Էրդողանը «չարյաց փոքրագույնն» է. թուրքագետ

Արտակ-ՇաքարյանցԹուրքիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցան նախագահական ընտրությունները: Քվեարկողների 52 տոկոսը իր ձայնը տվեց գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 56 միլիոն մարդ, որից միայն 38,8 միլիոնը մասնակցեց ընտրություններին: Համաձայն թուրքական օրենսդրության՝ եթե ընտրողները 700 հազարով ավելի քիչ լինեին, ընտրությունների արդյունքները չեղյալ կհամարվեին:

«Համեմատած մարտյան ՏԻՄ ընտրություններին՝ Թուրքիայի նախագահական ընտրություններն անցան առանց լուրջ խախտումների: Տեղեկություն չեղավ  զեղծարարությունների կամ ընտրակեղծիքների մասին: Միակ բանը, ինչի մասին ընդդիմադիրները անընդհատ խոսում էին այն էր, որ իշխանությունները ավելի մեծ լծակներ են ունեցել գովազդելու համար, հեռուստատեսությամբ նրանց ավելի մեծ ժամանակ էր տրվում և այլն», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ ընդգծելով, որ մյուս կողմից, ընդդիմությունը ասելիք չուներ: Եթե Էրդողանը խոսում էր այն բանից, թե ինչ է արել և ինչ ծրագրեր ունի, ապա ընդդիմադիրները զբաղված էին միայն վարչապետին քննադատելով: Ընդդիմադիրները անգամ հրաժարվել էին հանդիպել ընտրողների հետ:

Ըստ Շաքարյանի՝ հայերի համար Էրդողանը «չարյաց փոքրագույն» տարբերակն է: Ընտրություններից առաջ նա մի սխալ արտահայտություն թույլ տվեց, սակայն հետագա ելույթների ընթացքում նա փորձեց մեղմել դրա ազդեցությունը:

Հիշեցնենք, որ ելույթներից մեկի ժամանակ էրդողանն ասել էր.«Իմ մասին ինչեր ասես, որ չեն ասել, շատ են վիրավորել, վրացի են անվանել, դեռ ավելի վատ, կներեք՝ բայց նույնիսկ հայ են անվանել»: Ավելի ուշ՝ Քրոնիայում նա հայտարարել էր, թե ազգային փոքրամասնությունը` հույն լինի, հայ լինի, ասորի լինի, բոլորը այս երկրի հավասար քաղաքացիներն են: «Երկրորդ անգամ նա իր հաղթական ելույթում ասել էր, որ հայ լինելուց, քուրդ լինելուց, հույն լինելուց առաջ մենք բոլորս «թուրքիացի ենք»: Այս կերպ Էրդողանը նոր եզրույթ է փորձում հորինել: Նախ և առաջ՝ ոչ թե թուրք ենք բոլորս, այլ Թուրքիայի քաղաքացի, սրանով փորձելով գոնե իր ելույթում համերաշխություն բերել», – ասաց Շաքարյանը:

Նրա խոսքով՝ ազգայնականները ֆաշիզմն էին վերադարձնելու, ինչպես մի քանի տարի առաջ ցեղասպանություն բառն անգամ արտասանելը քրեորեն պատժելի էր Թուրքիայում, հայերի եկեղեցապատկան հողերի մասին խոսելը քրեական պատասխանատվության էր ենթարկվում: «Մենք շատ ավելի մեծ խնդիրներ էինք ունենալու: Եվ քանի որ Թուրքիան դեմ է հայկական շահերին, ապա Էրդողանը նույնպես դեմ է հայկական հարցի լուծմանը: Էրդողանը հակահայ քաղաքական գործիչ չէ, նա պարզապես Թուրքիայի Հանրապետության զարգացման համար աշխատող մարդ է», -ընդգծեց Արտակ Շաքարյանը:

Անկախ

Tags: , ,