Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ մահացել է երեկ ադրբեջանական կողմից գերեվարված Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը: Ազերիները նշել են, որ Կարենը մահացել է սրտանոթային սուր անբավարարությունից:
Կարենի մահվան մասին լուրը Անկախ-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հաստատեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: «Էդ էրեխեն էլ չկա»,-հուզված ձայնով նշեց նա: Չինարեցիների խոսքով՝ Կարենը որևէ առողջական խնդիր չի ունեցել:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 7-ին, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը գերի էր ընկել ադրբեջանական կողմին: Կարենը բանակից զորացրվելուց հետո հայրենի գյուղում զբաղվում էր շինարարությամբ: Նա ունի հայր, մայր, եղբայրն արտագնա աշխատանքի է Ռուսաստանում, քույրն ամուսնացած է:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն Անկախ-ի թղթակցին հայտնել էր, որ առավոտյան Կարենը ավանակով գնացել է անտառ փայտի: Ավելի ուշ ադրբեջանական լրատվական կայքերը լուրեր էին տարածել, որ Աղբուլաղ գյուղում գերի է ընկել ՀՀ քաղաքացի: Տեղեկությունն իմանալուց հետո գյուղացիները գնացել են, տեսել, որ ավանակը կա, իսկ Կարենը` ոչ: Նա մոլորվել էր և հայտնվել ադրբեջանական գերության մեջ:
