Չինարեցի 31-ամյա երիտասարդը գերի է ընկել (լրացված)

չինարիՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը գերի է ընկել ադրբեջանական կողմին: Այս մասին տեղեկությունը, որն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները, քիչ առաջ Անկախ-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Չինարիի բնակիչ, գյուղատնտես Վանիկ Ոսկանյանը: Ըստ նրա, դեռևս որևէ բան պարզ չէ, ամբողջ գյուղը շոկի մեջ է: Դեպքը տեղի է ունեցել 3-4 ժամ առաջ , միայն հայտնի է, որ Կարեն Պետրոսյանը գտնվել է հայ-ադրբեջանական սահմանագոտում, նա մենակ է եղել, բայց թե ինչ հանգամանքներում է նա գերեվարվել, դեռևս հայտնի չէ: Կարենը 31 տարեկան է, բանակից զորացրվելուց հետո հայրենի գյուղում զբաղվում էր շինարարությամբ: Նա ունի հայր, մայր, մեկ եղբայր, որն արտագնա աշխատանքի է Ռուսաստանում և քույր, որն ամուսնացած է:

***

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն Անկախ-ի թղթակցին քիչ առաջ ասաց, որ առավոտյան Կարենը ավանակով գնացել է անտառ փայտի: Ավելի ուշ ադրբեջանական լրատվական կայքերը լուրեր են տարածել, որ Աղբուլաղ գյուղում գերի է ընկել ՀՀ քաղաքացի: Տեղեկությունն իմանալուց հետո գյուղացիները գնացել են, տեսել, որ ավանակը կա, իսկ Կարենը` ոչ: Նա մոլորվել է և հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Սամվել Սաղոյանն ասաց, որ արդեն իսկ դիմել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպություն` որոնման հայտ ներկայացնելու:

Անկախ

Tags: