Թուրքիայում հայազգի ոսկերիչը թանկարժեք քարերով Ալլահի 99 անուններն է գրել

ustaԹուրքիայի հայազգի քաղաքացի 40-ամյա Շենոլ Վայվալակոն 22 տարի է, ինչ զբաղվում է ոսկերչությամբ: 7 տարի առաջ, երազում Մուհամեդ մարգարեին տեսնելուց հետո, նա որոշում է ընդունել իսլամ: Այնուհետև Վայվալակոն իր կյանքի 4,5 տարիները նվիրել է Աստծու անունների գրությանը: Մշակելով մոտ 15 հազար ադամանդ` նա ստեղծել է Ալլահի 99 անունները պատկերող մի աշխատանք`այսպիսով հավակնելով գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:

Անթալիայի Մուրադփաշա շրջանում ապրող Վայվալակոն «Ռադիկալին» պատմել է իր երազի մասին: «Այդ երազից հետո ինքս ինձ շատ արժեքավոր տեսա: Մտածեցի, որ իսլամի համար ինչ-որ բան պետք է անեմ: Մեկ տարի անց որոշեցի Ալլահի անունները պատկերել: Մարդիկ ինձ խորհուրդ էին տալիս չդիմել այս քայլին, բայց ես, հավատալով իմ երազին, վաճառեցի տունս, մեքենաս և Աստծո օգնությամբ արեցի: Իմ ստեղծագործությունն առաջինն ու միակն է աշխարհում»,-նշել է Վայվալակոն:

Աշխատանքի հեղինակը հայտնել է, որ դիմում է ներկայացրել Գինեսի ռեկորդների կազմակերպությանը և շուտով դրական պատասխանի է սպասում: Վայվալակոն նշել է նաև, որ իր ստեղծագործությունը նմանօրինակը չունի, և նա պատրաստվում է ապագայում ավելի մեծ չափսի ևս մեկը հեղինակել:

 

Անկախ 

Tags: , ,