Շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի դեմ ձեռնարկվող միջոցառումները

001 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ինչպես նաև «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով, Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության  ու մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները 2014թ. առաջին կիսամյակում կազմակերպել են ամեօրյա շրջայցեր. բացօթյա ապօրինի առևտրի արգելման ու կանխարգելման  աշխատանքներ են  իրականացվել Երևանի վարչական բոլոր շրջաններում: Ըստ այդմ, սահմանվել է մշտական հսկողություն բացօթյա ապօրինի  առևտրի վերսկսումը բացառելու նպատակով։ Դրան զուգահեռ, կանոնակարգվել է նաև օրենքով թույլատրվող ապրանքների բացօթյա առևտուրը։ Մայրաքաղաքի  կենտրոնական փողոցներում և հրապարակներում սահմանվել է հերթապահություն: Շրջայցերի ընթացքում փողոցների և պողոտաների մայթերից տեղահանվել են առանց թույլտվության տեղադրված պաղպաղակի և զովացուցիչ ջրերի վաճառքի համար նախատեսված մեծ թվով սառնարաններ և ծաղիկների վաճառքի համար նախատեսված բաց տաղավարներ։ 2014թ. 1-ին կիսամյակում բացօթյա ապօրինի առևտրի մասով ոլորտում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 166 արձանագրություններ: Առևտուրը կանոնակարգվել է նաև գետնանցումներում: Առևտրի և սպասարկումների վարչության կողմից ուսումնասիրվել են գյուղատնտեսական արտադրանքի և գյուղմթերքի փոքրածավալ բոլոր 34 շուկաները և համապատասխան միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման, սպասարկման որակի բարելավման ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցում, վերսկսել է գործունեությունը գյուղմթերքի բացօթյա տոնավաճառը, որտեղ առևտուր են անում միայն գյուղմթերք արտադրողները: Նկատի ունենալով նաև ամառային շոգ եղանակը՝  Երևանի քաղաքապետարանը երևանցիներին հորդորում է  զերծ մնալ բացօթյա ապօրինի առևտուր կատարելուց, որի ժամանակ, սովորաբար, չեն պահպանվում սանիտարահիգիենիկ անգամ տարրական պայմանները: Այդպիսի փաստ արձանագրելիս քաղաքացիները կարող են ահազանգել Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և  հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

Tags: ,