչո Իսրայելյանն այն եզակի բնակիչներից է, որոնց համար փոխադրամիջոցը շարունակում է մնալ ավանակը: <<Վեչ գային ա կղնըցնըմ, վեչ տեխասմոտր եմ անըմ, վեչ էլ ԱՊՊԱ, վեչ էլ արագաչափն ա ազդըմ, վեչ էլ բենզին ա պետք, վեչ էլ` պրավա: 7 տարի ա` մեզ ծառայըմ ա>>,-իր հավատարիմ բարեկամի մասին հիացմունքով է պատմում տավուշցի Դարչոն:

Նա 1992-ի թեժ կռիվների ժամանակ նախկին Թովուզ, այժմ` Տավուշ գյուղում բարեկամի տանը օղի թորելիս հակառակորդի գնդակից վիրավորում է ստացել, ինչի հետևանքով ձախ աչքը վնասվել է: Այդ օրվանից Դարչոն կիսով չափ կորցրել է տեսողությունը: Բազմազավակ հայրը շատ կատակասեր է ու կազմակերպված: <<Ամեն օր ես իմ պլանը կազմըմ եմ, առավոտ 6–ին իշով քյնալ դեմ փետի, հետո 10–ին կյամ տուն, քյընամ խաղողի բաղը, տենամ` ինչ կա չկա, սրկսեմ, հետո իմ իշով բերած փետը կտրտեմ, հետո էլ քյնամ գյուղամեջ զրից անեմ դեսից -դենից: Պարտադիր ծրագիր ա , եթե չըլի, օրըս կկորչի>>:

Նա ասում է, որ երբեմն քանի որ ընտանիքը սերիալ է դիտում, չի հասցնում լուրեը դիտել, բայց մեծ մասամբ աշխարհի անցուդարձին Դարչոն տեղեկանում է հենց հեռուստատեսութունից: Դարչո Իսրայելյանը օրինակելի կերպար է բոլոր նրանց համար, որոնք գյուղում, հողին մոտ, չեն գտել ճիշտ ապրելու բանաձևը: Հողի մշակը զարմանում է բոլոր այն մարդկանց վրա, որոնք վարկեր են վերցրել ու չեն կարողանում տակից դուրս գալ: <<Ես երբեք վարկ բառը գիդըմ չեմ ինչն ա, մենք մեր պահուստային փողն ունենըմ ենք>>:

Վերջերս Դարչոյի համագյուղացիներից մեկը սրտի լուրջ խնդիր է ունեցել, նրան օգնելու համար գյուղացիները գումար են հավաքել: Դարչոն, գումարով չի կարողացել օգնել, փոխարենը մի քանի օր հարևանի անասունները տարել է հանդ` արածացնելու` այդպիսով իր օգնությունը ցուցաբերելով համագյուղացուն: Հիմա էլ, երբ ակտիվացել են սահմանային միջադեպերը, և թեև հակառակորդը լրջորեն վնասել է նրա առողջությունը, Դարչոն էլի հաստատակամ է` անհրաժեշտության դեպքում կգնա դիրքեր` զինվորների հետ պաշտապնելու հայրենի գյուղը:

Դարչոն ձմեռվա վառիլքն արդեն իր եզակի փոխադրամիջոցով բերել, կտրտել, դարսել է: Գյուղում նրա բարձած ֆայտոնը կարելի է տեսնել ներքևից վերև բարձրանալիս: Կատակով ավելացնում է` <<եթե վերևի քոլիցը փետը պիրեմ, լավ չի ըլի, արգելակները չեն պահի>>:

Դարչոն բոլոր ծույլերին իր նոր դևիզն է փոխանցում` <<աշխատանքը ոչ միայն գեղեցկացնում, այլև պնդացնում ա, մի ալարեք, հող մշակեք>>:

 

Անկախ

Tags: ,