Եվրահանձնակատար մտահոգված է Ադրբեջանում Ռասուլ Ջաֆարովի ձերբակալությամբ

ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարություն է տարածել ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի ձերբակալության վերաբերյալ` արտահայտելով իր մտահոգությունը, տեղեկացնում է “Կոնտակտ” կայքը:

Շտեֆան Ֆյուլե

Հայտարարությունում նշված է, որ Ջաֆարովը իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալությունից անմիջապես հետո կալանավորվել է:

“Ջաֆարովի ձերբակալությունը տպավորություն ստեղծում, որ Ադրբեջանի իշխանությունները նպատակային սահմանափակում են երկրում քաղաքացիական հասարակությունը: Մենք շարունակում ենք մտահոգված մնալ տարածաշրջանում անվտանգության իրավիճակի առնչությամբ, և հիշեցնում ենք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2014 թվականի օգոստոսի 3-ի մեր հայտարարությունը: Մենք համոզված ենք, որ քաղաքացիական հասարակությունը կարևոր դեր է խաղում հիմնարար ազատությունները պաշտպանելու գործում, հատկապես՝ հակամարտության ժամանակաշրջանում”,- նշված է հայտարարությունում:

Ֆյուլեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել քաղաքացիական հասարակության նկատմամբ իր քաղաքականությունը վերանայել միջազգային չափանիշներին համապատասխան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Ադրբեջանում Նասիմինի շրջանային դատարանը իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 3 ամիս ժամկետով:

Ջաֆարովը 2006թ.-ից զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ: Եղել է “Երգ հանուն ժողովրդավարության” և “Արվեստ հանուն ժողովրդավարության” իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվ մասնակից: Այս կազմակերպությունները զբաղվում են քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությամբ: Ստրասբուրգում ԵԽԽՎ վերջին նիստի ժամանակ Ռասուլ Ջաֆարովը և մի շարք այլ իրավապաշտպաններ հանդես էին եկել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրների վերաբերյալ զեկույցով: Բացի այդ, մոտ մեկ ասմիս առաջ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին Ջաֆարովը և այլք անցկացրել են քաղաքացիական հասարակության խնդիրների վերաբերյալ հանրային լսումներ: Այս երկու իրադարձություններն առաջացրել էին Բաքվի զայրույթը:

Tags: , , ,