Հայրենասիրության դաս՝ հայրենի սահմանները պաշտպանելիս զոհված Արմեն Հովհաննիսյանի տանը

DSC_9832Օգոստոսի 8-ին «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունն ամփոփեց «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ծրագիրը։ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների շուրջ 35 պատանիներ ու երիտասարդներ նախ եղան ռազմաավիացիոն ինստիտուտում, այցելեցին կենտրոնական ռազմական հոսպիտալ, որտեղ տեսակցեցին հուլիսի 31-ին հակառակորդի հարձակման ժամանակ թշնամու հետ ձեռնամարտի բռնված, ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին դիմագրաված և վերջիններիս փախուստի մատնած Նորայր Քամալյանին։ Պատանիներն իրենց երախտագիտությունը հայտնեցին մերօրյա հերոսին իր սխրանքի համար՝ շուտափույթ առողջություն մաղթելով նրան։

DSC_9846Հաջորդ այցելությունը «Եռաբլուր» պանթեոն էր, որտեղ ծրագրի մասնակիցները խոնարհվեցին զինվորական պանթեոնում հանգչող հերոսներին, ծաղիկներ դրեցին 2014թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի շիրմին։

DSC_9855«Պատիվ ունեմ» ծրագիրն ամփոփվեց Արմեն Հովհաննիսյանի տուն այցելությամբ։ Պատանիները հանդիպեցին Արմենի ծնողների հետ, ծանոթացան նրա անձնական իրերին, լսեցին հուշեր Արմենի մասին։

Տեղեկանալով, որ պատանիներն իրենց այցելել են հոսպիտալից՝ Արմեն Հովհաննիսյանի մոր՝ տիկին Մարինեի առաջին հարցը եղավ՝ ինչպե՞ս է վիրավոր Նորայր Քամալյանը։

DSC_9853Արեմենի մայրը նշում է, որ իրենց տունը միշտ լիքն է այցելուներով։ Ծանոթ-անծանոթ, երեխաների ձեռքը բռնած, մշտապես գալիս են, լինում Արմենի փառքի սենյակում։ Տիկին Մարինեն հայրենասիրական ինքնատիպ դաս անցկացրեց Գեղարքունիքից ժամանած երեխաների համար։ «Մենք սակավաթիվ ազգ ենք, և խիստ անհրաժեշտ է, որպեսզի հայրենասիրությունը փոքր տարիքից սերմանվի երեխաների մեջ։ Մենք պետք է համախմբված լինենք, որպեսզի կարողանանք դիմագրավել արտաքին թշնամիներին։ Մեզ պետք է հզոր բանակ, իսկ հզոր բանակի գրավականը հայ զինվորն է, ով առանց վարանելու պետք է անցնի ժամկետային զինծառայությունը։ Այսօր զինվորները շատ ավելին են անում, քան մենք՝ թիկունքում գտնվողներս, ուստի չպետք է մոռանանք նրանց։ Մենք պետք է ուժեղ լինենք թիկունքում, որպեսզի տղաները մեզանից ուժ ստանան։ Եթե մենք այսօր գլուխներս դնում ու հանգիստ քնում ենք, մեր տղաների շնորհիվ է։ Մատաղ սերունդը պետք է հասկանա, որ սահմանները պաշտպանելով, ոչ միայն ընտանիքն են պաշտպանում, այլև իրենց ապագա զավակների բաժին հայրենիքը»,- ասում է տիկին Մարինեն։

Արմեն Հովհաննիսյանի փառքի սենյակում պատանիները կատարեցին հայրենասիրական երգեր, գրառումների տետրում թողեցին իրենց երախտիքի խոսքերը։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» ծրագիրն անցկացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Tags: ,