«Ես էլ եմ էրվել, Էրեխիս էլ վիզն ա վառվել, տունս տակից կլյուխ մոխիր ա դարձել…». այգեպարցի բնակիչ (բացառիկ լուսանկարներ)


10406401_783913391631252_6853065256775602955_n
Տավուշում գիշերը չափազանց լարված է եղել: Հակառակորդն ամբողջ գիշեր խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծության է ենթարկել Տավուշի մարզի Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես, Չինարի գյուղերը, կրակել նաև հայկական հենակետերի ուղղությամբ:

Գնդակոծությունը սկսվել է գիշերը 1:30 և շարունակվել մինչև լուսաբաց: Կրակահերթերն ուժգին են եղել հատկապես Այգեպար և Ներքին կարմիրաղբյուր գյուղերում:

Անկախ-ի տեղեկություններով, Այգեպարում երկու տուն է այրվել: Մեկը պատկանում է այգեպարցի Արարատ Վարդազարյանին, որոնց տանն այս պահին, բարեբախտաբար, բնակիչներ չեն ապրում, մյուսը` Արշալույս Գևորգյանին, որը Անկախ-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: <<Ես էլ եմ էրվել, Էրեխիս էլ վիզն ա վառվել: Տունս տակից կլյուխ մոխիր ա դարձել, ինչ ասեմ>>,-ասաց Արշալույս Գևորգյանը:

Դեպքը պատահել է գիշերը՝ ժամը երեքին: Հրշեջ մեքենան Բերդից եկել, մոտեցել է մինչև Տավուշի ջրամբարին, բայց ուժգին կրակոցների պատճառով չի կարողացել մոտենալ այրվող տանը:

Արշալույս Գևորգյանի խոսքով՝ ոչինչ չի փրկվել: <<Տասնյակ լիտրեր օղին, գինին, մի քանի պարկ ալյուրը, ցորենը, ամեն ինչ, ամեն ինչ, փաստաթղթերս, անձնագիրս, ամեն ինչ վառվեց, երկու հեռուստացույց, սառնարան, հագուստը, բազմոցը, չկարացինք հանգցնենք>>:

Հարևանները փորձել են օգնել Գևորգյանների ընտանիքին, սակայն ուժգին կրակոցների ներքո տան հրդեհը մարել չեն կարողացել: Այս պահին գրեթե ամբողջ գյուղը, բարեկամները Գևորգյանների ընտանիքի կողքին են, փորձում են սփոփել գրեթե անսփոփելին:

Նշենք նաև, որ սահմանային լարվածության պատճառով բնակիչները պատսպարվել և լուսացրել են թաքստոցներում և տան նկուղներում: <<Չինարիում էդքան ուժեղ չէր, հատուկենտ կրակոց ա եղել: Հիմնականում Այգեպարի ու Ներքին կարմիրաղբյուրի վրա են կրակել>>,-Անկախ-ի հետ զրույցում ասաց չինարեցի Վանիկ Ոսկանյանը` նշելով նաև, որ Ադրբեջանում սպանված համագյուղացու` Կարեն Պետրոսյանի դին Հայաստանին փոխանցելու մասին դեռևս որևէ լուր չունեն:

Անկախ

Tags: , , , ,