«6 օր Սևանի շուրջ». կքննարկվեն Սևանա լճի հիմնախնդիրները

загруженноеOգոստոսի 8-13-ը «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն կիրականացնի «6 օր Սևանի շուրջ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական։ Ծրագիրն իրականացվում է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի ու «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի հետ համատեղ:

Ծրագիրը կանցկացվի վրանային ճամբարի ձևաչափով Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սևան տարածաշրջանների հարակից ափամերձ տարածքներում: Միջոցառմանն ընդհանուր առմամբ կմասնակցի 35 մարզաբնակ ուսանող-երիտասարդ:

Ինչպես նշում է «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը, «6 օր Սևանի շուրջ» խորագիրը կրող ծրագրի նպատակն է տեղական բնական և մշակութային ժառանգության գնահատումը,  կայուն տուրիզմը տեղական և ազգային  մշակույթի մաս դարձնելը: Ծրագրի արդյունքում ակնկալվում է բարձրացնել մարզաբնակ երիտասարդության էկոլոգիական կրթությունը, հոգևոր-մշակութային և հայրենասիրական դաստիարակությունը։

Վեցօրյա ճամբարի շրջանակներում մասնակիցները հանդիպումներ կունենան Գեղարքունիքի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների հետ։ Սեմինար-քննարկումներ կանցկացվեն «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով։ Երիտասարդները կայցելեն նաև զորամաս, կանցկացնեն ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, կկազմակերպվեն ճանաչողական արշավներ դեպի մարզի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կիրականացվեն նաև բնապահպանական ակցիաներ։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Tags: , ,