Այսօր Թուրքիայում նախագահական ընտրություններ են

secim   Այսօր Թուրքիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Հանրապետության հիմնադրումից հետո առաջին անգամ ժողովուրդը իր 12–րդ նախագահին կընտրի ուղիղ քվեարկության միջոցով: Վաղ առավոտյան ողջ երկրի տարածքում բացվել են ընտրատեղամասերը: Մոտ 52,5 մլն ընտրող հնարավորություն ունեն իրենց վստահության քվեն տալ երեք թեկնածուներից մեկին: Արտերկրում բնակվող մոտ 2,7 մլն Թուրքիայի քաղաքացիներ քվեարկությանը մասնակցել են օգոստոսի 2-ին: Ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գործող ոստիկանական հատուկ ջոկատները հսկում են ընտրությունների ընթացքը, որը մինչ այժմ անցնում է առանց միջադեպերի:

Առավոտյան իր քաղաքացիական պարտքն է կատարել նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդ Թայիփ Էրդողանը: Վերջինս ընտրատեղամաս է եկել կնոջ` Էմինե Էրդողանի հետ միասին: Գործող վարչապետը քվեարկություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում կարևորել է այս նախագահական ընտրությունները` նշելով, որ ժողովուրդը իր ձայնը պետք է տա Թուրքիայի զարգացման և ժողովրդավարության համար:
Նշենք, որ նախագահական ընտրություններին առաջադրված է երեք թեկնածու: Ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը հանդես է գալիս իշխող Արդարություն և զարգացում կուսակցության անունից: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Ազգայնական շարժում կուսակցությունները առաջադրել է միասնական թեկնածուի` Էքմելեդդին Իհսանօղլուին, իսկ ահա Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի համար պայքարում է Սելահադդին Դեմիրթաշը: Ընտրություններին ընդառաջ անցկացված վերջին սոցիալական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Էրդողանը հավաքելու է քվեարկողների ձայների 55 տոկոսը, Իհսանօղլուն ակնկալում է ստանալ 38 տոկոս ձայներ, իսկ Դեմիրթաշը միայն 7,5 տոկոս: