Ադրբեջանցիները շան նման փախան` լեշերը իրենց հետ վերցնելով. Լ. Շիրինյան

Լևոն-Շիրինյան«Միջազգային հանրությունը լայն կերպով արձագանքեց հայ – ադրբեջանական սահմանում աճող լարվածությանը, սակայն դա խիստ ուշացած էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման, անդրադառնալով սահմանին վերջին օրերի ընթացքում  տեղի ունեցած միջադեպերին, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նա նշեց, որ 1876 թվականից սկսած միջազգային հանրությունը միանգամից «սկսում է խառնվել», երբ Հայաստանը որևէ հաջողության է հասնում: «Ապրիլի վերջից այդ միջադեպերը ավելի ինտենսիվ դարձան, սակայն ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ էլ Մինսկի խմբի համանախագահները համապատասխան գնահատական չտվեցին: Իսկ երբ հայկական կողմը արժանի հակահարված տվեց ադրբեջանցիներին, նրանք շփոթվեցին, քանի որ Հայաստանը կարող էր ավելի մեծ հաջողությունների հասնել»;

Քաղաքագետի բնորոշմամբ` «հնգօրյա պատերազմը» մի շարք հանգամանքների հետևանքով տեղի ունեցավ, որոնցից ամենակնհայտն այն է, որ  Ռուսաստանը և Իսրայելը շարունակում են զենք մատակարարել Ադրբեջանին: «Մայիսին Ուորլիքի հայտարարությունը կրակի վրա յուղ լցրեց; Մյուս կողմից, մեղքի մեծ բաժին ունեն նաև ՄԱԿ-ը և Մինսկի խումբը, որոնք ժամանակին չսաստեցին Ադրբեջանին», – ասաց Լևոն Շիրինյանը: Նրա խոսքով` այս ամենի արդյունքում, Հայաստանը, մնալով միայնակ, միայն իր ուժերի միջոցով կարողացավ հետ մղել ադրբեջանցիների հարվածները, ինչի համար բոլորը պետք է հպարտանան: Հայոց բանակը արեց այն, ինչ սովորաբար անում է Իսրայելի բանակը. նվազագույն կորուստների գնով հետ մղեց բոլոր հարվածները. «Ադրբեջանցիները շան նման փախան` լեշերը իրենց հետ վերցնելով: Ո՞վ է ձեզ թուլ տվել հարձակվել այն մարդկանց վրա, ովքեր հազարավոր տարիներ ապրել են այս հողում»:

Քաղաքագետը գտնում է, որ իրադարձությունների նման հանգուցալուծումը շատ կարևոր էր Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ. «Հայաստանի և Արցախի հանրապետությունները ստեղծեցին այն գրանիտե պատվանդանը, որի բարձրությունից պետք է բանակցություններ սկսի մեր նախագահը: Արտաքին գործերի նախարարությունը պետք է բանակի մակարդակին հասնող աշխատանքներ կատարի: Ժողովուրդը պետք է պահանջի դա», – ընդգծեց նա:

Ըստ Լևոն Շիրինյանի ` գլխավոր խնդիրը, որ Հայաստանի առջև ծառացած գլխավոր խնդիրը ադրբեջանցի դիպուկահարներն են. «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեզ համար «աքիլեսյան գարշապար» են ադրբեջանցի դիպուկահարները: Ամեն կերպ պետք է չեզոքացնել նրանցից եկող վտանգը: Դա պետք է փորձել անել դիվանագիտական ճանապարհներով, հակառակ դեպքում պետք է պարզապես վերացնել նրանց»:

Անդրադառնալով պատերազմի հավանականությանը` Լևոն Շիրինյանը նշեց, որ չի բացառում այն.  «Ես պատերազմը չեմ բացառում: Եթե այս լարվածոթյունը միջազգային դավադրության արդյունք է, ապա պատերազմը, իմ կարծիքով, շատ հավանական է», -ասաց նա:

 

Անկախ

Tags: , , ,